6 Հոկտեմբեր, Կիր
Ալելուիա. բոլոր ժողովուրդները և երգիչները երգում էին ալելուիա տոներին և յոթերորդ օրերին, որովհետև ալելուիան թարգմանվում է՝ օրհնեք Աստծուն կամ գովաբանեք օրենքը: Սաղմոսը նաև խորհրդանշում է հեթանոսների վարդապետությունը և այն բարիքները, որ հրեաների համար եղան: Նաև նրա համար պատվիրեց օրհնել Աստծուն, որ կատարեց հայրերին տրված խոստումը Որդու գալստյամբ: Ուստի և ասում է.
1. Խոստովան եղերուք Տեառն և կարդացէ՛ք զանուն նորա. պատմեցէ՛ք ի հեթանոսս զգործս նորա:
Գոհությո՛ւն մատուցեցեք Տիրոջն ու նրա անունը կանչեցեք, հեթանոսների մեջ պատմեցե՛ք գործերը նրա:
Սիմաքոսը կանչելու փոխարեն քարոզեք է ասում: Հեթանոսների մեջ պատմեցե՛ք, որպեսզի քարոզվի հեթանոսների մեջ աստվածգիտության օրենքը:
2. Օրհնեցէ՛ք և սաղմոս ասացէք նմա. պատմեցէ՛ք զամենայն սքանչելիս նորա. և գովեցարո՛ւք յանուն սուրբ նորա:
Օրհնեցե՛ք ու սաղմո՛ս երգեցեք նրան, պատմեցե՛ք բոլոր հրաշագործությունները նրա: Պարծեցե՛ք նրա սուրբ անունով:
Քրիստոնեական անվամբ, այլ ոչ թե ունեցվածքով և կալվածքներով հպարտանալով, քանզի գովաբանեցեքը Սիմաքոսը պարծեցեք է թարգմանում, ինչն էլ այն իմաստն ունի, որ եթե մեկը պարծենում է, թող Տիրոջով պարծենա:
3. Ուրախ եղիցին սիրտք այնոցիկ, ոյք խնդրեն զՏէր. խնդրեցէ՛ք զՏէր և հզօրք եղերուք, խնդրեցէք զերեսս նորա յամենայն ժամ:
Թող ուրախ լինի սիրտը նրանց, ովքեր փնտրում են Տիրոջը: Փնտրեցե՛ք Տիրոջն ու հզորացե՛ք, փնտրեցե՛ք նրա երեսն ամեն ժամ:
Քանզի ովքեր փնտրում են նրան, գտնում են, և նա սովորեցնում է, թե՝ «Նախ փնտրեցե՛ք Աստծու արքայությունը» (Մատթ. 6:33), և կուրախանան սրտերը՝ հայրենի տան մասին լսելով: Փնտրեցե՛ք Տիրոջն ու հզորացե՛ք, ուստի բոլորս օգնության կարիք ունենք, որովհետև Եվայի պատճառով տկարացանք: Ամեն ժամ պետք է փնտրենք նրա երեսը, այսինքն՝ նրա խնամակալությունը:
4. Յիշեցէ՛ք զսքանչելիս նորա, զոր արար. զարուեստս և զիրաւունս բերանոյ նորա:
Հիշեցե՛ք հրաշագործությունները նրա, սքանչելիքներն ու բերանի պատվիրանները նրա:
Նույնը կատարում է նաև նրա անունը, սքանչելիքները, որ Տիրոջ ձեռքով էին կատարվում, և բերանի պատվիրանները նրա. բերանով ասում էր և գործով իրականանում էր:
5. Զաւակս Աբրահամեան ծառայք նորա, որդիք Յակոբայ ընտրեալք նորա:
Աբրահամի սերունդները ծառաներն են նրա, Հակոբի որդիները՝ նրա ընտրյալները:
Հնում ծառաներ էին կոչվում միջնորդ մարգարեները, որոնք ծառայում էին, իսկ նորում՝ ընտրյալ առաքյալները, ինչպես որ Տերն ասաց. «որովայնից իսկ ընտրյալ եք» (Ես. 46:3):
6. Նա ինքն է Տէր Աստուած մեր, յամենայն երկրի են իրաւունք նորա:
Նա ինքը Տեր Աստվածն է մեր, և ողջ աշխարհում են դատաստանները նրա:
