23 Նոյեմբեր, Շբ
Ի կատարած Սաղմոս Դավթի
Երանելի Դավիթն այս ասաց, երբ Ռափսակը պաշարել էր Երուսաղեմը և հայհոյում էր Եզեկիային և երբ նա այդ հրովարտակները վերցրեց գնաց Տիրոջ տուն և ցույց տվեց Տիրոջը: Դարձյալ Դավիթն աղոթում է Սողոմոնի համար: Սա նաև քրիստոնյա բոլոր աստվածապաշտ թագավորների աղոթքն է: Առաքյալներն էլ եկեղեցու համար աղոթում էին որպես թագավորի:
1. Լուիցէ քեզ Տէր յաւուր անձկութեան. օգնական եղիցի քեզ անուն Աստուծոյ Յակոբայ:
Անձկության օրը կլսի քեզ Տերը, և օգնական կլինի քեզ Հակոբի Աստծու անունը:
Այս խոսքերը վերաբերվում են Եզեկիային, ինչպես նաև Սողոմոնին, երբ Նաբատի որդին ապստամբեց նրա դեմ: Նաև Սուրբ Եկեղեցուն, որ հալածվում է չար թագավորների կողմից՝ օգնական ունենալով Աստծո՝ Հիսուս Քրիստոսի անունը:
2. Առաքեսցէ քեզ Տէր օգնութիւն ի սրբութենէ իւրմէ. և ի Սիովնէ ընկալցի զքեզ:
Տերն իր սուրբ Սիոնից քեզ օգնություն կուղարկի և կընդունի քեզ:
Տաճարից կուղարկի Եզեկիային, իսկ եկեղեցուն՝ վերից: Եվ կընդունի քեզ իր խնամակալ գրկի մեջ:
3. Յիշեսցէ Տէր զամենայն պատարագս քո. և զուխտս քո ընդունելի արասցէ:
Թող հիշի Տերը քո բոլոր ընծաները և ողջակեզներդ ընդունելի թող համարի:
Նկատի ունի Եզեկիային և Սողոմոնին, ինչպես նաև եկեղեցու՝ բանական պատարագը, նահատակների արյունները և այն ուխտը, որն ավազանով կնքեցին: Եվ ընծաներ մատուցողները պետք է զգուշանան, որպեսզի արժանաբար նվիրաբերեն և ուխտ կնքեն:
4. Տացէ քեզ Տէր ըստ սրտի քում, և զամենայն խորհուրդս քո նա կատարեսցէ:
Տերը քեզ կտա, ինչ որ ուզի քո սիրտը, և քո բոլոր մտադրությունները նա կկատարի:
Նրանցը հայտնի է, ամեն ինչ երկրավոր է, իսկ եկեղեցին խնդրում է Աստծո արքայությունը և նրա արդարությունը:
5. Ցնծասցուք մեք ի փրկութեան քում. յանուն Աստուծոյ մերոյ՝ մեք մեծք եղիցուք:
Մենք կցնծանք քո փրկությամբ, Աստծո անունով մենք կմեծարվենք:
Կցնծան Երուսաղեմը և ժողովուրդն իրենց թագավորներով, իսկ մենք կցնծանք, որովհետև փրկվեցինք Քրիստոսի մահվան շնորհիվ և կոչվեցինք քրիստոնյաներ ու նոր Իսրայել:
6. Լցուսցէ Տէր զամենայն խնդրուածս քո. այժմ ծանեաք, զի կեցոյց Տէր զօծեալ իւր:
Տերը կկատարի քո բոլոր խնդրանքները: Այժմ հասկացանք, որ Տերը փրկեց իր օծյալին:
Տեսնել Քրիստոսին մեզ հետ հաշտված: Այժմ հասկացանք. երբ հավատացին Կոստանդիանոսն ու Տրդատը, նրանց հետ նաև օծված քրիստոնյաներին փրկեց:
7. Լուաւ սմա յերկնից ի սրբութենէ իւրմէ. ի զօրութիւն փրկութեան աջոյ իւրոյ:
Նա կլսի նրան իր սուրբ երկնքից իր փրկարար աջի զորությամբ:
Լսեց Եզեկիային, Զորաբաբելին և Կոստանդիանոսին: Աջի զորությամբ՝ ցույց տալով խաչը, թե սրանով կհաղթես:
8. Սոքա կառօք և սոքա երիվարօք, այլ մեք զանուն Տեառն Աստուծոյ մերոյ կարդասցուք:
Ոմանց աչքերը ռազմակառքերին է, ուրիշներինը՝ երիվարներինը: Իսկ մենք մեր Աստծո անունն ենք կանչում:
Ինչպես որ Սենեքերիմինը և Գոգինն էին, ինչպես նաև Կոստանդիանոսի ու Տրդատի թշնամիներինը և կախարդների ու մեհjաններում գտնվող դևերինը, որոնց մենք Հիսուսի անվամբ սաստում ենք:
9. Սոքա խափանեցան և անկան. մեք յարեաք և ուղիղք եղաք:
Նրանք կործանվեցին ու ընկան, իսկ մենք ոտքի կանգնեցինք և ուղղվեցինք:
Մենք ոտքի կանգնեցինք անհավատության գլորումից և ուղղվեցինք, քանզի ուղիղ է մեր Տեր Աստվածը:
10. Տէր կեցո՛ զթագաւորն, և լուր մեզ, յաւուր յորում կարդասցուք առ քեզ:
Տե՛ր, պահպանի՛ր թագավորին և լսի՛ր մեզ այն օրը, երբ ձայն տանք քեզ:
Եկեղեցուն՝ հարությամբ: Այն օրը. դա հատուցման օրն է, քանզի ով կանչի Տիրոջ անունը՝ իր բարի գործերով, փրկվելու է:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը