30 Դեկտեմբեր, Բշ, Սուրբ Ծննդյան պահքի Ա օր

Սատանան անզոր է

- Հա՛յր, մտածում եմ, որ սատանան մեծ ուժի է տիրապետում, հատկապես մեր օրերում:

- Սատանան ոչ թե ուժի է տիրապետում, այլ՝ չարության ու ատելության: Աստծո սերն է ամենակարող: Սատանան իրեն ամենակարող է ձևացնում, բայց դա նրա ուժերից վեր է: Թվում է, թե նա ուժեղ է, բայց իրականում լիովին անզոր է: Նրա կործանարար ծրագրերից շատերն ի չիք են դառնում՝ դեռևս չսկսված: Մի՞թե շատ լավ ու բարի հայրը թույլ կտար, որ ինչ-որ թափթփուկ ծեծեր իր երեխաներին:

- Իսկ ես վախենում եմ դևերից, Հա՛յր:

- Ինչո՞ւ ես վախենում: Նրանք ոչ մի ուժ չունեն: Քրիստոսն է ամենակարող, իսկ սատանան ամենաիսկական նեխուկ է: Մի՞թե խաչ չես կրում: Չարի զենքը ուժ չունի: Քրիստոս զինեց մեզ Իր Խաչով: Թշնամին միայն այն ժամանակ ուժ ունի, երբ ինքներս ենք վայր դնում մեր հոգևոր զենքը: Մի անգամ, մի ուղղափառ հոգևորական, մոգությամբ զբաղվող մի կախարդի, մի փոքրիկ խաչ ցույց տվեց և մոգության միջոցով կանչված դևը սարսռաց դրանից:

- Իսկ նա ինչո՞ւ է այդքան վախենում Խաչից:

- Որովհետև, երբ Քրիստոս տարավ բոլոր տանջանքներն ու անարգանքը, այդժամ սատանայի իշխանությունն ու թագավորությունը կործանվեցին: Ի՜նչ զարմանալի կերպով Քրիստոս հաղթանակ տարավ նրա հանդեպ: Մի սուրբ ասում է. «Սատանայի իշխանությունը գավազանով ջախջախվեց»: Այսինքն սատանայի իշխանությունն այն ժամանակ կործանվեց, երբ գավազանի վերջին հարվածը հասցվեց Քրիստոսի գլխին: Նշանակում է, համբերությունն է սատանայի դեմ հոգևոր պաշտպանական միջոցը, իսկ խոնարհությունը՝ ուժեղագույն զենքը նրա դեմ: Սատանայի կործանումն ամենաբուժիչ բալասանն է, որ Քրիստոս թափեց խաչի վրա զոհաբերության ժամանակ: Քրիստոսի խաչելությունից հետո սատանան կարծես թույնից զուրկ օձ լինի, անատամ շուն: Սատանայի թունավոր ուժը վերցվել է նրանից, իսկ շների, այսինքն դևերի ատամներն են դուրս քաշվել: Նրանք այժմ անզեն են, իսկ մենք Խաչով ենք զինված: Եթե մենք դևերին իրավունք չտանք, ապա նրանք ոչինչ չեն կարող անել Աստծո արարածին: Միայն կարող են աղմկել ու անկարգություններ անել, իշխանություն չունեն:

Մի անգամ, երբ Պատվական Խաչի խցում էի ապրում, մի հիանալի գիշերային հսկում անցկացրեցի: Գիշերը բազմաթիվ դևեր հավաքվեցին ձեղնահարկում: Նախ ծանր մուրճերով էին հարվածում ինչ-որ բանի, հետո սկսեցին աղմկել, կարծես ծառի կոճղեր էին գլորում ձեղնահարկում: Ես խաչակնքում էի առաստաղն ու «Տեր Քո Խաչին ենք երկրպագում…»* երգում: Երբ շարականը վերջացնում էի, նրանք կրկին սկսում էին կոճղերը գլորել: «Հիմա երկու դասի կբաժանվենք,- ասացի նրանց,- դուք վերևում կոճղեր գլորեք, իսկ ես ներքևում կերգեմ»: Երբ սկսում էի երգել՝ նրանք դադար էին առնում: Մե՛կ «Խաչին Քո…» էի երգում, մե՛կ՝ «Տեր, Քո Խաչը տվեցիր մեզ, որպես զենք սատանայի դեմ…»**: Մի բերկրալի գիշեր անցկացրեցի սաղմոսերգության մեջ: Հենց դադարում էի երգել, նրանք էին շարունակում զվարճացնել ինձ: Եվ ի՜նչ մեծ խաղացանկ ունեն: Ամեն անգամ մի նոր բան են հորինում…

- Իսկ երբ առաջին անգամ շարական երգեցիք, մի՞թե չհեռացան:

- Ոչ: Հենց ես ավարտում էի՝ նրանք էին սկսում: Երևի հսկումը պետք է երկու դասով երգվեր: Հրաշալի հսկում էր: Ես զգացմունքով էի երգում: Զարմանահրաշ օրեր էին…

- Հա՛յր, իսկ սատանան ի՞նչ տեսք ունի:

- Գիտե՞ս, ի՜նչ «պճնամոլն» է: Ոչ խոսքով նկարագրելու է, ոչ էլ թանաքով գրելու: Միայն թե տեսնեիր նրան… Ի՜նչ իմաստուն է Աստծո սերը, որ մարդուն թույլ չի տալիս սատանային տեսնել: Մարդկանց մեծամասնությունը վախից կմեռներ նրան տեսնելով: Միայն մտածիր, եթե մարդիկ տեսնեին, թե նա ինչպես է գործում, եթե տեսնեին, թե ինչքան «սիրուն» է… Ճիշտ է, ոմանք իրենց համար հաճելի զվարճանք կկազմակերպեին դրանից: Մոռացա, թե դրան ինչպես են անվանում: «Կինո», թե ինչ… Սակայն այդպիսի «կինոդիտումները» թանկ արժեն և չնայած բարձր գնին՝ դյուրին բան չէ դա տեսնելը:

- Իսկ պոզեր ու պոչ ունի՞:

- Ունի, ունի: Ե՛վ պոզեր, և՛ պոչ, և՛ բոլոր «պիտույքները»:

- Հա՛յր, դևերն իրենց անկումից հետո՞ այդքան սարսափելի դարձան, երբ հրեշտակներից դևերի վերածվեցին:

- Իհարկե հետո: Այժմ կարծես կայծակնահար եղած լինեն: Եթե կայծակը ծառին է հարվածում, մի՞թե այն, մի ակնթարթում, այրված գերանի չի վերածվում: Նրանք էլ, ահա, այժմ այդպիսին են, կարծես կայծակնահար եղած լինեն: Ժամանակ կար, երբ սատանային ասում էի. «Արի, որպեսզի տեսնեմ քեզ ու ձեռքդ չընկնեմ: Այժմ միայն նայում եմ քեզ ու արդեն տեսնում, թե ինչ չարն ես: Իսկ եթե ձեռքդ ընկնեմ, պատկերացնում եմ, թե ինձ ինչ է սպասվում»:

 

* «Տեր Քո Պատվական Խաչին ենք երկրպագում և Քո Սուրբ Հարությունը փառավորում»,- Պատվական Խաչին նվիրված շարական:

** Կիրակնօրյա շարական:

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

19.01.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․