4 Նոյեմբեր, Բշ
Աստծու մոտ բոլորը կենդանի են Տիրոջ հետևյալ խոսքի համաձայն. «Ե՛ս եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը: Նշանակում է Աստված մեռելների Աստվածը չէ, այլ ողջերի» (Մատթ. 22:32), ուստի տիրավանդ սիրո պատվիրանը վերաբերում է նաև ննջեցյալներին: Յուրաքանչյուր քրիստոնյա, կորցնելով իր մտերիմ և հարազատ մարդկանց, անհրաժեշտություն ունի հոգևոր սփոփանքի: Ննջած հարազատի հանդեպ սերը և նրանից բաժանվելու վիշտը նա արտահայտում ու ամոքում է ոչ այլ կերպ, քան նրա հոգու հանգստության համար աղոթելով և բարին գործելով: Աղոթքն ու ողորմությունը նրանց համար, ովքեր այս ժամանակավոր կյանքից անցել են հավիտենական կյանք, եկեղեցու հնագույն ավանդույթներից է:
Այս հնագույն ավանդույթին հավատարիմ՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամներից մեկը, որ չցանկացավ իր անունը նշել, իր եղբոր՝ Գեորգիի հիշատակի համար եկեղեցու սոցիալական ծրագրերին տրամադրեց 100 000 դրամ, որը եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, որպես սիրո և երախտագիտության արտահայտություն, փոխանցեց Եգորյան Անուշին (20 տ.): Անուշն իր ամուսնու, դստեր և ընտանիքի մյուս վեց անդամների հետ արցախյան վերջին պատերազմից հետո Հադրութի շրջանի Նորաշեն գյուղից տեղահանվել է և այժմ վարձակալությամբ բնակվում է Սիսիան քաղաքի Տերյան 3 հասցեում: Անուշի ամուսինը՝ Եգորյան Կարենը (27 տ.), մասնակցել է արցախյան վերջին պատերազմին և հոկտեմբերի 30-ին, Մարտունու շրջանի Նինգ գյուղում վիրավորվելով, գլխի բեկորային վնասվածք է ստացել: Եգորյան ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին:
Կարինե Սուգիկյան