25 Նոյեմբեր, Բշ
Երիտասարդ կաղնին վրդովվեց.
- Ինչո՞ւ ինձ հանգիստ չես տալիս, ա՛յ քամի: Անդադար փչում ես ու փչում: Խոտերին միայն շոյում ես, գգվում, իսկ իմ ճյուղերից տե՛ս, թե քանիսն ես կոտրել արդեն:
- Անմի՜տ: Ախր դա հենց քո իսկ օգտի համար է,- ճռնչաց ծեր կաղնին:
- Իմ օգտի՞,- զարմացավ երիտասարդ կաղնին՝ կարծելով, թե ծերուկը խելքն արդեն թռցրել է:
Իսկ նա անվրդով կերպով շարունակեց.
- Էհ, երիտասարդությո՜ւն… Քամին քեզ մի կողմից մյուսն է օրորում և արմատներդ ավելի խորն են մտնում հողի մեջ: Շուտով նա ինձ էլ կտապալի, որպեսզի արևի լույսը քեզ ավելի շատ հասնի…
Եվ այդժամ երիտասարդ կաղնին շնորհակալ եղավ քամուն: Եվ ափսոսեց, որ չի կարող մի կողմ շարժվել, որպեսզի այդ ծեր ու իմաստուն կաղնուն տապալելու կարիք չլինի…
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի