Սիրո ուղին ենթադրում է ըմբռնում, կարեկցանք և գթասրտություն

«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհ. 3:16): Ամեն մարդ թանկ է Տիրոջ համար: «Սուրբ արյամբ ենք մենք գնված (Ա Պետ. 1:19), և այդ նպատակով իսկ Աստված երկրի վրա հայտնվեց՝ քեզ գնելու համար, ով մարդ, Աստված երկրի վրա հայտնվեց՝ անգամ գլուխ դնելու տեղ չունենալով (Ղուկ. 9:58)»,- ասել է Ս. Հովհան Ոսկեբերանը: Տիրոջ օրինակի համաձայն մարդուն արժևորելու ուղին սկիզբ է առնում սիրո ուղուց, որը նախ և առաջ ենթադրում է ըմբռնում, կարեկցանք, գթասրտություն և բարություն: Մերձավորին սիրելու և արժևորելու նպատակն են հետապնդում այն սոցիալական ծրագրերը, որ իրականացվում են եկեղեցական համայնքներում:

Սեպտեմբերի 9-ին Զորավոր Ս. Աստվածածնի եկեղեցու համայնքը, ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի հովանավորությամբ, հերթական անգամ իր աջակցությունը ցուցաբերեց կարիքավոր ընտանիքի: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար) հանձնեց Խաչատրյան Արուսյակին (57 տ.): Յոթ հուգուց բաղկացած կարիքավոր ընտանիքը բնակվում է Շահումյան 2-րդ փողոցի 25/2 հասցեում, երկու փոքր և խոնավ սենյակներում: Տիկին Արուսյակը երկու որդի ունի, որոնցից մեկն ընտանիք է կազմել և երկու զավակ ունի: Նա, իր ամուսինը և մյուս տղան 2-րդ խմբի հաշմանդամ են, հոգեկան առողջության խնդիրներ ունեն, ընտանիքի մյուս անդամների մոտ բնակարանի խոնավության պատճառով ևս առողջական խնդիրներ են ծագել: Կարիքավոր ընտանիքում ոչ ոք ի վիճակի չէ աշխատելու, իսկ իրենց նվազագույն կարիքները մասամբ հոգում են հաշմանդամության թոշակների և ընտանեկան նպաստի գումարներով: Տիկին Արուսյակն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին՝ իրենց ընտանիքին օգնության ձեռք մեկնելու համար:

 

Կարինե Սուգիկյան

09.09.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․