«Սերը բարության ճառագայթումն է»

Աստված մարդուն արարել է հոգևոր շնորհներով և զորություններով, սակայն դրանք պետք է գործածել, հակառակ դեպքում կնվազեն և կկորսվեն: Աստվածասեր քրիստոնյան, աստվածապարգև իր շնորհներն ու զորությունները գործածելով, փորձում է իր յուրաքանչյուր օրը սրբացնել` զարդարելով այն աստվածահաճո և առաքինի գործերով: Աստծուն և մերձավորին սիրողը ճշմարիտ պաշտամունք է մատուցում Տիրոջը՝ վայելելով աստվածային ներկայության երանությունը:

Այդ երանությունը վայելելու ուրախությունն ապրեց նաև Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, երբ հոկտեմբերի 19-ին, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Ավան, Իսահակյան թաղամասի 4/24 հասցեում բնակվող Փոթոյան ընտանիքին: Տասը տարի առաջ ընտանիքի երեք որդիներից մեկը Հայոց բանակի Մատաղիս զորամասում, զինվորական իր ծառայությունն իրականացնելիս, զոհվել է ականի պայթյունից: Ընտանիքի մայրը՝ Ալետա Փոթոյանը (61տ.), ասաց, որ տղաներից մեկն ընտանիք է կազմել, մյուսն ունի առողջական խնդիրներ և ի վիճակի չէ աշխատելու: Առողջական խնդիրների պատճառով չեն աշխատում նաև տիկին Ալետան և իր ամուսինը, ով մի քանի վիրահատություններ է տարել: Կարիքավոր ընտանիքը փորձում է իր կարիքները հոգալ ընտանիքի երեք անդամներին տրամադրվող թոշակների գումարներով:

Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց ընտանիքի համար և նրանց հանձնեց ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի կողմից տրամադրած դրամական օգնությունը (100 ԱՄՆ դոլար):

 

«Տիեզերքի ստեղծագործութեան ոյժը Սէրն է: Մարդու կեանքի երջանկութեան աղբիւրը Սէրն է: Սէրը՝ որ կեանքով ու գործով կարտահայտուի, ծառայութեամբ ու բարիքով կմարմնանայ և, ի հարկին, խաչով կկնքուի: Սէրը, իսկական, վաւերական սէրը պարզ է, այսինքն՝ ճառագայթում բարութեան, ծառայութեան՝ անստուեր, անխառն, անսակարկ»,- ասել է երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը:

 

 

Կարինե Սուգիկյան

19.10.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․