23 Դեկտեմբեր, Բշ
Պահքի օրերը նախատեսված են, որպեսզի քրիստոնյան բեռնաթափվի տարվա ընթացքում իր վրա հոգևոր ծուլության պատճառով սերտաճած մեղքի ծանրությունից, վերականգնի աղոթական վիճակը, հոգևոր գրքերի ընթերցանությունը, այսինքն թոթափի իրենից մարմանվորը և աշխարհականը, և վերահաստատվի հոգևորի մեջ, իսկ այդ իրականացնելու համար ամենանպաստավորը Մեծ պահքի շրջանն է: Կան մարդիկ, ովքեր իրենց առողջությունը բարվոք պահելու համար բեռնաթափման օրեր են սահմանում և այդ ընթացքում ջանում են շատ թեթև սնվել, օգտակար հեղուկներ և ուտեստներ օգտագործել, այդպես և Մեծ պահքի շրջանը բեռնաթափման օրեր են հավատավոր քրիստոնյաների համար, արդեն հոգևորի՝ հոգու առողջության առումով:
Մեծ պահքի վերաբերյալ բազմաթիվ քարոզխոսություններ են եղել՝ տարբեր տեսանկյուններից այն քննարկելով: Որպես մեկ այլ մոտեցում, Մեծ պահքի էությունը պատկերավոր ընկալելու համար նպատակահարմար է զննել նաև Իսրայելի պատմության այն ժամանակահատվածը, երբ նրանք դեռ գտնվում էին Եգիպտոսում, ապա անցան Կարմիր ծովով և քառասուն տարի դեգերելով Սինայի անապատում՝ մտան Ավետյաց երկիր:
Եգիպտոսում եղած շրջանը համեմատելի է քրիստոնյայի առօրյա կյանքի հետ, երբ նա գտնվում է տարբեր մարմնավոր, կենցաղային, նյութական խնդիրների լծի տակ, ուր աստիճանաբար կարծես մերվում է աշխարհի հետ և ապրում իր առօրյա կյանքով՝ համեմատաբար մոռացության մատնելով հոգևոր կողմը, ինչպես որ հրեաները, եգիպտացիների տիրապետության ներքո ստրկական վիճակի մեջ գտնվելով, համակերպվել էին այդ ամենին և ապրում էին Աստծուն մոռացած, և միայն կցկտուր հիշողություններ էին պահպանվել նրանց մոտ Աբրահամի, Իսահակի, Հակոբի և Հովսեփի մասին:
Այդպես և մերվելով կենցաղականին՝ քրիստոնյան սառում է հոգևոր կյանքում և ավելի մակերեսորեն է վերաբերվում հոգևորին՝ աղոթքին, ընթերցանությանը և առաքինությունների կատարմանը:
Երբ Մովսեսն ասաց, որ Տերը նրանց ցանկանում է ազատել այդ ստրկական լծից՝ ժողովուրդն առանձնապես խանդավառություն չցուցաբերեց, իսկ երբ փարավոնը, ի պատասխան Մովսեսի առաջարկի, ծանրացրեց իսրայելացիների լուծն ընդհանրապես, բողոքի մեծ ալիք բարձրացավ Մովսեսի դեմ: Նմանապես և Մեծ պահքի մոտեցումը ոչ բոլորի մոտ է խանդավառություն առաջացնում, այլ ավելի՝ մտահոգություն, չնայած որ այն մարդուն աշխարհականից և նյութականից ազատագրելու և հոգևոր աճին նպաստելու ամենանպաստավոր շրջանն է: «Վախկոտ զինվորը դողում է փողի ձայնից, իսկ որկրամոլը՝ մոտակա պահքի ազդարարումից» (Նեղոս Սինայեցի):
Մովսեսն ասում էր փարավոնին, որ բաց թողնի հրեաներին, որպեսզի նրանք անապատում Տիրոջը պաշտամունք մատուցեն, սակայն փարավոնը չէր ցանկանում իր տիրապետությունից ազատել նրանց, այդպես և երբ մարդն ուզում է կարգավորել իր հոգևոր կայանքը՝ մտնելով Մեծ պահքի քառասնօրյա անապատ, թշնամական զորություններն իսկույն գլուխ են բարձրացնում և ջանում խոչընդոտել: Նման պարագայի համար էր ասում աբբա Եսային. «Ես նման եմ մի գերու, որ թշնամու կողմից շղթայված՝ գցվել է աղտեղությամբ լցված գբի մեջ: Եվ երբ այդ գերին սկսում է իր Տիրոջը օգնության կանչել, այդժամ թշնամիները սկսում են նրան ծեծել, որպեսզի նա լռի»:
