25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
Սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր,
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցն այսօր զարդարվել է ևս մեկ լուսապայծառ տոնով: Հայկական բոլոր եկեղեցիներն այսօր նշում են Սուրբ Աննայի հղությունը Սուրբ Աստվածածնով: Եկեղեցու Սուրբ հայրերն ասում են, որ սա տոն է համայն մարդկության համար, քանի որ Սուրբ Աստվածածնի աշխարհ գալը նորացրեց ողջ մարդկային ցեղն ու նախամայր Եվայի տխրությունն ուրախության վերափոխեց: Երբ բանսարկուն գայթակղեց նախամարդկանց ու նրանց անկման պատճառ դարձավ, Աստված խորհրդավոր մարգարեության տեսքով բացահայտեց այն ծրագիրը, որ հազարամյակներ հետո պիտի իրագործեր Սուրբ Կույսի միջոցով: Նա օձին ասաց. «Թշնամություն պիտի դնեմ քո և այդ կնոջ միջև, քո սերնդի ու նրա սերնդի միջև։ Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը» (Ծննդ. 3:15): Եվ ահա «Նա պիտի ջախջախի քո գլուխը» նախադասությունը դրախտից արտաքսված ու Երկնային Հորից հեռացած մարդկանց միակ հույսն ու մխիթարությունն էր: Դարերի ընթացքում շատ մարգարեներ էին գալիս՝ պատմելու այն խորհրդավոր Կույսի մասին, որը Որդի պիտի ծներ, և Որը պետք է դառնար Աստծու լույսից զրկված և աշխարհի խավարում դեգերող մարդկության Փրկիչը: Իսկ Եկեղեցու Հայրերը զուգահեռներ են տանում Նոյի Տապանի, որով մարդկությունն առաջին անգամ փրկություն գտավ, և Սուրբ Աստվածածնի միջև, որը Փրկչի մարմնավորման Սուրբ Անոթը դարձավ: Ինչպես Նոյի տապանն էր կառուցվել անփուտ փայտից, այդպես էլ Սուրբ Աստվածածինը մայրանալով իր կուսությունը պահպանեց: Եվ Եկեղեցու Հայրերը Աստվածամոր այսպիսի բազմաթիվ նախատիպեր են գտնում Հին Ուխտի կերպարներում: Այսպիսով, դարերի ընթացքում Աստվածային նախախնամությունը մարդկությանը նախապատրաստում էր Սուրբ Կույսի ծննդին: Հոգևոր առումով մաքրվում ու աճում էին այն ազգատոհմերը, որոնցից պետք է սերունդ առնեին Անարատ Կույսի բարեպաշտ ծնողները:
Ավանդությունը պատմում է, որ Սուրբ Մարիամ Աստվածածնի բարեշնորհ հայրը՝ Սուրբ Հովակիմը, սերում էր Դավթի թագավորական տոհմից, որից էլ, ըստ մարգարեությունների, պետք է ծնվեր Մեսիան: Իսկ Սուրբ Աննան Ահարոնի և Ղևիի քահանայական ցեղից էր: Ամուսիններն ապրում էին Նազարեթ քաղաքում, բավականին հարստություն ունեին, աչքի էին ընկնում իրենց առաքինություններով, բարեպաշտ վարքով և աղքատների նկատմամբ առանձնահատուկ ողորմածությամբ, սակայն հասնելով պատկառելի տարիքի` անզավակ էին: Իսկ անզավակությունը հրեաների շրջանում մեծագույն դժբախտություն և Աստծու պատիժ էր համարվում, քանի որ այդպիսի ընտանիքը զրկվում էր Մեսիային իր ժառանգների մեջ ունենալու հույսից: Այդ պատճառով էլ Սուրբ Աստվածածնի ծնողները մշտապես սգում էին իրենց վիճակն ու չէին դադարում Աստծու ողորմածությունն աղերսելուց: Ավանդությունը շարունակում է պատմել, որ հրեական տոներից մեկի ժամանակ ընդունված սովորությամբ Սուրբ Հովակիմն իր հարուստ ընծաները տարավ Երուսաղեմի տաճար, սակայն քահանան նրան թույլ չտվեց ընծաներ մատուցել` ասելով, թե ժառանգ չունի Իսրայելի մեջ: Սուրբ Հովակիմը շատ տրտմեց ու տաճարից դուրս գալով՝ որոշեց տուն չվերադառնալ: Նա հեռացավ լեռներն ու որոշեց այնքան ծոմ պահել մինչև Տերն իրեն չողորմի ու զավակ չպարգևի, ինչպես ժամանակին Աբրահամին էր պարգևել: Սա իմանալով՝ Սուրբ Աննան սգո զգեստներ հագավ, քանի որ իրեն էր համարում այս դժբախտության պատճառը, և օրնիբուն լալիս էր ու հայցում Աստծու ողորմածությունը: Եվ ահա եկավ ժամանակը, որ Տիրոջ հրեշտակը երկուսին էլ այցելի ու ավետի, որ Աստված լսել է նրանց աղերսները, և Աննան պիտի հղիանա, դուստր ծնի, որին Մարիամ պիտի կոչեն, ու նրա միջոցով օրհնվեն աշխարհի բոլոր ազգերը: Այս մանկիկը պիտի դառնա Աստծու Նոր Ուխտի Տապանն ու Աստծու Տաճարը, որի մեջ պիտի բնակվի Աստծու Խոսքը: Ծնունդից մինչև երեք տարեկան դառնալը Սուրբ Աստվածածինը բնակվեց ծնողների տանը, այնուհետև ընծայվեց Աստծու տաճարին, որտեղ էլ մեծացավ՝ կրթվելով Աստծու Խոսքով ու հարատևելով մշտական աղոթքների մեջ: Իր սիրասուն զավակին Աստծուն ընծայելուց հետո Սուրբ Հովակիմը շուտով ննջեց ութսունամյա հասակում, իսկ Սուրբ Աննան ևս երկու տարի ապրեց և ննջեց յոթանասունինը տարեկանում:
Երբ Ամենակարող Աստված այս հրաշքը գործեց, սիրելի՛ հավատացյալներ, Իր ամենազոր կարողությամբ բացելով այն որովայնը, որ բնությունն էր փակել, ավելի մեծ հրաշքի հիմքը դրեց, որն էլ Սուրբ Կույսի՝ Հիսուս Քրիստոսով անարատ հղիացումն էր լինելու: Հանձին Սուրբ Մարիամի՝ Ամենակալ Տերը տեսավ այն Մաքրամաքուր Անոթը, որ պիտի ընդուներ Իրեն: Սուրբ Աստվածամայրը օրհնյալ եղավ բոլոր կանանցից և արժանացավ Աստծու Որդու մայրը լինելու մեծագույն պատվին: Նրա մայրական սիրտը աննկարագրելի չարչարանքների ու տառապանքի ենթարկվեց՝ տեսնելով խաչին գամված իր սիրասուն զավակին, և իր ապրած ցավի գնով Ամենակալ Արքայի առջև ստացավ որդեգրված մարդկության մայրն ու բարեխոսը լինելու իրավունքը:
Սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, չգիտեմ` արդյոք անձնական փորձառություն ունեցե՞լ եք Սուրբ Մարիամ Աստվածածնի բարեխոսությունը խնդրելու և իրապես զգալու Երկնային Սիրող Մոր հոգատարությունը ձեր կյանքում, բայց Սուրբ հայրերի վարքերում և վկայություններում կան հրաշքների բազմաթիվ նկարագրություններ, որ կատարվել են Աստվածամոր միջամտությամբ: Սուրբ Կույսը մանուկ հասակում զրկվեց իր երկրային ծնողներից և ավելի նվիրվեց Երկնային Հորը՝ անմիջապես Նրանից ստանալով այն սերն ու հոգատարությունը, որ այդքան անհրաժեշտ է մանկական նուրբ հոգուն: Եվ այժմ, երբ ինքն է համայն մարդկության Երկնային Մայրը, հատկապես մեծ սիրով և ուշադրությամբ է վերաբերվում բոլոր կարոտյալներին և իր մայրական ջերմությամբ մխիթարում նրանց սրտերը:
Աթոս լեռան վրա վանական համալիր կա, որ հատկապես հայտնի է իր հյուրընկալությամբ։ Ուզում եմ ձեզ պատմել այն պատմությունը, որն այդ հրաշալի սովորության հիմքն է դրել: Պատմում են, որ վանքի հովանավոր սուրբը համարվում էր հենց Մարիամ Աստվածածինը: Մի անգամ մի աղքատ մարդ, որ հոգնել ու հյուծվել էր երկար ճանապարհից, մոտեցավ այս վանքի դարպասներին ու մի կտոր հաց խնդրեց դռնապան վանականից: Սակայն անհայտ պատճառներով վանականը մերժեց նրա խնդրանքը, և մարդը հոգոց հանելով շարունակեց իր ճանապարհը: Բարձրացավ մոտակա բլրակն ու պառկեց գետնին՝ ծառի հովի տակ, քանի որ այլևս ուժ չուներ ճամփան շարունակելու: Հանկարծ մոտեցող քայլերի ձայն լսեց ու գլուխը բարձրացնելով՝ մի կնոջ տեսավ՝ մանուկը գրկին:
- Ի՞նչ է պատահել: Հիվա՞նդ ես,- քնքշությամբ հարցրեց կինը:
- Ո՛չ,- պատասխանեց ճամփորդը,- բայց շատ սոված եմ. հաց խնդրեցի վանքի դռնապանից, բայց մերժեց ինձ:
- Ի՛նձ լսիր,- ասաց կինը,- մի՛ նեղացիր դռնապանից, այլ վե՛ր կաց, կրկին վա՛նք գնա ու իմ անունից հա՛ց խնդրիր: Եթե չտան, ապա գնի՛ր այս գումարով:
Սա ասելով՝ երեք ոսկեդրամ մեկնեց մարդուն: Մարդը երախտագիտությամբ վերցրեց դրամն ու ոչինչ չկասկածելով՝ վանք գնաց: Կրկին հաց խնդրեց դռնապանից՝ պատմելով խորհրդավոր կնոջ հետ հանդիպման մասին: Երբ վանականը լսեց կնոջ մասին ու տեսավ հազվագյուտ դրամները, միանգամից հասկացավ, որ խոսքը հրաշքի մասին է: Նա անմիջապես վանքի զանգերը հնչեցրեց, որպեսզի բոլոր եղբայրները հավաքվեն, և նրանք միաբերան հաստատեցին, որ այդ ոսկեդրամները շատ տարիներ առաջ նվիրաբերվել են Սուրբ Աստվածամոր հրաշագործ պատկերին: Եվ Աստվածամայրը, խղճալով աղքատ ճամփորդին, վերցրել էր դրանք ու մայրական հոգատարությամբ նրան տվել: Վանականները երկյուղածությամբ վերադարձրին դրամները Սուրբ Աստվածածնի պատկերին, որը կենդանի օրինակով իրենց սովորեցրեց հյուրասիրության մեծագույն առաքինությունը:
Ահա, սիրելի՛ հավատացյալներ, այն բազմաթիվ հրաշալի օրինակներից մեկը, որ վկայում է Սիրող Մոր մշտական խնամքի ու հոգածության մասին: Աստվածամայրը ոչ մի վայրկյան չի դադարում իր երկրային զավակների մասին հոգ տանելուց: Նա այն սիրող Մայրն է, որի սիրտը ցավում է յուրաքանչյուրիս համար: Նա իր երկրային կյանքով կատարյալ խոնարհության, հավատի ու նվիրումի վառ օրինակ է բոլորիս: Սուրբ Հոգու անհամար շնորհներն առատությամբ տրվել էին Անարատ Կույսին: Մարգարեության, սրտերը տեսնելու, հրաշագործության, անբուժելի հիվանդությունները բժշկելու և բազում այլ շնորհներ էին զարդարում Աստծու Երանելի Աղախնին նրա երկրային կյանքում, և ննջումից հետո էլ նրա հրաշագործ սրբապատկերներն են քարոզում ու վկայում Տեր Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ուսմունքի մասին:
Արդ, շնորհավորում եմ ամենքիս, սիրելի՛ հավատացյալներ, այս հրաշալի տոնի կապակցությամբ և մաղթում, որ Երկնային Թագուհին մեր հոգիների փրկության համար անդադար բարեխոսի իր սիրելի Որդու առջև, և մենք էլ ջանք չխնայենք ուրախացնելու մեր Սիրող Մոր սիրտն ու միաբերան փառավորենք Ամենասուրբ Երրորդությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան