23 Նոյեմբեր, Շբ
Այսուհետև անցած ժամանակների մասին ուսանելու համար. այն ժամանակ, երբ նա հրի մատնեց Միջագետքն ու Սոբողի Ասորեստանը, իսկ ետ դառնալիս Հովաբն Աղի ձորում կոտորեց տասներկու հազար մարդ: Արձանագիր սաղմոս Դավթի: Այս պատմությունը Երրորդ Թագավորությունն է պարունակում: Ըստ Բարսեղի՝ այնտեղ հայտնապես այսպես չէ, սակայն բնույթը նույնն է, այսինքն՝ խորհրդանշում է հրեաների գերությունը Բաբելոն: Նաև մեր բնության Դրախտից վտարվելու մասին է: Ինչպես նաև, երբ Դավիթը գնում էր Անքուսի մոտ, թվում էր, թե դժոխք է իջնում, և մարգարեանում էր Տիրոջ չարչարանքների ու դժոխք իջնելու մասին՝ ասելով.
1. Աստուած մերժեցեր և աւերեցեր զմեզ. Բարկացար, և գթասցից ի մեզ:
Աստվա՛ծ, մեզ լքեցիր ու քարուքանդ արիր, բարկացար, բայց պիտի գթաս մեզ:
Դրախտում մեղանչելու մասին է ասում, իսկ հրեաներին՝ Երուսաղեմում: Քարուքանդ արիր մեր բնությունը՝ ասելով. «Հող էիր և հող էլ կդառնաս» (Ծննդ. 3:19), ինչպես նաև [քանդեցիր] հրեաների տաճարը, քաղաքն ու գավառները: Բարկացար, բայց պիտի գթաս մեզ. երբ դևերի վրա ես բարկանում, սակայն դու՝ Բարձյալ, գթացիր Միածնի գալստյամբ:
2. Շարժեցեր զերկիր, և խռովեցուցեր զսա. բժշկեա՝ զհարուածս սորա, զի սասանեցաւ:
Ցնցեցիր երկիրն ու խռովության մատնեցիր այն, բուժի՛ր նրա ստացած հարվածներից, քանզի նա սասանվեց:
Երբ փախչում էր Անքուստի մոտ, թվում էր, թե երկիրը ցնցվում է ոտքերի տակ, սակայն չցնցվեց մինչև խաչելությունը: Նաև երբ Ադամն այս երկիր եկավ, որին հնազանդվեցին արարածները, ցնցվեցին մարդկանց զանազան հանցանքների պատճառով: Իսկ Միջագետքն ու Երուսաղեմը ցնցվեցին ավերվելով: Բժշկի՛ր բնությունս ստացած հարվածներից՝ Միջագետքի և Երուսաղեմի:
3. Ցուցեր ժողովրդեան քում խստութիւն. և ետուր ըմպել մեզ գինի յիմարութեան:
Քո ժողովրդին խստություն ցույց տվիր և մեզ թմրության գինի խմեցրիր:
Խիստ բարկությունդ ցույց տվեցիր ասորիներին և մարդկանց, բայց դու բարի ես բնությամբ և մեզ բարկության բաժակը տվեցիր, որից թմրելով տարակուսանքի մեջ են ընկնում, որպեսզի չգտնեն փրկության հնար և կամ միջոց: Իսկ մենք որպես հարբածներ, ոչինչ չենք գրում Տիրոջ մահվան համար, որով արբենում ենք Տիրոջ սիրով իբրև հիմարներ կամ որպես քո կենսատու արյան խորհրդանիշ՝ [արբենում ենք] զղջման և ափսոսանքի գինով:
4. Ետուր երկիւղածաց քոց նշան, զի ապրեսցին յերեսաց աղեղան:
Երկյուղածներիդ նշան դու տվիր, որ փրկություն գտնեն աղեղից:
Նոյին՝ ամպի աղեղ (այսինքն՝ ծիածան), ամպը մարգարեներն են, աղեղը՝ Քրիստոսը, որին տեսնելով փրկվեցին երկյուղածները: Նորից՝ երկյուղածներիդ նշան դու տվեցիր. Եղիսեի միջոցով կուրացան, իսկ Եզեկիայի միջոցով հարվածներ հասցրեցիր ասորիներին, քանզի դու կործանեցիր, ասում է, Միջագետքն ու ասորիներին, այլ ոչ թե մենք: Նաև՝ խաչի՝ Աստծո անապական սիրո նշանը, որի շնորհիվ երկյուղածները փրկվում են Աստծո բարկությունից, որ «սուրն իր սրած է և աղեղն իր՝ լարած» (Սաղմ. 7:13):
5. Որպէս փրկեցան սիրելիք քո, կեցո՛ աջով քո, և լո՛ւր մեզ:
Ինչպես որ քո սիրելիները փրկվեցին, այնպես էլ քո աջով պահպանի՛ր և լսի՛ր մեզ:
Այսինքն՝ նշանով, քանզի այս էր նշանը, որով Նոյը, Աբրահամը, Իսահակը, Հակոբը, Մովսեսը որպես նշան իրենց ճակատներն էին զարդարում. Եգիպտոսի գառան արյունը, անապատի օձը, Գեդեոնի բուրդը, Դանիելի երազ մեկնելը և նմանատիպ այլ բաներ: Քո աջով պահպանիր, որը Քրիստոսն է՝ հայրական աջը:
6. Աստուած խօսեցաւ ի սրբութենէ իւրմէ. [Ցնծացայց], բարձր եղէց՝ բաժանեցայց զՍիւքէմ, և զհովիտսն Յարկաց չափեցից:
Աստված խոսեց իր սրբարանից. «Ես պիտի ցնծամ ու բարձրանալով՝ բաժանեմ Սյուքեմը և Վրանների հովիտը չափեմ»:
Խոսեց իր սրբարանից՝ մարգարեական հոգով: Ես պիտի ցնծամ ու բարձրանամ, սա ցնծությամբ խաչ բարձրանալն է: Նաև խաչն իսկ Աստծու սրբությունն է, որի շնորհիվ սրբեց մեր մեղքերը, որտեղից խոսեց Հոր հետ. «Էլի՜, Էլի՜» ասելով, ինչպես նաև ավազակի, Հովհաննեսի և մոր հետ: Պիտի ցնծամ՝ մեռելներից հարություն առնելով և բարձրանալով՝ երկինք համբարձվեմ: Բաժանեմ. վերադարձնելով Հովսեփի ժառանգությունը և բաժանելով տասներկու ցեղերի միջև: Եվ վրանների հովիտը չափեմ. Հովսեփի վրանների տեղը չափով տալու: Ինչպես նաև աշխարհը՝ քարոզիչներին, որպեսզի տրտմության հովիտը վերափոխվի շուշանների հովտի:
7. Իմ է Գաղայադ, և իմ է Մանասէ, Եփրեմ հզօրիչ գլխոյ իմոյ:
Իմն է Գաղաադն ու իմն է Մանասեն, Եփրեմն իմ գլխի սաղավարտն է:
Զորաբաբելն է այսպես ասում Հովսեփի որդիների համար, քանզի Գաղաադ երկիրը Մանասեի ցեղինն էր՝ Հուդայի ցեղից, որ մի ժամանակ ապստամբեցին: Եփրեմն իմ գլխի սաղավարտն է. վերադարձի ժամանակ պահպանում է Հուդայի ցեղի թագավորի գլուխը: Նաև Սիմեոն Կանանացին է Եփրեմյան, և առաջին հավատացյալները հիմնականում եփրեմական և մանասեական էին կոչվում:
8. Յուդայ թագաւոր իմ. Մովաբ աւազան յուսոյ իմոյ:
Հուդան թագավորս է, Մովաբը՝ հույսիս ավազանը:
Տասներկու ցեղերն են այսպես ասում, ինչպես նաև բոլոր ազգերը՝ Քրիստոսի համար, քանզի երկրպագեց, ասում է, Հուդան: Մովաբը՝ հույսիս ավազանը, ասորականում այսպես է՝ հետ է մնում ջուր հանելուց, որտեղ ոտքերն են լվանում, ինչպես որ մեկն ասում է. «Մովաբը՝ իմ ոտքերը լվանալու ավազանը», սպառնում է գերին իր թշնամի Մովաբին այդպես ոտքի կոխան դարձնել և ոտքերը լվանալ նրանց արյան մեջ:
9. Յեդովմէ ուղղեցից զգնացս իմ. և ինձ այլազգիք հնազանդ եղեն:
Դեպի Եդոմե պիտի ուղղեմ երթն իմ, քանզի այլազգիներն ինձ հնազանդվեցին:
Եվ նրանք Իսրայելի թշնամիներն էին, ըստ այդմ էլ գերին սպառնում է գալ, ինչպես որ եբրայական [թարգմանության մեջ է] ասվում, թե Եդոմում կարձակեմ կոշիկներս, այսինքն՝ որպեսզի ողկույզի պես տրորեմ նրան, և որպեսզի այլազգիները տեսնեն ու հնազանդվեն: Իսկ Մովաբը իմ Հորից է, ասում է, քանզի Աստծո Հոր շնորհիվ է այս գթությունը, որ մեր գլուխը մեր ուսերի վրա է, աչքեր, որոնց արտասուքներով ավազանի շնորհն ունենք: Եվ Տերն էլ Եդոմում՝ այս հողեղեն աշխարհում, արձակեց իր կոշիկները. մեկը ՝ մահվան վրա, մյուսը՝ դժոխքի, մարմինը մահվան վրա, քանզի ապականություն չտեսավ, իսկ հոգին՝ դժոխքի, քանզի չթողեց այնտեղ, և ազգերը հնազանդվեցին նրան:
10. Ո՞ տարցէ զիս ի քաղաք ամուր. կամ ո՞ առաջնորդեսցէ ինձ մինչև յԵդոմէ:
Ո՞վ ինձ կտանի բերդաքաղաք, կամ ո՞վ ինձ կառաջնորդի մինչև Եդոմե:
Տրորելու նրան. կամ մահը՝ Տիրոջ հողեղեն մարմնին: Բերդաքաղաք. գերուն՝ Երուսաղեմ, և մեր բնությանը՝ վերին քաղաք և Դրախտ:
11. Եթէ ոչ դու, Աստուած, որ մերժեցեր զմեզ և ո՛չ ելեր, Աստուած, ընդ զօրս մեր:
Եթե ոչ դու, Աստվա՛ծ, որ լքեցիր մեզ և մեր զորքերի հետ չելար, Աստվա՛ծ:
Նորից, Քրիստոսն է մահվան դեմ պարսպված քաղաքը: Մահն է ասում, թե ո՞վ կտիրի քեզ, եթե դու չցանկանաս, ինչպես մի ժամանակ չընդունեցիր Ենովքին և Եղիային: Եվ մեր զորքերի հետ չելար՝ հեռացնելու նրանց, այլ որքան դու ես ցանկանում, այդքան է տիրում քեզ մահը, ըստ քո հրամանի, հնազանդեցնենք, ասում է, մահն ու դժոխքը, որ թագավորեցին Ադամից մինչև քո ժամանակը:
12. Տո՛ւր մեզ օգնութիւն ի նեղութեան, զի ընդունայն է փրկութիւն մարդոյ:
Նեղության մեջ օգնություն ցույց տո՛ւր մեզ, քանզի ունայն է փրկությունը մարդու:
Մեր բնությունն է այդպես ասում և գերին: Նաև նեղության մեջ հատուկ է Աստծուն հրաշագործություններ կատարել, որից օգուտ են քաղում մարդիկ: Քանզի ունայն է մարդու փրկությունը. փորձը ցույց տվեց, որ չէին կարող [փրկվել] մինչև Տիրոջ գալուստը:
13. Աստուծով արասցուք զօրութիւն, և նա արհամարհեսցէ զայնոսիկ, որ նեղեն զմեզ:
Աստծով քաջություն կգործենք, և նա կարհամարհի մեզ նեղողներին:
Թեև մարդիկ ինչ-որ բաներ են անում, Աստծով են այնում, այլ ոչ թե իրենց անձերով, ինչպես Մովսեսը, Եղիան, և առաքյալներն արեցին հանուն Քրիստոսի: Եվ նա կարհամարհի դևերին, քաղդեացիներին:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը