23 Դեկտեմբեր, Բշ
Սաղմոս Դավթի, այն ժամանակ, երբ նրան հալածում էր իր որդի Աբիսողոմը:
1. Տէ՛ր, լուր աղօթից իմոց, ունկն դիր, Տէ՛ր խնդրուածոց իմոց ճշմարտութեամբ քով:
Տե՛ր, լսի՛ր աղոթքն իմ, քո ճշմարտությամբ ականջ դի՛ր իմ խնդրանքին:
Այս վերնագիրը թեև սկզբում չկար, սակայն հարմար է սաղմոսի բովանդակությանը, որ թեև Դավիթը մեղանչեց, այնուհանդերձ Աբիսողոմի համար մեծ անօրինություն էր հայրահալած լինելը: Նաև Բաբելոնում գտնվող գերուն է վերաբերում: Եվ յուրաքանչյուր ոք, որ նեղության մեջ է ընդհանուր թշնամու կողմից, պետք է ասի. Տե՛ր, լսի՛ր աղոթքն իմ, որովհետև նախ աղոթքը պետք է Տիրոջ առջև բերել, որը խոսուն պաշտամունք է և բանավոր գոհությամբ պատարագ, ապա նոր ավելացնել խնդրանքը: Քո ճշմարտությամբ, այսինքն՝ արդար դատաստանով Դավթի և Աբիսողոմի հանդեպ, գերու և բաբելոնացիների հանդեպ, բնության և սատանայի հանդեպ:
Լո՛ւր ինձ արդարութեամբ քով,
2. և մի՛ մտաներ ի դատաստան ընդ ծառայի քում, զի ո՛չ արդարանայ առաջի քո ամենայն կենդանի:
Քո արդարությամբ լսի՛ր ինձ: Ծառայիդ հետ դատաստան մի՛ մտիր, քանզի ոչ մի կենդանի մարդ չի արդարանա քո առջև:
Մարդասիրության փոխարեն ասում է արդարությամբ լսիր: Ծառայիդ հետ դատաստան մի՛ մտիր. իմ ընկերոջ հետ արդարություն արա ինձ, այլ ոչ թե դու ինձ հետ, ինչպես Եսային է ասում. «Լսի՛ր, երկի՛նք, և ակա՛նջ դիր, երկի՛ր» (Ես. 1:2), այլ ոչ թե՝ Իսրայե՛լ, դու լսի՛ր, քանի որ ծառա եմ և դյուրաթեք բնություն ունեմ, ինչպե՞ս կարող եմ դիմանալ: Ողորմություն եմ խնդրում, ասում է, որ խառնես արդար դատաստանիդ հետ, եթե իմ հանդեպ դատաստան տեսնես: Նաև իմ տկարությանը նայելով, ողորմում եմ նրանց, ովքեր իմ՝ մսային բնությունից ունեն, ըստ Հոբի. «Վարձկանի օրական վարձ չէ՞ կյանքը» (Հոբ. 7:1): Ոչ մի կենդանի մարդ չի արդարանա քո առջև, որոնց, ասում է, դու ես ստեղծեցիր և ասացիր. «Ես այլևս ոչ մի կենդանի էակի չեմ պատուհասի, ինչպես արեցի» (Ծննդ. 8:21), և եթե կենդանի էակ պիտի ասենք, ապա պետք է նաև հրեշտակներին ասել:
3. Հալածեաց թշնամին զանձն իմ, խոնարհ արար յերկիր զկեանս իմ.
Նստոյց զիս ի խաւարի որպէս մեռեալ յաւիտենից:
Թշնամին հալածեց ինձ, կյանքս հողին հավասարեցրեց և ինձ նստեցրեց խավարի մեջ հավիտյան մեռածի պես:
Միս ու արյունից ենք, ունենք նաև թշնամի՝ սատանան, որ հեռացրեց [մեզ] դրախտից և անմահությունից: Կյանքս հողին հավասարեցրեց՝ դեպի հող իջեցրեց, ինչպես ինքն է, որ հավիտյան մեռած է՝ Աստծուց հեռանալով, նույնը հրահրեց նաև Աբիսողոմին, որ հալածի Դավթին, իսկ Դավթից առաջ՝ մեղքի դրդեց, ինչը հավիտենական մահ է, եթե չզղջանք: Նաև Իսրայելին մեղքերի պատճառով գերության մատնեց, Բաբելոնում խոնարհեցրեց Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքով, ինչպես հեթանոսներին, որպեսզի մեռնեն՝ հավիտյան կյանքի հույս չունենալով:
4. Ձանձրացաւ յիս հոգի իմ. և սիրտ իմ խռովեցաւ յիս:
Հոգիս տաղտկացավ իմ ներսում, և սիրտս խռովվեց իմ մեջ:
Այսինքն՝ խղճմտանքը, որ իմ ներսում է, որովհետև նույնն է, ինչ սիրտն ու հոգին:
5. Յիշեցի զաւուրսն զառաջինս, խորհեցայ յամենայն գործս քո, յարարածս ձեռաց քոց խորհեցայ,
6. և համբարձի առ քեզ զձեռս իմ:
Հիշեցի օրերն առաջվա, մտաբերեցի բոլոր գործերը քո, ձեռքերիդ ստեղծվածների մասին խորհեցի: Դեպի քեզ կարկառեցի ձեռքերն իմ:
[Հիշեցի] Աբրահամին, Իսահակին, Հակոբին, Հովսեփին, որոնց լսեցիր և փրկեցիր: Մտաբերեցի բոլոր գործերը քո. արարածներիս հարություն պարգևելդ, քանի որ ամեն ինչ կարող ես և մեր բնությունը քո ձեռքով ստեղծեցիր՝ որպես քո անճառելի սիրո ապացույց, և այդ հույսով դեպի քեզ կարկառեցի ձեռքերն իմ, և որևէ այլ միջոցի չդիմեցի:
Անձն իմ որպէս երկիր ծարաւ է առ քեզ.
7. վաղվաղակի լո՛ւր ինձ, Տէ՛ր, զի նուաղեաց յինէն հոգի իմ:
Հոգիս հողի պես ծարավ է քեզ: Լսի՛ր ինձ փութով, Տե՛ր, քանզի հոգիս նվաղեց իմ ներսում:
Որովհետև քո պատկերն է և կարոտ է սկզբնատիպին ինչպես երաշտից ցամաքած հողը: Լսի՛ր ինձ փութով, ինչպես սաստիկ ծարավածի, որ մահամերձ նվաղել է:
Մի՛ դարձուցանե զերեսս քո յինէն. նմանիցեմ այնոցի, որ իջանեն ի գուբ:
Մի՛ շրջիր երեսդ ինձնից, որ չնմանվեմ գերեզման իջնողներին:
Ինչպես Ադամին՝ դրախտում, չնմանվեմ դժոխքում գտնվող նախաստեղծների հոգիներին, որտեղից չեմ կարողանա առանց օգնականի դուրս գալ, ինչպես Երեմիան ու Դանիելը:
8. Լսելի արա ինձ առաւօտու զողորմութիւնս քո, զի ես ի քեզ, Տէր, յուսացայ:
Առավոտյան քո ողորմությունն ինձ լսելի՛ դարձրու, քանզի, Տե՛ր, հույսս քեզ վրա դրի:
Փրկության ավետիս տալ այն զորքերին, որոնք Աբիսողոմի դեմ ելան, ինչպես նաև գերու դարձը: Իսկ առավոտը նախ մեր բնությունն է, երկրորդ՝ Քրիստոսի գալուստը: Նախ ասում է. «Ես չեկա կանչելու արդարներին, այլ՝ մեղավորներին» (Մատթ. 9:13), և երկրորդ՝ ողորմությամբ կանչել և ասել. «Արի՛, բարի և հավատարիմ ծառա» (հմմտ. Մատթ. 25:21), քանզի, Տե՛ր, հույսս քեզ վրա դրի, այլ ոչ թե իմ կամ որևէ այլ մարդու վրա:
Ցոյց ինձ ճանապարհ, յոր գնացից, զի առ քեզ, Տէ՛ր, համբարձի զանձն իմ:
Ցույց տո՛ւր ինձ ճանապարհն այն, որով պիտի գնամ, քանզի դեպի քեզ, Տե՛ր, բարձրացրի հոգիս:
Ճանապարհ գնալու օրենքը՝ բնական և գրավոր, որի վրա պետք է հաստատուն մնալ, քանզի մոլորության բազում ճանապարհներ կան թե՛ մտքով և թե՛ խորհուրդներով, ուստի և առաջնորդություն է խնդրում բուն ճանապարհով ընթանալու համար, որը նեղ է և երկինք է տանում՝ հույսը քեզ վրա դնելով, որպեսզի աջ և ձախ չխոտորվի:
9. Փրկեա՛ զիս ի թշնամեաց իմոց, Տէ՛ր, զի զքեզ ապաւէն ինձ արարի:
Իմ թշնամիներից փրկի՛ր ինձ, Տե՛ր, քանզի քեզ իմ ապավենը դարձրի:
Նրանցից, ովքեր արգելք են հանդիսանում այդ ճանապարհով գնալուն, որովհետև իմ հույսն ու ապավենը քեզ դարձրի, այլ ոչ թե հույսս դրի անձիս քաջության վրա:
Ուսո՛ ինձ առնել զկամս քո, զի դու ես Աստուած իմ:
Սոցորեցրո՛ւ ինձ կատարել կամքը քո, քանզի դու ես Աստվածն իմ:
[Սովորեցրո՛ւ], թե որն է բարին, հաճելին և կատարյալը, քանզի դու ես Աստվածն իմ, որովհետև ուրիշ ոչ ոք ինձ համար ջանք չի գործադրի:
10. Հոգի քո բարի առաջնորդեսցէ ինձ յերկիր ուղիղ:
Քո բարի Հոգին ինձ պիտի առաջնորդի դեպի արդար երկիր:
Սա էր հայցում որպես ճանապարհի առաջնորդ, որ ինքը՝ Քրիստոսն է, որ ասաց. «Ես եմ ճանապարհը» (Հովհ. 14:6), և Հոգին է ճանապարհ ցույց տվողն ու առաջնորդը, ինչպես որ ասում էր. «Երբ որ գան նա՝ ճշմարտության Հոգին, ամենայն ճշմարտությամբ կառաջնորդի ձեզ» (Հովհ. 16:13), նաև՝ «Նա ձեզ ամեն բան կուսուցանի» (Հովհ. 14:26), և բարի է, ինչպես որ Աստված է բարի, քանզի «Ոչ ոք բարի չէ, այլ միայն՝ Աստված» (Ղուկ. 18:19): Դեպի արդար երկիր. տանելով դեպի արդարների երկիրը, քանզի դա է ուղիղը, ընդ որում Հոգուն է ուղիղ կոչում, և ուղիղ է մեր Տեր Աստվածը: Հանուն քո անվան, Տե՛ր, որովհետև օծեցիր ինձ, և իմ անմոլոր ընթացքը փառք է քո անվանը: Եվ մենք, որ Քրիստոսի անունն ունենք, այսպես ենք աղաչում:
11. Վասն անուան քո, Տէ՛ր, կեցուսցես զիս արդարութեամբ քով,
հանցես ի նեղութենէ զանձն իմ:
Հանուն քո անվան, Տե՛ր, կյանք տուր ինձ, քո արդարությամբ նեղությունից հանի՛ր հոգին իմ:
Որ խաչովդ հանձն առար, նեղությունից հանի՛ր իմ հոգին, այսինքն՝ դժոխքի խորքերից, ըստ քո ողորմության:
12. Ողորմութեամբ քով սատակեսցես զթշնամիս իմ.
կորուսցես զամենայն նեղիչս անձին իմոյ, զի ես ծառայ քո եմ:
Քո ողորմությամբ կործանի՛ր իմ թշնամիներին, կորստյան մատնի՛ր բոլոր ինձ նեղողներին, քանզի ես ծառան եմ քո:
Քանզի դատաստանով թշնամիներին կորստյան մատնելն ինձ ողորմություն է բերում, ինչպես որ նախապես ասաց. «Կործանեց եգիպտացիների երկիրը» (Սղմ. 135:10), որովհետև նրա ողորմությունը հավիտյան է:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը