25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
Սիրելի՛ հավատացյալներ,
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Անանիա առաքյալի տոնը: Անանիա առաքյալը համարվում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի յոթանասուներկու աշակերտներից մեկը: Պետրոս առաքյալի կողմից նա ձեռնադրվել է Դամասկոսի եպիսկոպոս: Պետրոս և Անդրեաս առաքյալների գործակիցը լինելով՝ նաև համարվում է նրանց աշակերտը: Հայտնի է, որ Պողոս առաքյալը, մինչև դարձի գալը, հետապնդում և հալածում էր քրիստոնյաներին: «Գործք առաքելոցում» պատմվում է, թե ինչպես է նա կուրանում Դամասկոսի ճանապարհին, և Անանիա առաքյալը Տիրոջ բարեհաճությամբ մկրտում է նրան՝ բժշկելով հոգու և մարմնի կուրությունից: Սուրբ Անանիան լուսավորեց նրա խավարած աչքերը և զորացրեց լինելու ճշմարտության քարոզիչ: Ըստ Հայսմավուրքի՝ Անանիա առաքյալը երկար տարիներ հալածվել է հրեաների ու հեթանոսների կողմից: Նա Ավետարան էր քարոզում Ասորիքում և Պաղեստինում՝ Քրիստոսի անունով հրաշքներ և բժշկություն անելով, փարատելով մարդկանց ցավերը: Մի անգամ, երբ Անանիան քարոզությամբ շրջում էր Հելևթերուպոլսում և նրա գյուղերում, կռապաշտները նրան ձերբակալում են և կանգնեցնում քաղաքի դատավորի՝ Լիկիանոսի առջև: Վերջինս մոլի կռապաշտ էր, չաստվածներին երկրպագող և Քրիստոսի անվանը խիստ թշնամի մարդ: Նա սկսում է քաղցրությամբ խոսել Սուրբ Անանիա առաքյալի հետ և համոզել նրան զոհ մատուցել չաստվածներին: Սուրբ Անանիան պատասխանում է. «Կուռքերին չե՛մ պատվի և խուլ ու համր բագիններին, որ դևերի բնակարան են, չե՛մ երկրպագի, այլ կերկրպագեմ իմ ճշմարիտ Աստծուն` Հիսուս Քրիստոսին, որ մեզ համար գիտության լույս եղավ, Որին մեր աչքերով իսկ տեսանք, քանի որ մարմնով եկավ աշխարհ և ազատեց մեզ կուռքերի մոլորությունից: Նրա համար ես պատրաստ եմ տանջանքների ու մահվան, քան թե թողնելու ճշմարտությունը և մոլորվելու խաբեությամբ»: Այս հանդուգն պատասխանից բարկանում է Լիկիանոսը և սրբին տանջելու հրաման արձակում, որից հետո հրամայում է նրան կախել փայտից և երկաթե քերիչներով քերել ոսկորները: Իսկ Անանիան երկինք է բարձրացնում աչքերն ու ձեռքերը՝ ասելով. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, զորությունների՛ Աստված, … թող ես էլ արժանի լինեմ հանուն Քեզ չարչարանք կրելու և Քո պսակով զարդարվելու՝ իմ կյանքով և մահով Քո ընտրյալ աշակերտների շարքը դասվելու համար»: Դատավորը փորձում է տարհամոզել Սուրբ Անանիային, բայց ապարդյուն: Անանիան անդրդվելի է մնում իր հավատի վկայության մեջ: Նա եղավ Ճշմարիտ Աստծո հավատարիմ փառատրողն ու երկրպագողը, ի տարբերություն հեթանոսների, որոնք անխոսներին ու անշունչներին իբրև աստված էին պատվում, իրենց իսկ ստեղծածներին արարիչ էին ասում և իրենց հույսը դրանց վրա դնում: Սուրբ Անանիային քաղաքից դուրս են տանում և քարկոծում: Նա մարտիրոսվեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի սուրբ անվան փառքի համար: Սուրբն իր մարմնի ցավերը առոչինչ համարեց Քրիստոսի սիրո առջև: Նրա աշակերտներն ու ծանոթները նրա մարմինը տանում և թաղում են նրա հայրենի քաղաքում՝ Դամասկոսում, Տիրոջ 70 թվականին: Նրա պատվական նշխարները սկզբում այդտեղ էլ դրվում են՝ Հուդայի ապարանքում, որտեղ ժամանակին իջևանել էր Պողոս առաքյալը, և այնտեղ կառուցվում է գեղեցիկ տաճար: Որոշ ժամանակ անց երանելի սուրբի նշխարները փոխադրվում են Հռոմ: Նրա որոշ նշխարներ էլ պահվում են սրբուհի Բրասկետայի եկեղեցում: Ըստ ավանդության, սուրբի մասունքները Հայաստան է բերել մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը և ամփոփել ահա այս վայրում, որտեղ որ հետագայում կառուցվել է Սուրբ Անանիա առաքյալի մատուռը և մենք սուրբի նշխարներին խոնարհվելու մեծագույն շնորհին ենք արժանացել: Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցուն կից փոքրիկ մատուռում նրա սրբասուն նշխարներն են, որոնց սքանչելագործ զորությամբ մինչև օրս էլ կատարվում են բժշկություններ և հրաշքներ: Այս փոքրիկ մատուռը դարերի ընթացքում դարձել է մեծ ուխտատեղի, ապա՝ վանք, որ կոչվել է «Անանիայի անապատ»: Սուրբ Անանիայի նշխարների այս վայրում գտնվելով է նաև պայմանավորված մեր եկեղեցու «Զորավոր» անվանումը: Սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր, այսօր մենք սովորելիք շատ բան ունենք սուրբի վարքագրությունից: Բոլոր դարերում, բոլոր ժամանակներում մարդ կանգնած է Տիրոջը հավատարիմ մնալու ընտրության առջև: Ճշմարիտ Աստծուն չուրանալ, խոստովանել Սուրբ Երրորդությունը, աներկյուղ հայտարարել սպասումը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Գալստյան. ահա սա է քրիստոնյայի իսկական դավանանքը: Քրիստոնյան առաջին հերթին Աստծուն սիրելու պատվիրանն ունի: Քրիստոս մեծագույն պարգևներ և փառաց պսակ է խոստացել բոլոր նրանց, ովքեր հալածվում և նահատակվում են հանուն Իր Անվան: Հաջորդը, ինչ որ մենք պետք է ուսանենք այս տոնից, սուրբերի բարեխոսությունն է: Առանց սուրբերի բարեխոսության՝ դժվար է քրիստոնյայի ճանապարհը: Սուրբերն անցել են մեր ճանապարհը, ավելի ծանր է եղել նրանց խաչը, բայց քանի որ նրանք հաղթանակած են դուրս եկել այս փշառատ պայքարից, մենք ապավինում ենք նաև նրանց աղոթքին: Մենք զորանում ենք մեր աղոթքով և նրանց աղոթքով: Մենք Զինվորյալ եկեղեցին ենք, նրանք՝ Հաղթանակած եկեղեցին, մենք մեկ ենք դառնում մեր հավատի խոստովանությամբ և նրանց բարեխոսությամբ առ մեզ դարձնում Աստվածային բարեհաճությունը: Մենք կարիքն ունենք նրանց բարեխոսության, նրանց զորակցման: Սուրբերի վարքից մենք ոգեշնչվում ենք արժանանալու քրիստոնեական առաքինությունների, իսկ սուրբերի բարեխոսությամբ մեզ վրա իջեցնում աստվածային հուսատու շնորհներ: Մենք կարիքն ունենք Սուրբ Անանիայի և բոլոր սրբերի բարեխոսության, որպեսզի բացվեն մեր հոգու աչքերը՝ Աստվածապարգև մեր կյանքը արժևորելու համար… Եվ օրվա խորհրդով զորացած՝ հայցենք Սուրբ Անանիայի բարեխոսությունը մեր և մեր մերձավորների հոգու և մարմնի առողջության համար: Աստվածային փառահեղ լույսով լուսավորված, զորացած մեր հավատքի մեջ հեռու վանենք մեզանից ամեն տեսակ մեղք, ամեն տեսակ չար ու վատ բան, ուշադիր լինե՛նք, աղոթենք մեր և մեր նմանի համար, և վստահաբար Աստվածային սերը կթագավորի մեր կյանքում՝ խաղաղության և ուրախության զգացումով լցնելով մեր հոգին: Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից Ամեն:
Տեր Վահան քհն. Առաքելյան