Քրիստոնյա լինել, չի նշանակում միայն Աստծուն հավատալ, Նրա պատվիրաններն ու պատգամներն իմանալ, այլ ապրել ու գործել այդ հավատի համաձայն: Գուցե քրիստոնյան բոլոր եկեղեցական տոներին նախանձախնդրորեն մասնակցի, «կարողանա թափանցել բոլոր խորհուրդների խորքը ու հասնել ամբողջական գիտության» (Ա Կորնթ. 13:2), բայց եթե այդ ամենին չմիավորի ճշմարիտ քրիստոնեական կյանքը, ապա զուր է նրա հավատը: Քրիստոսի հետևորդ լինել, նշանակում է Քրիստոսով նոր կյանք ունենալ: Քրիստոնեական կյանքի էությունը Քրիստոս է, Ով ասաց Իր մասին՝ Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը (Հովհ. 14:6):
Քրիստոսի ճշմարիտ ու կատարյալ կյանքի օրինակը կոչում է մարդուն մարդ լինել: Այդ կոչմանն ի պատասխան՝ Հայ եկեղեցին իր հիմնադրման օրվանից կյանքի է կոչել մի շարք սոցիալական ծրագրեր:
Օգոստոսի 19-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցիալական ծրագրերի շրջանակում, Մհերյան Տիգրանին (59 տ.) փոխանցեց դրամական աջակցություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքից Ալեքսանդր Աբրահամյանը: Տիգրանը բնակվում է Մարգարյան 2-րդ նրբ., 6 շ., 31 բն. հասցեում: Առողջական խնդրի պատճառով նա չի կարողանում աշխատել: Տիգրանն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին:
«Քրիստոնեությունը մարդուն կոչում է սրբության, այսօր ցավոք, շատերն այն վերապրում են որպես զուտ վեհ գաղափար, գեղեցիկ մշակույթ կամ ծիսական սովորույթների գողտրիկ փորձառություն: Այնինչ կարևոր է, որ մենք՝ Քրիստոսի հետևորդներս, ապրենք ավետարանական պատգամներով՝ մշտապես հարց տալով մեզ, թե ինչ կաներ կամ կասեր Քրիստոս այս պարագայում և վստահ լինենք, որ չենք սխալվի: Մշտապես, ամեն օր հիշենք Քրիստոսի անչափելի սիրո ապացույցը մեզնից յուրաքանչյուրի նկատմամբ, որ մեզ է նայում Գողգոթայի բարձունքից, և այն հոգևոր սխրանքները, որ գործում ենք՝ պահեցողություն, աղոթք կամ հոգևոր մեկ այլ սխրանք, պիտի սնվի այն գիտակցությամբ ու այն զգացումով, որ այդ ամենն անում ենք մեր սիրելիի՝ Տեր Հիսուս Քրիստոսի սիրուն գոնե փոքր-ինչ փոխադարձելու համար»,- ասաց Տեր Գրիգորը:
Կարինե Սուգիկյան