Սաղմոս ՃԻԷ

Աստիճանների օրհներգություններ

Այս սաղմոսում ցույց է տալիս, թե որքան բարի է հույսի հետ միասին նաև Աստծուց երկյուղելը, ինչպես որ ասում է.

1. Երանի՛ ամենեցուն, ոյք երկնչին ի Տեառնէ, և գնան ի ճանապարհս նորա:

Երանի՜ բոլոր նրանց, ովքեր վախենում են Տիրոջից և ընթանում նրա ճանապարհներով:

Երանի չի տալիս Աբրահամի զավակներին և ոչ էլ Իսրայելի սերմին, այլ, ինչպես Պետրոսն է ասում՝ «Ճշմարտությամբ վերահասու եմ եղել» (Գործք 10:34), քանզի ամեն ազգ, որ վախենա նրանից և պահի նրա պատվիրանները, ընդունելի կլինի նրա կողմից և կգնա նրա ճանապարհով, որովհետև միայն վախենալը բավարար չէ երանության համար, քանի որ. «Ոչ ամեն մարդ, որ ինձ «Տե՛ր, Տե՛ր» է ասում, երկնքի արքայությունը կմտնի, այլ նա, ով կատարում է կամքը իմ Հոր, որ երկնքում է» (Մատթ. 7:21):

2. Զվաստակս ձեռաց քոց կերիցես. երանի՛ է քեզ, և բարի եղիցի:

Դու քո ձեռքի վաստակը պիտի ուտես, երանի՜ քեզ, դա լավ պիտի լինի քեզ համար:

Սիմաքոսն ասում է՝ «Քո ձեռքի աշխատությունը պիտի ուտես», քո սերմանած բարիքների պուղը պիտի քաղես, այլ ոչ թե օտարների զրկանքների ու հափշտակության, նույնպես եթե սակավ սերմանես, քանի որ ով առատորեն է սերմանում, առատությամբ էլ հնձելու է: Նաև ասում է, որ ոչ թե շնորհով ես երանելի դառնում, այլ՝ վաստակով, և լավ պիտի լինի քեզ համար, այսինքն՝ մարմնավորը հոգևոր պիտի լինի: Նաև ուսման մեջ վաստակը, որ մտքի կերակուրն է, կարող է ավելի երանելի դարձնել քան մարգարեներին, որ շնորհով ստացան: Նաև բարի թող լինի ուսումնասեր հոգու համար, որ բարի շնորհով գրքերից բարի պտուղներ է գանձում և առաքինի հոգի՝ սուրբ խրատողներից և Աստծու երկյուղածներից:

3. Կին քո որպէս այգի վայելուչ յանկիւնս տան քո, որդիք քո որպէս նորատունկ ձիթենւոյ՝ շուրջ զսեղանով քո:

Կինդ պիտի լինի վայելուչ որթատունկի պես քո տան անկյունում, որդիներդ՝ նորատունկ ձիթենու պես քո սեղանի շուրջ:

Թերևս ասում է բարի կլինի նրանց համար, ովքեր մարմնավոր բարինքեր սիրող էին, որով էլ մարգարեներին կաշառում է: Կինդ պիտի լինի որթատունկի պես, և եթե ամեն մարդ այսպես օրհնվի, ապա դու կտեսնես Երուսաղեմի բարությունը, կտեսնես քո որդիների որդիներին, այս բոլոր բարիքները քեզ հետ կկատարվեն, եթե Երուսաղեմ վերադառնաս և արդար լինես, որովհետև կա նաև այսպիսի բարի և կա, որ Տիրոջից է հաջողություն գալիս, սակայն շատ արդարներ անորդի են մահանում, որոնք էլ այլ մեծագույն հատուցմանն են արժանանալու: Քո կինը՝ սրանով վկայում է նաև կանանց բարեպաշտության մասին, և որ որդիներն էլ ողջախոհ ու աստվածասեր կլինեն՝ ձիթենու պես պտղաբեր քո սեղանի շուրջը, որը նաև հիսուներորդ սաղմոսում է ասում. «Պտղաբեր ձիթենու նման» (Սղմ. 51:10), ինչը հաճելի է ծնողներին: Դարձյալ՝ կինը եկեղեցին է, որովհետև չասաց, թե քո կինը այգի է, այլ՝ այգու պես, այսինքն՝ Քրիստոսի նման, որ ասաց. «Ես եմ որթատունկը» (Հովհ. 15:5), այսինքն՝ ճշմարիտ որթատունկը, ինչպես Պողոսն էր ասում. «Նմանվեցե՛ք ինձ, ինչպես ես՝ Քրիստոսին» (Ա Կորնթ. 11:1), և պետք է հարսը իր գեղեցկությամբ նմանվի փեսային՝ Հիսուսին: Որդիներդ, որ մկրտությամբ ծնվեցին, լուսո որդիներ են, քո սեղանի շուրջը, քո հրապարակները կլցնեն մանուկներով և աղջիկներով, և սաղմոսարանը նրանց ձեռքում կլինի: Նաև սեղանները երկուսն են՝ ուսման, որտեղ աշխարհականները հավաքվում են եկեղեցականների հետ և ուր Տերն է պատարագվում, և սպասավորում են քահանաներն ու սարկավագները:

4. Այսպէս օրհնեսցի ամենայն մարդ, որ երկնչի ի Տեառնէ,

5. Օրհնեսցէ զքեզ Տէր ի Սիովնէ: Եւ տեսցես դու զբարութիւն յԵրուսաղէմ զամենայն աւուրս կենաց քոց:

Ահա այսպես պիտի օրհնվի ամեն մարդ, որ վախենում է Տիրոջից, քեզ պիտի օրհնի Տերը Սիոնից: Եվ կյանքիդ բոլոր օրերին դու պիտի տեսնես բարությունը Երուսաղեմի:

Քանի որ Աստված վարքի և բարքի դատավոր է ու պարգևատու, այլ ոչ թե հանուն այս կամ այն ազգի: Քեզ պիտի օրհնի Տերը, Սիոնից տեսնելով հրեաներին, իսկ մեզ՝ եկեղեցում, «Ի Քրիստոս ամենայն հոգևոր օրհնությամբ, երկնային աշխարհում» (Եփես. 1:3): Եվ պիտի տեսնես բարությունը՝ նրանք մարմնավոր, ներքին Երուսաղեմի շինությունն ու լիությունը, իսկ մենք՝ վերինը, որն այստեղի [գործերով] ենք գանձում՝ առաքինությունների հատուցումը. «ինչ որ աչքը չտեսավ» (Ա Կորնթ. 2:9):

6. Տեսցես դու զորդիս որդւոց քոց, խաղաղութիւն ի վերայ Իսրայէլի:

Դու պիտի տեսնես քո որդիների որդիներին: Խաղաղությո՜ւն Իսրայելին:

Մարմնասեր հրեաները [աշխարհային որդիներին], իսկ մենք՝ հոգևոր, ինչպես առաքյալները տեսան իրենց աշակերտների որդիներին: Խաղաղությո՜ւն Իսրայելին, որը Պողոսը «Աստծու Իսրայել» (Գաղատ. 6:16) է ասում, որոնք [Աստծու] սեփական [ժողովուրդն] են՝ մշտապես Աստծու կողմն ուղղված:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

27.04.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․