Դավթի խոստովանության սաղմոսը:
Նույն բնույթն ունի. ուսուցանում է, թե ինչպիսի աղոթքով պետք է կանգնել Աստծու առաջ, և նոր [ուխտի] խորհուրդն ունի:
1. Աղաղակեցէ՛ք առ Տէր, ամենայն երկիր. ծառայեցէ՛ք Տեառն ուրախութեամբ:
Աղաղակեցե՛ք Տիրոջ առջև, երկրի բոլոր բնակիչներ, ծառայեցե՛ք Տիրոջն ուրախությամբ:
Միայն Հիսուսի՛ն ծառայեք, քանզի նախատելի կուռքերից ազատվեցիք: Ուրախությամբ ծառայելը ցույց է տալիս ազատությունը և որդու կարգավիճակը:
2. Մտէ՛ք առաջի նորա ցնծութեամբ. ծաներո՛ւք, զի նա է Տէր Աստուած մեր:
Նրա առջև՛ ելեք ցնծությամբ. իմացեք, որ նա է Տեր Աստվածը մեր:
Պարզ սրտով, այլ ոչ թե մեղքի խղճմտանքով: Իմացեք, որ ձեր նախկին [գործած մեղքերին] նույնպես թողություն է տալիս, երբ չգիտեիք:
3. Նա արար զմեզ, և ո՛չ մեք էաք, մեք ժողովուրդք և խաշն արօտի նորա:
Նա ստեղծեց մեզ, և ոչ թե մենք եղանք. նրա ժողովուրդն ենք մենք ու ոչխարները նրա արոտի:
Ստում են նրանք, ովքեր ասում են, թե ինքնագո են, գոյություն չունեինք, և նրա միջոցով եղանք, նաև՝լավ չէինք, նա մեզ դարձրեց իր մարմինն ու անդամները: Նրա ժողովուրդն ենք մենք՝ նրա շուրջ հավաքված, և ոչխարները, քանզի ոչ միայն մեր Աստվածն է, այլև՝ քաջ հովիվը, որ «իր կյանքը տվեց մեզ համար» (Ա Հովհ. 3:16):
4. Մտէ՛ք ընդ դրունս նորա խոստովանութեամբ, և օրհնութեամբ ի յարկս նորա:
Մտե՛ք նրա դռներով խոստովանությամբ, և մտեք նրա սրահները՝ օրհնությամբ:
Եկեղեցին վերնային դուռն է, նրա դռներն են նաև հավատը, հույսը, սերը և բոլոր առաքինությունները՝ կուսություն, կրոնավորություն, քահանայություն, նաև ինչպես Քրիստոս կանոն ու սահմանն է, այդպես մտեք, քանզի նեղ է: Խոստովանությամբ և օրհնությամբ մտեք նրա սրահները. խոստովանել դռան մոտ և մտնել օրհնությամբ նրա սրահները, որտեղ Հոր տան օթևաններն են:
5. Խոստովան եղերուք Տեառն, և օրհնեցէ՛ք զանուն նորա:
Գոհությո՛ւն մատուցեք Տիրոջն ու օրհնեցե՛ք անունը նրա:
Ոչ թե չաստվածներին ու կուռքերին, այլ նրա՛ն օրհնեցեք: Եվ անուն է ասում, քանի որ բնությունն անհասանելի է:
6. Քաղցր է Տէր, յաւիտեան է ողորմութիւն նորա. ազգէ մինչև յազգ է ճշմարտութիւն նորա:
Քաղցր է Տերը, նրա ողորմությունը հավերժ է, նրա ճշմարտությունը՝ սերնդից սերունդ:
Մի՛ զարհուրեք, քանզի հավիտյան է ողորմությունը նրա, ողորմությամբ ստեղծեց աշխարհը: Նրա ճշմարտությունը սերնդից սերունդ է. Եգիպտոսից մինչև Բաբելոնից ելնելը, նաև՝ մարդկային վարքից մինչև հրեշտակների ճշմարտություն, որտեղ ոչ կին են առնում և ոչ էլ մարդի գնում:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը