23 Նոյեմբեր, Շբ
Դավթի գոհաբանական օրհնությունը: Թեև անվերնագիր է, սակայն ի դեմս Եզեկիայի է ասում, որ հուսալով Աստծուն փրկվեց ասորիներից:
1. Ո բնակեալն է յօգնութիւն Բարձրելոյն, ընդ հովանեաւ Աստուծոյ յերկինս հանգիցէ:
Ով ապրում է Բարձրյալի աջակցությամբ, երկնքում կհանգչի Աստծու հովանու տակ:
Ով մտքով Աստծու հետ է և առաքինությունների տանը, նա երկնքի պես անհասանելի է թշնամիների համար:
2. Ասասցէ Տեառն՝ ընդունելի իմ ես, ապաւեն իմ Աստուած, և ես յուսամ ի նա:
Տիրոջը կասի. «Դու ես ինձ ընդունողը, ապավեն իմ Աստված, որի վրա եմ դրել իմ հույսը»:
Նա է ընդունողը իր խնամակալության տակ:
3. Նա փրկեսցէ զիս յորոգայթէ որսողին, և ի բանիցն խռովութենէ:
Նա ինձ կփրկի որսորդի թակարդից ու խռովեցուցիչ խոսքերից:
Որսողի, որ Ադամի առջև աստվածանալու թակարդը դրեց և իր խոսքով խռովեցրեց նրան, իսկ Եզեկիային ասորեստանցու խոսքով` թե. «Ինչպե՞ս կարող է ձեր Աստվածը ձեզ իմ ձեռքից փրկել» (Բ Մնաց. 32:14):
4. Ի թիկնամէջս իւր ընկալցի զքեզ, ի հովանի թևոց նորա յուսասցիս:
Իր թիկնամեջով կպահի կպաշտպանի քեզ, և դու ապահովություն կունենաս նրա թևերի հովանու տակ:
Ինչպես Մովսեսն է ասում, թե. «Բարձրացրեց ու իր մեջքին դրեց» (Բ Օրին. 32:11), անիմանալի է Աստծու խնամքը և երկու կտակարանների զորությունը: Եվ դարձյալ՝ Հիսուսի բարձրագույն վարդապետությունը հավատքի և գործերի մասին, որ պահեց հեթանոսական ազգը: Ապահովություն կունենաս նրա թևերի հովանու տակ՝ խաչի զորության տակ:
5. Որպէս զէն շուրջ եղիցի զքև՝ ճշմարտութիւն նորա:
Նրա ճշմարտությունը որպես զենք քո շուրջը կլինի:
Ճշմարտությունը, ասում է, քեզ համար ամուր զենք կլինի. հավատն առ Աստված, և մարդկանց հանդեպ ճշմարիտ լինելը:
6. Ոչ երկիցես դու յերկիւղէ գիշերի, և ոչ ի նետէ, որ թռչի ի տուէ:
Դու չես վախենա գիշերվա զարհուրանքից և ոչ էլ ցերեկվա սլացող նետից:
Գիշերը խորհուրդներս մարտնչում են իմ դեմ և վախից զարհուրեցնում, իսկ ցերեկը՝ աչքերով և լեզվով նետեր են արձակվում կամ ուրիշներից դեպի իրեն կամ իրենից՝ ուրիշներին:
7. Յիրէ, որ շրջի ի խաւարի, ի գայթագղութենէ դիւի ի հասարակ աւուր:
Խավարում շրջող բանից, և կեսօրին դևի գայթակղությունից:
Սատանան շրջում է մեղքով և գայթակղում մարդկանց՝ խավարն իբրև ցերեկվա լույս կարծել տալով: Դարձյալ ձանձրության դևը կեսօրվա դև է կոչվում, որ այն ժամին է վրա տալիս, որ ժամին Ադամը տարակուսանքի մեջ ընկավ՝ ուտել թե չուտել Եվայի հետ:
8. Անկցին ի կողմանէ քումմէ հազարք, և բիւրք ընդ աջմէ քումմէ, որ առ քեզ ինչ ո՛չ մերձեսցին:
Քո կողքին հազարներ կընկնեն, և քո աջին՝ տասնյակ հազարներ, բայց քեզ ոչինչ չի մերձենա:
Եզեկիայի թշնամիները Երուսաղեմի աջ և ձախ կողմերում ընկան: Նաև դևերը հազարավորներով ձախ կողմում կռվում են մեղավորների հետ՝ նրանց մեղքի մեջ գցելու համար, և տասնյակ հազարներով՝ աջ կողմում՝ առաքինիներին հպարտության մեջ գցելու համար: Դարձյալ հազարավոր դևերը ձախակողմյան թշնամիներն են, իսկ տասնյակ հազարներով հրեշտակները՝ աջակողմյան օգնականներն են, ինչպես որ Եղիսեն ասաց, թե մեզ հետ ավելի շատ են քան նրանց: Նաև հազարներով ձախակողմյան չարերի հետ են կռվում, իսկ տասնյակ հազարներով ջանում են գայթակղել աջակողմյաններին: Բայց քեզ ոչինչ չի մերձենա, ինչպես Եզեկիային, Գեդեոնին, Հովհաննեսին և նրանց նման բոլոր սրբերին:
9. Բայց միայն աչօք քով հայեսցես դու, և զհատուցումն մեղաւորաց տեսցես. զի դու, Տէր, յոյս իմ ես:
Բավական է, որ քո աչքով նայես, և դու կտեսնես մեղավորների ստացած հատուցումը. քանզի դու, Տե՛ր, իմ հույսն ես:
Ինչպես որ ասորեստանցիները տեսան: Աստծու այս խոստումը սրբերին է վերաբերում, և նրանց կողմից է այս պատասխանը տրվում. քանզի դու, Տե՛ր, իմ հույսն ես, քեզ վրա է մեր հույսը, այլ ոչ թե մեր:
10. Զբարձրեալն արարեր քեզ ապաւէն. ո՛չ հասցեն առ քեզ չարք, և տանջանք մի՛ մերձեսցին ի յարկս քո:
Բարձրյալին քեզ ապավեն դարձրիր: Չարիքը չի հասնի քեզ, և տանջանքները չեն մոտենա քո տան հարկին:
Դավիթը Եզեկիային է ասում. չարիքը չի հասնի քեզ, ինչպես Հոբի դեպքում չկարողացան ոչինչ անել, մինչև թույլ չտրվեց, ինչպես նաև հոգու դեպքում, որ չտրվեց իշխանություն՝ ասելով. «Կյանքը նրա կպահես» (Հոբ. 2:6):
11. Հրեշտակաց իւրոց պատուիրեալ է վասն քո, պահել զքեզ յամենայն ճանապարհս քո:
Իր հրեշտակներին հրամայված է քո մասին, որ պահպանեն քեզ քո բոլոր ճանապարհներին:
Ինչպես որ այլ տեղում է ասում. «Տիրոջ հրեշտակների բանակն իր երկյուղածների շուրջն է» (Սղմ. 33:8), քանզի կարևոր հոգիներ են, որոնք ուղարկված են սպասավորության համար, ինչպես Աբրահամն ու Հակոբը ասացին:
12. Ի բազուկս իւրեանց ընկալցին զքեզ. զի մի՛ երբէք հարցես զքարի զոտն քո:
Իրենց բազուկների վրա պիտի վերցնեն քեզ, որ երբեք ոտքդ քարի չխփես:
Բազուկների վրա՝ իրենց զորության, որ երբեք ոտքդ քարի չխփես, այսինքն՝ չկարողանան գայթակղել:
13. Ի վերայ իժից և քարբից գնասցես դու. և առ ոտն կոխեսցես զառիւծն և զվիշապն:
Դու կքայլես իժերի ու քարբերի վրայով, ոտքով կկոխոտես առյուծին ու վիշապին:
Սատանան Փրկչին ասաց. «Իր հրեշտակներին պատվիրված է քո մասին» (Մատթ. 4:6)՝ հազարավոր դևեր ունենալով իբրև աջակողմյան հրեշտակներ, որպեսզի հպարտության մեջ գցելով նրան ցած նետի աշտարակից: Սակայն նա խոնարհությամբ պատասխանեց, քանզի դա է հպարտության դեմ զենքը, որով ընկավ ինքը և իր նման հազարավորները: Թեև Դավթի կողմից ասված այս խոսքերը ոչ թե Տիրոջն էին վերաբերվում, այլ՝ արդարներին, և չասաց, թե իժերի վրա կկոխոտես, այլ գնաց և կոխոտեց և ոտի կոխան արեց առաքյալների համար: Իժ դառնությանն է ասում՝ թագավորական ինքնիշխան բանականությանը, առյուծ՝ խրոխտանալուն, վիշապ, որ սպանում է չարության թույնով: Իժը արքայօձն է, ասում են, թե թռչուն է, և նույնիսկ իր աչքով սպանում է, ինչպես սատանան՝ զգայարանների միջոցով: Քարբ, որ թովիչներին չի հնազանդվում: Իժ է դևը, որ զգայարանների միջոցով է նենգում, իսկ քարբ, որ չի թողնում զղջալ, առյուծ, որ [իշխում էր] մահվան վրա, վիշապ, որ հոգիները դժոխքում էր պահում, որի վրա կոխոտեց բոլորի Տերը:
14. Քանզի յիս յուսացաւ, և փրկեցից զնա. հովանի եղէց նմա, զի ծանեաւ զանուն իմ:
Քանի որ հույսն ինձ վրա դրեց, ես կփրկեմ նրան, նրան հովանի կլինեմ, քանզի անունս ճանաչեց:
Աստված է այսպես ասում Եզեկիայի մասին և մեր բնության: Քանզի անունս ճանաչեց, որ Հիսուսն Աստված է, և որ փրկում է, Հոգին՝ հովանի է լինում, իսկ Հայրը գթում է:
15. Կարդասցէ առ իս՝ և ես լուայց նմա. և առ նմա եղէց ի նեղութիւն:
Ինձ ձայն կտա՝ ու կլսեմ նրան, և նրա հետ կլինեմ նեղության մեջ:
Ինձ ձայն կտա՝ փորձության մեջ ընկնելով, և նրա հետ կլինեմ Երուսաղեմի պաշարման և վշտերի ժամանակ:
16. Փրկեցից և փառաւոր արարից զնա. երկայն աւուրբք լցուցից նմա զփրկութիւն իմ:
Կփրկեմ ու կփառավորեմ նրան: Բազում օրերով նրան կլիացնեմ ու ցույց կտամ նրան իմ փրկությունը:
Ասորեստանցիներից և մահվանից, կփառավորեմ նրան, այսինքն՝ արեգակի պես դարձնելով [ցույց կտամ նրան] իմ փրկությունը: Բազում օրերով նրան կլիացնեմ. տասնհինգ տարի՝ Եզեկիային, իսկ մեր բնությանը՝ անմահության հույսով:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը