Մայիսի 15-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց Սուրբ Խաչի Երևման տոնը: Տոնի օրը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը մասնակցեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մատուցված տոնական Ս. Պատարագին, ապա սիրո ճաշից հետո ուխտի մեկնեց Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի (4-5-րդ դ.):
Երիտասարդների աղոթքի ուղին նրանց առաջնորդեց այն սրբավայր, որը քսան տարի առաջ՝ Սուրբ Խաչի Երևման տոնին, վերաօծվել էր: Հնագույն այս սրբավայրում նրանք միասնական աղոթքի կանգնեցին, հաղորդակից դարձան Քրիստոսի խաչափայտի մասունքի օրհնությանը, որն այդ օրն ավանդաբար Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի գանձատնից Ապարան է բերվում: Երիտասարդ ուխտավորների միասնական աղերսն էր առ Տեր, որ Նա Իր ամենահաղթ Խաչով պահպանի իրենց, խաղաղություն շնորհի, ամրապնդի հավատքի մեջ և զորացնի՝ գոհանակությամբ կրելու իրենց խաչը: Այնուհետև երիտասարդաց միությունը, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մուշե քահանա Վահանյանի գլխավորությամբ, մասնակցեց Երեկոյան ժամերգությանը: Արարողության ավարտին Տեր Հայրը օրհնեց երիտասարդներին՝ մաղթելով, որ Տերն ի կատար ածի նրանց բոլորի ուխտը: Փրկարար Նշանի՝ Սուրբ Խաչի Երևման տոնի օրհնաբեր օրն առավել զորացրեց երիտասարդ ուխտավորներին՝ քաջաբար անցնելու դեպի փրկություն տանող իրենց խաչի ուղին:
Եկեղեցու հայրերի բացատրությամբ՝ յուրաքանչյուր անձ իր կյանքի ճանապարհին իր խաչն է կրում: Անհամար խաչեր կան, բայց յուրաքանչյուրին բուժում է իր խաչը, յուրաքանչյուրին փրկության է արժանացնում իր խաչը, որը Տերն է շնորհել: Խաչը կրել՝ նշանակում է անցնել այն կյանքի ուղով, որը Տիրոջ նախախնամությամբ է ուղենշվել, խաչը կրել՝ նշանակում է գոհունակությամբ կրել այն դժվարությունները, որ Տիրոջ թույլտվությամբ են տեղի ունենում, խաչը կրել՝ նշանակում է հետևել Քրիստոսին և Նրա պատգամին, որ ասում է. «Ով իր խաչը չի վերցնում ու Ինձ չի հետևում, արժանի չէ Ինձ» (Մատթ. 10:38):
Կարինե Սուգիկյան