21 Դեկտեմբեր, Շբ
Ֆէմինիստական շարժումն առաջացաւ 17-րդ դարում ու հետզհետէ սաստկացաւ եւ յատկապէս ուժեղացաւ 1960-ականներին: Ֆէմինիզմի պատմութեան մէջ առանձնացնում են երեք շրջան կամ փուլ, որոնցից ամէն մէկին բնորոշ են իւրայատուկ նպատակներ: Նախկինում գոյութիւն ունէին ֆէմինիզմի երեք ուղղութիւններ՝ ազատական-բարեկարգչական (լիբերալ-ռեֆորմիստական), ընկերվարական (սոցիալիստական) եւ արմատական (ռադիկալ): Կանանց իրաւունքների պայքարի համար հիմք էր հանդիսացել ազատական-բարեկարգչական փիլիսոփայական աւանդոյթը, որի ներկայացուցիչներն էին յայտնի փիլիսոփաներ, մասոնական օթեակների անդամ Ջոն Լոկն ու Ժան Ժակ Ռուսոն: Բաւական մեծ ազդեցութիւն է թողել նաեւ երազային ընկերվարութիւնը (ուտոպիական սոցիալիզմը), որի հետեւորդներն էին Շ. Ֆուրյէն, Ա. Սեն-Սիմոնը եւ Ռ. Օուէնը, որոնց եւ պատկանում է «ֆէմինիզմ»[1] անուանման մկրտումը: Ներկայումս այս երեք ուղղութիւններն այնքան էլ արտայայտուած չեն: Փոխարէնը հիմա առաջացել են կրօնական եւ ազգային ֆէմինիզմի այնպիսի հոսքեր, որոնց միջոցով կնոջ դրութիւնը վերլուծւում է ոչ միայն սեռի տեսանկիւնից, այլեւ ազգութեան ու կրօնի դասակարգումների։ Ֆէմինիզմի սկզբնաւորումից եւ 60-ականների՝ սեռային յեղափոխութիւնից յետոյ, երբ խօսքը վերաբերում էր աւանդական բարոյականութեան եւ աւանդական ընտանիքի կառուցուածքին, շատ բան փոխուեց աշխարհում: Մենք հասկանում ենք, թէ այսօր քրիստոնէական աշխարհի մտածողութեան մէջ ֆէմինիստական փիլիսոփայութիւնից եւ աճող գլոբալացումից կամ համաշխարհայնացումից տարբեր ծայրայեղութիւններ են ներթափանցել: Ֆէմինիզմը միայն կանանց իրաւունքների խնդիրը չէ այսօր, այլ մի համապարփակ մարտահրաւէր է մեր ողջ ուղղափառ հաւատքին: Մեր ժամանակներում առաջանում է ֆէմինիզմի աստուածաբանութեան խնդիրը, որը կարելի է համեմատել չորրորդ դարի արիոսականութեան յարձակումների հետ: Ֆէմինիզմը մարտահրաւէրներ է ստեղծում ընդդէմ մեր աւանդական պատկերացումների՝ մարդու բնութեան, հայրական իշխանութիւնից ազատագրութեան, ամուսնու ու կնոջ յարաբերութիւնների, ընտանիքի պատշաճ եւ աստուածապաշտ գործունէութեան, հոգեւոր կեանքում իշխանութեան դիրք գրաւելու, կանանց քահանայագործելու, ինչպէս նաեւ յղիութեան արհեստական վիժեցման պահանջների եւ ազատութեան, ոչ օրինաւոր ամուսնութեան սեռական ազատ կենակցութեան, միասեռականութեան օրինականացման եւ այլ հարցերում: Այս աշխատասիրութեամբ փորձել ենք շօշափել որոշ հովուական հարցեր, որոնք այսօր բարձրացնում է ժամանակակից ֆէմինիզմը, որոնք այնքա՜ն են ներմուծուել մեր մշակոյթի մէջ, որ մենք պէտք չէ զարմանանք, թէ այսօր դրանք իրենց ազդեցութիւնն են թողնում նաեւ եկեղեցում։ Ֆէմինիստական երկխօսութիւնը եկեղեցիներում անխուսափելի է դառնում, եւ մենք արդէն կարող ենք նկատել, թէ որքան շատ յօդուածներ կան այսօր կանանց իրաւունքների վերաբերեալ, կանանց քահանայագործութեան, արհեստական վիժեցման պահանջների մասին, եւ այլն... Հնարաւոր է, որ այդ երկխօսութիւնը նաեւ օգուտ բերի քրիստոնեայ տղամարդկանց ու կանանց, քանի որ դա կարող է յստակացնել սեռերի մասին բոլոր կարծիքները՝ Քրիստոսի ճշմարտութեան եւ Աւետարանների յայտնութեան լոյսի ներքոյ:
Գոյութիւն ունեն երկու հիմնական ոլորտներ, որտեղ կրօնական ֆէմինիստները ձգտում են փոխել սեռային դերերը՝ կանանց դերը եկեղեցում եւ կանանց դերն ամուսնութեան մէջ։ Ֆէմինիստական շարժումները վերջին ժամանակներում քրիստոնէական եկեղեցուն առաջադրում են «կանանց քահանայագործութեան» խնդիրը: Նրանք սխալմամբ կարծում են, թէ եկեղեցու արական նուիրապետութիւնն անհաւասարութիւն է ստեղծում։ Հետեւաբար, լուծումն այն է, թէ պէտք է ազատուել տղամարդկանց եւ կանանց միջեւ դերերի տարբերութիւններից։ Կանայք պէտք է ձեռնադրուեն, զբաղեցնեն երիցական պաշտօններ եւ իշխեն միւսների վրայ եկեղեցում։ Ֆէմինիզմի պատճառած դաժանագոյն վնասն ընտանիքի քայքայումն ու ընտանեկան սուրբ արժէքների ոչնչացումն է: Այստեղից է առաջանում սեռային կեղծ հաւասարութիւն, երբ անընդմէջ սահմանւում են ամէն տեսակի այլասերումներ, որոնք այժմ ընտանիքի քայքայման պատճառ են դառնում: Սա՛ է պատճառը, որ կանանց դերի մասին թիւր կարծիքներ են տարածւում նաեւ եկեղեցում:
Արմատական հոգեւոր ֆէմինիզմը սոցիալական լուրջ խնդիրների աղբիւրը համարում է հայրիշխանութիւնը: Որոշ օտարերկրեայ հետազօտողներ արդէն սկսել են խօսել սեռի չէզոքացման մասին: Ըստ ընկերաբանների (սոցիոլոգների)՝ արդէն սկսել է «biarhata», այսինքն՝ երկու սեռերի գերակայութեան դարաշրջանը՝ ի տարբերութիւն «matriarchy»՝ մայրիշխանութեան կամ «patriarchy»՝ հայրիշխանութեան։ Ֆէմինիզմը խորը բարոյական եւ հոգեկան ախտաբանութիւն (պաթոլոգիա) է: Իրօք, այսօրուայ կանայք դառնում են աւելի համարձակ, իսկ տղամարդիկ, ընդհակառակը, դառնում են իգաբարոյ: Կարծես թէ այսօր կանայք ու տղամարդիկ դերերով փոխուել են: Որպէս հետեւանք՝ մենք հանդիպում ենք կանանց մասնակի տղամարդանալու, ու տղամարդկանց մասնակի կնանալու հոգեբանութեանը։
Փիլիսոփայութեան ամենաարդիական հարցերից մէկն այս աշխարհում «գենդերային հաւասարութեան» հարցն է: Աշխարհիկ միտքը մարդու ունեցած բարձր արժէքների մասին յանգել է այն եզրակացութեանը, թէ բոլոր մարդիկ երկրի վրայ հաւասար են: Բայց հաւասարութեան գաղափարի սխալ ընկալումը, իր հերթին, վերջին տարիներին խթանել է ֆէմինիստական շարժումը, որն ամէն ինչում, բառիս բուն իմաստով, ջանում է հասնել կանանց ու տղամարդկանց կեղծ հաւասարութեանը: Այս աշխարհի պատկերացումներն ու վերաբերմունքը նախանձելի յամառութեամբ ներթափանցում էին եկեղեցի՝ ամբողջ իր պատմութեան ընթացքում: Եւ այն իրականութիւնը, թէ եկեղեցին դեռեւս լիովին չի ընդունել ֆէմինիզմի գաղափարախօսութիւնը, պէտք է շնորհակալ լինել Աստուածաշնչի վարդապետութեանն ու սրբազան Աւանդութեանը, ինչպէս նաեւ մարդկութեան զարգացման պատմութեանը: Պատահական չէ, որ ֆէմինիստական շարժման աճն աշխարհում միեւնոյն ժամանակ համընկել է եկեղեցում քահանայի պաշտօնը գրաւելու՝ կանանց պահանջի աճի հետ: Կանայք այսօր տեսնում ու հասկանում են, թէ շատ առումներով իրենք ունեն նոյն հնարաւորութիւնները, որոնք ունեն տղամարդիկ ե՛ւ հոգեւոր, ե՛ւ մտաւոր, ե՛ւ ֆինանսական տեսակէտով: Արդէն այսօր չկայ տղամարդու հանդէպ այն մեքենայական ենթակայութիւնը, որ բնական արտայայտութիւնն էր անցեալ մշակոյթի, երբ կինը չէր կարող ապրել անկախ իր ամուսնուց: Ու հէնց դրա համար էլ կինն ունի զարմանալի ունակութիւններ, ինչպէս, օրինակ, գիտակցական հնազանդութիւն իր ամուսնու հանդէպ: Եւ այսպիսով իր կեանքում գործնականօրէն դրսեւորում է եկեղեցու հնազանդութիւնը Տէր Քրիստոսի հանդէպ: Սակայն, ցաւօք, այս հնարաւորութիւնը մեր ժամանակներում շատերի մօտ կա՛մ չի նկատւում, կա՛մ էլ բոլորովին անտեսւում է:
Ֆէմինիստներից շատերը կարծում են, թէ իրենց սեփական մարմինների հետ կարող են վարուել այնպէս, ինչպէս կը ցանկանան: Եւ հետեւաբար, ունեն նաեւ ամէն «իրաւունք» ազատ ընտրելու անբարոյականութիւնը կամ արհեստական վիժեցումը: Մենք մեզ քրիստոնեայ կոչելով՝ շատ անգամ անտեսում ենք այն փաստը, թէ մեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, ու մենք այլեւս մեր տէրը չենք, քանի որ Քրիստոս մեզ գնեց Իր թանկագին արեան հեղմամբ (տե՛ս Ա. Կորն 6, 20-21): Մեր սեփական մարմինը պատկանում է Աստծուն, ու մեր պատասխանատուութիւնն է պաշտել եւ փառաբանել մեր Արարչին ու Փրկչին՝ մեր մարմիններում, եւ խուսափել այնպիսի բաներից, որոնք կարող են վնաս հասցնել կամ այլասերել մեզ կամ ուրիշներին, այդ թւում՝ նաեւ չծնուած երեխաներին: Յայտնի է, թէ շատ ֆէմինիստուհիներ մերժում են քրիստոնէութիւնը՝ այն փոխարինելով այն հեթանոսական չաստուածների պաշտամունքով կամ եսապաշտութեամբ: Երբեմն պնդում են, թէ քրիստոնեայ են, բայց ստեղծում են իրենց երեւակայական թիւր պատկերացումներն Աստծու մասին եւ հետեւելով իրենց սեփական խղճին կամ նմանութեանը՝ երկրպագում են արարչութեանը՝ Արարչի փոխարէն: Աստուածաշունչը խստիւ դատապարտում է նման կռապաշտութիւնը, որը վերջին հաշուով կործանարար է բոլոր նրանց համար, ովքեր այդպէս են վարւում: Երբ ֆէմինիզմի ջատագովները արդարացնում են նման գործունէութիւնը, նպատակայարմար է խօսել հերիտիկոսութեան, անհաւատութեան կամ հաւատուրացութեան մասին:
Արդեօ՞ք Աստուածաշունչն անդրադառնում է ֆէմինիզմին: Ժամանակակից ֆէմինիզմի հայեցակարգ չի եղել այն ժամանակ, երբ գրուել է Աստուածաշունչը, բայց դա չի նշանակում, թէ Աստուածաշունչը ոչինչ չունի ասելու ֆէմինիզմի հիմնական հարցերի շուրջ: Նոյնիսկ այն ժամանակ, երբ Սուրբ Գիրքը, կարծես թէ լռում է այն բանի մասին, որն ազդեցութիւն ունի մեր վրայ այսօր, կան հաստատուած յաւիտենական սկզբունքներ, որոնք խօսում են խնդրոյ առարկայի մասին: Նախ, մենք պէտք է սահմանենք ֆէմինիզմը, քանի որ այն կարող է ունենալ տարբեր իմաստներ, տարբեր մարդկանց խմբերի համար: Հիմնականում, ֆէմինիզմը մի փիլիսոփայութիւն է, որը պաշտպանում է կանանց ու տղամարդկանց, սոցիալական, քաղաքական, տնտեսական եւ այլն հաւասար իրաւունքները: Ֆէմինիզմն ի սկզբանէ դրական շարժում էր եւ ուղղուած էր լուծելու կանանց հիմնարար այն իրաւունքները, որոնք Աստուած մտադիր է տալու իւրաքանչիւր մարդու: Վաղ ֆէմինիստ տեսաբանները պայքարելով հասան բաւական մեծ յաջողութիւնների: Սակայն այսօրուայ ֆէմինիզմը շատ աւելի առաջ է անցել իր պահանջներով: Աւելի արմատական ու ծայրայեղական ֆէմինիստները գործնականօրէն ձգտում են այսօր տապալել արական գերիշխանութեան ցանկացած հետք՝ եկեղեցում եւ հասարակութեան մէջ ամուսինների ու իրենց կանանց աստուածաշնչեան դերերի առումով։ Ժխտում են տղամարդկանց ու կանանց որեւէ տարբերութիւն, պաշտպանում են վիժեցման պահանջը, աջակցում են իգամոլութեան, այսինքն՝ լեսբիների շարժմանը, խեղաթիւրում են Աստուածաշնչի վարդապետութիւնը տղամարդու ու կանանց վերաբերեալ: Ժամանակակից ռազմատենչ ֆէմինիզմը կանանց իրական անհաւասարութեան խնդիրներին կեղծ լուծումներ է առաջարկում այս մեղսալի հասարակութեան մէջ: Ֆէմինիզմը կանանց կոչ է անում հակառակուել այն օրէնքների դէմ, որոնք Աստուած սահմանել է մարդկութիւնը փրկելու համար՝ ձգտելով պարտադրել մարդասիրական արժէքները Աստծու Խօսքի անմիջական ընդդիմութեամբ:
Ոչ բոլոր ֆէմինիստ գաղափարներն են հակասում եկեղեցու ուսմունքներին: Ֆէմինիզմը չէ՛, որ բացայայտում է կանանց ու տղամարդկանց իրաւունքների հաւասարութիւնն ու մարդկային արժանապատւութիւնը: Քրիստո՛ս է սա բացայայտել: Բայց սա այլեւս միայն հաւասար իրաւունքների եւ արժանապատուութեան պայքար չէ, քանի որ ֆէմինիզմի նոր ալիքը վերանայում է «հաւասարութեան» գաղափարը՝ բոլորովին ուրիշ խնդիրներ հետապնդելով: Ֆէմինիզմը շատ բաներ է ընդօրինակել քրիստոնէութիւնից, բայց ցաւօք, այժմ այն փորձում է խեղաթիւրել քրիստոնէական արժէքները ու կենտրոնանում է ոչնչացնելու տղամարդկանց եւ կանանց դերերի բոլոր տարբերութիւնները ե՛ւ հասարակութեան մէջ, ե՛ւ եկեղեցում: Իհարկէ, ոչ բոլորն են համաձայն Սուրբ Գրքի՝ տղամարդկանց եւ կանանց դերերի սահմանազատման բնական պահանջներին, որը նախատեսուած է Աստծու կողմից: Եւ սա քրիստոնէական ֆէմինիզմի առաջացման պատճառներից մէկն է: Կանանց հաւասարութեան շարժումը մետաֆիզիկական իմաստով կարող ենք դրական համարել, երբ խօսում ենք տղամարդկանց ու կանանց հաւասարութեան մասին Աստծու առաջ: Դա, անկասկած, գոյութիւն ունի, քանի որ, ինչպէս ասում է Պօղոս առաքեալը. «Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտուեցիք, Քրիստոսով զգեստաւորուեցիք. ուրեմն խտրութիւն չկայ ո՛չ հրեայի եւ ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի եւ ո՛չ ազատի, ո՛չ արուի եւ ո՛չ էգի. որովհետեւ դուք ամէնքդ մէկ էք ի Քրիստոս Յիսուս» (Գաղ. 3, 27-28): Կինը եւ իր ամուսինը «կեանքի շնորհի» ժառանգակիցներ են ի Քրիստոս (Ա. Պետր. 3, 7)։ Նրանց «հաւասարութիւն»-ն այն է, թէ ինչպէս տղամարդիկ, այնպէս էլ կանայք ունեն նոյն յոյսը փրկութեան։ Եկեղեցին միշտ հաստատել ու հաստատում է տղամարդու ու կնոջ միջեւ հաւասարութիւնը ի Քրիստոս, քանի որ, ինչ վերաբերում է քրիստոնեայի հոգեւոր կեանքին ու փրկութեանը, տղամարդն ու կինն ունեն նոյն աշխատանքը, նոյն պայքարը, նոյն հնարաւորութիւնը, նոյն նպատակը՝ Քրիստոսին միանալու, որտեղ բոլոր գենդերային տարբերութիւնները վերանում են, քանի որ նրանք այլեւս կորցնում են իրենց իմաստը: Յիսուս Քրիստոս բացատրեց դա. «Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Այս աշխարհի որդիները կին են առնում եւ մարդու են գնում. Իսկ նրանք, որոնք արժանի կը լինեն այն աշխարհին հասնելու եւ մեռելներից յարութիւն առնելու, ո՛չ կին են առնում եւ ո՛չ էլ մարդու են գնում, քանի որ այլեւս մեռնել անգամ չեն կարող, որովհետեւ հրեշտակների նման են եւ Աստծու որդիներ են»» (Ղուկ. 20, 34-36): Բայց շփոթութիւնը միայն ներկայ մեր ապրելու եւ գալիք աշխարհի միջեւ է, որի մասին խօսում էր Յիսուս: Մեր ապրելու ժամանակը թերի է եւ, ըստ Աստծու նախասահմանած բարի նպատակի, այս ընկած աշխարհում գենդերային տարբերութիւններն անհրաժեշտութիւն են, որոնք պիտի վերանան գալիք աշխարհում: Բայց մեր ներկայ կեանքի իրականութիւնը տեղի է ունենում այստեղ՝ մեղքի մէջ ընկած այս անկատար ու թերի աշխարհում, որտեղ անշուշտ կան բազում տարաձայնութիւններ, որոնք, սակայն, պէտք է պատշաճ կերպով հասկանալ եւ անհետացնել: Եկեղեցին պարտադիր կերպով ցոյց է տալիս սեռերի եզակիութիւնն ու առանձնայատկութիւնը: Ստանձնելով սեռերի բնական դերը, ինչպէս սահմանուած է Արարչի կողմից, եկեղեցին հաստատում է, թէ տղամարդիկ ու կանայք միմեանց լրացնում են հրաշալի ներդաշնակութեամբ: Իրենց դերերը տարբեր են, այլ ոչ թշնամական։ Նրանք հարստացնում են մէկը միւսին ու դառնում մէկ ամբողջութիւն ի Քրիստոս, իսկ Սուրբ Հոգին օգնում է՝ ձեռք բերելու այն ամէնը, ինչ մարդը կորցրել է մեղքի պատճառած անկման հետեւանքով: Ցաւօք, ժամանակակից ֆէմինիզմն այսօր կենտրոնանում է ե՛ւ կրօնական հաւասար «իրաւունքների», ե՛ւ սեռային սոցիալական դերակատարութեան վրայ: Սակայն հաւասարութեան գաղափարն անհնար է, քանի որ տղամարդիկ ու կանայք ծագումնաբանական ու կենսաբանական իմաստով ակնյայտօրէն տարբեր են: Այս հարցում լինել հաւասար նշանակում է լինել նոյնը: Կանայք ու տղամարդիկ ծագումնաբանական իմաստով չեն կարող հաւասար լինել, քանի որ նրանք նոյնը չեն: Տղամարդը երբէք չի ունենայ «իրաւունք» ծննդաբերելու ու կրծքով երեխայ կերակրելու, իսկ կինը երբէք չի ունենայ «իրաւունք» քահանայագործելու ուղղափառ եկեղեցիներում: Կարելի է բազմաթիւ ապացոյցներ բերել: Հետեւաբար, կնոջ ազատութիւնն իրականում ստրկութիւն է, եթէ ստիպում են նրան հրաժարուել բոլոր այն եզակի կարողութիւններից ու յատուկ յատկանիշներից, որոնք նրան կին են դարձնում: Նոյնը կարելի է ասել նաեւ տղամարդկանց համար, եթէ նրանց ազատութիւնը պահանջում է խուսափել այն ամէնից, ինչը նրանց տարբերում է կանանցից ու տղամարդ դարձնում: Ֆէմինիզմը միշտ յարում է այն պղատոնական մտքին, թէ մեր մարմինը պարզապէս վահանակ է կամ կեղեւ մեր հոգու համար ու մեր սեռային տարբերութիւնները պարզապէս մեխանիկական երեւոյթ են: Քրիստոնէութիւնը, միւս կողմից, ի սկզբանէ ուսուցանում է, թէ մեր մարմինն ու հոգին ի ծնէ մի ներդաշնակ միութիւն են, ու մեր ֆիզիոլոգիական տարբերութիւնները շատ աւելի խորն են, քան միայն միսն ու ոսկորը:
Այո՛, տղամարդու եւ կնոջ միջեւ խտրականութիւն չկայ, բայց դա չի նշանակում, թէ նրանց միջեւ տարբերութիւններ չկան. տարբեր են նրանց դերերը, «որովհետեւ մարդն է գլուխը կնոջ, ինչպէս որ Քրիստոս գլուխն է եկեղեցու. եւ ինքն է Փրկիչը այդ մարմնի: Եւ ինչպէս եկեղեցին հնազանդւում է Քրիստոսին, նոյնպէս եւ կանայք թող հնազանդուեն իրենց մարդկանց ամէն ինչում» (Եփես. 5, 23-24): Բայց խօսքն ամենեւին «ստրուկ» ու «տէր» յարաբերութիւնների մասին չէ: Հնազանդութիւն նշանակում է նուիրում, հաւատարմութիւն, անսահման սէր, զոհողութիւն: Իսկ «տէր» լինելն էլ տղամարդուց պահանջում է նախ սէր, խնամք, հոգատարութիւն ու պաշտպանութիւն: Պօղոս առաքեալը խօսում է այդպիսի սիրոյ մասին, որը «համբերող է, քաղցրաբարոյ է, չի նախանձում, …չի գոռոզանում, … իրենը չի փնտռում, …չար բան չի խորհում…ամէն բանի դիմանում է, ամէն բանի հաւատում է, մշտապէս յոյս է տածում, ամէն բանի համբերում է: Սէրը երբեք չի անհետանում…» (Ա. Կորն.13, 4-8): Հաւատացեալ կինը, որ ձգտում է հնազանդուել Աստծուն ու քայլում է խաղաղութեան եւ շնորհի ճանապարհով, պէտք է յստակ իմանայ, թէ ունի հաւասար իրաւունքներ ու հասանելիութիւն՝ ի Քրիստոս բոլոր հոգեւոր օրհնութիւնների նկատմամբ (Գաղ. 3, 28): Տղամարդիկ ու կանայք ունեն աստուածաշնորհ արտօնութիւն՝ մեզ համար նախատեսուած Աստծու ծրագիրը կատարելու: Ապստամբութիւնն այդ ծրագրի դէմ եւ ամբարտաւանութիւնը, որով անհատն իրեն աւելի բարձր է դասում, քան Աստծու Խօսքը, կը բերի ծանր հետեւանքների: Մենք տեսնում ենք այդ հետեւանքներն այսօր, երբ ոչնչանում են ընտանիքները, ամուսինների եւ կանանց միջեւ յարաբերութիւնները, եւ ընդհանրապէս կորչում է սէրն ու յարգանքը մարդու կեանքում: Անկման սկզբունքները նկարագրուած են հետեւեալ տողերում. «Եթէ մէկը սիրում է աշխարհը, Հօր սէրը նրա մէջ չէ, քանի որ այն ամէնը, ինչ աշխարհի մէջ կայ, մարմնի ցանկութիւն է, աչքերի ցանկութիւն եւ ա՛յս կեանքի ամբարտաւանութիւն, որ Հօրից չէ, այլ՝ այս աշխարհից» (Ա. Յովհ. 2, 16): Եւան հաւատաց ստին, թէ պտուղն ուտելն իրեն իմաստութիւն կը բերի: Նա ցանկացաւ ու վերցրեց մի բան, որն արգելուած էր: Սա է հիմքը ժամանակակից ֆէմինիստական շարժման: Կանանց գայթակղում են այն ստով, թէ ֆէմինիզմը նրանց կը բերի այն ցանկալի իշխանութիւնն ու ազատութիւնը, որոնց կարծում են թէ արժանի են: Սակայն խոստումը դատարկ է, քանի որ նախադրեալ ենթադրութիւնն արմատաւորուած է հպարտութեան ու չար բարքի վրայ, որոնց յաջորդում են կործանում եւ անկում (տե՛ս Առակ. 16, 18):
Վերջին տասնամեակների ընթացքում նկատւում է հասարակութեան մտահոգութեան աճը։ Հասարակութիւնն այնքան է մտահոգ քաղաքական ճշգրտութեան ու կշտամբանքի համար, եւ մարդիկ այնքան են զգայուն «նեղացած» լինելու հանդէպ, որ քաղաքավարութիւնը կորցրել է իր իմաստը: Սակայն սա, իրօք, որեւէ նոր բան չէ, որովհետեւ աշխարհում միշտ եղել է անհաւասարութիւնը: Ցաւալի է, բայց ճիշտ է, թէ արհեստական արգելքներն ու խոչընդոտները, որոնք ոչ մի հիմք չունեն Աստծու Խօսքի մէջ, միշտ բաժանել են մարդկութեանը: Մեղքն է պատճառը, երբ առաջանում է անհաւասարութիւն: Մեղքն է, որ տղամարդկանց ստիպում է կանանց ստորացնելու: Եւ մեղքն է, որ ձգտում է կեղծ լուծումներ փնտռել ու հակազդել այդ անհաւասարութիւններին: Անհաւասարութեան միակ ճշմարիտ լուծումն է հնազանդութիւնն Աստծու Խօսքին: Եթէ տղամարդիկ եւ կանայք ճշմարիտ կերպով ընկալեն ու հնազանդուեն Աստծու Խօսքին, ապա քրիստոնէական ֆէմինիզմը իր ճշմարիտ երեսը ցոյց կը տայ, թէ ինչ է ինքը, եւ կ՚երեւայ այն ներդաշնակութիւնը, որ Աստուած սահմանել է կանանց եւ տղամարդկանց յարաբերութիւնների միջեւ՝ հասարակութեան մէջ եւ եկեղեցում առողջ ու փրկարար կեանք ունենալու համար:
Սեռականութեան դաշտում կան որոշ կրօնական աւանդոյթներ, որոնք փրկարար են թէ՛ տղամարդկանց եւ թէ՛ կանանց համար: Ամուսնական կեանքը հոգեւոր իմաստով ճանապարհ է հոգու փրկութեան, եւ աւանդոյթները միջոցներ են փրկութեան: Վստահ չենք, թէ աշխարհային նոր սեռային «ամուսնական հաւասարութեան» կարգերը, որոնք այժմ հաստատուել են, տանում են փրկութեան: Հետեւաբար, ճշմարիտ հիմքի վրայ դրուած քրիստոնէական ընտանիքները միշտ պահպանողական են, որոնք ձգտում են վերակենդանացնել ընտանեկան նուիրապետական տնտեսութիւնը, որ գոյութիւն է ունեցել դարեր շարունակ: Աստուծավախ քրիստոնէական ընտանիքներում նման տնտեսութիւնը երբէք չի վիրաւորել կամ նուաստացրել կնոջ դերը եկեղեցում կամ ընտանիքում: Կանանց համարեայ բոլոր գենդերային իրաւունքներն արդէն բաւարարուել են եւրոպական քաղաքակրթութեան շրջանակներում: Բայց դրանցից աւելի ի՞նչ կարող է ցանկալ կինը:
Այսօր շատ սխալ կարծիք կայ, թէ քրիստոնեայ կինը յետին տեղն է զբաղեցնում կեանքում, եւ թէ կնոջն ամենափոքր տեղն է յատկացւում եկեղեցում, ընտանիքում եւ հասարակութիւնում: Մինչդեռ Հայ Եկեղեցին միշտ էլ ունի այն տեսակէտը, թէ կինն ունի տղամարդու հետ հաւասար քաղաքական, սոցիալական եւ տնտեսական իրաւունքներ: Դրանք հաւասարակշռուած են այն իմաստով, որ հաւասարապէս կրում են Աստծու պատկերն ու մարդկային անձի արժանապատւութիւնը: Բայց, իհարկէ, սա չի նշանակում, թէ կինը պէտք է կատարի այն ամէնը, ինչ կատարում է տղամարդը: Արական եւ իգական սեռերը կուրօրէն հաւասարեցնելու ձգտումը յանգեցնում է ամենաանհեթեթ ու ողբերգական հետեւանքներին: Ընդգծելով տղամարդկանց ու կանանց հաւասարութիւնը՝ եկեղեցին պարտադիր ցոյց է տալիս սեռերի եզակիութիւնն ու առանձնայատկութիւնը: Երջանկայիշատակ Գէորգ Ե Սուրէնեանց (Տփղիսեցի) կաթողիկոսը, ընգծելով կանանց դերի կարեւորութիւնը, իր կոնդակում (1917 թ.) նշում է, որ Հայ Եկեղեցին մշտապէս առանձնայատուկ դեր է շնորհել կանանց, եւ պատահական չէ, որ մեր պատմութեան մէջ կան բազմաթիւ սրբուհիներ, կանայք, իշխանուհիներ, ովքեր եկեղեցիներ են կառուցել, ձեռագրեր պատուիրել, շարականներ գրել եւ այլն: Աւելի վաղ, քան Եվրոպայում, Գէորգ Ե Կաթողիկոսի կոնդակով վերականգնւում է կանանց ընտրելու եւ ընտրուելու իրաւունքը. «Այս օրուանից սկսած արտօնում ենք կանացի սեռի իրաւունքների վերականգնումը համայնական գործերի մէջ: Կանացի սեռի իւրաքանչիւր անհատ իրաւունք ունի` տղամարդոց հետ միասին՝ մեր հանրական կեանքի ամէն մի գործի մէջ հանդէս գալու, թէ՛ ձայնատուութեան եւ թէ՛ ընտրութեան ժամանակ, իրաւատէր լինել ե՛ւ ընտրելու, ե՛ւ ընտրուելու. մի արտօնութիւն, որ մինչեւ այժմ այր մարդոց էր վիճակուած եւ նրանց իրաւունքն էր համարւում»[2]:
Ֆէմինիստական մի շարք ձեռնարկներում նշւում է, թէ «գենդերային»-ը «սեռային»-ի նկատմամբ առաջնային է: Նոյնիսկ կենսաբանական տարբերութիւնները, օրինակ՝ սեռը, յաճախ դիտարկւում է որպէս խտրականութիւնն արդարացնող միջոց: «Սեռային» ու «գենդերային» հասկացութիւնների տարբերակումը շատ է քննարկւում վերջին տարիներին: Երբեմն այս հասկացութիւններն ընկալւում են որպէս հոմանիշներ: Սակայն ընկերաբաններն ու լեզուաբան մասնագէտները տարբերութիւն են դնում այս երկուսի միջեւ՝ «սեռ»-ն ընդունելով որպէս կենսաբանական հասկացութիւն, որը վերաբերում է կնոջ ու տղամարդու ֆիզիկական, ֆիզիոլոգիական ու գործառութային տարբերութիւնների յատնկանիշներին, իսկ «գենդեր»-ն իրականում աւելի լայն հասկացութիւն է, որն իր մէջ ընդգրկում է ոչ միայն տղամարդու ու կնոջ միջեւ եղած կենսաբանական տարբերութիւնները, այլեւ հասարակութեան տարբեր սոցիալական ու մշակութային բնութագրերի սեռային բաժանման ամբողջ համակարգը՝ վարքի, դիրքի, արժէքների, դերերի ամբողջութիւնը: Կենսաբանական տարբերութիւնները յաճախ օգտագործւում են որպէս արդարացում տղամարդու գերակայութեան եւ իշխանութեան դիրքի, ինչպէս նաեւ աւանդական ընտանեկան բարքերի ու գենդերային դերերի հաստատման համար. օրինակ՝ կնոջ՝ որպէս մօր, սնուցողի, կերակրողի ու հիմնական խնամակալի աւանդական դերը: Ու զարմանալի չէ, որ ֆէմինիստները քննադատում են կենսաբանական նմանատիպ բացատրութիւնները, որոնք կործանարար բնոյթ կարող են ունենալ թէ՛ կնոջ, թէ՛ տղամարդու համար: Գենդերային տարբերութիւնների կենսաբանական բացատրութեան օրինակներ են կանայք՝ որպէս հիմնական խնամակալներ, իսկ տղամարդիկ՝ ապրելու միջոց հայթայթողներ, կանայք՝ աւելի զգայուն, իսկ տղամարդիկ աւելի գործունեայ են ու բանական, որոշ աշխատանքներ աւելի համապատասխան են տղամարդկանց համար, քան կանանց եւ այլն։
Ֆէմինիզմն իր որոշակի անցանկալի դերն ունի նոր աղանդներ առաջացնելու անհեթեթ գործում: Ֆէմինիստ ջատագովները դեռ վաղ փուլերում սովորութիւն ունէին ընտանիքն ու կրօնը ներկայացնել որպէս կանանց ու տղամարկանց հաւասարութեան թշնամի: Ֆէմինիստական աստուածաբանութեան առաջին ալիքը սովորաբար կապում են Էլիզաբեթ Ս. Սթենթոնի (Elizabeth C. Stanton)՝ ամերիկացի երիցականուհու անուան հետ: Նա պնդում էր, թէ աւանդական եկեղեցին տրամադրուած է կանանց դէմ, եւ եկեղեցին զոհ է գերիշխող արական կրօնավարութեան: Նա տեսնում էր, թէ եկեղեցում ֆէմինիզմի դէմ պայքարող մի ուժ կայ: Այդ պատճառով եկեղեցու ու կրօնի քննադատութիւնը դարձաւ քրիստոնէական ֆէմինիզմի շարժման հիմնական գաղափարախօսութիւնը: Սթենթոնն ասում է. «Աստուածաշունչը եւ եկեղեցին եղել են մեծագոյն փորձաքար կանանց ազատագրման ճանապարհին... Եկեղեցու ուսուցման դիրքը կանանց մասին ամբողջութեամբ վերջին աստիճանի արհամարհական է ու նուաստացուցիչ… Կանանց մասին կրօնական սնահաւատութիւնը յաւէրժացնում է նրանց գերութիւնը էլ աւելի, քան միւս բոլոր անբարենպաստ ազդեցութիւնները»[3]։ Սթենթոնն իր համախոհների հետ նոյնիսկ հրատարակեց «Կանանց Աստուածաշունչ»-ը («Woman's Bible» 1895, 1898, 2 volums), որտեղ կանանց վերաբերեալ հատուածները յագեցած են ճգնաժամային հարուստ մեկնաբանութիւններով: «Կանանց Աստուածաշունչ»-ը հարցականի տակ է դնում «աստուածային» հաստատումը կանանց ենթակայութեան, ինչպէս նաեւ հաստատում է տղամարկանց ցանկութիւնը կրօնի շահարկումով յայտարարագրելու իրենց գերիշխանութեան իրաւունքները: Աղօթքները, որոնք ուղղուած են Հայր Աստծուն, այստեղ հաւասարապէս ուղղուած են «երկնային Մօրը»: Աստուածաշունչը միշտ եղել է ֆէմինիստական տեսութեան հիմնական խոչընդոտն ու գայթակղութիւնը: Դրա համար 21-րդ դարի սկզբին խնդիր է առաջանում Աստուածաշունչը թարգմանելու ժամանակակից լեզուով, քանի որ աճում է «գենդերային չէզոք լեզուի» օգտագործման միտումն ու պահանջը, այսինքն՝ քննարկուող անհատը նշել առանց որեւէ սեռի տեսակի: Նման առաջին Աստուածաշունչը յայտնուեց անգլերէն լեզուով, 1990 թուականին: Այդ թարգմանութեան մէջ լեզուն չի կիրառւում Աստծու նկատմամբ: Իսկ այլ դէպքերում թարգմանութիւնը վերաբերում է չէզոք սեռին ու չի նշւում, թէ ո՞ր սեռին է ուղղուած տուեալ պատուիրանը կամ հրահանգը: Օրինակ, երբ առաքեալները դիմում են «եղբայրներ» բառով, այստեղ օգտագործւում է «եղբայրներ ու քոյրեր» թարգմանութիւնը, կամ երբ անգլերէն լեզուով օգտագործւում է «մարդ-տղամարդ-մարդիկ» (a/the man, men) տարբերակը, ապա այստեղ օգտագործւում է «գենդերային չէզոք» թարգմանութիւնը՝ «մարդ արարած» (human being)։ Որոշ դէպքերում սա կարող է պարզապէս դերանուն լինել: Հետեւաբար, ընտանիքը՝ որպէս եկեղեցական կառոյց, ենթակայ է նպատակային այլասերման, կանխարգելման, քայքայման եւ ոչնչացման: Հակապատկերելով կնոջը տղամարդուն, եւ երեխաները՝ ծնողներին, ֆէմինիստական աշխոյժ միջամտութիւնը խախտում է աւանդական ընտանեկան յարաբերութիւնները: Ֆէմինիզմը սեռերի տարաձայնութեան ու շահերի ընդդիմադիր գաղափարախօսութեան գործիք է այս խնդիրը լուծելու: Ի դէպ, այս պայքարը հակասում է ոչ միայն տղամարդկանց, այլ հաւասարապէս կանանց շահերին: Այս պայքարի իմաստը ոչ թէ որեւէ կոնկրետ իրաւունքների ձեռքբերումն է, այլ ինքնին, ծառայում է տարբեր սեռերի մեկուսացմանը, տանում է փոխադարձ թշնամանքի, անվստահութեան եւ ատելութեան նրանց միջեւ: Ի լրումն տարանջատման՝ հասարակութեան մէջ սեռային շահ կարող են ստանալ միայն, թերեւս, միասեռականները: Ցաւալի է, որովհետեւ ֆէմինիստական շարժումը փորձում է խեղաթիւրել սուրբգրային ճշմարտութիւնները եւ աղաւաղել աւանդաբար մեզ համար սրբութեան արժէք ներկայացնող մի շարք հասկացութիւններ, ինչպիսիք են կին, տղամարդ, ընտանիք, եկեղեցի: Մեղքի ճիրանների ու տիղմի մէջ թաւալուող մարդուն ժամանակակից ֆէմինիզմը կոչ է անում անձնապաշտութեան եւ աստուածուրացութեան։ Յանուն ֆէմինիզմի՝ խեղաթիւրւում է Աստուածաշունչը, եւ կանանց վերագրւում են այնպիսի իրաւունքներ, որոնց մասին նոյնիսկ խօսք էլ չկայ եւ յստակ արգելք են Աստուածաշնչում։ Ի՞նչ ազատագրում է առաջարկում ժամանակակից ֆէմինիզմը: Կարելի է ուղղակիօրէն ասել, թէ ֆէմինիզմի ազատագրումը պարզապէս կանանց ազատագրումն է Աստուածաշնչից։ Ամբարիշտներն արհամարհում են աստուածային իմաստութիւնն ու խրատը: Պակասամիտ մարդը՝ լինի կին թէ տղամարդ, արհամարհելով Աստծու սահմանած պատուիրանները, չի կարող երբեւէ գտնել սէր ու խաղաղութիւն:
Իդէալական կնոջ նկարագրի բոլոր առաքինի դրսեւորումներն ու մայրութեան բարձր ու վսեմ խորհուրդը քրիստոնեայ կանայք պէտք է գտնեն Աստուածամօր կերպարում: Եկեղեցու հայրերից մէկը մայրութիւնն աւելի բարձր էր դասում, քան քահանայութիւնը՝ ասելով, թէ աշխարհում դրանից բարձր կոչում չկայ: Երջանկայիշատակ Գարեգին Ա Յովսէփեանց հայրապետն ասում էր, թէ ընտանիքը նման է եկեղեցու, որի քահանան մայրն է: Քահանայի հիմնական պարտականութիւնն է՝ Քրիստոսի Մարմնի եւ Արեան հաղորդութեամբ կեանք բաշխելը: Կեանք բաշխելու շնորհական այս բացառիկ յատկանիշը կնոջը դարձնում է ընտանիքի քահանայ: Քրիստոնէութեան մէջ իւրաքանչիւր կին կոչուած է մասնակցելու մարդկութեան փրկութեանը: Եւ ի վերջոյ, կեանք շարունակելն արդէն աստուածային նմանութիւն է, քանի որ միայն Աստուած կարող է կեանք պարգեւել: Պօղոս առաքեալն ասում է, թէ կինը պիտի ապրի որդեծնութեան համար: Եւ ոչ միայն զաւակ ծնելով, այլեւ նրան դաստիարակելով՝ որպէս բարեպաշտ քրիստոնեայ: Սակայն այսօր ֆէմինիստների համար Աստուածածնին նմանուելը խորթ է, շատ դէպքերում նոյնիսկ հակասելի ու խանգարող հանգամանք է, քանի որ սբ. Աստուածամօրը նմանուելու համար հարկաւոր է ջանալ ձեռք բերելու սէր, հաւատք, հեզութիւն, հնազանդութիւն, խոնարհութիւն, զոհողութիւն, ներքին մաքրութիւն: Իսկ ֆէմինիստական շարժումը հեռացնում է կնոջը ներքին մաքրագործումից:
Քրիստոնէութիւնը միշտ ուսուցանել է ներդաշնակութիւն ու սէր սեռերի միջեւ, իսկ այսօրուայ ֆէմինիզմը քարոզում է մրցակցութիւն ու բացառումներ. եւ ոչ մի կերպ այն չի յարմարւում աստուածաշնչեան պատկերացումների հետ տղամարդկանց ու կանանց դերի վերաբերեալ ամուսնական կեանքում եւ եկեղեցում: Գրեթէ բոլորն էլ համամիտ են, թէ կանայք պէտք է ունենան հաւասար սոցիալական, քաղաքական, տնտեսական իրաւունքներ ու հաւասար մարդկային արժանապատւութիւն:
Այնպէս որ, ֆէմինիզմի կարիքն այլեւս չկայ, իհարկէ, եթէ չէք ցանկանում այս իրաւունքների եւ արժանապատուութեան սահմանումներին աւելացնել այնպիսի բաներ, որոնք արդարացնում են կանանց գլխաւորութիւնն ընտանիքում եւ եկեղեցում՝ քահանայագործութիւնը, Աստծու իշխանութեան մերժումը կեանքում, արհեստական վիժեցումը դեռ չծնուած երեխայի, լեզբուհիների իգամոլութեան արդարացումը, սեռական ազատ կենակցութիւնները, եւ այլն: Եթէ ձեզ պէտք է այդպիսի ֆէմինիզմ, ուրեմն ձեզ պէտք չէ քրիստոնէութիւնը: Կինը չի կարող լինել ուղղափառ հաւատացեալ ու միեւնոյն ժամանակ լինել ֆէմինիստուհի, քանի որ առաջանում են շատ տարօրինակ հակասութիւններ: Բայց, իհարկէ, կնոջը սա չի խանգարում ունենալ նոյն հիմնարար քաղաքացիական բոլոր իրաւունքները, որոնք ունի տղամարդը, եւ որոնք երաշխաւորուած են աշխարհիկ իշխանութիւնների սահմանադրութեամբ, որը եւս չի վիճարկւում Եկեղեցու կողմից:
[1] Իգականութիւն, ֆրանսերէն՝ feminisme, լատիներէն՝ femina - կին բառից:
[2] http://www.sarkavagagirq.net/2012/11/genderayin-havasarutyun.html (առ 25/03/2017)։
[3] Bufe, Charles (ed.) The Heretic's Handbook of Quotations. Sharp Press, Tucson, AZ, 1988, pp. 121, 123, 210.
Գևորգ սրկ․ Գևորգյան
«Կինը Նոր Ուխտի Եկեղեցում» գրքից