25 Նոյեմբեր, Բշ
Ամեն ժամանակ՝ առավել ևս փորձությունների և դժվարությունների մեջ, Քրիստոսի հետևորդները կոչված են հավատարիմ մնալու իրենց հավատի Զորագլխին՝ Քրիստոսին և Նրա խոսքին: Այսինքն՝ կոչված են առաքինի կյանքով ապրելու, միմյանց թև ու թիկունք լինելու, սեր ու հոգատարություն ցուցաբերելու, նախ իրենց կյանքով օրինակ ծառայելու, քանի որ գործով վկայված խոսքն է արժանահավատ: Հավատի ճանապարհին Տերն Իր հետևորդներին մնայուն մխիթարություն, հաստատուն հույս է տալիս, սրտապնդում և զորացնում է, որպեսզի միշտ խոսեն ու գործեն այն, ինչ բարի է (Բ Թեսաղ. 2:16-17):
Սուրբ Գիրքը հորդորում է՝ բարիք գործելուց չձանձրանաք, որովհետև հարմար ժամանակ պիտի հնձենք, եթե չթուլանանք: Ահա թե ինչու, քանի դեռ ժամանակ կա, բարին գործենք բոլորի հանդեպ, մանավանդ հավատի մեջ հարազատների հանդեպ (Գաղ. 6:9-10): Քրիստոսահիմն եկեղեցին իր համայնքային կյանքից ներս իրականացվող սոցիալական ծրագրերով հնարավորություն է տալիս իր անդամներին բարու մեջ հարատևելու: Մայիսի 6-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, որպես սիրո և երախտագիտության արտահայտություն, Մանասարյան Մարգարիտային (25 տ.) փոխանցեց 100 000 դրամ, որ տրամադրել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ Պետրոսյան Հրաչը: Մարգարիտան իր երկու զավակների, սկեսուրի և ամուսնու եղբոր ընտանիքի հետ բնակվում է Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ակներ գյուղի 11 փ, 6 տ հասցեում: Մարգարիտայի ամուսինը՝ Մանասարյան Հրաչը՝ որպես պայմանագրային զինծառայող, մասնակցել է արցախյան վերջին պատերազմին, ապա իր ծառայությունը շարունակել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, որտեղ էլ այս տարի՝ մարտի 7-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրազենային մահացու վիրավորում է ստացել: Զոհված հերոսի ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին:
Կարինե Սուգիկյան