Սերմերն ու հունձքը

Սերմերն ու հունձքը | Sermern U Hundzqy

 

«Որովհետև մարդ ինչ սերմանում է, նույնն էլ կհնձի»  (Գաղ. 6:8):

Եթե առաքյալի այս խոսքերը կյանքի վերջնական հունձքի կամ վերջին դատաստանի ակնարկ համարենք, սխալ մեկնած չենք լինի, քանի որ խիղճն ու բանականությունը ևս ձայնակցում են առաքյալի խոսքին և հիշեցնում, որ մեր ցանած սերմերի հաշվետվության օրն ուշ թե շուտ գալու է: Արդյո՞ք խորհում եք այս հունձքի, հաշվետվության մասին: Ինչքա՜ն տարբեր կլիներ մեր կյանքը, եթե աչքի առջև շարունակ ունենայինք առաքյալի այս պատգամը:

Սակայն այսօր ես մտադիր չեմ խոսելու վերջին դատաստանի մասին, այլ կամենում եմ իմ ընտրած բնաբանը «պատշաճեցնել» մերօրյա կյանքին և ցույց տալ, թե որքա՜ն բացահայտ ճշմարտություն է այն, որ մենք կյանքի ընթացքում շարունակ հնձում ենք այն սերմերը, որոնք ցանել ենք զանազան առիթներով: Մի՛ կարծեք, որ այդ սերմերը հնձելու գործը կյանքից հետո է լինելու միայն: Այդ գործը սկսվում է նույնիսկ հիմա և շարունակվում է ամեն օր անդադար, ու մենք արդեն իսկ այս աշխարհում ստանում ենք պատիժ կամ վարձատրություն՝ ըստ մեր ցանած չարիքի կամ բարիքի:

Բայց ահա՛ մեր այս խորհրդածության սեմին արդեն հանդիպում ենք մի շփոթմունքի, որը լուսաբանման կարիք ունի: Մտաբերե՛ք Աստծու թագավորության իրականացման համար մաքառողների սուրբ դեմքերը, և զարմանքով կնկատեք, որ նրանք իրենց ցանածի համեմատ չեն հնձել: Հարցնում եմ ձեզ. Աբրահամը, Հակոբը, Մովսեսն ու Դավիթն իրենց ցանածի համեմա՞տ հնձեցին:

Նոր Կտակարանի դեմքերից Հովհաննես Մկրտիչն իր ցանածի համեմա՞տ հնձեց: Կամ արդյո՞ք այս կյանքում ըստ արժանվույն վարձատրվեց Պողոսը, որը կյանքի վերջին օրերին իր աշակերտ Տիմոթեոսին գրում էր. «Բոլորը լքեցին ինձ» (Բ Տիմ. 4:16): Բայց չէ՞ որ Պողոսն այնպիսի մեկն էր, որն իր ծառայության ողջ ընթացքում անդադար բարի պատերազմ էր մղում (Բ Տիմ. 4:7): Եվ արդյո՞ք Ինքը՝ Մեծ Սերմնացանը՝ Հիսուս, հնձեց Իր ցանածի համեմատ:

Օ՜հ, ահա այստեղ է, որ պիտի խոսենք տեսանելի աշխարհից վեր հոգեկան աշխարհի հունձքի մասին, որը վերջին ու հավիտենական հունձքն է լինելու բոլոր նրանց համար, ովքեր այս տեսանելի աշխարհում իրենց սերմանածի համեմատ չեն հնձել:

Կան մարդիկ, որոնք ցանում են իբրև պարտականություն, հանուն խղճի, արդարության և ճշմարտության, ու մեռնում են առանց քաղելու և վայելելու իրենց ցանածը: Մարդիկ էլ կան, որ ցանում են եսասիրությամբ, ագահությամբ, ունայնամտությամբ, փառասիրությամբ, ամբարտավանությամբ, և մեռնում են առանց հնձելու այն, ինչին ըստ ամենայնի արժանի էին:

Նրանք որտե՞ղ են ստանալու իրենց վարձքը: Անշուշտ այն հոգեղեն աշխարհում, որում արթնանում է խիղճը, և որտեղ միայն խի՛ղճը կարող է ապրել: Պետք է գիտենալ, որ պարտականությունն ու խիղճը բարոյական և հոգեկան աշխարհի պատրանքներ չեն, ու եթե կյանքը հաճախ մեզ սխալների է դրդում, սակայն խղճի այս «հանգրվանում» կյանքն անզոր է մեզ սխալ ուղով առաջնորդելու:

Կարծում եմ՝ անհրաժեշտ էր ձեր ուշադրության առարկան դարձնել և լուսաբանել այս շփոթմունքը: Իսկ այժմ վերադառնամ իմ ընտրած բնաբանին: Արդեն ասացի, որ նա, ով ցանում է, իր այդ ցանածն էլ հնձում է: Մենք հնձում ենք այնքան, որքան «թույլատրում» է կյանքի տևողությունը և որքան մենք ի վիճակի ենք հնձելու: Այլ կերպ ասած՝ մենք ինքներս ենք վարձատրում և պատժում մեզ:

Սա ճիշտ է նախևառաջ ֆիզիկական կյանքի համար, թեպետև բոլորովին դրա տերը չենք: Ճշմարիտ է, որ մարդկանց դեմքերին նկատում ենք մարած ակնարկներ, դժգույն ճակատներին խորը կնճիռներ, որոնք նրանց սարսափելի մոլության ապացույցներն են: Սակայն դրանց պատճառն այն է, որ մարդ երիտասարդության տարիներին մաքուր և ժուժկալ կյանք չի վարել հասուն տարիքում զորեղ, առողջ ու գեղեցիկ լինելու համար:

Իմացական կյանքում էլ նույնն է, չնայած մենք չենք կարող ինքներս մեզ իմացական ուժով և հանճարով օժտել: Յուրաքանչյուր մարդ իր խառնվածքի համեմատ մի շարք մտավոր կարողություններ ունի: Մեկն օժտվել է իմացականությամբ, մյուսը՝ արտակարգ հիշողությամբ, մեկ ուրիշը՝ գիտական ընդունակությամբ:

Կան նաև այնպիսիք, որոնք մեծ դժվարությամբ են ուսանում, որոնց հիշողությունն «ըմբոստ» և «կարճ» է: Սակայն ինչպիսին էլ լինեն այս զանազանությունները, յուրաքանչյուր ոք ջանասիրությամբ կարող է ավելիին հասնել: Քանի-քանիսը, խոնարհ պայմաններում ծնված լինելով, անդադար, հարատև ու շարունակական ջանքերով և ճիգերով հասել են սոցիալական կյանքի սանդուղքի վերին աստիճաններին:

Նրանցից շատ քչերն են դյուրին ճանապարհ անցել: Մարդկության պատմության մեծագույն դեմքերն իրենց երիտասարդության տարիներին դժվարին կյանքով են ապրել և համառ ջանքերով են օգտակարը գործել: Թերևս ոմանք առարկեն, որ մրցակցությունը, ֆիզիկական տկարությունները, դրամական անբավարարությունը և շատ ուրիշ արգելքներ հաճախ մեծագույն դժվարություններ են հարուցում այնպես, որ մեզ մատնում են անգործության:

Միանշանակ է, որ որևէ ձեռնարկ դյուրին չէ հաջողությամբ իրականացնել, երբ մանավանդ նախանձողներն ու հակառակորդները բազմիցս փորձում են քայքայել արդար քրտինքով ձեռք բերվածը: Ամեն օր տեսնում ենք անիրավությունների բազմապատկումը: Սակայն այս արտաքին, աննպաստ պայմանները որքան էլ ծանր թվան, միևնույն է ձեր կամքը մեծ դեր ունի. միայն կամքը կարող է մարդուն հաղթականորեն դուրս բերել բոլոր դժվարություններից և ապահովել նրա ապագան:

Լուի Պաստյորը, աղքատ ծնողների զավակ լինելով, երբ 18 տարեկանում իր աղքատ կարգավիճակով հանդերձ Բզանսոնի քոլեջի ուսանողներից մեկն էր, իր քույրերից մեկին գրում էր. «Կամքին հաջորդում է աշխատանքը, և այդ աշխտանքին գրեթե զուգընթաց է հաջողությունը»: Կշռադատե՛ք այս խոսքերն ու մտաբերե՛ք դրանց հեղինակին:

Բնավ պետք չէ վհատվել, բնավ պետք չէ տկարանալ դժվարությունների պատճառով: Պիտի համոզված լինել, որ մարդ կհասնի հաջողության այնքան ժամանակ, որքան ուղղամտությամբ կկատարի իր անելիքը: Իմացե՛ք, պիտի հնձեք այն, ինչ ցանել եք:

Մինչ այժմ խոսում էի ֆիզիկական և իմացական կյանքի մասին, իսկ հիմա ուզում եմ խոսել նաև բարոյական կյանքի մասին: Այս դեպքում արդեն արտաքին արգելանքի կամ դժվարության հարց չկա: Մենք ենք ձևավորում մեր ներքին և արտաքին մարդուն: Մարդ աշխարհ է գալիս որպես ազատ էակ, նա ունի ազատ կամք, որին ոչ ոք չի կարող բռնանալ: Եվ մենք մեր այդ ազատ կամքով գործում ենք կա՛մ հօգուտ մեզ, կա՛մ մեզ հակառակ:

Այս մեծահրաշ կամքով օժտվել ենք ամենքս, բայց շտապեմ ասել, որ այս կամքը ոմանց մեջ տկար է, այլոց մեջ՝ զորեղ: Սակայն ինչ էլ լինի, պետք չէ մեռցնել այդ կամքը: Հիրավի, թեպետ մարդ չի կարող «ավելացնել» իր կամքը, բայց կարող է այն մեռցնել, և հենց այդ ժամանակ է, որ մարդ բարոյական աշխարհի համար մեռած է համարվում: Մենք հաճախ ենք ականատես լինում այսպիսի սարսափելի մահերի: Աստված երկնային նշաններով չի շանթահարում մարդուն: Նա ազատ է թողնում մարդուն, որպեսզի վերջինս ինքը «ամբարի» իր վարձատրությունը կամ պատիժը: Ինչպես ասվում է. «Մարդ ինքն է պատրաստում իր պատժի գավազանը»:

Կամքի այս «սպանությունը» սովորաբար տեղի է ունենում կյանքի «բախտավոր» պայմաններում ապրողների մեջ: Մեր երիտասարդությունը թող չկարծի, որ «բախտավորությունը» նախանձելի բան է: Ընդհակառակը, շատ հաճախ այն հենց կյանքի մեծագույն վտանգներից մեկն է, քանի որ այդ «բախտավորությունն» է հարուստ երիտասարդին թելադրում անփույթ ապրելու: Այդպիսի մարդը թույլ է տալիս, որ իր  կամքը քնի, մարի ու վերջապես մահանա:

Երիտասարդի համար մի դժվարություն, մի խթան պիտի լինի, չէ՞ որ հենց դա է շատ-շատերին աստվածային բարիքներ պարգևել: Նրանք, ովքեր ծնվել և ապրում են դժվարին պայմաններում, ստիպված են աշխատանքի լծվել, բոլոր ջանքերով գործել, ողջ ուժով պայքարել, և ահա՛ բարոյական կյանքում այդպիսի մարդիկ են մեծագույն հաղթանակներ կերտում: Առանց պայքարի հաղթանակ չկա:

Ձեզ իմ խոսքերում հավաստիացնելու համար բավական եմ համարում ձեր ուշադրությունը հրավիրել մի պարագայի, որին յուրաքանչյուրդ մշտապես առերեսվում եք չարին դիմադրելիս կամ բարիք գործելիս: Օրինակ՝ եթե կարողանաք հաղթահարել որևէ փորձություն, վստահ եղեք, որ վաղը շատ ավելի մեծ դյուրությամբ կհաղթահարեք մեկ այլ փորձություն, և պիտի գա մի ժամանակ, որ փորձությունն այլևս չի համարձակվի մոտենալ ձեզ:

Եվ ընդհակառակը, եթե չկարողանաք դիմադրել որևէ փորձության ու դրան կարևորություն չտաք, այն մյուս անգամ ավելի մեծ զորությամբ «կհարձակվի», և դուք այլևս չեք կարողանա ձեզ զորավոր զգալ ու պայքարել նրա դեմ: Եվ եթե ուզեք էլ պայքարել, վաղն այդ պայքարը շատ ավելի դժվարին, շատ ավելի ծանր կլինի, ու դուք հետզհետե կենթարկվեք անտեղիտալի, անխուսափելի գահավիժման:

Իսկ ահա դրանից հետո դուք կսկսեք դիմել կեղծիքին և ստին: Դուք, որ հայտնի էիք համարձակ ու արդար նկարագրով, կցանկանաք թաքնվել ձեզ շրջապատող մարդկանց հայացքներից: Սակայն որքան էլ կամենաք թաքցնել ձեր աղտը, միևնույն է այն ջրի երես դուրս կգա, ուստի այլևս պիտի խորշեք անգամ մտերիմների ներկայությունից և նրանց ակնարկներն իբրև մեղադրանք պիտի ընդունեք, պիտի վիրավորվեք ու հետզհետե ձեր մեջ մի չարակամ զգացում կծնվի նրա՛նց հանդեպ, ովքեր ձեզ սիրում և խորհում են միայն ձեր բարիքի մասին: Այլևս չեք կամենա սիրել նրանց ու նույնիսկ կսկսեք ատել նրանց… Օ՜հ, ինչպիսի՜ սոսկում, ինչպիսի՜ քայքայում: Սակայն դա ձեր ցանածն է, որ հնձում եք:

Բայց ընդհակառակը, երբ հաղթանակ եք տանում ձեր իսկ նկատմամբ, բարոյական շահ եք ձեռք բերում, որը ոչ ոք չի կարող խլել ձեզնից: Օրինակ՝ երբ մի չար խոսք, մի խայթիչ պատասխան եք «կասեցնում», «խեղդում» ձեր շուրթերին այն պահին, երբ քիչ էր մնում վիրավորեիք ձեր ամենասիրած մարդուն կամ բարեկամին, որին վստահաբար չէիք կամենա վշտացնել, այդժամ դուք հաղթում եք, և այդ հաղթանակից հետո սկսում եք էլ ավելի սիրել ձեր այդ բարեկամին, քանի որ դուք արդեն իսկ հաղթել եք եսասիրությանը, ուստի այդուհետ բարոյական կյանքում դառնում եք զոհողության և նվիրումի պատրաստ մի բարոյական անձ:

Մոգական գավազանով հնարավոր չէ փոխել բարոյական կյանքը: Այն կարելի է փոխել ջանքերով և տքնություններով: Եթե մեր հոգում բարի սերմեր ենք ցանել, դրանք կծլեն և կենսունակ ու համեղ պտուղներ կտան: Իսկ եթե բարի սերմեր ցանելու փոխարեն չար սերմեր ենք ցանել, բնականաբար դրանք թունավոր պտուղներ պիտի տան:

Մի հոռի ընթերցումը, ստորացում բովանդակող տեսարանների նկատմամբ հետաքրքրությունը, ցանկական մի նայվածքը գաղտնաբար ցանված սերմեր են, որոնք հետզհետե արմատներ են գցում հոգու խորքում, և այդ սերմերն էլ քիչ-քիչ ծլարձակում ու տարածվում են՝ տիրելով մեր զգացումներին: Մենք սոսկումով հարցնում ենք ինքներս մեզ. «Որտեղի՞ց բուսնեցին այս վտանգավոր և սպառնալից ծիլերը»: Անխոհե՛մ սերմնացան, մե՛նք ենք ցանել դրանց սերմերը:

Տեսե՛ք, ահա՛ մի պարմանուհի, որ իր իսկ աշխարհային հիմարություններով բարոյական մեծագույն անկում է «նախապատրաստում» և այդպիսով կորցնում է գլխի լուսեղեն պսակը, որո՛վ միայն նա կարող էր ընտանիքի մայր լինել: Տեսե՛ք, ահա՛ մի երիտասարդ, որն իրեն մատնել է հաճույքների ու այդպիսով նվաստացրել իր անձը՝ հոգին մխրճելով տիղմի մեջ:

Այլևս ի՞նչ կարող ենք սպասել այդ երիտասարդից, երբ նա կամենում է աղտեղի ձեռքը կարկառել մաքուր և անբիծ կյանքի մեջ՝ իր տկար ու հյուծված կյանքին նեցուկ գտնելու ակնկալությամբ: Նա առաջին իսկ օրից իր լծակցին զգացնել է տալիս, որ ինքը մի մեռյալ գերեզման է միայն, որ կորցրել է «տաճար» լինելու հանգամանքն ու սրբությունը: Նա արտասվում և զղջում է իր անցած անուղղելի ճանապարհի համար, սակայն նրա զղջումը որքան էլ անկեղծ լինի, անօգուտ է, քանի որ թունալից սերմերն արդեն իսկ կատարել են իրենց բացասական դերը:

Ո՜վ երիտասարդներ, ուշի՛մ եղեք կյանքի արշալույսին ձեր հոգում սերմեր ցանելիս: Եթե ուզում եք լեցուն հասկեր և աստվածային հունձք ունենալ, մաքուր ու նվիրական սերմե՛ր ցանեցեք, ցանեցե՛ք ուշադրությամբ, զգաստությամբ, քաղցրամտությամբ և խոնարհությամբ, որպեսզի ուրախությամբ ու ցնծությամբ բարի պտուղներ քաղեք և ձեր շրջապատի հիացմունքին ու հարգանքին արժանանաք:

 

Տեր Ղևոնդ վրդԴուրյան, «Պարզ քարոզներ», Դ հատորՓարիզ, 1929 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

03.07.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․