Հիսուս Քրիստոս օրենքով ծառաներ ուղարկեց և ավետարանով՝ ընտրյալներ, ովքեր ողջ աշխարհում եղան նրա դատաստանները, քանզի ամբողջ աշխարհում տարածվեց նրա խոսքը:
7. Յիշեաց յաւիտենից զուխտ իւր, և զբանն, զոր պատուիրեաց մինչև ի հազար ամ:
Իր ուխտը նա հավիտյան հիշեց և իր պատվիրած խոսքը՝ մինչև հազար տարի:
Հիշեց անմոռանալին և խոսքը, որ հազար տարով հավիտյան հիշելն ու չմոռանալն է ասում: Դարձյալ, քանի որ Աբրահամի ուխտը կրկնեց Դավթի հետ՝ հիշելով հազար տարի հետո, որը սահմանադրեց, մինչև նորը սկսվեց՝ որի սահմանն էլ երկրորդ գալուստը հաստատեց, ինչպես որ Պողոսն է ասում. «Քանի անգամ, որ այս հացը (մարմինը) ուտեք, և այս բաժակը (արյունը) խմեք, պատմեցե՛ք Տիրոջ մահը, մինչև որ նա գա» (Ա Կորնթ. 11:26): Այդ պատճառով էլ ասում է.
8. Զուխտն, զոր եդ ընդ Աբրահամու. և զերդումն իւր ընդ Սահակայ:
Ուխտը, որ Աբրահամի հետ կնքեց, և երդումն իր՝ Իսահակի հետ:
Երկրորդ երդումը, որ Իսահակի հետ էր, և որը Աբրահամի և Իսահակի հետ կնքեց:
9. Հաստատեաց առ Յակոբ զհրաման իւր. և առ Իսրայէլ զուխտ իւր յաւիտենից:
Հակոբի համար իր հրամանը հաստատեց, և Իսրայելի համար՝ ուխտն իր հավիտենական:
Որ և Իսրայել կոչեց, և [ուխտն էլ] Դավթի հազարերորդ տարում սկսեց իր Որդու միջոցով՝ վերնատանը:
10. Ասէ. ձեզ տաց զերկիրն Քանանու, զվիճակ ժառանգութեան ձերոյ:
Ասաց. «Ձեզ պիտի տամ երկիրը Քանանի՝ բաժինը ձեր ժառանգության»:
Քանանի երկիր տալը մեծ ուխտի գրավականն էր, որ ձեր բաժին ժառանգություն է կոչում, քանզի Սեմի բաժինն էր, սակայն զրկվեցին Քամի և Քանանի ազգի աշտարակաշինության և աշխարհով մեկ ցրվելու պատճառով, և խոստանում է այնտեղ վերադարձնել, ինչն էլ տվեց առաքյալներին՝ լինել նրանց հավատքի միջնորդները:
11. Զի էին նոքա թուով սակաւք, նուազք և պանդուխտք ի նմա:
Երբ սակավ էին նրանք թվով, տկար էին և պանդուխտ այդ երկրում:
Աբրահամին, Իսահակին և Հակոբին ժամանակավորապես չտալու պատճառը նրանց սակավաթվությունն էր, որ չէին կարող ժառանգել, և տկար էին, քանի որ պանդխտության մեջ էին և վրաններով էին շրջում: Նույնպես և առաքյալները, որոնք բազում անհամար ազգերի հայրեր դարձան, տկար էին և պանդուխտ:
12. Անցին նոքա ազգէ յազգ, ի թագաւորութենէ ի ժողովուրդ յայլ:
Դեգերում էին սերնդից սերունդ, մի թագավորությունից դեպի մի այլ ժողովուրդ:
Փղշտացիների Աբիմելիքի մոտ և Եգիպտոսի փարավոնի մոտ, իսկ առաքյալները՝ հրեաներից դեպի հեթանոսներ և զանազան այլ թագավորություններ:
13. Ո՛չ եթող մարդկան մեղանչել նոցա. կշտամբեաց զթագաւորս վասն նոցա:
Նա թույլ չտվեց մարդկանց, որ վնասեն նրանց, կշտամբեց թագավորներին նրանց համար:
Թագավորներին թույլ չտվեց մոտենալ Սառային, և առաքյալներին էլ ասաց. «Մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող» (Մատթ. 10:28):
14. Մի՛ մերձենայք, ասէ, յօծեալս իմ. և ի մարգարէս իմ մի՛ մեղանչէք:
«Մի՛ մոտեցեք, ասաց, իմ օծյալներին և մարգարեներիս վնաս մի՛ հասցրեք»:
Հոգով և Աստծու խոսքով օծյալներ էին: Եվ մարգարեներիս վնաս մի հասցրեք. «Կնոջը վերադարձրո՛ւ իր ամուսնուն, ասում է, որովհետև նա մարգարե է, և աղոթք կանի քեզ համար» (Ծննդ. 20:7):
15. Կոչեաց սով յերկիր նոցա, զամենայն զօրութիւն հացի եբեկ:
Սովի մատնեց երկիրը նրանց, հացի ամբողջ զորությունը կոտրեց:
Մեղքի մատնվելն է պատուհաս համարում: Հացի ամբողջ զորությունը, քանզի հացի տեղը չեն կարող լրացնել ընդեղենն ու բանջարը: Կոտրեց, որովհետև լիանալով չէին հագենում, և հեթանոսներն էլ սովի մատնվեցին իրենց առաջին վարքից և օրենքից:
16. Առաքեաց առաջի նոցա այր, ի ծառայութիւն վաճառեցաւ Յովսէփ:
Նրանց առաջից մարդ ուղարկեց՝ Հովսեփին, որ վաճառվեց որպես ստրուկ:
Աստծու նախախնամությունն է [ցույց տալիս], որ թեպետ նրանք վաճառեցին, բայց պահեց նրան: Այր է կոչում, թեև տասնյոթ տարեկան երիտասարդ էր, որովհետև առաքինությունն է այր դարձնում, ինչը լիովին ուներ նա:
17. Խոնարհ արարին ի կապանս զոտս նորա. և անց ընդ երկաթո անձն նորա:
Նրա ոտքերը ցավեցրին շղթաների մեջ, և նրա մարմինը երկաթով պնդացրին:
Անառակ կնոջն իր ողջախոհության պատճառով մերժելու համար նրա մարմինը երկաթով պնդացրին, ամբողջ մարմինն է անձ կոչում կամ հոգու տրտմությունը:
18. Մինչև եկեսցէ բան նորա. և բան Տեառն փորձեաց զնա:
Մինչև որ նրա խոսքը կատարվեց, և Տիրոջ խոսքը փորձեց նրան:
Երազով տեսածը, և Տիրոջ խոսքը փորձեց նրան, քանզի հանձնեց իրեն մատռվակին, որի երազը լավ մեկնեց: Նորից՝ Աստծու խոսքը փորձ էր և անմեղ գտնվեց՝ կատարելով:
19. Առաքեաց թագաւորն և ելոյծ զնա. իշխան ժողովրդեան եթող զնա:
20. Կացոյց զնա Տէր տան իւրոյ, իշխան ի վերայ ամենայն ստացուածոց իւրոց:
Թագավորը մարդ ուղարկեց ու կապանքներից արձակեց նրան, ժողովրդի իշխանը բաց թողեց նրան, իր տան վրա նրան տեր կարգեց ու իր ողջ ունեցվածքի տնօրինող:
Պարզ է [սա]:
21. Խրատել զիշխանս նոցա որպէս զինքն. և զծերս նոցա իմաստունս արասցէ:
Որպեսզի ըստ իր կամքի խրատի նրանց իշխաններին, և նրանց ծերերին իմաստուն դարձնի:
Եգիպտացիների իշխաններին՝ ըստ իր կամքի, նրանց ծերերին իմաստուն դարձնի, քանզի փարավոնը նրան նշանակեց իրենից հետո որպես երկրորդ մարդ: Ոչ ոք չի կարող իր ձեռքը բարձրացնել կամ ոտքը գործի դնել կամ ճանապարհ [անցնել] առանց քեզ:
22. Եմուտ Իսրայէլ յԵգիպտոս, Յակովբ պանդխտեցաւ յերկիր Քամայ:
Իսրայելը մտավ Եգիպտոս, Հակոբը պանդխտության գնաց երկիրը Քամի:
Հովսեփի տեսիլքի պատճառով, և դրանով նրանց Քամի երկիրը տարավ, քանզի Քանանը Եգիպտոսի վիճակի մեջ էր:
23. Աճեցոյց զժողովուրդ իւր յոյժ, և զօրացոյց զնոսա քան զթշնամիս իւր:
Խիստ բազմացրեց Տերն իր ժողովրդին, և նրան իր թշնամիներից զորեղ դարձրեց:
Քանզի մանկաբարձներին պատվիրեց պահել, և նրան իր թշնամիներից զորեղ դարձրեց՝ եգիպտացիներից:
24. Դարձոյց զսիրտ նոցա ատել զժողովուրդ իւր, և ի նենգել զծառայս իւր:
Նրանց սիրտը շրջեց, որ ատեն իր ժողովրդին, և իր ծառաների դեմ նենգություն գործեն:
Նրանց սիրտը շրջեց, ոչ թե բռնությամբ, այլ թողնելով նրանց ազատ կամքին, ինչպես նաև չարությանը:
25. Առաքեաց զՄովսէս ծառայ իւր, և զԱհարովն ընտրեալ իւր:
Տերն ուղարկեց իր ծառա Մովսեսին և իր ընտրյալ Ահարոնին:
Ծառա Մովսեսին, քանզի գետից փրկեց, իսկ իր ընտրյալ Ահարոնին, քանզի քահանայություն էր տալու, և դրա համար էր կոչված:
26. Ետ նոցա զբան նշանաց իւրոց, և զարուեստս իւր յերկիր Քամայ:
Տալով նրանց իր նշանների ու սքանչելիքների խոսքը Քամի երկրում:
Որպեսզի, տեսնելով նշանները, իսրայելացիներին արագ բաց թողնեն:
27. Առաքեաց խաւար և խաւարեցոյց զնոսա, զի դառնացուցին զբան նորա:
Խավար ուղարկեց ու խավարի մեջ թողեց նրանց, քանզի դառնացրին իր խոսքը:
Թանձրամած խավար, քանզի դառնացրին իր խոսքը՝ չլսելով:
28. Դարձոյց յարիւն զգետս նոցա. և սպան զամենայն ձկունս նոցա:
Նրանց գետերն արյուն դարձրեց, և ոչնչացրեց բոլոր ձկները նրանց:
Դրանով Աբրահամի մանուկների արյան վրեժը լուծեց, որը գույնով և համով իրական արյուն էր:
29. Եռաց յերկիր նոցա գորտ, և ի շտեմարանս թագաւորաց նոցա:
Նրանց երկիրն ու նրանց թագավորների շտեմարանները լցրեց գորտերով:
Մանուկների թվով, [որոնք] կարծես կենդանանալով, եկել էին տանջելու նրանց՝ մինչև թագավորի շտեմարանները:
30. Ասաց՝ և եկն շանաճանճ, և մծիխ ընդ ամենայն սահմանս նորա:
Հրամայեց՝ և շնաճանճ ու մժեղ թափվեց նրանց երկրի բոլոր սահմաններում:
Որովհետև շնացողներ էին, և մժեղ, քանի որ խոցող էին:
31. Դարձոյց զանձրև նոցա ի կարկուտ. և հուր յերկիր նոցա բորբոքեցաւ:
Նրանց անձրևները կարկտի վերածեց, և նրանց երկրում հուր բորբոքեց:
Սառն ու հուրը միավորելով իրար, քանզի սառն էին՝ ատելով Իսրայելին և ջերմ՝ տանջելու մեջ:
32. Եհար զայգիս և զթզենիս նոցա. և փշրեաց զամենայն ծառս սահմանաց նոցա:
Հարվածեց այգիներն ու թզենիները նրանց, և ջարդոտեց նրանց երկրի սահմաններում եղած ծառերը բոլոր:
Անասուններին նախ վանեց՝ խնայելով նրանց:
33. Ասաց՝ և եկն մարախ և խառնիճ, զի ոչ գոյր թիւ:
Ասաց՝ և եկավ մարախ ու խառնիճ, որոնց թիվ չկար:
Խառնիճը մորեխների ազգին պատկանող միջատ է, քանզի լի էին նրանց սրտերը դառը ճիճուներով:
34. Եկեր զամենայն խոտ երկրի նոցա, սպառեաց զամենայն պտուղ անդոյ նոցա:
Մարախը կերավ նրանց երկրի ամբողջ խոտը, սպառեց նրանց դաշտի ամբողջ բերքը:
Քանզի բանական բարի բույս չկար նրանց մեջ:
35. Եհար զամենայն անդրանիկս եգիպտացւոց, զսկիզբն ամենայն վաստակոյ նոցա:
Տերը հարվածեց եգիպտացիների բոլոր անդրանիկ ծնունդներին՝ իրենց ամբողջ վաստակի առաջնեկներին:
Մեղմագույնից անցնելով խստագույն կատարմանը, քանզի աստվածպաշտության անդրանիկ խորհուրդը սպանել էին իրենց մեջ:
36. Եհան զնոսա ոսկւով և արծաթով. և ո՛չ գոյր յազգի նոցա հիւանդ:
Նրանց հանեց Եգիպտոսից ոսկով և արծաթով, և նրանց ցեղի մեջ հիվանդ չկար:
Քանզի դա նրանց աղյուսաշինության վարձն էր: Եվ նրանց ցեղի մեջ հիվանդ չկար. որպեսզի որևէ մեկի գնալուն արգելք չլինի [հիվանդության պատճառով] ծուլանալը: Սա նաև ընդհանրական հարության խորհուրդն ունի:
37. Ուրախ եղև Եգիպտոս ընդ ելանել նոցա, զի անկաւ ահ Տեառն ի վերայ նոցա:
Եգիպտոսն ուրախացավ, որ նրանք դուրս եկան, քանզի Տիրոջ ահն ընկել էր իրենց վրա:
Քանի որ վախենում էին համատարած մահից:
38. Սփռեաց ամպ՝ հովանի ունել նոցա ի տուէ. և հրով լոյս տայր նոցա ի գիշերի:
Ցերեկն ամպ սփռեց նրանց ստվերելու համար, և գիշերը հրով լուսավորեց նրանց:
Ցերեկը՝ ծածկոց շոգից, իսկ գիշերը՝ խավարը փարատող, և ճանաչում էր նրանց ու գնում նրանց հետևից, ինչպես Սուրբ Հոգին՝ ավազանով իրենից ծնվածներին:
39. Խնդրեցին՝ և եկն լորամարգի. և հացիւ երկնից լցոյց զնոսա:
Նրանք խնդրեցին՝ ու լորամարգիներ իջան, և Տերը երկնային հացով կշտացրեց նրանց:
Ցանկացողների համար խոզի մսի համ ուներ, և երկնային հացով կշտացրեց նրանց՝ առատորեն, առավել քան կարիքն էր, մինչև զզվեցին:
40. Եհար զվէմն և բղխեցին ջուրք, և գնացին գետք ընդ անջրդի:
Հարվածեց ժայռին՝ ու ջրեր բխեցին, և գետեր հոսեցին անապատով:
Օրինակն է Տիրոջ կողի խոցման:
41. Յիշեաց զբան իւր սուրբ, որ ընդ Աբրահամու ծառայի իւրում:
Հիշեց խոսքն իր սուրբ, որ տվել էր իր Աբրահամ ծառային:
Որի ժամանակ ասաց, թե քո որդիների չորրորդ սերունդը պիտի ելնի պանդխտությունից (Հմմտ. Ծննդ. 15:16), դրա համար էլ ասում է.
42. Եհան զժողովուրդ իւր ցնծութեամբ, և զընտրեալս իւր ուրախութեամբ:
Հանեց իր ժողովրդին ցնծությամբ, և իր ընտրյալներին՝ ուրախությամբ:
Ճոխ և լի բոլոր տեսակ գանձերով:
43. Ետ նոցա զգաւառս հեթանոսաց, ի վաստակս ժողովրդոց ժառանգեցոյց զնոսա:
Նրանց տվեց գավառներն հեթանոսների, և ժողովուրդների վաստակի ժառանգ դարձրեց նրանց:
Ամուրհացիների և քանանացիների:
44. Զի պահեսցեն զվկայութիւնս նուրա. և զօրէնս նորա խնդրեսցեն:
Որ պահեն վկայություններն իր, ու հետևեն իր օրենքներին:
Սա էր միայն խնդրում, որը, սակայն, անշնորհակալները չպահեցին:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը