21 Դեկտեմբեր, Շբ
Արևը նույնիսկ ձմռանն այնպես է այրում, ինչպես Սինայում, որովհետև մթնոլորտում նոր օզոնային անցքեր են բացվել: Եթե հյուսիսային քամի չի փչում, ապա անհնար է արևի տակ կանգնել:
- Հա՛յր, իսկ օզոնային շերտի հետ այդ խնդիրը ե՞րբ է լուծվելու:
- Մի փոքր համբերիր, մինչև գիտնականները հինգ կիլոգրամ ծեփամածուկ վերցնեն ու անցքը փակեն: Այո-այո, թող գնան ու օզոնային շերտի անցքերը փակեն… Տեսնեն, որ Աստված ամեն ինչ մեծագույն իմաստությամբ ու ներդաշնակությամբ է արարել և ասեն. «Ներողություն ենք խնդրում մեր փչացրածի համար»: Իսկ մթնոլորտում առաջացած այդ անցքի համար աղոթեցեք, որ փակվի: Տեսնո՞ւմ եք, «անոթներից» մեկն այնտեղ է բացվել (Հայտն. 15:7): Բույսերն ու ծառերը չորանում են: Սակայն Աստված կարող է ամեն ինչ կրկին կարգի բերել:
Իսկ տեսեք, թե ինչ խորամանկ են որոշ խաբեբաներ, որ փողեր են շորթում այն հարուստներից, որոնք չգիտեն, թե որտեղ ծախսել դրանք: «Մթնոլորտում օզոնային շերտը բացվել է,- ասում են նրանք,- Աշխարհը կործանվելու է: Ինչպե՞ս փրկել այն: Ահա՛, թե ինչպես. գիտությունը նախագծեր է մշակում խորը հորաններ կառուցելու և մարդկանց այնտեղ տեղափոխելու վերաբերյալ, որպեսզի պաշտպանվեն արևից»: Եվ երբ պարզվեց, որ «հողի տակ տեղափոխվելն» անհնարին է, սկսեցին ուրիշ բան ասել. «Լուսնի վրա շինարարություն կսկսվի, տներ, հյուրանոցներ, ռեստորաններ կկառուցվեն և մարդիկ կտեղափոխվեն այնտեղ: Խնդրում ենք ներդրումներ անել բոլոր նրանց, ովքեր կամենում են Լուսին տեղափոխվել»: Բայց, ի միջի այլոց, այդ ամենի մեջ ոչ մի կաթիլ ճշմարտություն չկա: Ի՞նչ շինարարության մասին է խոսքը, երբ մարդն ընդհանրապես ի վիճակի չէ այնտեղ ապրել: Դե լավ, ասենք մի երկու հոգի մտել են «պահածոյի տուփի» մեջ, թռել այնտեղ ու հետ վերադարձել: Բայց մարդիկ կան, որ հավատացել են այդ հեքիաթներին ու գումարներ են ներդնում:
- Հա՛յր, շատերն անհանգստանում են մթնոլորտ արտանետված ու արտադրական գազերի պատճառով:
- Որոշ գործարանների տնօրենների պետք է ստիպել, որ զտիչներ դնեն խողովակների վրա, որպեսզի արտադրական ծխից խեղդվող մարդիկ գոնե մի փոքր շունչ առնեն: Իրենց գործերը դասավորելու համար պառլամենտի պատգամավորներին կաշառք տալու փոխարեն, թող յուրաքանչյուր գործարանի տնօրեն մի փոքր ավելի գումար ծախսի և զտիչ կայան գնի: Նախկինում այդ ծուխն ու մանրէները չկային: Իսկ այժմ ամեն ինչ աղտոտել են ու դա առաջընթաց են համարում: Իսկ ո՞ւր է տանում այդպիսի առաջընթացը: Դա կործանում է մարդուն: Փողոց ես դուրս գալիս, իսկ օդը ծխով է լցված: Երբ տանն ես, բավական է լուսամուտը մի փոքր բացես, և փողոցի մուրը ներս է լցվում: Եվ այդ մուրը նույնիսկ ձեռքերդ լվանալուց չի անցնում, այսինքն անվնաս չէ: Վառարանի մուրն իր մեջ յուղեր չի պարունակում, այդ պատճառով էլ մի թեթև հազում ես և այն միանգամից դուրս է գալիս թոքերիցդ: Իսկ այդ տեխնիկական մուրը դուրս չի գալիս, լղոզվում, կպչում է թոքերին:
Բարձրահարկերում մարդիկ այնպես են իրար վրա դիզված, ինչպես ծովատառեխները տակառում: Մեկն իր ուղեգորգերն է պատշգամբում թափ տալիս և ողջ փոշին ներքևի հարևանի պատշգամբն է լցվում: Որքա՜ն են տանջվում ցածր հարկերում ապրողները: Վերին հարկերի ողջ աղբն ու փոշին դեպի նրանց է թռչում: Մարդն իր պատշգամբում լվացք է կախում կամ լուսամուտն է բացում, իսկ վերևից փոշի են թափ տալիս՝ առանց նրա մասին մտածելու: Հնում այդպիսի բարձրահարկերում Յենտի-Կուլեի (1) բանտերը կկառուցեին: Ուղղակի սարսափելի է: Ախր նախկինում տները բակեր ունեին, այնտեղ կենդանիներ էին արածում, կողքին այգի կար, որի ծառերին թռչունների երամներն էին հավաքվում…
- Հա՛յր, իսկ այժ մարդիկ նույնիսկ ծիծեռնակներ չեն տեսնում:
- Ծիծեռնակները հո չե՞ն խելագարվել, որ բարձրահարկեր թռչեն: Խե՞նթ են, ինչ է: Աստիճանաբար մարդիկ այլևս չեն էլ իմանա, թե ծիծեռնակն ինչ է: Ամերիկայում, համալսարաններից մեկում, մի բաժին կա, որ Հին և Նոր Կտակարանները պատմության տեսանկյունից է ուսումնասիրում: Եվ ահա, որպեսզի ուսանողները հասկանան, թե «ցորենն» ինչ է, նրանք ցորենի արտ են ստեղծել: Իսկ որպեսզի հասկանալի լինի, թե «հովիվը» և «ոչխարներն» ինչ են, նրանք ոչխարի մի փոքր հոտ և մահակով հովիվ են պահում: Ահա՛, թե ինչ է կատարվում համալսարանում:
Մարդիկ արդեն ողջ մթնոլորտն են աղտոտել: Դուրսը ձմեռ է, իսկ օդում աղբի գարշահոտությունն է կանգնած: Իսկ պատկերացնո՞ւմ ես, թե ամռանն ինչ է կատարվում: Եվ ինքնաթիռ էլ չեն ուղարկում, որ աղբի կույտերի վրա ինչ-որ ախտահանիչ լուծույթ շաղ տա: Բարեբախտաբար Աստված անուշահոտ ծաղիկներ է ստեղծել: Ծաղիկների այդ մեծ բազմազանությունը՝ փոքր ու մեծ, չեզոքացնում է աղբի հոտը: Իսկ ի՞նչ կլիներ, եթե ծաղիկների անուշահոտությունը չլիներ մթնոլորտում: Եթե որևէ տեղ լեշ է ընկած լինում, ապա գարշահոտությունը ողջ շրջակայքում տարածվում է: Տե՛ս, թե Աստված որքա՜ն է հոգ տանում մեր մասին: Եվ ի՜նչ դժվար կլիներ, եթե Աստված չհոգար: Եթե ծաղիկներն ու բույսերը չլինեին… Չէ՞ որ դրանց անուշ բույրն է ծածկում մեր գարշահոտությունը:
Մի անգամ մի աշխարհիկ մարդ եկավ իմ խուցն ու հարցրեց. «Լսի՛ր, այստեղ ի՞նչ ես անում: Ինչո՞վ ես զբաղված գիշեր ու ցերեկ»: Իսկ հենց այդ ժամանակ փոքր թփուտները ծաղկել էին և խցին հարող սարալանջն էլ լի էր դաշտային ծաղիկներով: Ամենուրեք անուշահոտություն էր: «Ես,- ասում եմ,- մեջք ուղղելու ժամանակ էլ չունեմ: Ողջ օրը ջրում ու խնամում եմ այս բոլոր ծաղիկներն ու բույսերը, որ տեսնում ես: Իսկ գիշերը տեսե՞լ ես, թե քանի կանթեղ է երկնքում վառվում: Փորձիր հասցնել այդ բոլորը վառել»: Նա սկսեց տարօրինակ հայացքով ինձ նայել, իսկ ես իմ բացատրությունն եմ շարունակում. «Ինչ է, մի՞թե չես տեսել, թե գիշերը երկնքում ինչպես են կանթեղները վառվում: Ահա՛ ես եմ դրանք վառում: Դե փորձիր հասցնել: Կարծում ես, հե՞շտ է այդքան կանթեղները ձեթով լցնել, պատրույգներն ուղղել…»: Խեղճը մի լավ շփոթվել էր այդ խոսքերից հետո:
Սրսկումներն էլ են թույն: Այդ սրսկումներից ոչ միայն վնասատուներն են սատկում, այլև՝ խեղճ թռչունները: Ծառերի հիվանդությունները բուժելու համար թունաքիմիկատներ են սրսկում դրանց, իսկ հետո մարդիկ են հիվանդանում: Ամեն ինչ թունավորում են: Մի՞թե ավելի խելամիտ չէր լինի ավելի քիչ քիմիկատներ օգտագործել, իսկ նեխած բույսերը հողի տակ թաղել՝ լավ պտուղները թաղելու փոխարեն, ինչպես հիմա են անում (որպեսզի դրանց գինը չիջնի): Մի՞թե թունաքիմիկատների այդ ողջ կույտն անվնաս է մարդու համար: Հատկապես փոքր երեխաների համար դա ուղղակի մահ է: Այդ պատճառով էլ երեխաներն արդեն հիվանդ են լույս աշխարհ գալիս: Մի գյուղատնտեսի ասացի. «Այս ի՞նչ է կատարվում: Միջատներին ոչնչացրեցիք, իսկ հիմա էլ մարդիկ են մահանում»: Ծաղիկները սրսկում են միջատներին վերացնելու համար, իսկ դրանից հետո մարդիկ հիվանդանում են: Իսկ հետո էլ ուրիշ թունաքիմիկատներ կարտադրեն, եղածներից ավելի ուժեղ, սակայն մենք դրանից ի՞նչ կշահենք:
Արդեն ապացուցված է, որ սրսկումներով վերացված միջատներից որոշները մյուսներին էին ուտում: Հիմա էլ այդ մյուսներից ազատվելու համար պիտի արհեստականորեն նրանցից աճեցնեք, որ առաջ ոչնչացրել ենք: Ինչպիսի՜ իմաստությամբ է Աստված ամեն ինչ ստեղծել: Այնտեղ, որտեղ ծղրիդներ կան՝ մոծակներ չեն լինում: Մի անգամ մի մարդ եկավ իմ խուց ու մի փոքրիկ սարք ցույց տվեց, որ ծղրիդի ձայնի պես ձայներ արձակելով՝ վանում էր մոծակներին: Իրենց երաժշտությամբ մեզ հաճույք պատճառող ծղրիդներին մարդիկ սպանում են, իսկ հետո ուզում են ինչ-որ սարքերով այն ձայներն արձակեն, ինչ Աստված էր ստեղծել: Ամեն ինչ ոչնչացրել են՝ և՛ ծղրիդներին և՛ տատրակներին… Նույնիսկ ագռավ տեսնելն է հազվադեպ երևույթ դարձել: Շուտով կսկսենք ագռավ որսալ ու վանդակի մեջ պահել:
Դուք էլ, սրսկում անելիս, ինչ-որ բան Աստծուն թողեք, որպեսզի Նա ձեզ օգնի: Ոչ մի սարսափելի բան չի պատահի, եթե որևէ տերևի վրա այդ քիմիկատը չընկնի: Այժմյան բոլոր տեխնիկական միջոցները մարդուն չեն օժանդակում իր հավատքի հարցում: Մի անգամ, երբ հյուր էի մի տեղ, լսեցի, թե մարդիկ ինչպես են ասում. «Նոր քիմիկա՞տ է հայտնվել այն վնասատուի դեմ: Իսկ որտե՞ղ: Արտասահմանո՞ւմ»: Եվ միանգամից սկսեցին զանգել, պատվիրել… Աստիճանաբար թե՛ աշխարհիկ մարդիկ և թե՛ վանականներն Աստծուն հետին պլան են մղում: Մարդիկ հոգևոր էվոլյուցիային առաջնային նշանակություն չեն տալիս, որպեսզի ամեն ինչ օրհնվի: Չարիքը կայանում է նրանում, որ նույնիսկ մենք՝ վանականներս, հոգևոր էվոլյուցիայի հարցում աշխարհիկ մարդկանցից առաջ չենք քայլում:
- Հա՛յր, բայց ձիթենու վնասատուն՝ դակոսն, իսկապես փչացնում է ձիթենիները:
- Համրիչով աղոթեք, որպեսզի դակոսը հեռանա: Վնասատուների դեմ միայն սրսկումներով մի՛ պայքարեք, Քրիստոսից էլ օգնություն խնդրեք: Բացի այդ, մենք ուզում ենք ամեն ինչ այնքան լավ անել, որքան աշխարհում է: Մոռանում ենք այն մասին, որ վանականները պետք է «այլ» աշխարհ ունենան: Պետք չէ ձգտել անել այն, ինչ աշխարհիկ մարդիկ են անում կամ նույնիսկ՝ ավելին: Իսկ Քրիստոսի մասին մոռացե՞լ եք: Ես կոչ չեմ անում ծառերն ամենևին չսրսկել, բայց ոմանք իսկական փորձարկումներ են կատարում այդ թունաքիմիկատներով: Եվ դիմակներ կրեք, երբ իսկապես ծառերը սրսկելու կարիք կա:
Ավելի լավ է մի քիչ որդնած պտուղ ուտել, քան (արտաքնապես գեղեցիկ, բայց) թույնով սրսկած: Մի՛ տարվեք սրսկումներով, կրճատե՛ք դրանց քանակը: Երկյուղածությամբ աղոթեցե՛ք, առաջին սաղմոսը կարդացե՛ք (2) և ծառերը սուրբ ջրով ցողե՛ք: Եթե ճիշտ ապրեք, ապա անձրև էլ կգա, թրթուրն էլ կոչնչանա (3): Աստված հոգ կտանի ձեր մասին, միայն պետք է առ Աստված երկյուղածություն ու վստահություն ունենալ:
1) Հնում Սալոնիկ քաղաքի պարիսպների մեջ գտնվող բանտեր:
2) Սուրբ Արսեն Կապադովկիացին առաջին սաղմոսն էր կարդում ծառ ու բույս տնկելիս, որպեսզի տնկածը բարի պտուղ բերի:
3) Արտասանվել է 1990թ. նոյեմբերի սաստիկ երաշտի ժամանակ: Նույն տարվա հունիսին մեծ քանակությամբ թրթուրներ կային Հունաստանի ողջ տարածքում:
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի