Սիրո ուժն է անհաղթ

Հունվարի 31-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու ու 14 զինվորների տոնը: Այդ առթիվ ս. պատարագ մատուցվեց սրբի անունը կրող եկեղեցիներում,որոնք Արարատյան Հայրապետական թեմում երեքն են: 
Առավոտյան՝ ս. պատարգից առաջ Մ. Մաշտոցի անվան Մատենադարանից ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցի բերվեց ձեռագիր Ավետարան, որը 17-րդ դարում ընդօրինակվել է Ավետիս երեցի կողմից նույն եկեղեցում: Քահանաների ու հավատավոր մարդկանց թափորը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի գլխավորությամբ և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի մասնակցությամբ եկեղեցու մուտքի մոտ դիմավորեց Ավետարանը: Դրանից հետո սրբազան հայրերը դիմավորեցին ս. Սարգիս զորավարի մասունքակիր աջը, որը Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ բերվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: Երկու սրբությունները դրվեցին ս. սեղանին: Ապա Տ.Նավասարդ սրբազան հոր հանդիսապետությամբ մատուցվեց ս. պատարագ: Պատարագիչը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանն էր: 
Առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցում հավարտ ս. պատարագի Տ. Նավասարդ արքեպիսկոպոսը և Տ. Վրթանես եպիսկոպոսը սրբի աջով երիտասարդների օրհնության կարգ կատարեցին:
Տ.Նավասարդ սրբազանը շնորհավորելով երիտասարդներին մասնավորապես ասաց. «Սիրելի երիտասարդներ, հավատարիմ հայորդիներ, երիտասարդու՛նք, Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ ս. Սարգիսը հռչակվել է երիտասարդության արագահաս բարեխոս: Այն այսօր հայոց սիրո տոնն է: Մեր ողջ հայոց աշխարհի, թեև սերը տիեզերական է, բայց նրա իսկատիպերը լինում են խիստ ազգային, ընդգծված գույներով և ավանդություններով: Եվ մենք այդ ենք պահում, տարածում, քարոզում, փոխանցում, բաժանում և կիսում ձեզ հետ: Դա ամենայն հայոց սիրո ուժն է առ Հայր: 
Իզուր չէ, որ մենք բանակի հետ միախառնված ենք նշում զորավար ս. Սարգսի տոնը, որովհետև մեր զավակները հայ երկինքը ջինջ ու անամպ են պահում մեր գլխավերևում, որպեսզի մենք սիրենք միմյանց, մենք էլ պետք է կիսենք այդ սերը նրանց հետ, որով վտանգում են իրենց կյանքը՝ մեր խաղաղությունը պահպանելով: Սերը պետք է բաժանել, սերը պետք է վերադարձնել ծնողին, վերընծայել Արարչին, ումից էլ այն գալիս է մեզ: Սերը պետք է բաժանել, որպեսզի այն բաժանարար չլինի, այլ միավորի մեզ: Այսպիսի հզոր հավատք ունի սերը և այսօր հույժ կարևոր պատգամ ունի մեզ: 
Ուզու՞մ եք ձեր հավատքը զորավոր լինի: Այն դարձրեք կենդանի՝ հաղորդակցվելով սրբությունների հետ, որ այսօր երջանիկ իմաստով այստեղ են: Առիթը բաց չթողնենք, որպեսզի մեր հավատքը սիրո բորբոք մնա, անշեջ և Տերը դառնա մեզ պահապան, ուղեցույց, առաջնորդող և նույնիսկ մարտակից: Շնորհքը, սերը, խաղաղությունը թող լինի ձեզ հետ այսօր, վաղը և ընդմիշտ և ս. Սարգիսը թող լինի մեր արագահաս բարեխոսը և մեր երազների իրակացնողը: Ամեն»: 
Ս. պատարագի ավարտին նույն եկեղեցուց մեկնարկեց ավանդական բազմահազարանոց խաչերթը՝ «Փորձությունները կոփում են՝ մեզ դարձնելով անպարտելի» կարգախոսով: Մասնակիցները խաչվառներով ու խաչով քահանաների, զինվորների, ուսանողների հետ քայլեցին Մ. Մաշտոց և Բաղրամյան պողոտաներով մինչև Սիրահարների պուրակ: Խաչերթին տոնական ոգի էին ներշնչում զինվորական փողային նվագախումբը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու ՀԲԸՄ Հայորդաց տան թմբկահարների խումբը: 
Սիրահարների պուրակում Արարատյան Հայրապետական թեմը երևանցիների ու հյուրերի համար տոնական համերգ էր կազմակերպել՝ որպես ս. Սարգսի տոնի նվեր: Տոնական համերգին մասնակցում էին էստրադային երգիչներ ու զինվորական երգչախումբ:
Ս. Սարգսին նվիրված միջոցառումներն իրականացվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: 
Օրը տոնական էր նաև ԱՀԹ Նոր Նորքի ս. Սարգիս եկեղեցում: Հավարտ ս. պատարագի Նոր Նորքի թաղապետարանից դեպի եկեղեցի հավատավորները խաչերթ կատարեցին՝ թափորի առջևից տարվում էր Ավետարան, խաչվառներ: Մասնակցում էին Նոր Նորքի բոլոր դպրոցների աշակերտները: Եկեղեցու բակում երիտասարդների օրհնության արարողություն կատարվեց, որից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Նոր Նորքի Հայորդաց տան սաները համերգային ծրագրով ելույթ ունեցան: 
ԱՀԹ Արգավանդի ս.Սարգիս եկեղեցու հավատավորները խաչերթ էին կազմակերպել եկեղեցուց մինչև Հարավ- Արևմտյան թաղամաս: Իսկ եկեղեցու բակում երիտասարդաց միությունը ս. Սարգսին նվիրված մաղթանք-բացիկների մրցույթ ու տոնական համերգ էր կազմակերպել: Ընթացքում այցելուներին հյուրասիրում էին քաղցրաբլիթներով:

 


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

31.01.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․