Ալելուիա: Պողոսն ասում է. «Գալիք բարիքների ստվերն էր օրենքը» (Եբր. 10:1), նույնպես և այս սաղմոսը հրեաների դարձն է Բաբելոնից, և մեր ազատությունը Քրիստոսով ցույց է տալիս՝ ասելով.
1. Խոստովան եղերուք Տեառն՝ զի քաղցր է, զի յաւիտեան է ողորմութիւն նորա:
Գոհությո՛ւն մատուցեք Տիրոջը, քանզի քաղցր է նա, քանզի հավերժ է ողորմությունը նրա:
Խոստովանություն կա, որ Աստծու դավանություն է, և կա, որ սեփական անձը մերկացնելն ու պարտությունը խոստովանելն է, քանզի հաղթվեց չարի կողմից և մեղանչեց: Այստեղ կարելի է երկուսն էլ հասկանալ, սակայն ասելով՝ խոստովանություն մատուցե՛ք, այստեղ նկատի ունի այն, որ դուք խոստովանեք, կարծես թե նորից քարոզում է՝ խոստովանություն մատուցեք, հայտնե՛ք, հավատացեք և հավատարիմ եղե՛ք տերերի Տիրոջը և Տեր Աստծուն, քաղցր եղե՛ք՝ նրա պատկերի քաղցրությունը կրելով: Արդ, նա բնությամբ է, իսկ դուք շնորհով եղե՛ք, և ողորմած եղե՛ք, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը:
2. Ասասցեն փրկեալք Տեառն, զորս փրկեաց ի ձեռաց թշնամւոյն:
Այսպես թող ասեն Տիրոջից փրկվածները, որոնց նա ազատեց թշնամու ձեռքից:
Փորձով սովորածները, ովքեր ճաշակեցին քաղցրությունը, թող ասեն, թե քաղցր ես, և հավիտյան է քո ողորմությունը:
3. Յամենայն գաւառաց ժողովեաց զնոսա. յարևելից և յարևմտից՝ ի հիւսիսոյ և ի ծովէ:
Բոլոր գավառներից հավաքեց նրանց՝ արևելքից և արևմուտքից, հյուսիսից և ծովի կողմից:
Ինչը Աստծու համար է միայն հնարավոր. հրեաներին՝ իրենց ցրված վիճակից [ի մի հավաքել], իսկ մեզ՝ սատանայի գերությունից և տարբեր ծառայություներով զբաղվածներին մի հավատի շուրջ հավաքել: Արևելքից՝ արեգակի և աստղերի պաշտամունքից, արևմուտքից՝ խավարի իջնելը պաշտելուց, ինչպես Հուլիանոսին իջեցրին, հյուսիսից՝ ոսկեճաճանչ ամպին պաշտելուց, իսկ ծովում՝ Պիսիդոնի պաշտամունքից:
4. Մոլորեացան նոքա յանապատի յանջրդի ճանապարհի, քաղաք բնակութեան ոչ գտին:
Մոլորվեցին նրանք անապատում, անջրդի ճանապարհին, և բնակվելու քաղաք չգտան:
Հրեաների Բաբելոն գնալն է, և քաղաքում չբնակվեցին, քանզի մինչև Երուսաղեմ գալը բաբելոնացիների գետի մոտ էին նստում ու լալիս, իսկ բնությունը ոչ միայն տարբեր պաշտամունքների պատճառով ցիրուցան եղավ, այլ՝ երբ Աստծու բարիքներից մոլորվեցին անապատում և կռապաշտության անջրդի տգիտությանը հարեցին, և դրախտը, որ կորցրեցին, չգտան:
5. Քաղցեան և ծարաւեցան. և անձինք նոցա ի նոսին նուաղեցան:
Քաղց զգացին ու ծարավեցին, և նրանց հոգիները նվաղեցին իրենց ներսում:
Ոչ թե հացի սովից և ջրի ծարավից, այլ՝ Աստծու խոսքը լսելուց, այդ պատճառով էլ ասում է նրանց հոգիները նվաղեցին, իսկ իրենց ներսում ասելով ուզում է ցույց տալ, թե իրենք եղան պատճառը:
6. Աղաղակեցին առ Տէր ի նեղութեան իւրեանց. ի վշտաց նոցա փրկեաց զնոսա:
Աղաղակեցին Տիրոջն իրենց նեղության մեջ, և նա փրկեց նրանց իրենց վշտերից:
Աղաղակեցին հրեաներն իրենց արդաների միջոցով, և բնությունը՝ ոչ թե Տիրոջը, այլ իր վշտի պատճառով էր հառաչում, և որևէ այլ մեկը չէր կարող ողորմել, բացի նրանից, ով ստեղծել էր դրան և ով փրկեց նաև վշտերից:
7. Առաջնորդեաց նոցա ի ճանապարհ ուղիղ, զի երթիցեն ի քաղաք բնակութեան իւրեանց:
Առաջնորդեց նրանց ուղիղ ճանապարհով, որ գնան քաղաքն իրենց բնակության:
Ուղիղ ճանապարհով, որ ասաց՝ ցույց տալով քաղաքը. «Իմ Հոր տան մեջ բազում օթևաններ կան» (Հովհ. 14:2), ինչպես քաղաքում:
8. Խոստովան եղիցին Տեառն ողորմութեանց նորա, սքանչելեաց նորա՝ որդիք մարդկան:
Թող մարդկանց որդիները գոհություն մատուցեն Տիրոջը նրա ողորմությունների և հրաշագործությունների համար:
Նրա ողորմությունները հայտնի երևացին գործերի միջոցով, խոստովանում է՝ գոհություն մատուցելով, ինչպես երկինքն է պատմում: Մարդկանց որդիները հրաշագործությունների մասին, որոնք ականատեսներ են ու վկաներ, և առաքյալները, որ մարգարեների որդիներն էին:
9. Զի յագեցոյց զանձինս քաղցեալս. և զանձինս կարօտեալս լի արար բարութեամբ:
Քանզի նա հագեցրեց քաղցած հոգիները, և բարությամբ լիացրեց կարոտյալ անձանց:
Ասելով՝ «Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան» (Մատթ. 5:6), և այս լսելով՝ հոգիները լցվեցին բարի հույսով, նաև՝ իր մարմնով ու արյամբ:
10. Ոյք նստէին ի խաւարի և ի ստուերս մահու, կապեալ էին յաղքատութիւն որպէս յերկաթս:
Որոնք նստած էին խավարում և մահվան ստվերների մեջ՝ գամված աղքատությանն ինչպես երկաթին:
Հեշտանալով և հարատևելով կռապաշտության և մեղքերի մեջ, որ հավիտենական մահվան ստվեր էր և նախանշան՝ կապված իրենց ձեռքով գործած մեղքերով՝ աղքատ աստվածպաշտությունից և շղթայված ինչպես երկաթին:
11. Զի դառնացուցին զբանն Աստուծոյ, և զխորհուրդս Բարձրելոյն բարկացուցին:
Քանի որ դառնացրին խոսքն Աստծու, և անարգեցին խորհուրդները Բարձրյալի:
Խոսքն Աստծու՝ դրախտում չպահելով, և խորհուրդները, որ մտածել էր պատշաճ ժամանակին ճաշակել տալ և աստվածացնել:
12. Խոնարհ եղեն ի ցաւոց սիրտք նոցա, տկարացան, և ոչ ոք էր, որ օգնէր նոցա:
Ցավից սեղմվեցին սրտերը նրանց, տկարացան նրանք ու օգնող չունեցան:
Խոնարհվեցին, քանզի զրկվեցին ամեն տեսակ պտուղներից, ցավում էին, հիվանդացան, տկարացան, մահկանացու դարձան, և ոչ ոք չկար, որ առաջնորդեր իրենց այնտեղ, որտեղից ելան:
13. Աղաղակեցին առ Տէր ի նեղութեան իւրեանց, ի վշտաց նոցա եհան զնոսա:
Աղաղակեցին Տիրոջն իրենց նեղության մեջ, և նա ազատեց նրանց իրենց վշտերից:
Աբելի արյունն է աղաղակում, Ենովսը հույսը դրեց Տիրոջ անունը կանչելու վրա, իսկ Ենովքը՝ ապաշխարության ձայնի: Եվ ազատեց վշտերից՝ դժոխք գնալուց Ենովսին, Ենովքին և այլոց, և Ենովքն ու Եղիան շուտ դուրս եկան այս վշտալի աշխարհից:
14. Փրկեաց զնոսա ի խաւարէ և ի ստուերաց մահու, և խզեաց զկապանս նոցա:
Նրանց փրկեց խավարից ու մահվան ստվերներից և փշրեց շղթաները նրանց:
Հոգիներին [փրկեց խավարից], և փշրեց դևերի շղթաները:
15. Խոստովան եղիցին Տեառն ողորմութեանց նորա, սքանչելեաց նորա որդիք մարդկան:
Թող մարդկանց որդիները գոհություն մատուցեն Տիրոջը նրա ողորմությունների և հրաշագործությունների համար:
Հայտնապես աղաղակում են, թե նույնն է ինքը:
16. Զի փշրեաց զդրունս պղնձիս, և զնիգս երկաթիս խորտակեաց:
Քանզի նա փշրեց դռները պղնձյա, և երկաթյա նիգերը խորտակեց:
Մահվան չարությունը, և երկաթյա նիգերը խորտակեց՝ դժոխքի դառնությունը, և ինչպես որ ասում են, թե սատանան կախարդներ է դրել դժոխքի դռների մոտ և նիգեր զգալի, ու իմանալի դռներ, և արգելք՝ իմանալի հոգու առաջ, ինչպես Եսային ասաց. «Ես կընթանամ քո առջև… կխորտակեմ պղնձե դռները և կփշրեմ երկաթե նիգերը» (Ես. 45:2):
17. Օգնեաց նոցա ի ճանապարհի անօրէնութեան իւրեանց. զի վասն մեղաց իւրեանց խոնարհ եղեն յոյժ:
Օգնեց նրանց, երբ իրենց անօրենության ճանապարհին էին, քանզի սաստիկ խեղճացել էին իրենց մեղքերից:
Ճանապարհին՝ քանի դեռ այնտեղ էին՝ իրենց չարությունների մեջ, քանզի սաստիկ խեղճացել էին իրենց մեղքերից, որովհետև նրանց անօրինությունները իրենց տարավ այդ ճանապարհով, և մեղքերի պատճառով խոնարհացան, քանզի այլ ձևով չէին խոնարհվում:
18. Յամենայն կերակրոց գարշէին սիրտք նոցա. մերձեցան մինչև ի դրունս մահու:
Ամեն տեսակ կերակուրից գարշեց սիրտը նրանց, և նրանք մոտեցան մահվան դռներին:
Գարշեց սիրտը նրանց, հրեաները՝ օրենքի խտրության պատճառով, իսկ հեթանոսները արտաքին գիտություններից էին գարշում: Նաև՝ դժոխքում՝ սարսափելի գարշահոտությունից և հրով կլանվելուց, որից տագնապում և տոչորվում էր հարուստը: Նրանք մոտեցան մահվան դռներին, հոգիները ցանկանում էին անգոյության վիճակի մեջ ընկնել, իսկ մարմինները՝ իրենց սեփական մահը:
19. Աղաղակեցին առ Տէր ի նեղութեան իւրեանց, ի վշտաց նոցա ապրեցոյց զնոսա:
Աղաղակեցին Տիրոջն իրենց նեղության մեջ, և նա ազատեց նրանց իրենց վշտերից:
Աղաղակեցին Տիրոջը ասելով արդարներին նկատի ունի, որ այնտեղ էին: Նա ազատեց նրանց իրենց վշտերից, ինչպես որ ասաց. «Ժանիքների միջից դուրս կորզեմ նրան» (Սղմ. 67:23):
20. Առաքեաց զբան իւր՝ և բժշկեաց զնոսա. և փրկեաց զնոսա յապականութենէ իւրեանց:
Առաքեց իր խոսքն ու բուժեց նրանց, փրկեց նրանց իրենց ապականությունից:
Հայրը՝ Խոսքին, ինչի մասին Հովհաննեսն սկզբում ասաց, և Աստված՝ Աստծուն, և բժշկեց նրանց քաղցն ու ծարավը, փրկեց նրանց իրենց ապականությունից՝ անմահությամբ պահելով հոգիները, որ մոտեցել էին մահվան դռներին, այսինքն՝ ապականության մեջ էին ընկել:
21. Խոստովան եղիցին Տեառն ողորմութեանց նորա, սքանչելեաց նորա որդիք մարդկան:
Թող մարդկանց որդիները գոհություն մատուցեն Տիրոջը նրա ողորմությունների և հրաշագործությունների համար:
Բոլոր բարերարությունների համար, ասում է, պետք է մարդկանց որդիները օրհնություն մատուցեն:
22. Մատուսցեն նմա պատարագ օրհնութեան. և պատմեսցեն զգործս նորա ցնծութեամբ:
Թող նրան օրհնության պատարագ մատուցեն, և ցնծությամբ նրա գործերը պատմեն:
Օրհնություն, այլ ոչ թե զոհ, որը Նոր կտակարանի օրենքն է:
23. Ոյք իջանէին ի ծով նաւովք. և առնէին զգործս ի ջուրս բազումս:
Ովքեր ծով էին իջնում նավերով և մեծ ջրերում գործեր կատարում:
Մարմնի նավով ծնվելով իջնում էին աշխարհի ծովի մեջ և գործեր կատարում՝ զանազան արվեստներ և գործեր, ինչպես որ առաքյալները՝ բազում նշաններով և հրաշագործություններով:
24. Նոքա տեսին զգործս Տեառն. և զսքանչելիս նորա ի խորս անդնդոց:
25. Ասաց՝ և յարեաւ հողմ և մրրիկ. և բարձրացան ալիք նորա:
Նրանք տեսան Տիրոջ արարքները և նրա հրաշագործություններն անդունդի խորքերում:
Հրամայեց՝ և հողմ ու մրրիկ ելան, և բարձրացան ալիքները նրա:
Հեթանոսների թագավորները [տեսան Տիրոջ արարքները], ըստ այդմ՝ չորս հողմ և չորս գազան էին ելնում մեծ:
26. Ելանէին յերկինս՝ և իջանէին յանդունդս. և անձինք նոցա յանձինս իւրեանց մաշեցան:
Մարդիկ բարձրացան երկինք ու անդունդ իջան, և նրանց հոգիները մաշվեցին իրենց ներսում:
Երկինք՝ ի պատիվ աստղերի, ու անդունդ իջան՝ ի ծառայություն ջրային կենդանիների, և նրանց հոգիները մաշվեցին իրենց ներսում՝ իրենց տարակուսանքներից, որովհետև ճշմարտությունը չգիտեին:
27. Խռովեցան, սասանեցան որպէս արբեալք. և ամենայն իմաստութիւն նոցա ընկլաւ:
Խռովվեցին նրանք, երերացին հարբածի պես, և նրանց ողջ իմաստությունը կուլ գնաց:
Ըստ օրինակի հայտնի է ծովում և նավում Աստծու հրաշագործությունները, և դրան է նմանեցնում աշխարհի փորձություններն ու խռովությունները, որ առանց Աստծու թույլատու կամքի չի լինում, քանզի սեփական կամքով են խմում հիմարեցնող գինին և թողնվում Աստծուց, ինչը որ սուրբ առաքյալները տեսան, թե կամավոր չարիքների պատճառով խռովություններ ու վշտեր են լինում աշխարհում:
28. Աղաղակեցին առ Տէր ի նեղութեան իւրեանց, ի վշտաց նոցա կեցոյց զնոսա:
Աղաղակեցին Տիրոջն իրենց նեղության մեջ, և նա փրկեց նրանց իրենց վշտերից:
Ամբողջ մարդկության փրկության համար, և նա փրկեց նրանց իրենց վշտերից՝ անհավատությամբ և մեղքով կրկնակի մեռածներին:
29. Դարձոյց զմրրիկն յօդ՝ և դադարեցին ալիք նորա. ուրախ եղեն զի դադարեցին. և առաջնորդեաց նոցա ի նաւահանգիստ կամաց իւրեանց:
Մրրիկը վերածեց խաղաղ օդի, և ալիքները դադարեցին: Նրանք ուրախացան, որ ալիքները հանդարտվեցին, և նա նրանց իրենց ուզած նավահանգիստն առաջնորդեց:
Ինչպես մի ժամանակ քնից արթնացած աշակերտներին, և ուրախացան, որ ալիքները հանդարտվեցին, և առաջնորդեց նրանց իրենց ցանկացած նավահանգիստը. գերուն՝ Երուսաղեմ, ինչպես որ նրանց գերությունը նման էր ալեկոծված ծովի, իսկ բնությանը՝ եկեղեցի առաջնորդեց, որը մեղքով ալեկոծվածների համար ճշմարիտ նավահանգիստ է:
30. Խոստովան եղիցին Տեառն ողորմութեանց նորա. սքանչելեաց նորա որդիք մարդկան:
Թող մարդկանց որդիները գոհություն մատուցեն Տիրոջը նրա ողորմությունների և հրաշագործությունների համար:
Սիմաքոսը քաջարվեստությամբ է ասում, քանզի իր ճարտարությամբ փրկեց և հանեց դժոխքից, կենդանացրեց ու կյանք շնորհեց: Չորս անգամ կրկնեց գոհությունը, և աղաղակեցին ճարտարությամբ, որ չորս ավետարանիչների միջոցով մարդկանց համար անիմանալին ցույց տվեց հասկանալի միջոցով, օրենքով, մարգարեներով և ապա՝ Ավետարանով:
31. Բարձր արասցեն զնա ի ժողովս ժողովրդոց. և յաթոռս ծերոց օրհնեսցեն զնա:
Թող պանծացնեն նրան ժողովուրդների հավաքներում, և ծերերի ատյաններում օրհնեն նրան:
Երկու անգամ է ասում ժողովը՝ հրեաների հավաքները և եկեղեցու ժողովուրդների ժողովը, ինչը ճշմարիտ է, ինչպես սրբերի սուրբը, և ծերերի ատյաններում՝ առաքյալների եկեղեցին թող օրհնեն Հիսուսին:
32. Զի դարձոյց զգետս ի ցամաք, և զգնացս ջուրց յերկիր ծարաւուտ:
Քանզի գետերը ցամաքի վերածեց, և ջրերի ընթացքը՝ ծարաված հողի:
Հրեաների ուսումը, իսկ ծարաված հողը հեթանոսներն են, որոնք օրենք չունեին, և մարգարեները, և արդ՝ երկու կտակներ կան՝ ուրախարար գետեր:
33. Արար զերկիրն պտղաբեր՝ յաղտաղտուկս, վասն չարութեան բնակչաց նոցա:
Պտղաբեր երկիրն աղուտ դարձրեց՝ նրա բնակիչների չարության դիմաց:
Երկիրը, և հրեաների սիրտը, աղուտ՝ անբույս և անպտղաբեր, ուր նախ ջրերի ընթացքն էր, սակայն բնակիչները չարիք գործեցին, և նրանց մեջ բնակվեցին նենգավոր խորհուրդները, ու դարձան աղուտ կերակուր՝ պիղծ դևերի և վայրի երեների համար:
34. Արար զանապատն ի ճահիճս ջուրց. և զերկիրն ծարաւուտ ի գնացս ջուրց:
Անապատը վերածեց ջրառատ վայրի, և ծարաված հողը՝ հոսող ջրի:
Հոգու ոռոգմամբ և հեթանոսների կողմից խոսքը հերկելու շնորհիվ անապատը ջրառատ վայրի, լճերի, ծովերի և աղբյուրների վերածեց, որը հար և պատշաճ էր հրեաների մոտ առաջնորդելու համար՝ հագեցնելով մեր ծարավը:
35. Բնակեցոյց ի նմա քաղցեալս. և շինեցին քաղաք բնակութեան իւրեանց:
Այնտեղ բնակեցրեց քաղցյալներին, որոնք իրենց համար բնակության քաղաք շինեցին:
Հոժար կամքով քաղցյալներին, որոնք երկնքում իրենց համար բնակության քաղաք շինեցին:
36. Վարեցին արտս և տնկեցին այգիս. և արարին պտուղ արմտեաց իւրեանց:
Վարեցին արտերը, այգիներ տնկեցին ու բերք աճեցրին իրենց համար:
Առաքյալները հավատացյալների մտքերը մշակելով՝ տնկեցին այգի՝ հավատացյալները ճյուղերը, իսկ Քրիստոսը՝ որթատունկը, և պտուղ տվեցին, իրենք՝ հավատացյալները, աճեցրին հարյուր, վաթսուն և երեսուն:
37. Օրհնեաց զնոսա և բազմացան յոյժ. և անասունք նոցա ոչ նուազեցան:
Օրհնեց նրանց՝ ու խիստ բազմացան, և նրանց անասունները չպակասեցին:
Օրհնեց Տերն ամեն տեսակ հոգևոր օրհնություններով, և բազմացան նրանք, որոնց անունը կենաց գրքում գրված էր, ու խիստ բազմացան, ինչպես աստղերը, և նրանց անասունները չպակասեցին: Նրանց միջի պարզամիտները նույնպես չպակասեցին բարի գործերից՝ լսելով գիտուններից, հրեաներին հայտնելով, թե ով է ցանկանում այն տանել:
38. Նուաղեցան նոքա և չարչարեցան ի նեղութէ չարեաց և ի վշտաց:
Նվազեցին նրանք ու տանջվեցին չարիքների նեղությունից ու վշտերից:
Գերությունից, նեղությունից, որոնք կրում էին բաբելոնացիների և դևերի պատճառով:
39. Եկն անարգութիւն ի վերայ իշխանաց նոցա. մոլորեցոյց զնոսա յանապատի և ոչ ի ճանապարհի:
Անարգանք թափվեց նրանց իշխանների վրա, Տերը մոլորեցրեց նրանց ճանապարհազուրկ անապատներում:
Հրեա իշխանները, որ նշանավոր էին, անարգվեցին, քահանաներն ու թագավորները, ինչպես Սեդեկիան, Եքոնիան, և հեթանոս թագավորներն ու իշխանները, որոնք մոլորվել էին կռապաշտությամբ: Արդ, հրեա թագավորներն ու իշխաններն անարգվեցին, և ոչ մի տեղ չերևացին: Մոլորեցրեց նրանց, ոչ թե Աստված է մոլորեցնում, այլ անհավատներին է թույլ տալիս, և թողնում է ու գնում է Աստծու սրբերի անկոխ [ճանապարհով]:
40. Օգնեաց տնանկին յաղքատութեան, առաջնորդեաց որպէս խաշին ազգի նոցա:
Տնանկներին օգնեց աղքատության մեջ, ոչխարների պես առաջնորդեց նրանց, որ ազգ դառնան:
Աղքատության մեջ, որ հրեան չուներ օրենքի ճրագը, իսկ հեթանոսը՝ հոգևոր բարիքների մեծ ավետիսը, Տերն օգնեց առաքյալների միջոցով: Առաջնորդեց, հովիվ կոչեց նրանց՝ ասելով, թե այլևս իմ ոչխարներն են, որ պետք է արածեցնեմ նրանց, և լսեն իմ ձայնը:
41. Տեսցեն ուղիղք, և ուրախ եղիցին. և ամենայն անօրէն խցցէ զբերան իւր:
Թող արդարները տեսնեն և ուրախանան, և բոլոր անօրենները փակեն բերաններն իրենց:
Արդարները՝ ի սկզբանե ընտրվածները, որոնց ասաց. «Երանի՜ ձեր աչքերին, որ տեսնում են» (Մատթ. 13:16): Եվ բոլոր անօրենները փակեն բերաններն իրենց, որ ոչ հավատքով արդար սիրտ ունեն և ոչ էլ բերանով խոստովանում են փրկությունը:
42. Ո՞վ է իմաստուն, որ պահեսցէ զայս. և ի միտ առցէ զողորմութիւնս Տեառն:
Ով է իմաստունն այն, որ պիտի պահպանի սա, և հասկանա ողորմությունը Տիրոջ:
Իբրև թե խորիմաց ու առակավոր են, իմաստուններից է պետք լսել և իմանալ, և լսել. «հավատարիմ և իմաստուն տնտես» (Ղուկ. 12:42), տալ հոտին Տիրոջ ողորմությունը և իշխանների՝ սրբություն պահելը. նախ նկատի ունի անձի սրբությունը, և ապա՝ արժանի բաներ մտածելը և ըստ պատշաճի գործելը:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը