Կյանքը մեզ բազում ուղիներ է առաջարկում: Ամեն մարդ ազատ է ընտրելու իր ուղին: Մարդը միշտ ազատ է ընտրելու սիրել, թե՞ ատել, պատերազմել, թե՞ խաղաղ ապրել, ստեղծագործել, թե՞ ավերել, նմանվել Աստծուն՝ հետևելով Նրան, թե՝ հակառակը: Ուղիների լաբիրինթոսում Քրիստոս մեզ ուղղորդում է դեպի սիրո ուղին, որը նեղ է, բայց խոստումնալից. «Մտե՛ք նեղ դռնով, քանի որ կորստյան տանող դուռը լայն է, և ճանապարհը ընդարձակ, և շատ են նրանք, որ մտնում են դրանով: Մինչդեռ դեպի կյանք տանող դուռը նեղ է, և ճանապարհը՝ դժվարին, և քչերն են միայն, որ գտնում են այն» (Մատթեոս 7:13 -14):
Սիրո ուղին են մատնանշում այն սոցիալական ծրագրերը, որ իրականացվում են եկեղեցական կյանքից ներս: Հոկտեմբերի 20-ին, Զորավոր Ս.Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Հովհաննիսյան Նինային (53 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: «Բժիշկներն ամուսնուս մոտ հայտնաբերել էին հեպատիտ C, նրա բուժման համար վաճառեցինք մեր բնակարանը, բայց նրա կյանքը չկարողացան փրկել: Աղջիկս և տղաս ընտանիք են կազմել, այժմ ժամանակավոր բնակվում եմ աղջկաս տանը (Սարի թաղ 18 փ. 63/Ա տուն), իսկ տղաս ստիպված եղավ ընտանիքով մեկնել արտասահման, որպեսզի հոգա մեր կեցության կարիքները, քանի որ ես էլ առողջական խնդիրներ ունեմ և չեմ կարողանում մշտական աշխատանք գտնել»,-ասաց տիկին Նինան և շնորհակալություն հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին:
Կարինե Սուգիկյան