- Հա՛յր, իսկ վանքն ի՞նչ աստիճանի կարելի է զարդարել:
- Մեր օրերում որքան ամեն ինչ պարզ լինի, այնքան ավելի լավ, որովհետև այժմ Բյուզանդիայում չենք ապրում:
- Օրինակ՝ պատկերակալը, ի՞նչ զարդանկար պետք է ընտրել դրա համար:
- Իհա՛րկե վանական: Ուրիշ էլ ի՞նչ: Թող ամեն ինչ հնարավորինս պարզ ու համեստ լինի: Երանելի Պախոմիոսը (1) թեքեց վանքի սյունը, որպեսզի մարդիկ իր ձեռքի գործով չհիանան: Հիշո՞ւմ եք այդ դեպքը: Իր մենաստանում Երանելին մեծ ջանքերի շնորհիվ աղյուսե սյուներով մի վանք կառուցեց: Ուրախացավ՝ տեսնելով, թե ինչ գեղեցիկ է վանքը, բայց հետո մտածեց, որ սեփական ձեռքերի գեղեցիկ ստեղծագործությամբ հիանալն Աստծուց չէ: Այդժամ նա սյուները պարաններով կապեց ու աղոթելով, եղբայրներին կարգադրեց ձգելով քաշել դրանք, որպեսզի սյուները թեքվեն:
Ես Աթոսի իմ խցում ամեն տարի թիթեղով կարկատում եմ տանիքն ու պատուհանները: Թե՛ մեկը, թե՛ մյուսը մաշվել են, ու ճեղքերից քամի է փչում: Ես էլ նորանոր կարկատաններ եմ դնում պողպատից, տախտակներից ու պոլիէթիլենից: Կհարցնես. «Ինչո՞ւ կրկնակի փեղկերով լուսամուտ չես դնում»: Կարծում ես, ինքս չե՞մ կռահում, որ կարելի է այդպես անել: Ախր ես ատաղձագործ եմ ու եթե կամենայի, կկարողանայի նույնիսկ եռափեղկ պատուհաններ պատրաստել: Բայց դրանից հետո վանական ոգին հեռանում է: Խցիս պատերը վթարային վիճակում են: Կարող էի խնդրել, որ ինչ-որ մեկն օգներ վերանորոգել, բայց ես բավարարվում եմ նրանով, ինչ կա: Ախր ինչպե՞ս կարող եմ պատերի վերանորոգման համար այդքան գումար ծախսել, երբ այնքան կարիքավոր մարդիկ կան: Դա ինձ օգուտ չի բերի: Եթե ես ավելորդ հինգ հարյուր դրահմ ունենամ, ապա ավելի լավ է խաչեր ու սրբապատկերներ գնեմ ու տամ որևէ տառապյալի, որպեսզի օգնություն ստանա դրանցից: Ես ուրախանում եմ, երբ տալիս եմ: Եվ եթե նույնիսկ այդ գումարն ինձ անհրաժեշտ լինի, ինձ վրա չեմ ծախսի:
Մարդը երբեք չի հագենում, երբ սկսում է հոգևոր կյանքով ապրել: Երբեք չի հագենում նաև, եթե սկսում է գեղեցկության ետևից վազել: Գիտե՞ս հիմա ինչպես պետք է ապրենք: Պետք է մի կողմ դնենք գեղեցիկ շինությունների մասին հոգսերը, բավարարվենք անհրաժեշտով ու մարդկանց ցավերին տրվենք՝ աղոթքով օգնելով, եթե տալու ոչինչ չկա, և ողորմությամբ, եթե նյութապես օգնելու հնարավորություն կա: Արդ, աղոթքով զբաղվեք և ամենաանհրաժեշտ աշխատանքով: Այն ամենն, ինչ անում ենք երկար կյանք չունի: Եվ կարիք կա արդյո՞ք ողջ կյանքդ դրան նվիրել՝ իմանալով, որ ուրիշները հազիվ են ծայրը ծայրին հասցնում ու մեռնում են սովից: Հասարակ շինություններն ու համեստ իրերը վանականներին մտովի տեղափոխում են սուրբ հայրերի քարանձավներն ու անպաճույճ ճգնարանները, վանականները դրանից հոգևոր շահ են ստանում: Իսկ աշխարհիկ ամեն բան վանականներին աշխարհի մասին է հիշեցնում և նրանց աշխարհիկ դարձնում հոգում: Վերջերս (2) Նիտրիայում (3) պեղումների ժամանակ առաջին վանական, իսկապես ճգնավորական խցերն են գտնվել: Հետո ավելի նոր դարաշրջանի խցեր են գտել և դրանք արդեն մի քիչ ավելի աշխարհիկ տեսք ունեին: Վերջապես գտան ամենանոր կացարանները, որ նման էին այն ժամանակների հարուստների սրահներին՝ պատերին նկարներ էին շրջանակներով, զարդանախշեր և այլն: Այդ ամենը Տիրոջ զայրույթն էր բերել նրանց վրա և նրանց կացարանները կողոպտվել ու ավիրվել էին չարագործների կողմից:
Քրիստոս մսուրում ծնվեց: Եթե մենք աշխարհիկով ենք մխիթարվում, ապա ոչ ոքի չմերժող Քրիստոս հեշտությամբ կմերժի մեզ՝ ասելով. «Ես ոչինչ չունեի: Մի՞թե Ավետարանում խոսվում է այդ բոլորի մասին (աշխարհիկ իրերի): Մի՞թե նման բան եք Ինձ մոտ տեսել: Դուք ո՛չ աշխարհիկ եք, ո՛չ վանական: Ինչպե՞ս վարվեմ ձեզ հետ, որտե՞ղ տեղավորեմ»:
Գեղեցիկ ու կատարյալ իրերն աշխարհիկ են: Դրանք հոգևոր մարդկանց չեն մխիթարում, քանի որ բոլոր պատերը փոշու են վերածվելու: Բայց հոգին… Մի հոգին ողջ աշխարհից թանկ է: Իսկ մենք ի՞նչ ենք անում հոգու համար: Արդ եկեք հոգևոր աշխատանք սկսենք, լավ առումով անհանգստանանք: Քրիստոս մեզանից պատասխան է պահանջելու, թե ինչ հոգևոր օգնություն ենք ցուցաբերել մարդկանց և ինչ հոգևոր աշխատանք ենք կատարել: Պատերի մասին Նա նույնիսկ չի էլ հարցնի: Մեր հոգևոր առաջադիմության մասին է մեզանից հաշվետվություն պահանջելու:
Կամենում եմ, որ իմ ոգին հասկանաք. չեմ ասում, թե պետք չէ շինարարությամբ ու նման բաներով զբաղվել կամ, թե շինությունների կառուցմանը լրջորեն չվերաբերվել: Բայց նախ պետք է հոգևորը լինի, իսկ դրանից հետո հոգևորի վրա հիմնված մնացած ամեն ինչ:
1) Երանելի Պախոմիոս Մեծը ծնվել է 280-ական թվականներին Թեբայիդայում (Վերին Եգիպտոս): Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո բնակություն է հաստատում մի լքված հեթանոսական տաճարում ու ճգնավորական կյանքով ապրում: Հոգևոր առաջնորդի կարիք զգալով՝ դիմում է Թեբայիդի անապատական Երանելի Պալոմոն Եգիպտացուն ու դառնում նրա աշակերտը: 320-ական թվականներին, աստվածային տեսիլքից հետո, Երանելի Պախոմիոսը թավենիսիոտների առաջին մենաստանն է հիմնում Վերին Թեբայիդայում: Իսկ ընդհանուր առմամբ նա հիմնել է տղամարդկանց համար ինը և կանանց համար երկու համակեցական մենաստան՝ ընդհանուր 7000 վանականով: Երանելին արժանացավ աստվածային բարեշնորհությունների և ի Տեր ննջեց 346թ.-ին:
2) Արտասանվել է 1986թ.-ին:
3) Նիտրիա՝ Եգիպտոսի հյուս-արևմտյան մասում գտնվող լեռ ու դրան հարող անապատ: Սուրբ Մակար Մեծից (IV դար) սկսած, սիրելի վայր է հանդիսանում վանական սխրանքների համար:
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի