Քրիստոսի հրաշափառ հարությունը (Հարցազրույց Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի հետ)

— Տե՛ր հայր, Ավետարաններում ի՞նչ դրվագներ կան, որոնք վկայում են Քրիստոսի հրաշափառ հարությունը։ Մեզ՝ քրիստոնյաներիս համար Հիսուսի հարությունը հարցեր չի առաջացնում, բայց անհավատներին ինչպե՞ս փաստարկել հարության իրողությունը։

— Նախ՝ Տեր Հիսուս Քրիստոս Ինքն է կանխասում Իր խաչելության, հարության ու համբարձման մասին (Մատթ. 16։21), ապա՝ արդեն հարության իրողության նկարագրությանը հանդիպում ենք բոլոր չորս Ավետարաններում (Հովհ. 20։1—18, Մատթ. 28։1—8, Մարկ. 16։1—8, Ղուկ. 24։1—10)։ Իսկ առաքելական թղթերում դրա մասին խոսում են Պետրոս առաքյալը (Գործք 2։31—36), Պետրոս և Հովհաննես առաքյալները (Գործք 4։33), Պողոս առաքյալը (Ա Կորնթ. 15։3—8) և այլք։

Ինչ վերաբերում է հարության իրողությունն անհավատներին փաստարկելուն, ապա պիտի ասեմ, որ փնտրողները պատմական վկայություններ կարող են գտնել ինչպես առաջին դարում Հռոմեական կայսրությունում ապրած պատմաբանների, այնպես էլ ավելի ուշ շրջանի գիտնականների ուսումնասիրություններում։

— Հիսուսի հարության փաստարկ է համարվում նաև  Թուրինյան սավանը։ Ըստ ուսումնասիրողների՝ այն մարմինը, որին փաթաթված է եղել սավանը, պատկանել է աստվածային էության, և սավանի պատկերն ստեղծվել է հենց հարության պահին։ Ի՞նչ կառանձնացնեք դրա վերաբերյալ։

— Թուրինյան սավանը համարվում է Քրիստոսի պատանաշորը, և դրա հետազոտությունները լրացնում են ավետարանական նկարագրությունները (Մատթ. 27:27—31, Մարկ. 15:16—20, Ղուկ. 22:63—65, Հովհ. 19:1—5)՝ մանրամասն պատկերացում տալով այն սարսափելի չարչարանքների մասին, որոնց ենթարկվել է այդ սավանով փաթաթված մարմինը: Ես կներկայացնեմ փորձագետների եզրակացությունից մի քանի հատված, որ ավելի լավ պատկերացնեք, թե իրականում խոսքն ինչ սարսափելի չարչարանքների մասին է: Մարմինը՝ ուսերից մինչև ոտքերը, պատված էր դաժան խարազանման հետևանքով առաջացած բազմաթիվ արնահոսող վնասվածքներով, որ հասցվել էին մետաղյա ծանր գնդերով, մեխերով կամ ոսկրե ծայրակալներ ունեցող մտրակներով, որոնք միսը պատռելով պոկում էին ոսկորից: Ընդհանուր առմամբ՝ հաշվվում է եռածայր մտրակի հարվածից առաջացած 59 պատռված վերք՝ ամեն մեկը մոտ 4 սմ երկարությամբ, երկծայր մտրակի 18 և մեկ ծայրով մտրակի 21 վերք: Այս ամենին գումարեք Նրա գլխին դրված փշե պսակը, որին էլ փայտով հարվածելու հետևանքով գլխի վերին հատվածում հաշվվում է 30 արնահոսող անցք: Ավելացրեք նաև ծանր խաչը կրելուց բզկտված մարմնին մնացած լայնադիր գերանի հետքն աջ ուսին, ձախ թիակի ներքևի հատվածի մեծ վնասվածքը, որը նույնպես առաջացել էր գերանի հարվածից, երբ դա կրողը, ծանրությունից ուժասպառ, ծնկների վրա էր ընկել՝ վնասելով նաև ծնկները, և կստանաք այն հոգեցունց, սարսափազդու պատկերը, որ կար արդեն մինչ խաչի վրա չարչարվելը:

Այսպիսով՝ Թուրինյան սավանը Փրկչի չարչարանքների ամենահայտնի նյութեղեն ապացույցն է։

— Գիտությունը՝ մասնավորապես պատմագիտությունը, ի՞նչ է ասում Քրիստոսի հարության վերաբերյալ։ Պատմական իրողությունը հաստատող ի՞նչ հնագույն վկայություններ և հիշատակություններ գոյություն ունեն։

— Իմ հոգևոր եղբայրը՝ Տեր Ադամ քհն. Մակարյանը, իր հեղինակած «Քրիստոնեության իսկությունը» գրքում հանգամանալից անդրադարձել է այս հարցին, ուստի ես ուղղակի կմեջբերեմ այնտեղից մի հատված. «Քրիստոսի Հարության մասին է պատմում Ավետարանում նկարագրված դեպքերի ժամանակակից, հրեա պատմիչ Հովսեփոս Փլավիոսը: Նա երբեք էլ Քրիստոսի համակիրը չի եղել, սակայն իբրև պատմիչ՝ սերունդներին հաղորդել է այս դեպքի մասին:

Հովսեփոս Փլավիոսն իր «Հրեական հնություններ» գրքում նշում է, որ հրաշքներ գործող և մեծ իմաստության տեր մի մարդ՝ Հիսուս Քրիստոս անունով, եթե միայն կարելի է նրան մարդ անվանել, հրեա առաջնորդների սադրանքով Պիղատոսի կողմից խաչվեց, Քրիստոսի հետևորդները երկմտեցին, բայց Քրիստոս երրորդ օրը նորից կենդանի հայտնվեց նրանց:

Հաջորդ պատմիչը հույն Հերմիդիոսն է, որ Հրեաստանի կառավարիչների պաշտոնական կենսագիրն է եղել և գրել է նաև Պիղատոսի կենսագրությունը:

Նրա վկայություններն արժեքավոր են հատկապես նրանով, որ նա Քրիստոսի Հարության ժամանակ մոտ է գտնվել այդ վայրին, երբ ուղեկցելիս է եղել Պիղատոսի օգնականներից մեկին: Նա հայտնում է, որ գերեզման գնալիս տեղանքը հանկարծակի խիստ լուսավորվել է, ամպրոպի ձայն է լսվել ոչ թե երկնքում, այլ երկրի վրա, ու երբ իրենք մոտեցել են գերեզմանին, թաղված մարդու մարմինն այլևս գերեզմանում չի եղել:

Քրիստոսի Հարության մասին պահպանված մեկ այլ գրավոր հիշատակության հեղինակը Պիղատոսի մտերիմ բարեկամը և անձնական բժիշկն է՝ իր ժամանակի ականավոր մարդկանցից մեկը, սիրիացի՝ Էյշու անունով: Այս հանրահայտ բժիշկը մեծ հեղինակություն էր վայելում Արևելքում, հետո նաև՝ Հռոմում, թողել է բժշկագիտական աշխատություններ, որոնք մեծ նշանակություն են ունեցել գիտության մեջ: Գիտնականները համարում են, որ նա՝ որպես բժիշկ, արժանի տեղ է գրավում Հիպոկրատի, Գալենի կողքին, իսկ որպես կազմախոս՝ Լեոնարդո դա Վինչիի: Պիղատոսի հանձնարարությամբ այս բժիշկն իր հինգ օգնականներով Հարությանը նախորդող երեկոյից գտնվել է Քրիստոսի գերեզմանի մոտ: Իմանալով Քրիստոսի Հարությանը վերաբերող մարգարեությունների մասին՝ բժիշկն ու իր օգնականները դրանով հետաքրքրված էին նաև որպես գիտնականներ: Բայց ահա տեսեք, թե նա ինչ է գրում. «Մենք բոլորովին չէինք հավատում, որ մեռածը կարող է հարություն առնել: Բայց Նա, իրոք, հարություն առավ, և մենք դա տեսանք մեր սեփական աչքերով»: Նշվում են նաև Քրիստոսին ժամանակակից այլ հեղինակների աղբյուրներ, որոնցում խոսվում է Քրիստոսի Հարության մասին՝ Եպիփան Ափրիկեցի, Եվսեբիոս Եգիպտացի, Սարդոնիոս Պանիդոր, Հիպողիտոս Մակեդոնացի, Ամոն Ալեքսանդրացի, Սաբելին Հույն, Իսահակ Երուսաղեմացի և ուրիշներ»:

— Տե՛ր Գրիգոր, Քրիստոսի հարությունը կարո՞ղ է լինել հավիտենական կյանքի գոյության կամ մարդու մարմնավոր հարության օրինակ, թե՞ դա միայն Աստվածորդու դեպքում է և եզակի օրինակ է։ Քրիստոսից առաջ հարության ի՞նչ նախօրինակներ կան Աստվածաշնչում։

— Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունից առաջ մահվանից հառնելու դեպքերի հանդիպում ենք ինչպես Հին Կտակարանում, երբ, օրինակ, Եղիա մարգարեն հարություն է տալիս սիդոնացի այրու որդուն (Գ Թագ. 17։17—24), կամ Եղիսե մարգարեն՝ սոմնացի կնոջ մանկանը (Դ Թագ. 4։18—38), այնպես էլ Նոր Կտակարանում՝ արդեն Մարդացյալ Աստվածորդու ձեռամբ՝ Հայրոսի աղջկա (Մատթ. 9։18—26), Նայինցի այրու որդու (Ղուկ. 7։11—16), Ղազարոսի հարությունը (Հովհ. 11։1—45) և այլն։ Այս բոլոր օրինակները, անշուշտ, վկայում են և՛ հավիտենական կյանքի գոյության, և՛ մեռյալների՝ Քրիստոսի փառավոր Երկրորդ գալստյան ժամանակ մարմնով հարություն առնելու մասին, ինչպես որ խոստացել է Մարդասեր Աստված (հմմտ. Հովհ. 6։39, 40, Մատթ. 22։23—31)

— Ի՞նչ խորհուրդ ունի Հիսուսի հանձնարարություն-պատգամն աշակերտներին հարությունից հետո։

— Մատթեոսի Ավետարանում Ձեր նշած հանձնարարություն-պատգամը (Մատթ. 28։18—20) հիշատակվում է որպես Տիեզերական առաքելություն, որը Քրիստոսի կողմից փոխանցվում է բոլոր ժամանակների Իր հետևորդներին, և Սուրբ Եկեղեցու սպասավորներն այդ պատգամը կատարում են ամբողջովին, որը ներառում է Մկրտությունը, Խոստովանությունը (Հովհ. 20։21), քարոզչությունը և Եկեղեցու մյուս խորհուրդները։ Իսկ հավատացյալներն իրենց խոսք ու գործով, ապրած կյանքով պետք է խոստովանեն հավատը, սերն ու նվիրվածությունն առ Աստված և այդկերպ կատարած լինեն իրենց քրիստոնեական առաքելությունը։

— Քրիստոսի հարություն առած մարմինը նո՞ւյնն էր, թե՞ տարբեր էր այն մարմնից, որ նրան էր պատկանում մարդեղացած ժամանակ։

— Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վարդապետությունը սովորեցնում է, որ Քրիստոսի մարմինը անապական էր ինչպես հարությունից առաջ, այնպես էլ հարությունից հետո,   որովհետև Նա աստվածային զորությամբ ծնունդ առավ միայն մեկ ծնողից, և «Նրա մարմինը ապականություն չտեսավ» (Գործք 2։31):

— Սուրբ Գրքում Հիսուսի մահը ներկայացվում է որպես Աստծո նախախնամություն՝ մարդկությանը փրկագնող մահ։ Հիսուսը խաչվեց մարդկության մեղքերի թողության համար, Աստված զոհեց Իր Որդուն, որ փրկի մարդկությանը։ Ի՞նչ կասեք այդ մասին։

— Աստծու Խոսքը սովորեցնում է, որ «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհ. 3։16)։ Սերն է արարչագործության հիմքը. Աստված արարեց մարդուն՝ սիրուց մղված, որպեսզի կիսի նրա հետ այն երանությունը, որում Ինքը գտնվում է հավիտենապես։ Հետագայում հենց այդ սերը պատճառ դարձավ Աստվածորդու մարդեղության, մահվան ու հարության՝ հանուն մեզ, հանուն մեր փրկության մեղքի գերությունից ու մահվան ճիրաններից։ Քանի որ մեղքն աշխարհ մտավ նախամարդու՝ Ադամի պատվիրանազանցության պատճառով, միայն Երկրորդ Ադամը՝ կատարյալ մարդ-Աստված Քրիստոս, կարող էր փրկագնել մեզ այդ սարսափելի, մահաբեր հանցագործությունից։

Աստված մահվան մատնեց Իր Միածին Որդուն, Քրիստոս ինքնակամ գնաց այդ աներևակայելի զոհաբերությանը, որպեսզի մենք հնարավորություն ունենանք վերագտնելու մեր կորցրածը, կարողանանք ժառանգել հավիտենական կյանքը։ Եվ մեր պատասխանն Աստծու այդ աննկարագրելի սիրուն պիտի լինի Նրա պատվիրաններին համապատասխան, քրիստոնեավայել կյանքը, ինչպես որ Տեր Հիսուս Քրիստոս է սահմանում՝ ասելով. «Ով իմ պատվիրաններն ընդունում և դրանք պահում է, նա՛ է, որ ինձ սիրում է» (Հովհ. 14։21)։

— Զատիկը տոն է, որ խորհրդանշում է նաև աստվածային էություն ձեռք բերելը, աստվածային սիրո ուժը։ Հիսուսի խաչելությունը անպարագիծ սեր է և անձնուրացություն։ Կմեկնաբանե՞ք Հարության՝ Զատկի խորհուրդը։

— Սուրբ Պողոս առաքյալն ասում է. «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13—14): Այսինքն՝ Հիսուս Քրիստոսի հարությունը քրիստոնեության հիմքն է: Ըստ քրիստոնեական վարդապետության՝ Քրիստոսն է հավիտենական Զատիկը (Ա Կորնթ. 5։7), Աստծու Գառը, այն պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, հոգու բժշկություն, կյանք և հարություն։ Հարուցյալ Քրիստոս խորտակեց մահվան իշխանությունը՝ հարություն տալով նաև մեզ, և բացեց Երկնային Արքայության ճանապարհն Աստծու բոլոր հավատարիմների համար։ Այսինքն՝ Քրիստոսի հարությունը նաև հստակորեն ցույց տվեց մեր կյանքի իմաստն ու գլխավոր նպատակը։

— Զատկի տոնն ունի իր խորհրդանիշները, որոնցով զարդարվում են զատկական սեղանները։ Կբացահայտե՞ք դրանք։

—Մեր զատկական սեղանների գլխավոր ուտեստներն են կարմիր գույնով ներկված ձուն, չամչով փլավը, ձուկն ու գինին։ Սուրբ Գրիգոր Տաթևացին բացատրում է, որ ձուն օրինակն է ամբողջ աշխարհի, որի կեղևը նմանվում է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղինն էլ երկիրն է, այսինքն՝ միջուկը, իսկ զատկական ձուն կարմիր ներկելը նշանակում է, որ ամբողջ աշխարհը մաքրվեց Քրիստոսի փրկչական արյամբ:

Կարմիր գինին խորհրդանշում է Քրիստոսի հեղված արյունը, ինչպես նաև այն խմիչքն է, որը Վերնատանը վերջին ընթրիքի ժամանակ Տեր Հիսուս խմել է Իր աշակերտների հետ և որով թրջել է հացը ու բաժանել նրանց՝ հաստատելով Հաղորդության խորհուրդը (Մատթ. 26։26—29):

Չամչով փլավի բրինձը խորհրդանշում է ժողովրդին, իսկ չամիչը Քրիստոսի աշակերտներն են:

Զատկական սեղանի խորհրդանիշ է նաև ձուկը. այն ընդհանրապես քրիստոնեության խորհրդանիշներից է, և առաջին դարում քրիստոնյաները միմյանց ճանաչել են հենց այդ նշանով։ Սուրբ Տաթևացու վկայմամբ՝ Քրիստոս Իր աշակերտների հետ նաև ձուկ է կերել:

— Տե՛ր հայր, այս օրերին հայ ժողովուրդը նշում է Հարության տոնն ու Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ 1915-ը հայ ժողովրդի խաչելության խորհրդանշական տարեթիվն է։ Առհասարակ, մեր ժողովրդի պատմական ճակատագիրը հիշեցնում է փշե պսակի քրիստոնեական ճանապարհը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ զուգորդությունը։

— Ապրիլի 24-ը մեր ազգային վշտի, դառնությունների, մեր ստացած դասերի հավաքական օրն է։ Մեղքից խեղված, չարից կառավարվող աշխարհը խաչեց իր Փրկչին, և զարմանալի չէ, որ պիտի նույն վերաբերմունքին արժանացներ նաև Խաչյալին սիրողներին։ Միաստվածություն պաշտող Հայկի սերունդները հոգով ճանաչում էին Միակ ու Ճշմարիտ Աստծուն, հայոց հողը պահպանում էր Արդար Նոյի ոտնահետքերը, մեր աշխարհի վրա ծագող լույսն է՛լ ավելի էր պայծառացել Տիրոջ առաքյալների բերած ավետարանական լույսից, ուստի թշնամին մռնչում էր ու կրճտացնում ատամները (հմմտ. Ա Պետ. 5։8)՝ կամենալով ոչնչացնել քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգին։

4—5-րդ դարերից սկսած և մինչև այսօր Հայաստանն ու հայ ժողովուրդը ենթարկվում են ամենատարբեր ասպատակությունների ու նեղությունների։ Աշխարհի ժողովուրդների մեջ մենք ասես Հոբ Երանելին լինենք. անդադար ենթարկվում ենք չարի փորձություններին, ցավալի կորուստներ գրանցում, բայց չենք մեռնում, քանի որ ունենք Աստծու պաշտպանությունն ու Ավետարանի հոգևոր սպառազինությունը, և վստահ եմ, որ ի վերջո Հոբի նման էլ մեծամեծ օրհնությունների ենք արժանանալու մեր տոկունության ու հավատարմության դիմաց։

— Շնորհակալություն հարցազրույցի համար։

 

Հարցազրույցը՝ Արփինե ԻՇԽԱՆՅԱՆԻ

Սկզբնաղբյուր՝ Քրիստոնյա Հայաստան երկշաբաթաթերթ

 

16.05.25
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․