Սակայն Տիրոջ թույլատու կամոք է, որ խոչընդոտներ են առաջանում, որպեսզի այն հաղթահարողները և ետ կանգնողներն ի հայտ գան, ինչպես որ Տերը կարծրացնում էր փարավոնի սիրտը և նա էլ թույլ չէր տալիս իսրայելցիներին հեռանալ Եգիպտոսից: «Եթե չլիներ մեզ փորձող և նեղող սատանան, ապա հայտնի չէր դառնա, թե ով է ջանասեր և ով՝ ծույլ ու անբարեսեր» (Սուրբ Նեղոս Սինայեցի):
Եվ երբ, ի վերջո, հրեաներն արդեն պատրաստվում էին դուրս գալ այդ գիշեր, նրանք գառնուկ մորթեցին և արյունով նշան արեցին իրենց դռների վրա: Սա Աստծո անարատ Գառան՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի քավչարար արյան խորհուրդն ունի, իսկ ճանապարհի համար պատվիրվեց պատրաստել միայն բաղարջ հաց, ինչն էլ Տիրոջ մարմնի խորհուրդն ուներ, ինչպես, որ վերնատանը Տերը վերցրեց բաղարջը և պատվիրեց ուտել որպես Իր մարմինը: Եվ ուրեմն գառնուկի արյունը և բաղարջ հացը Ս.Հաղորդության խորհուրդն ունեին, ինչը որ հավատավոր անձիք ջանում են ընդունել Մեծ պահքից առաջ արվող վերջին պատարագի արարողության ժամանակ, որպեսզի զորություն առնելով՝ մտնեն քառասնօրյա պահոց շրջան:
Եվ երբ փարավոնն արձակման համաձայնությունը տվեց, իսրայելացիները մեծ ուրախությամբ ելան ու ճանապարհ բռնեցին դեպի կաթ և մեղր բխող երկիր: Այդ ուրախության երթն էլ Բուն Բարեկենդանի ուրախության հետ է համեմատելի, որից հետո նրանք պետք է արդեն մտնեին Սինայի անապատ, ինչպես որ քրիստոնյաները՝ Մեծ պահոց շրջան:
Ինչպես ասվեց, հայտնի է որ Մեծ պահքի օրերը դևերի համար ամենաանցանկալի շրջանն է, և սրանք, կատաղելով, փարավոնի նման ջանում են ամեն տեսակի արգելքներ դնելով խափանել՝ քրիստոնյային հետ պահել այդ հոգեշահ ընթացքից: «Պահքի զորությունը և նրա նշանակությունը մենք հասկանում ենք թեկուզ և այն բանից, որ այն համեմատաբար ավելի ատելի է թշնամու համար: Երբ գալիս են ինձ մոտ՝ խղճի խայթից մղված կամ խոստովանության նպատակով, ես մյուս պատվերների հետ միասին, միշտ խորհուրդ եմ տալիս պահել Սուրբ պահքերը: Ամեն ինչի հետ համաձայնվում են, միայն թե, երբ գործը հասնում է պահքին, սկսում են. «Չեմ կարող, չեմ ուզում» և այլն: Թշնամին միշտ հրահրում է, նա չի ուզում, որպեսզի պահվեն Սուրբ պահքերը» (Բարսիլիսկոս Մեծ):
Այդպես և փարավոնը, ոչ մի կերպ չցանկանալով իր դիրքերը զիջել, զորքն առած գնաց նրանց ետևից, հրեաները մնացին երկու քարի միջև. ետևից մահաշունչ եգիպտական բանակն էր, իսկ առջևից անհաղթահարելի խոչընդոտ՝ ծովը: Այդպես և մարդը, երբ ցանկանում է մտնել Մեծ պահոց շրջան, դիվական զորությունները նրան սկսում են հալածել՝ հիշեցնելով պահքի հետ կապված խոչընդոտները, թե ինչ կասեն մերձավորները, ինչպես պիտի մասնակցի այդ ընթացքում եղող բարեկամական շրջապատում կատարվող տարբեր հավաքույթներին (ծնունդ, հարսանիք և այլն), չէ՞ որ նրանք կարող են վիրավորվել: Անմարմին փարավոնի զինվորները սկսում են նետահարել մտային այլ խորհուրդներով ևս, ասելով թե՝ դու տկար ես, եթե դու պահք չպահես էլ՝ բոլորն ըմբռնումով կմոտենան, կամ հիմա ինչպե՞ս պետք է թողնես համեղ ուտեստները և սկսես պահքի համապատասխան կերակուրների մասին հոգալ, ծայրահեղ դեպքում գոնե վերջին ավագ շաբաթին կպահես և այլն*:
Իսկ Կարմիր ծովը մեր միջի ադամական հնությունն է, ում համար ասվեց, որ հարկ է նրան խաչը հանել, որպեսզի Նոր Ադամը՝ Քրիստոս, թագավորի մեր մեջ, քանզի այս հնությունն էլ, իր հերթին, համամիտ է լինում չարի խորհուրդների հետ և չի ցանկանում հիսուն օր զրկել իրեն որոշ ուտեստեղենից, զվարճանքներից և այլն, և ինչպես ծովի մյուս ափը չի երևում, այդպես և այդ հիսուն օրն է թվում անծայրածիր:
Կան անձիք, որ չարի խորհուրդներից և իրենց սեփական ցանկասիրությունից պարտվելով՝ հրաժարվում են Մեծ պահքից, իսկ ով համբերում է և ջանում է այդ դիվական մտքերին դիմակայել, նմանապես ջանում է ճնշել նաև իր սեփական մարմնավոր կրքերը և թուլությունները, այդժամ նրան օգնություն է հասնում Տիրոջից, ինչպես որ ասում են սուրբ հայրերը թե. «դու սկսիր և Տերն էլ կսկսի», այդժամ թե՛ դիվական և թե՛ սեփական ներքին ընդդիմություններն ի չիք են դառնում, ինչպես որ ծովը թեև անելանելի արգելք էր, դարձավ անցանելի և կլանեց եգիպտական զորքերին, այդպես էլ Մեծ պահքի մեջ մտնելու և այլ իրավիճակների մեջ հաստատուն մնալու դեպքում ընդդիմությունը շուտով չքվում է և ճանապարհը դառնում ավելի հարթ:
Այսպիսով, Իսրայելն անցավ Կարմիր ծովով և մտավ Սինայի անապատ, այդպես և քրիստոնյան, դիվական և աշխարհական գայթակղությունների միջով անցնելով, մտնում է Մեծ պահոց շրջան:
Եվ երբ մտան անապատ՝ սկսեց ի հայտ գալ իսրայելացիների իրական կերպարը. նրանք, իրենց համեմատելով եգիպտացիների հետ, համարում էին, որ իրենք առանձնահատուկ ժողովուրդ են, Աստծո ընտրյալներ, սակայն շատ չանցած նրանց մեջ ի հայտ եկան բաներ, որոնք բացարձակ չէին համապատասխանում այդ կոչմանը: Այդպես և քրիստոնյան, մտնելով մեծ պահքի շրջան, սկսում է իր մեջ տեսնել մինչ Մեծ պահքը եղող շրջանում կուտակած քրիստոնիայի համար անհարիր արատները, որոնցից մի մասը պետք է շտկել, մեկ այլ մասից էլ ընդհանրապես ձերբազատվել:
Եվ սկսվեցին անապատային փորձություններն Իսրայելի համար. նախ նրանք հանդիպեցին դառը ջրերին, որ անպիտան էին խմելու համար և ծարավից տրտնջացին Մովսեսի և Աստծո դեմ, սակայն հրաշքով ջուրը մաքրվեց և դարձավ ըմպելի, ինչը պահքի զուսպ կերակրատեսակների խորհուրդն ունի, որին աստիճանաբար սովորում են, և այդտեղից շարժվելով՝ հասան տասներկու աղբյուրների և յոթանասուն արմավենիների հովիտը, որ ուրախություն պատճառեց նրանց, իսկ դա այդ ընթացքում եղող հոգևոր մխիթարություններն են, քանզի աղբյուրները խորհրդանշում են Տիրոջ տասներկու առաքյալներին, իսկ արմավենիները՝ յոթանասուն աշակերտներին, և այդպես՝ մե՛կ փորձություն էր հանդիպում, մե՛կ էլ՝ մխիթարություն:
Երբ նրանք սկսեցին սովից նեղվել՝ հրաշքով մանանա ստացան, ինչը բավ էր, որ հասնեին բուն նպատակին՝ խոստացված Ավետյաց երկիր: Սակայն, նրանք դրանով չբավարարվեցին, քանզի ներկան նրանց համար ավելի արժեքավոր էր, քան ապագային վերաբերվող խոստումները: «Դժբախտ է նա, ով ապագան զոհում է ներկային» (Սբ. Հովհան Ոսկեբերան), դրա համար էլ տրտնջալով միս ուզեցին և միսն էլ տրվեց նրանց, սակայն ինչպես գրված է՝ միսը դեռ նրանց բերանում էր, երբ պատիժն էլ հետը վրա հասավ, «Ով որ տարված լինի ներկայի քաղցրությամբ, կմատնվի հավիտենական մահվան» (Սբ. Գրիգոր Աստվածաբան): Սա էլ այն մասին է, երբ պահքի շրջանի կեսից արհամարհում են և առանց խղճի խայթի նորից անցնում ուտիքի կերակուրներին՝ առանց ծայրահեղ անհրաժեշտության:
Անապատային այդ երթի ժամանակ բազմաթիվ այլ արատներ էլ սկսեցին ի հայտ գալ Իսրայելի մեջ. Կորխն ու Աբրիոնը հպարտացան և վեճեր սարքեցին առաջին աթոռները զբաղեցնելու համար, ցանկանալով իրենց ձեռքն առնել իշխանությունը, ինչի հետևանքով երկիրը պատռվեց և նրանք կենդանի դժոխք ընկան. «Տղամարդու սիրտը գոռոզանում է կործանումից առաջ» (Առակ. 18:12):
Հարկ է Մեծ պահքի շրջանում ջանալ տեսնել և պայքարել մեր մեջ եղող հպարտության դեմ և չթողնել, որ այն հասունանա մեր մեջ, ինչպես որ հորդորում են սուրբ հայրերը. «Հպարտությունը հոգու ուռուցք է՝ լեցուն աղտոտված արյամբ, եթե այն հասունանա՝ դուրս պիտի ժայթքի» (Սբ. Նեղոս Սինայեցի):
Ապա Ահարոնի որդիներն անհոգություն և անտարբերություն ցուցաբերեցին աստվածպաշտության հանդեպ և կրակ ելավ ու այրելով՝ սպանեց նրանց, «Թող անիծյալ լինի նա, ով Տիրոջ գործը ծուլությամբ կկատարի» (Երեմ. 48:10):
Ինչից էլ հարկ է, սթափվելով, ջանալ հատկապես Մեծ պահքի շրջանում աղոթքի, հոգևոր գրքերի ընթերցանության, եկեղեցական արարողությունների հանդեպ անհոգություն չցուցաբերել:
Իսկ Մարիամը՝ Մովսեսի քույրը նախանձեց Մովսեսին, ինչի հետևանքով բորոտեց և մեկ շաբաթով դուրս մնաց Իսրայելի բանակից: «Ավելի կործանարար կիրք, քան՝ նախանձը, մարդկային հոգում չի էլ ծնվում: Նա այնքան չի վնասում օտարներին, որքան՝ ինքն իրեն» (Սբ. Բարսեղ Մեծ):
Հետաքրքիր է, որ անապատում գտնվելով նա պատժվեց՝ բանակից մի առ ժամանակ դուրս հանվելով, այսինքն եթե Սինայի անապատն արդեն իսկ պահքի խորհուրդն ունի, ապա բանակից մի առ ժամանակ վտարելը, Մեծ պահոց շրջանում գործած մեղքի հետևանքով որոշ ժամանակով ծոմապահության և ավելի մեծ զղջման ու ապաշխարության կարիքն ունի:
Ապա ժողովուրդը հանդիմանվեց, երբ անապատում տրվեց աշխարհային զվարճանքների՝ կերուխումի և երգ ու պարի: «Նայիր, որպեսզի չբռնկվես աշխարհի կարճատև երջանկությամբ, որպեսզի չզրկվես հավիտենական կյանքից» (Սբ. Եփրեմ Ասորի): Այսինքն, Մեծ պահքի ժամանակ պետք է հնարավորինս ժուժկալել՝ ձեռնպահ մնալ զվարճանքներից:
Իսկ մի առ ժամանակ անց իսրայելացիները ձանձրացան այդ անապատային երթից և տեղի տալով բարկությանը՝ ցանկացան քարկոծել Մովսեսին: «Լսել եք, թե ինչ ասվեց նախնիներին. «Մի՛ սպանիր», որովհետև, ով որ սպանի, ենթակա կլինի դատաստանի: Իսկ ես ձեզ ասում եմ, թե՝ ամեն մարդ, որ զուր տեղը բարկանում է իր եղբոր վրա, ենթակա կլինի դատաստանի» (Մթտ. 5:21-22): Եվ, ի վերջո, Տիրոջը թողնելով, նրանք արձանին՝ ոսկե հորթին և երկնքի աստղերին սկսեցին պաշտամունք մատուցել, և այս բոլորի արդյունքը եղավ այն, որ հույսները դնելով ոչ թե Տիրոջ, այլ այդ սնոտի կուռքերի վրա՝ վախեցան պատերազմի մեջ մտնել քանանացիների դեմ: Ինչի համար էլ Տերը վճռեց, որ իսրայելացիներից քսան տարեկանից վեր եղողները չպիտի մտնեն Ավետյաց երկիր՝ բացի Քաղեբից և Հեսուից, և այդպես էլ նրանք այդտեղ մահացան, և նրանց ոսկորները թաղված մնացին այդ անապատում:
Այդպես և Մեծ պահքի շրջանում, եթե ջանում ենք այն պահել իր ամբողջականությամբ, այսինքն ոչ միայն կերակրի, այլև՝ ներքին հոգևոր կյանքի կարգավորմամբ, մենք, ինչպես ասվեց, մեր մեջ սկսում ենք տեսնել բազմաթիվ արատներ՝ ինչպես որ Իսրայելի հետ տեղի ունեցավ, և այդ բոլորը պետք է խոստովանությամբ և ապաշխարությամբ թողնենք՝ թաղենք Մեծ պահքի այդ անապատային շրջանում, և մեր հետ դեպի Ավետյաց երկիր՝ այսինքն Սուրբ Հարություն չտանենք, այլ միայն այդ ընթացքում մեր մեջ առաջացած առաքինությունների պտուղները բերենք հինանց օրեր: Եվ եթե ամբողջովին չենք կարողանում այդ մեղավոր կրքերը թաղել Մեծ պահքի անապատում, ապա գոնե ինչ որ չափով դրանք մաշեցնենք մեր մեջ, ապա թե ոչ՝ մեր ջանքերը Մեծ պահքի շրջանում կարող են իզուր լինել:
Սուրբ հայրերն ասում էին, որ ամենակարևոր և ամենամեծ առաքինություններից է սեփական մեղքերի տեսնելը, քանզի, եթե չտեսնես՝ չես էլ կարող դրա դեմ միջոցներ ձեռնարկել, և ուրեմն, Մեծ պահքը ճիշտ կազմակերպելով՝ մենք կարող ենք մեղքերը տեսնելու կարողություն ձեռք բերել, և ջանալ շտկել մեր ներաշխարհը. մեր սրտերից դուրս նետել ոսկե հորթերին և երկնքի աստղերին, մերժել հպարտությունը և փառամոլությունը, Աստվածպաշտության մեջ՝ անհոգությունն և անտարբերությունը, չտրտնջալ կերակրի համար, չզարհուրել մեր մեջ աներևույթ փարավոնի դեմ պատերազմ մղելուց, ինչպես որ ասում էր սուրբ Մակար Մեծը թե. «Սա է բարի պատերազմը. մտիր ինքդ քո սրտի մեջ և այնտեղ պատերազմիր բարի պատերազմը սատանայի դեմ»: Եվ այդպես վարվելով է, որ նորացած պետք է ելնենք պահքից և դիմավորենք Սուրբ Հարության տոնը, և ինչպես Իսրայելի մուտքն անապատ ուրախությամբ եղավ, նմանապես և ելքն այնտեղից, այդպես և մենք՝ հաղորդվելով մտանք Մեծ պահքի շրջան, և հաղորդվելով Տիրոջ սուրբ մարմնի և արյան հետ՝ պետք դուրս գանք պահեցողության շրջանից:
Ժամանակին վանականները, ինչպես որ գրված է աբբա Զոսիմոս Պաղեստինցու վարքում, երբ սկսվում էր Մեծ պահքը, դուրս էին ելնում վանքից և ցրվելով՝ առանձնանում էին Հուդայի անապատում և քառասուն օր ճգնում էին՝ սնվելով միայն այն բույսերով, որ գտնում էին անապատում: Սակայն այդ ժամանակներն արդեն վաղուց մնացել են խոր անցյալում, բայց չպետք է հուսահատվել դրանից, քանզի Սուրբ Գիրքն ասում է. «ուր որ մեղքը շատացավ, շնորհն առավել ևս շատացավ» (Հռոմ. 5:20), սա կարելի է հասկանալ այնպես, որ աննպաստ պայմաններում եղող ջանքերը, չնայած, որ առանձնապես աչքի ընկնող բարեպաշտական գործեր էլ չեն, միևնույն է, կարող են Աստծո մոտ շատ ավելի արժեքավոր համարվել, քան այն գործերը, որոնք թեպետ շատ ավելի ակնառու են իրենց արժանիքներով, սակայն արվել են ավելի նպաստավոր պայմաններում: Հայտնության գրքում յոթ եկեղեցիներին Տերը պատգամներ է ուղղում, հորդորում և սպառնում, որպեսզի ով ինչ որ տեղ շեղվել է՝ շտկվի, իսկ ով ճիշտ դիրքի մեջ է՝ է՛լ ավելի ամրապնդվի, և ավելի գովասանքով է խոսում այն եկեղեցիների մասին, որոնք աննպաստ պայմաններում էին գործում. «Գրի՛ր նաև Փիղադեղփիայի եկեղեցու հրեշտակին. Այսպես է ասում Սուրբը, Ճշմարիտը, որ ունի Դավթի բանալին. բաց է անում, և չկա մեկը, որ փակի. և փակում է, ու չկա մեկը, որ բաց անի. տեսա քո գործերը. ահա քո առաջ դրի բաց դուռը, որը ոչ ոք չի կարող փակել, քանի որ, թեև քիչ զորություն ունես, բայց պահեցիր իմ խոսքերը և չուրացար իմ անունը» (Հայտ. 2:7-8): «Գրի՛ր նաև Պերգամոնի եկեղեցու հրեշտակին. Այսպես է ասում նա, ով սրած երկսայրի սուրն ունի. տեսա քո գործերը և գիտեմ, որ բնակվում ես այնտեղ, ուր Սատանայի աթոռն է. բայց պահում ես իմ անունը. նաև չուրացար իմ հավատը այն օրը, երբ Անտիպաս անունով իմ վկան հավատարիմ եղավ ինձ. և որովհետև վկա էր իմ հավատարիմը, սպանվեց ձեր մեջ, այնտեղ, ուր Սատանան է բնակվում» (Հայտ. 2:12-13):
Հիշենք այն պատմությունը, որ Տերը պատմեց այգու տիրոջ և բանվորների մասին, թե ինչպես վերջիններին, որ մյուսների համեմատ շատ քիչ էին աշխատել, նույն այն չափով վարձատրեց, ինչպես և մյուսներին՝ շատ աշխատանք կատարածներին, և ոգևորվենք այս պատմությամբ, որ այս ժամանակներում նրանց համեմատ շատ քիչ աշխատելով՝ կարող ենք նույն վարձքին արժանանալ, եթե իհարկե այդ քչի մեջ էլ անհոգություն չցուցաբերենք:
Եվ ուրեմն, հարկ է աննպաստ ժամանակներում ջանալ և ըստ մեր չափի և կարողության հնարավորինս առաջանալ առաքինությունների կատարման գործում և պտղաբեր լինել Տիրոջ այգում, իսկ դա, ինչպես ասվեց, անհետևանք չի մնա. ««Հիմա շատ են սրբերը ողջ աշխարհում, այդպես կլինի՞ արդյոք նաև աշխարհի վերջում»: Երանելի Նիփոնտիոս Կիպրացին պատասխանեց. «Որդյակ իմ, մինչ աշխարհի վերջը չեն նվազի մեր Տեր Աստծո մարգարեները, ինչպես և՝ սատանայի ծառաները: Ընդ որում, վերջին ժամանակներին նրանք, ովքեր ճշմարտապես պետք է աշխատեն Աստծո համար, հաջողությամբ պիտի թաքնվեն մարդկանցից և նրանց միջավայրում չեն կատարելու հրաշքներ ու նշաններ, ինչպես այժմ է: Այլ կգնան խոնարհությամբ տարրալուծված գործերի ճանապարհով և Երկնային Արքայության մեջ կլինեն ավելի մեծ, քան հայրերը, որոնք նշաններով են փառավորվել» (Հայրերի վարքից):
* Իհարկե ով իսկապես չի կարող պահել և միայն վերջին ավագ շաբաթն է պահում, դա էլ խրախուսելի է, սակայն լավ չէ նրա համար ով իրականում չարի խորհուրդներից խաբվելով է այդ քայլին գնում:
Աշոտ ուրարակիր Արևշատյան