«Քո նեղության օրը կանչի՛ր Ինձ, և Ես կփրկեմ քեզ»

«Առանց հավատի անհնար է Աստծու բարեհաճությունը շահել»,- գրել է Ս. Պողոս առաքյալը (Եբր.11:6): Առաքյալի խոսքով՝ հավատալ՝ նշանակում է վստահ լինել այն բաներին, որոնց հանդեպ հույս ունենք, և համոզված լինել այն բաներին, որոնք չեն երևում (Եբր. 11:1): Բոլոր ժամանակներում աստվածահաճո կյանքով ապրող անձինք ամուր հավատ են ունեցել, ինչի շնորհիվ հաղթահարել են բազմաթիվ հոգսեր, դժվարություններ և փորձություններ: Նրանք, Տիրոջ խոսքի համաձայն, ինչ որ հավատով խնդրել են Տիրոջից, ստացել են (Մատթ. 21:22) և խնդրել են հավատով, առանց երկմտելու, «որովհետև երկմիտ մարդը նման է ծովի ալիքներին, որոնք շարժվում ու տարուբերվում են հողմերից: Այդպիսի մարդը թող չակնկալի, որ Տերը կտա իր խնդրածը, որովհետև երկմիտ մարդն անհաստատ է իր արած բոլոր քայլերում (Հակոբ. 1:6-8):  

Տարբեր հոգսերի մեջ ապրելով՝ մարդ հաճախ հայտնվում է բազմահոգության բեռի տակ, ինչի պատճառով ընկնում է նաև թերահավատության ճիրանը՝ իր համար առաջնային դարձնելով նյութականի ձեռքբերումը: Մարդասեր Տերը, ցանկանալով մարդուն ազատել նյութականի հանդեպ ծանր կախվածությունից, որ մեծամասամբ ծնվում է թերահավատությունից, տալիս է փրկարար պատգամը և ասում. «Մի՛ մտահոգվեք ձեր կյանքի համար, թե ի՛նչ պիտի ուտեք կամ ի՛նչ պիտի խմեք, ոչ էլ մտահոգվեք ձեր մարմնի համար, թե ի՛նչ պիտի հագնեք: Չէ՞ որ կյանքն ավելի կարևոր է, քան կերակուրը, և մարմինն ավելի կարևոր է, քան հագուստը» (Մատթ. 6:25): Նման հոգսը խլում է մարդու ողջ ուշադրությունը և հեռացնում ամենագլխավորից՝ Երկնքի Արքայության ձեռքբերումից: Տերն իր սիրով ցանկանում է մարդուն ազատել տանջող բազմահոգությունից, և չի ասում, թե անհրաժեշտ չէ հոգալ սննդի ու հագուստի համար, քանի որ նախածնողների՝ դրախտից վտարումից հետո աշխատանքի մասին պատգամը բոլորի համար դարձավ պարտադիր. «Քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչև հող դառնալդ (Ծննդ. 3:19) և «Չաշխատողը թող չուտի» (Բ Թես. 3:10): Այլ անհրաժեշտի մասին հոգալուց հետո ցանկանում է, որ մարդն իր խնդիրները Երկնավոր Հոր ձեռքը հանձնի և չանհանգստանա ապագայի համար, քանի որ այն, ինչ օգտակար է և փրկարար, այն էլ ամենախնամող Հայրը կշնորհի: «Դուք նախ խնդրե՛ք, որ Աստծու Արքայությունը գա, աշխատե՛ք կատարել Նրա կամքը, և Աստված այդ բոլորը ավելիով կտա ձեզ» (Մատթ. 6:33),- ասում է Քրիստոս: Ճշմարիտ գանձը, որ մարդկանցից յուրաքանչյուրը պետք է ջանք թափի և փնտրի, Երկնքի Արքայությունն է, որ, Տիրոջ խոսքի համաձայն, մարդու սրտում է և կրքերի ու սին հոգսերի մեջ այնքան խորն է թաղված, որ առանց մեծ ջանքերի հնարավոր չէ այն գտնել:

Տերը չի կամենում, որ մարդ ընկնի ունայն բազմահոգության մեջ, այլ կամենում է, որ նա, հավատքի մեջ ամրանալով և աստվածային նախախնամությանը վստահելով, հոգսերն Աստծուն հանձնելով, ներքին լռությամբ ու խաղաղությամբ Իր հետ մշտական հաղորդակցություն ունենա: Եթե Երկնային Հայրը մարդուն պարգևել է հոգի ու մարմին, որ անհամեմատ ավելի թանկ են, քան կերակուրն ու հագուստը, ապա կյանքի պահպանման համար մի՞թե չի տա անհրաժեշտը: «Նայեցե՛ք երկնքի թռչուններին,- ասում է Փրկիչը,- ո՛չ սերմանում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ շտեմարանների մեջ ամբարում, և սակայն ձեր Երկնավոր Հայրը կերակրում է նրանց: Չէ՞որ դուք Աստծու աչքին թռչուններից գերազանց եք» (Մատթ. 6:26): Քրիստոս, ցույց տալով թռչուններին, որոնց կերակրում է Երկնավոր Հայրն առանց նրանց որևէ ջանքի, դրանով ցույց է տալիս մի օրինակ, որին նայելով մարդը չպետք է սրտով կապվի երկրին և երկրային հոգսերին, այլ պետք է միշտ առաջադիմի հավատի և Աստծու հանդեպ վստահության մեջ: Եթե Աստված կերակրում է իր փոքրիկ արարածներին՝ թռչուններին, մի՞թե առանց կերակրի կթողնի մարդկանց՝ Իր պատկերն ու նմանությունը կրող արարածներին, որոնց փրկագնել է Իր Միածին Որդու արյամբ և որոնց ապագայի համար անասելի բարիքներ է ստեղծել: Ըստ Ս. Մակար Օպտինացու՝ հավատը չի կայանում միայն Աստծու գոյությանը հավատալով, այլ որ կա աշխարհը կառավարող աստվածային նախախնամություն, առանց որի ճնճղուկներից մեկն իսկ գետին չի ընկնում (Մատթ. 10:29): Այսպիսի հավատ ունեցող մարդն ամեն ինչում տեսնում է Աստծուն, ապավինում է Նրան և փնտրում Նրա օգնությունը: Նման մարդու վրա մեղքն իշխանություն չունի, քանի որ նա ամենաշատը վախենում է Աստծուց հեռանալուց:

Եթե մարդն իրեն տանջի ու մաշի հոգսերի մեջ, կարո՞ղ է ինքն իրեն օգնել: Հակառակը՝ կսպառի իր ուժերը և կկրճատի առանց այն էլ կարճ կյանքը: «Կամ հագուստի համար ինչո՞ւ եք մտահոգվում,- ասում է Փրկիչը,- օրինա՛կ վերցրեք վայրի շուշաններից և տեսե՛ք, թե ինչպես են աճում. ո՛չ աշխատում են, ո՛չ հյուսում: Հավատացե՛ք, որ Սողոմոնն իսկ, իր ամբողջ փառքի մեջ, չկարողացավ նրանցից մեկի նման գեղեցիկ հագնվել: Ուրեմն, եթե Աստված այդպես գեղեցիկ է հագցնում դաշտի միջի խոտին, որ այսօր կա և վաղը հնոց է նետվում, նրանցից շատ ավելի լավ չի՞ հագցնելու ձեզ, թերահավատնե՛ր» (Մատթ. 6:28-31): Ունայն է հագուստի համար հոգսը, որ նույնպես առաջ է գալիս թերահավատությունից: Հեթանոսները մտահոգվում են սննդի և հագուստի համար, քանի որ չեն ճանաչում Երկնավոր Հորը և նրանց հայացքից ծածկված է աստվածային սերը, Աստծու Միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի մարդացումն ու փրկագործումը, և նրանք մխիթարություն են գտնում միայն նյութականի ձեռքբերման մեջ:

Եկեղեցու հայրերը հորդորում են՝ եթե կարող ես՝ ոչինչ մի խնդրիր Աստծուց, բայց քանի որ հաճախ հնարավոր չէ ոչինչ չխնդրել, այդ դեպքում այսպես աղոթիր. «Տե՛ր, Դու գիտես, թե ինչ է ինձ հարկավոր, բայց թող Քո կամքը լինի և ոչ թե իմը»: Աստծուն այսպես դիմողը կարող է ստանալ ամենադրական պատասխանը: Երբ մարդն աղոթքի մեջ պնդում է իր կամքը, ապա մերժում է աստվածային նախախնամությունը: Աստվածային նախախնամությունն իրագործվում է, երբ մարդ իրեն հանձնում է Աստծու կամքին, բայց ոչ անգործության տրվելով: Այսինքն՝ մարդ անում է այն, ինչ կարող է, իսկ արդյունքը թողնում է Աստծուն:

Աստծու կամքը մեզ համար այն է, որ մենք, երկրի վրա ապրելով, սովորենք ճանաչել Աստծուն և ուրախությամբ հետևենք Նրա կամքին՝ միակ փրկարար և կյանքը լիացնող ճշմարտությանը: Երանելի աբբա Դորոթեոսն ասել է, որ Աստծու կամքին հետամուտ լինել նշանակում է՝ սիրել միմյանց, կարեկից ու ողորմած լինել, սովորել ամեն ինչում շնորհակալ լինել Աստծուց և գոհությամբ ընդունել նրա ձեռքից թե՛ երջանիկ և թե՛ վշտալի օրերը՝ այն մխիթարությունն ունենալով, որ աշխարհը կառավարում է աստվածային նախախնամությունը: Հանուն Աստծու ապրելը և հանուն Աստծու փառքի գործելը փրկության է առաջնորդում: «Հետևաբար, թե՛ կերած-խմած ժամանակ և թե՛ ուրիշ որևէ դեպքում, ինչ էլ որ անեք, ամեն ինչ արեք Աստծու փառքի համար» (Ա Կորնթ. 10:31),- ասել է Ս. Պողոս առաքյալը: Ըստ աբբա Պիմենի՝ Աստծու կամքը կատարողն ամեն ինչից գոհ է, անգամ եթե կարիքի կամ հիվանդության մեջ է, քանի որ նրան ուրախություն է պատճառում աստվածային օրհնությունը: Իսկ դժգոհ անձը բոլոր դեպքերում դժգոհում է, քանի որ հպարտ հոգի ունի և ինչն էլ իրենից խլում է աստվածային օրհնությունը: Յուրաքանչյուր ոք, ով իրեն հանձնել է Աստծու կամքին, Տերը նրան ուսուցանում է և ասում. «Քո նեղության օրը կանչի՛ր Ինձ, և Ես կփրկեմ քեզ, ու դու կփառաբանես Ինձ» (Սաղմ. 49:15):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

14.12.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․