Քարոզչություն

Սրբերը հալածանքների ժամանակ հրապարակավ հայտարարում էին իրենց քրիստոնյա լինելը: Մինչդեռ այսօրվա խաղաղ իրավիճակում մենք հաճախ լռում ենք Քրիստոսին մեր պատկանելության մասին: Քրիստոս առաքյալներին պատվիրան տվեց քարոզելու Երկնքի Արքայությունը. «Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (Մատթ. 28.19-20): Եվ Պողոս առաքյալն էլ ասում է. «Վա՛յ է ինձ, եթե չավետարանեմ» (Ա Կորնթ. 9.16):

Մեծապես խրախուսելի է, երբ նաև հավատացյալներն իրենց եղբայրներին կամ քույրերին հորդորում են աստվածպաշտության` իրենք ունենալով ուղղափառ հավատք, հոգևորի մասին բացատրությունները տալով առաքելահաստատ Եկեղեցու ճիշտ ուսմունքին, վարդապետությանը համապատասխան: Այսօր, սակայն, ընտանիքների մեծ մասում առօրյա խոսակցություններն ընթանում են գրեթե միշտ նույն թեմայով: Մենք ավելի շատ միմյանց հետ խոսում ենք տարբեր մարդկանց տարբեր արարքների, իրադարձությունների մասին. բազում ընտանիքներում կարծես թե մեծ ամոթ է համարվում Քրիստոսի, հավատքի, աստվածայինի մասին խոսելը: Այսօր մարդիկ երբեմն ամաչում են վեհ գաղափարների մասին խոսակցությունից: Սակայն չէ՞ որ բոլորս էլ կարողանում ենք մեր կյանքում հոգևորը, աստվածայինը վեր դասել նյութականից:

Երբ նորածին երեխա ունեցող մայրը հաց է ուտում, ու հանկարծ երեխան սկսում է լաց լինել, մայրը թողնում է հացն ու վազում իր երեխային խնամելու: Այս արարքով արդեն մարդը մերժում է նյութականն ու մարմնականը` արժևորելով հոգևորն ու մայրական սերը: Խիստ զբաղված հայրն էլ միշտ թողնում է գործը` իր որդու թախանձագին խնդրանքը կատարելու համար: Սրանով էլ մարդը, կտրվելով նյութականից, արժևորում է հոգևոր կապը, հարազատության և սիրո զգացումը: Եվ եթե մենք մեր կյանքում կարողանում ենք հարկ եղած դեպքում վեր բարձրանալ նյութականից դեպի հոգևորը, ինչո՞ւ ուրեմն այդպես չվարվել Աստծո հետ մեր հարաբերություններում: Մեր պատկանելությունն Աստծուն հայտարարենք նաև խոսքով, իսկ եթե դեռ ամաչում ենք դրանից, ապա ուրեմն հայտարարենք մեր գործերով և քրիստոնեավայել կյանքով:

 

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

 

07.08.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․