28 Նոյեմբեր, Եշ
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, 2012թ-ին սիրիահայ համայնքի հոգևոր հովիվ նշանակվեց Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը: Սույն թվականից առ այսօր Տեր Հայրը սիրիահայ բազմաթիվ ընտանիքների է այցելում, տնօրհնեքներ կատարում՝ առավել ծանոթանալով նրանց հիմնախնդիրներին և կարիքներին: Փետրվարի 26-ին, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, սոցիալական ծրագրի շրջանակներում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ և ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի աջակցությամբ, հերթական՝ 12-րդ այցով եղավ Չեռնիշևսկի 37/1 հասցեում բնակվող սիրիահայ Բրուտյան ընտանիքում: Սիրիայում սկիզբ առած պատերազմական գործողությունների պատճառով 53-ամյա Սալբի Բրուտյանն՝ իր 11-ամյա որդու՝ Ջորջ Պոլիշադյանի հետ միասին տեղափոխվել են Հայաստան և արդեն երեք ու կես տարի է, որ հայրենիքում են: Սալբի Բրուտյանը Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքի անդամ է: Սալբիի որդին՝ Ջորջը, սովորում է Երևանի թիվ 12 հատուկ դպրոցում: Բրուտյան ընտանիքը դժվարություններ ունի, քանի որ Սալբին մշտական աշխատանք չունի՝ թե՛ իրենց կարիքները հոգալու և թե՛ տան վարձը վճարելու համար:
«Չենք զղջացել, որ եկել ենք Հայաստան: Փառք Աստծուն այն ամենի համար, ինչ որ ունենք, միայն թե այս վիճակից առավել վատ չլինի»,-ասաց Սալբին:
Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց, ապա ընտանիքին հանձնեց հիգիենայի և անկողնային պարագաներ, սննդի փաթեթներ և դրամական օգնություն: Հոգատար և ուշադիր վերաբերմունքի համար, Սալբին իր շնորհակալությունը հայտնեց Տեր Գրիգորին, եկեղեցու համայնքին և բոլոր աջակից անձանց:
Ողորմություն բաշխել կարող են ոչ միայն նյութապես ապահովվածները՝ կարիքավորներին դրամական օգնություն տալով, այլ ընդհանրապես բոլորը, ովքեր ցավակից են լինում նեղության, դժբախտության մեջ ընկածներին՝ փորձելով բարի գործով կամ խոսքով մխիթարել նրանց:
Քանի որ մարդը և՛ հոգի է, և՛ մարմին, ապա կարիք ունի հոգալու թե՛ մարմնավոր և թե՛ հոգևոր կարիքները: Հետևաբար ողորմածությունը լինում է երկու բնույթի՝ հոգևոր և մարմնավոր: Մեր եկեղեցու հայրերից Սբ. Գրիգոր Տաթևացին ասում է. «Ողորմությունը կամավոր ցավակցությունն է ուրիշների թշվառությանը: Ողորմությունը տասնչորս կերպ է իրականանում, որոնցից յոթը մարմնավոր են, յոթը՝ հոգևոր: Մարմնավոր են սրանք. քաղցածներին կերակրելը, ծարավին ջուր տալը, մերկին հագցնելը, օտարներին ժողովելը, գերվածներին փրկելը, հիվանդներին այցելելը, մեռածներին թաղելը: Առաջին վեցը Ավետարանն է սովորեցնում, յոթերորդը՝ աստվածաշնչյան Տոբիթի գիրքը: Իսկ հոգևոր ողորմություն է համարվում. նախ հանցավորին ներելը, մեղավորին հանդիմանելը, տգետներին ուսուցանելը, երկմիտներին խրատելը, տրտմածներին մխիթարելը, ընկերոջ փրկության համար աղոթելը, համբերելը սեփական անձի դեմ գործած անիրավություններին: Եվ այս վերջինը ողորմության գործ է ասում, որովհետև փափուկ և խոնարհ պատասխանը խորտակում է ընկերոջ բարկությունը և շահում նրան» (Սբ. Գրիգոր Տաթևացի «Գիրք Հարցմանց»):
Կարինե Սուգիկյան