Քահանան իր տան դուռը ուրիշների առջև երբեք չի կարող փակել: Քահանան մեծ պատասխանատվություն է կրում: Ինչ-որ մեկը հուսահատության է հասել, մյուսը հիվանդ է և օգնության կարիք ունի, երրորդը վերջին շնչում է պառկած… Ոմանց քահանան պետք է ընդունի, մյուսներին՝ ինքն այցելի: Քահանան չի կարող հրաժարվել: Մարդկանց հոգիները վտանգի մեջ են գտնվում, և նա պետք է նրանց օգնի: Եթե նա չօգնի այդ հոգիներին, և Աստված նրանց անպատրաստ վերցնի, ապա դրա պատասխանատվությունը ո՞վ կկրի: Մի՞թե քահանան չէ: Վանական լինելով՝ ես կարող եմ դուռս փակել ու հեռանալ: Ես կարող եմ անհետանալ մարդկանց աչքից ու աննկատ օգնել աշխարհին աղոթքով: Որովհետև մարդկային խնդիրների կծիկը քանդելը իմ գործը չէ: Իմ գործն աշխարհի համար աղոթելն է: Ես ո՛չ քահանա դարձա, ո՛չ խոստովանահայր հենց այն պատճառով, որպեսզի մարդկանց այլ կերպ՝ վանական ձևով օգնեմ:
Եթե ես քահանա լինեի, ապա երբեք չէի կարողանա իմ տան դռները փակել: Առանց մարդկանց մեջ տարբերություն դնելու, անհրաժեշտ կլիներ, որ միշտ յուրաքանչյուրին տայի այն, ինչ անհրաժեշտ էր նրան: Ես նախ իմ համայնքի անդամների մասին կհոգայի, իսկ [ժամանակի, ուժերի, հնարավորությունների] ավելացածը ուրիշներին կտայի, նրանց, ովքեր ինձնից օգնություն կխնդրեին: Ես ոչ միայն հավատացյալների համար կանհանգստանայի, այլ նաև՝ անհավատների, անաստվածների համար նույնպես, նույնիսկ՝ Եկեղեցու թշնամիների: Կամ, եթե ես խոստովանահայր լինեի և որևէ մեկը գանգատվեր ինձ մեկ այլ մարդուց, ապա ես այն մյուսին էլ ինձ մոտ կկանչեի՝ նրանց հարաբերությունների մասին պատկերացում կազմելու համար: Ես կզանգեի մարդկանց, որպեսզի իմանայի, թե ինչպես է այն մարդը, ով ինչ-որ գայթակղության էր ենթարկվել մինչ այդ, կամ իմանալու համար, թե ինչպես է ապրում այն մյուսը, ով ինչ-որ դժվարության էր հանդիպել: Մի՞թե այդ ամենով հանդերձ կկարողանայի լուռ ու հանդարտ կյանք վարել:
Քահանան պետք է մյուսների առջևից գնա, որպեսզի հավատացյալները նրա հետևից գնան: Ինչպես հոտում է՝ առջևից ներին է գնում, իսկ նրա հետևից ոչխարները: Ներին պոզերը աջ է թեքում, և բոլոր ոչխարները դեպի աջ են գնում: Բոլոր ոչխարները հոտի գլխավորի՝ իրենց առաջնորդի հետևից են գնում: Այդ պատճառով էլ ոչխարները հոտից ետ չեն մնում, մի ոչխարը մյուսի ետևից է գնում: Առաջնորդը ուղղությունը տալիս է, ոչխարները հետևում են նրան:
- Հա՛յր, իսկ եթե հոգևոր հովիվը իր հոտի որևէ բարի անդամի ավելի շատ սիրի, քան մյուսին, որը չափազանց շատ դժգոհություններ ունի, ապա դա արդարացվա՞ծ է:
- Տե՛ս՝ օրինակ, դու հովիվ ես: Քո հոտում շատ գառնուկներ կան: Որոշները խաղաղ խոտ են արածում և ուրախ-ուրախ մայում են, իսկ մյուսները թույլ են, վտիտ կամ հիվանդ և կծկված պառկած են մի կողմում: Դու որո՞նց մասին ավելի շատ հոգ կտանես: Մի՞թե ոչ վտիտների: Իսկ եթե մի քանի գառնուկի վրա շնագայլ հարձակվի և նրանք սկսեն աղեկտուր մայել, ապա ո՞ւմ կշտապես օգնության: Նրանց, ովքեր ուրախ ու հանգիստ արածում են, թե՞ նրանց, որ աղիողորմ աղաղակում են՝ խնդրելով պաշտպանել իրենց գիշատչից: Հովիվի սիրտը վիրավոր գառնուկի համար ավելի է ցավում, և նա հատուկ խնամք է տանում նրա հանդեպ, մինչ նա ապաքինվի: Ե՛վ նրանք, որ հրաշքներ են գործում, և՛ նրանք, որ թշնամու՝ սատանայի կողմից վիրավորվել են, պետք է հավասար տեղ զբաղեցնեն մեր սրտում: Մենք չպետք է ներքուստ արհամարհենք երկրորդներին: Ես ավելի մեծ սեր եմ տածում և ավելի մեծ ցավ զգում նրանց համար, ովքեր նախկինում մեղավոր կյանք են վարել, իսկ այժմ ճգնում են՝ ձգտելով հատել իրենց կրքերը, քան նրանց, ում կրքերը չեն տանջում: Առաջիններին ես մշտապես հիշում եմ: Եթե մարդու մեջ ներքուստ սեր կա, ապա նրա մերձավորն էլ է իմանում այդ մասին, որովհետև այդ սերը արտաքին մարդուն էլ է ամբողջապես քաղցրացնում, այն նրան ավելի է գեղեցկացնում աստվածային շնորհի միջոցով, որն անհնար է թաքցնել, որովհետև այն շողում է:
Լավ կլիներ, որ հոգևոր հովիվները՝ լինեն քահանաներ կամ եպիսկոպոսներ, հիշեին Մովսեսի մասին, այն մասին, թե նա ինչպես էր տանջվում երկու միլիոն անհնազանդ ժողովրդի հետ: Այն մասին, թե նա որքան էր սիրով աղոթում իր ժողովրդի համար, այն մասին, թե որքան վիշտ կրեց իր ժողովրդի հետ անապատում թափառելու երկար տարիներին, մինչև որ նրանց Ավետյաց երկիր հասցրեց: Քրիստոնյա հովիվները անհատնում ուժ կստանան և երբեք չեն տրտնջա իրենց տառապանքների պատճառով, որոնք չնչին են այն տառապանքների համեմատությամբ, որոնք Մովսեսը կրեց:
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի