Օրհնության սաղմոս Դավթի
Նույն իմաստն ունի՝ Քրիստոսի առաջին և երկրորդ հայտնության:
1. Օրհնեցէ՛ք զՏէր յօրհնութիւն նոր, զի սքանչելիս արար:
Օրհնեցե՛ք Տիրոջը նոր օրհներգով, քանզի սքանչելագործություններ արեց նա:
Որովհետև հինն անցավ և ամեն ինչ նոր եղավ, քանզի սքանչելագործություններ արեց, նոր իրադարձություններ Եգիպտոսում, և մարդ լինելը, երբ շրջում են արարածներն այլ կերպարանքով:
2. Փրկեաց զնա աջ իւր, և բազուկ սուրբ իւր:
Իր աջն ու իր սուրբ բազուկը փրկեցին նրան:
Օգնության կարիք չունեցավ: Խնամակալությունն է աջ կոչում, իսկ բազուկ՝ զորությունը:
3. Եցոյց Տէր զփրկութիւն իւր, առաջի ազգաց յայտնեաց զարդարութիւն իւր:
Տերը ցույց տվեց իրենից եկող փրկությունը, ազգերի առջև հայտնեց իր արդարությունը:
Միջօրեին խաչը ելավ, և տիեզերքն իմացավ լուսատուների խավարմամբ:
4. Յիշեաց ողորմութեամբ իւրով զՅակովբ, ճշմարտութեամբ իւրով զտունն Իսրայէլի. և տեսին ամենայն ծագք երկրի զփրկութիւն Աստուծոյ մերոյ:
Իր ողորմությամբ հիշեց Հակոբին, իր ճշմարտությամբ՝ տունն Իսրայելի. և երկրի բոլոր ծայրերը տեսան մեր Աստծու փրկությունը:
Հակոբին, որ ուխտ էր արել նահապետներին՝ նրանց զավակի միջոցով օրհնել բոլոր ազգերին, և երկրի բոլոր ծայրերը տեսան, իմացան, որ Աստված է, որ ստեղծեց մեզ և փրկեց:
5. Աղաղակեցէ՛ք առ Տէր ամենայն երկիր. օրհնեցէ՛ք և սաղմոս ասացէք:
Աղաղակեցե՛ք Տիրոջ առջև, ո՛ղջ երկիր. օրհնեցե՛ք, ցնծացե՛ք ու սաղմո՛ս երգեք:
Աղաղակեցե՛ք, փրկությունն այս, որ իմացաք, ասե՛ք նրանց, ովքեր չգիտեն, օրհնեցե՛ք, քանզի դա բավական է մարդկանց՝ հատուցել Աստծուն:
6. Սաղմո՛ս ասացէք Աստուծոյ մերում օրհնութեամբ, օրհնութեամբ և ի ձայն սաղմոսաց:
Սաղմո՛ս երգեցե՛ք մեր Աստծուն օրհնությամբ, օրհնությամբ ու սաղմոսերգությամբ:
Ձայնով սաղմոս ասացե՛ք, օրհնությամբ, և այն կրկնում է՝ հոգով ու մարմնով օրհնություն տալու համար:
7. Ի ձայն օրհնութեան կռածոյ փողոյ, օրհնութեամբ ցնծութեամբ և ի ձայն եղջեր փողոյ. և աղաղակեցէ՛ք առաջի թագաւորին Տեառն:
Կոփածո շեփորի օրհնության ձայնով, օրհնությամբ, ցնծությամբ ու եղջերափողի ձայնով աղաղակեցե՛ք Տիրոջը՝ թագավորի առջև:
Կոփածո՝ արծաթի և պղնձի խառնուրդով և եղջերափողի ձայնով, եզան եղջյուրի, ինչ աննյութ բան Սինայում լսեցին, նյութի վերածեցին՝ իրենց ուրախությունը հրապարակայնորեն հայտնելով, ինչպես որ այստեղ է պատվիրում: Մենք էլ հոգով և մտքով, ինչպես կոփածո, անձը՝ ճգնությամբ և միտքը՝ իմաստությամբ ձուլելով և մարմնով, ինչպես եղջյուր՝ զորանալով և հաղթելով մարմնի կարիքներին, և այդպես աղաղակում ենք մեր թագավորի՝ Հիսուսի առջև:
8. Խռովեսցի ծով լրիւ իւրով, տիեզերք և ամենայն բնակիչք նորա, և գետք ծափս հարցեն ի միասին ձեռամբ:
Թող խռովվի ծովն իր լրությամբ, տիեզերքն իր ամբողջ բնակիչներով: Եվ գետերը թող ծափ տան միասին իրենց ձեռքերով:
Որ ծովում և ցամաքում խառն են բանականների մարմիններն ու ոսկորները, հուզվում են և խռովվում՝ դուրս տալով նրանց, և բոլոր բնակիչները՝ գազաններ, անասուններ, թռչուններ հալելու են հրով և զատվելու են մարդկային մարմինները: Եվ գետերը թող ծափ տան, ասում է այնպես, ինչը ծանոթ է մեզ՝ ձեռքերի միջոցով ցույց տալով: Նաև մարգարեներն ու առաքյալները, Հին ու Նոր Կտակարանները միաձայն հաստատում են, ոչ թե միմյանցից հեռու, այլ նույն հոգով, որ Աստծու ձեռք է կոչվում:
9. Լերինք ցնծասցեն առաջի Տեառն, զի գայ և հասեալ է Տէր ի դատել զերկիր:
Ու լեռները ցնծան Տիրոջ առջև, քանզի Տերը եկել հասել է՝ երկիրը դատելու:
Լեռները ցնծան, քանզի ապականությունները հալել ու սրբվել են ինչպես դրախտում նորոգված: Լեռները ցնծան, հատկապես որտեղ եկեղեցիներ են ու խաչեր և խաչազգեստ կրոնավորներ: Ցնծան, քանզի Աստծու շնորհներն առավել փայլում են այդպիսի լեռների և դաշտերի վրա: Նաև լեռները հրեշտակներն են և սուրբ մարդիկ, քանզի ահա եկել հասել է դատելու երկիրը, հասել է երկիրը դատելու ժամանակը: Երկու բան է դատելու՝ հոգին և մարմինը կամ՝ դևերին և մարդկանց: Նաև նրանք, ովքեր երկիր ընկան մեղքով և սիրեցին այն:
10. Դատի զաշխարհս արդարութեամբ, և զժողովուրդս իւր ուղղութեամբ:
Նա պիտի դատի աշխարհն արդարությամբ, և իր ժողովրդին ճշմարտությամբ:
Ինչպես որ ասաց, թե աշխարհ սիրողները չարից են, իսկ սրբերն աշխարհից չեն, այլ բնությամբ հասարակ, օրենքով և Ավետարանով, որոնք ժողովուրդ կոչվեցին՝ որպես ուղղիչ ունենալով լարն ու կանոնը:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը