Քրիստոնյայի կյանքում կենդանի իրականություն է աստվածային բարիքը

Աստվածային և հավիտենական բարին մարդու համար հեռավոր և ոչ տեսանելի մի իրողություն չէ, ոչ էլ երազանք կամ հնարանք, այլ կենդանի իրականություն, որ հասանելի է մարդկությանն ու նրա փորձառությանը: Աստվածային բարին մարդը կարող է ձեռք բերել և դարձնել իրենը՝ նրանով լիացնելով իր սիրտը, հոգին և մարմինը: Եթե մարդն իր ողջ էությամբ փնտրում է Աստծուն, ապա առաջին հերթին այդ մեծագույն բարիքին նախ ինքն է արժանանում՝ միաժամանակ բաժնեկից դարձնելով իր մերձավորներին և բոլոր մարդկանց: Քրիստոսին հետևող և աստվածահաճո կյանքով ապրող անձի մեջ գործում է աստվածային բարին, որը լուսավորում է իր շուրջը և լույս բաշխում ամենուր:

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքն իր սոցիալական ծրագրերով մասնակից և բաժնեկից է դառնում աստվածային բարիքին: Հունվարի 15-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Կարապետյան Վիլիկին (66 տ.) հանձնեց Բաղդասարյան ընտանիքի աջակցությամբ գնված սննդի փաթեթ: Վիլիկը բնակվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցի 19/1,40 հասցեում, նրա կինը մահացել է, իսկ երկու դուստրերն ընտանիք են կազմել: Առողջական խնդիրներ ունենալով հանդերձ՝ Վիլիկը որպես հսկիչ է աշխատում, որպեսզի հոգա իր կարիքները: «Շնորհակալ եմ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքից, Տեր Գրիգորից և աջակից անձից՝ ինձ օգնության ձեռք մեկնելու համար»,- ասաց նա:

Ողորմած մարդը հնարավոր է իր ճանապարհին փորձությունների հանդիպի, բայց հետևյալ պատմությունը վկայում է, որ անկախ դժվարություններից՝ նա պետք է շարունակի իր ճանապարհը: Եղբայրն ասաց աբբա Պիմենին, երբ իմ եղբորը մի կտոր հաց կամ որևէ ուրիշ բան եմ տալիս, ապա չարը արատավորում է այդ ողորմածությունը՝ այն որպես մարդահաճություն համարելով: Հայրն ասաց՝ անգամ եթե դա արվել է մարդահաճությունից ելնելով, բայց հարկավոր է եղբորը տալ անհրաժեշտը և պատմեց հետևյալ առակը. «Երկու հողագործներ էին ապրում նույն քաղաքում: Նրանցից մեկը սերմանեց, բայց քիչ և անմաքուր, իսկ մյուսը, ծուլանալով, ոչինչ չարեց: Երբ սով սկսվի, նրանցից ո՞ր մեկը կգտնի սնունդ»: Եղբայրը պատասխանեց՝ քիչ և անմաքուրը սերմանողը: Հայրը նրան ասաց՝ այդպես և մենք պետք է սերմանենք, անգամ եթե դա լինի քիչ և անմաքուր, որպեսզի չմահանանք սովից:

 

 

Կարինե Սուգիկյան

15.01.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․