25 Նոյեմբեր, Բշ
Սաղավարտը թագի նման գլխադիր է, որ կրում են պատարագիչ վարդապետներն ու քահանաները Սբ. Պատարագի ընթացքում: Տրվում է ձեռնադրության ժամանակ օրհնությամբ:
Սաղավարտի գործածությունը վերցված է Հին Ուխտի եկեղեցուց և փոխարինում է ահարոնյան խույրին:
Սաղավարտի հոգևոր նշանակությունը լուսաբանված է հետևյալ կարճ աղոթքի մեջ, որ քահանան ասում է սաղավարտը գլխին դնելու ժամանակ. «Դի՛ր, Տե՛ր, փրկության սաղավարտն իմ գլխին` պատերազմելու թշնամու զորությունների դեմ»: Ըստ այդմ՝ այն խորհրդանշում է Քրիստոսի հաղթող զորությունը ընդդեմ չարի ներգործության և իշխանության: Սաղավարտը նշան է փրկության և խաչի, ինչպես նաև հոգևոր զրահ՝ պատերազմելու չարի դեմ:
Հայ եկեղեցում քահանայական սաղավարտները լինում են տարբեր տեսակի՝ դիպակից կամ կերպասից ասեղնագործած, մարգարտազարդ, արծաթապատ և հիմնականում ունենում են տերունական իրադարձությունների պատկերներ՝ Քրիստոսի Հարության, Ծննդյան, Մկրտության, Այլակերպության տեսարաններով, երբեմն էլ 12 առաքյալների պատկերներով: Այդ սաղավարտները ընդելուզված են լինում շատ հաճախ թանկագին կամ կիսաթանկագին, բնական կամ կիսաբնական քարերով, ոսկյա և արծաթյա թելերով ասեղնագործված: Ինչպես որ մեր եկեղեցու գմբեթներն են պսակված խաչի նշանով, այնպես էլ սաղավարտի գագաթին մի փոքրիկ խաչ է ամրացված, որ խորհրդանշում է քրիստոնեության հաղթանակն ընդդեմ մահվան և մեղքի իշխանության, ընդդեմ չարի զորության: Այս ճոխությունը արտահայտում է աստվածային այն լույսն ու փառքը, որով զգեստավորված են եղել մեր նախածնողները դրախտի մեջ: Եվ այդ լուսեղեն զգեստին է, որ մենք տենչում ենք և ձգտում: Լինում են սաղավարտներ առանց պատկերների, շուրջը զարդարված խաչերով, ծանր ասեղնագործությամբ, մարգարտազարդ և այլն: Հանդիպում են նաև շատ պարզ սաղավարտներ:
Որոշ եկեղեցիներում, բացի Սբ. Պատարագից, սաղավարտ օգտագործում են նաև Յուղաբերից Ավետարան կարդալիս, «Այսօր Դասք» երգելու ժամանակ: