Քրիստոնեական կրոնը մարդկությանը շնորհված մեծագույն պարգև է և հավիտենական փրկության հնարավորություն: Սակայն աստվածահիմն այս կրոնը մեխանիկորեն չի փրկում մարդուն միայն այն պատճառով, որ նա հավատավոր է: Հավատքը փրկության համար անհրաժեշտ պայման է, բայց կարևոր է, որ դրսևորվի սիրո գործերում: Առաքյալներն ու Քրիստոսի հետևորդները հաղթեցին աշխարհին աստվածային շնորհի ուժով և սիրո քարոզով: Քրիստոնեական համայնքները տարբերվում էին հեթանոսական աշխարհից՝ սիրո ոգին ունենալով: Քրիստոսի յուրաքանչյուր հետևորդ որոշ չափով քրիստոնեական կրոնի քարոզիչ է, և այդ քարոզը նրա կյանքն է՝ սիրով լի կյանքը: Այդ պատճառով Ռուս եկեղեցու հայրերից Կիրիլ վարդապետ Պավլովն ասել է. «Սերն է ամենաբարձր բարիքը մեր քրիստոնեական կյանքում և բարեպաշտության մեր բոլոր գործերը, ինչպես օրինակ՝ պահքը, աղոթքը, ժուժկալությունը, ողջախոհությունը, բարեգործությունը որևէ արժեք չեն ունենա առանց սիրո: Այդ ամենն իրական արժեք չունի, եթե մերձավորի հանդեպ սեր չկա: Եվ քրիստոնեության ողջ առանձահատկությունը հենց մերձավորի հանդեպ սիրո մեջ է»:
Օգոստոսի 31-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, Բարսեղյան բազմազավակ ընտանիքին փոխանցեց դրամական աջակցություն (100 000 դրամ): Ընտանիքի հայրը՝ Վիգեն Բարսեղյանն (42տ.), իր հինգ անչափահաս երեխաների, կնոջ և տարեց ծնողների հետ բնակվում է ք.Գորիսի, Տաթև համայնքի, գ. Շինուհայրի 7 փ., 3 տ. հասցեում։ Բազմանդամ ընտանիքը դժվարին իրավիճակում է հայտնվել. նրանց միակ ապրուստը փոքրիկ տնամերձ այգին է։ Ֆինանսական խնդրից զատ ընտանիքի ավագ դուստրը՝ Շուշանիկ Բարսեղյանը (17տ.), պարբերաբար ուշագնացություններ է ունենում։ Նրա հետազոտության և բուժման համար մեծ ծախսեր են հարկավոր,որն ընտանիքը ի վիճակի չէ հոգալ։ Բարսեղյան ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց «Զորավոր» երիտասարդաց միությանը՝ ուշադրության և հոգածության համար:
Կարինե Սուգիկյան