11 Մարտ, Գշ, Մեծ պահքի Թ օր
Ի՞նչն է համարվում սնահավատություն կամ նախապաշարմունք: Ճի՞շտ է, որ պասի օրերին չի կարելի կարևոր գործեր սկսել, կամ թույլատրելի՞ է երազների մեկնությանը հավատալ` որպես Աստծո կամ սատանայի կողմից տրված նշան:
Սնահավատությունը տրամաբանությանը հակառակ անբացատրելի նախապաշարմունքներն են, որոնք կարող են առնչվել նաև կրոնական հարցերին: Ըստ այդ նախապաշարմունքի` կան իրողություններ, արարքներ կամ առարկաներ, որոնք երջանկություն կամ դժբախտություն են բերում: Սա ինչ-որ տեղ նման է կախարդությանը, երբ առարկաներին վերագրվում են զորություններ, որոնց այդպիսին լինելը զուրկ է տրամաբանությունից: Կա նաև անհատական սնահավատություն, որ մարդն է սահմանում իր համար: Երազների մեկնության առնչությամբ Աստվածաշունչն ասում է. «Ով հավատում է երազներին, նա նման է մեկին, որը փորձում է բռնել ստվերը և վազել քամու հետևից: Ինչպես ունայն է դեմքի անդրադարձը դեմքի դիմաց, այնպես էլ` երազներ տեսնելը» (Սիրաք 31.2-3): Այսինքն` ունայն է երազներին հավատալը կամ դրանցով առաջնորդվելը: Աստված առանձին մարդկանց կարող է երազի միջոցով հայտնություններ տալ, սակայն դրանք հազվադեպ են պատահում և իրենց առանձին մեկնությունն ունեն: Այդպիսի երազներ նշված են Աստվածաշնչում, և դրանց մեկնության համաձայն այդ երազներում տեսնված ամեն ինչ խորհրդանիշ է, որն իր համապատասխան բացատրությունն ունի: Եկեղեցական հեղինակների համաձայն` երազներն ավելի շատ լինում են մարդու ապրումներից, առօրյա գործողությունների ու մտածմունքների հետ կապված: Այսինքն` երազը վերաբերում է ոչ թե ապագային, այլ անցյալին: Այսպիսին է նաև հոգեբանության տեսակետը: Օրինակ` հայտնի հոգեվերլուծաբան Ֆրոյդը երազների մեկնության մասին իր աշխատության մեջ նույնպես անցյալին է վերագրում երազը և ասում է` ասա, թե ինչպիսի երազներ ես տեսնում, և ես կասեմ, թե ինչպիսի մարդ ես դու:
Սնահավատությունը սխալ մտածելակե՞րպ է, թե՞ մարդու հոգևոր արժեքների խեղաթյուրում:
Սնահավատությունն ավելի շուտ սխալ մտածելակերպի հետևանք է, ժողովրդական սխալ մեկնաբանություն, թյուրըմբռնում, քան թե հոգևոր արժեքների միտումնավոր խեղաթյուրում: Սովորաբար ժողովրդական մեկնաբանությունը կարող է հետաքրքրական, ուշագրավ լինել, բայց ոչ` ճշգրիտ: Այսպես է նաև բառերի նշանակության մասին ժողովրդական մեկնաբանությունը, որոնք չեն համապատասխանում լեզվի քերականական կամ իմաստաբանական ըմբռնումներին: Սնահավատությունը գալիս է Աստվածաշնչի, հոգևոր գրականության մասին անտեղյակությունից: Այսպիսի անտեղյակությամբ է պայմանավորված նաև աղանդավոր դառնալը, երբ մարդիկ Սուրբ Գրքից հիմնովին տեղեկություններ չունենալով` հեշտ որս են դառնում հիմնականում արևմուտքից Հայաստան թափանցած, կասկածելի անձերի կողմից հիմնված աղանդների կողմից: Տարբեր ոլորտներում մարդիկ վստահում են մասնագետներին և ինքնագործունեությամբ չեն զբաղվում, որովհետև գիտակցում են, որ նման ինքնագործունեությունը կարող է վատ հետևանքների հանգեցնել: Այսպես է բժշկության, շինարարության, կահույքագործության, ուսուցչության և այլ գիտությունների կամ արվեստների հանդեպ վերաբերմունքը: Այդպես էլ առավել ևս կրոնի հարցում պետք է ավելի զգուշավորություն հանդես բերել, ոչ թե սեփական կամ այլոց մեկնաբանություններին հետևել, այլ լսել եկեղեցականներին և նրանց բացատրությունները հոգևոր կյանքի, հոգևոր իրողությունների մասին` հիմնված Աստվածաշնչի և Քրիստոսի ուսուցման վրա:
Ինչո՞ւ է սնահավատությունն այդքան մեծ տեղ գրավում կյանքում:
Խորհրդավորն ու անհասկանալին ձգում են մարդուն: Բացի դրանից, մարդը կյանքի փորձառությամբ զգում է, որ շատ բան իրենից կախված չէ, այլ տարբեր իրադարձություններից, հանգամանքներից, և փորձում է պաշտպանվել: Ապագայի հանդեպ անորոշությունը վախ է առաջ բերում, որից մարդը ջանում է ազատվել տարբեր առարկաների միջոցով` հավատալով, որ այդ առարկաները կարող են ինչ-որ անհասկանալի զորությամբ իրեն հեռու պահել չարից և փորձանքներից: Մինչդեռ հենց այս սնահավատությամբ է մարդն ավելի մոտենում չարին, որովհետև սնահավատությունը հեռացնում է ճշմարիտ հավատքից, հետևաբար և` Աստծուց, իսկ Աստծուց հեռանալը մոտեցնում է սատանային:
Որո՞նք են սնահավատության վրա հիմնված ամենատարածված սովորույթները, որ անընդունելի են քրիստոնյայի համար:
Տարածված սնահավատությունները կարելի է բաժանել մի քանի խմբերի:
1. Ճաշի սեղանի հետ կապված - Աղը թափվելը նշանակում է կռիվ ընտանիքում, սեղանի անկյունում նստելը` յոթը տարի չամուսնանալ, գդալի, դանակ-պատառաքաղի կամ հացի կտորի ընկնելը` այդ տուն հյուր կգա:
2. Առարկաների գործածություն - Ձիու պայտ տան մուտքին՝ երջանկության համար, փշեր, աչքի ուլունքներ` չար աչքից խուսափելու կամ չկամեցողների վատ ցանկություններն իրականություն չդառնալու համար, թալիսմաններ՝ հաջողության համար, ընկնող աստղ` աստղի անկման ընթացքում պահված երազանքը կկատարվի:
3. Թվեր և օրեր - Վատ է համարվում 13 թիվը` կապված Քրիստոսի և աշակերտների Վերջին ընթրիքի հետ, որին մասնակիցների թիվը 13 էր և որից հետո սոսկալի դեպքեր տեղի ունեցան: Հատկապես այս սնահավատությունն այնքան է տարածված, որ դրա հետ հաշվի են նստում նույնիսկ տնտեսական գործունեության մեջ` հյուրանոցներում չկա 13-րդ համար, 13-րդ հարկ, ինքնաթիռներում չկա 13-րդ շարք: Վատ է համարվում նաև 666 թիվը, քանի որ Հովհաննու Հայտնության մեջ նշված է, որ դա նեռի թիվն է (13.18): Բայց եկեղեցական հեղինակները բացատրում են, որ Հայտնության գրքում գործ ունենք խորհրդանշանների հետ, որոնցից է և 666 թիվը: Այլապես մեզ համար մերժելի պիտի լինեն մարդիկ, որոնց փաստաթղթերում կամ հեռախոսահամարներում կամ մեքենայի համարանիշում համընկել են երեք վեցեր: Այլ բան է, երբ մարդն ինքն է իր հոգեվիճակը կամ քրիստոնեության հանդեպ թշնամանքը շեշտելու համար այդպիսի համար վերցնում: Սակայն եթե նման մտադրություն չկա, ուրեմն այդ թիվը մարդու մասին ոչինչ չի ասում: Սուրբ Գրիգոր Տաթևացին 666-ը բացատրում է հայերեն այբուբենի թվային նշանակությամբ, հետևյալ նախադասության բառերի առաջին տառերի թվային մեկնաբանությամբ` ուրանամ կամաւ զԱստուած: Այսինքն` սեփական կամքով Աստծուն ուրացողներն են նեռերը, ինչպես որ բացատրվում է Աստվածաշնչում (Ա Հովհ. 2.18, 22, 4.3, Բ Հովհ. 7): Անբարենպաստ է համարվում ուրբաթ օրը, որովհետև շաբաթվա այդ օրը տեղի ունեցավ Քրիստոսի խաչելությունը:
4. Գործողություններ - Տեառնընդառաջի կրակի վրայով թռչել՝ հիվանդություններից ազատվելու համար. սա դատապարտելի է, որովհետև կրակին վերագրում ենք անիրական զորություն, հավատում ենք կրակին` դառնալով կրակապաշտներ: Զատկին ձու չներկելն այն ընտանիքներում, որտեղ այդ տարի ընտանիքի անդամներից մեկը մահացել է, նույնպես ընդունելի չէ. ժողովրդական մեկնաբանությամբ ձվի գույնն ուրախություն է խորհրդանշում, իսկ սգացյալներն ուրախության նշաններից պետք է հեռու լինեն: Մինչդեռ հատկապես այդպիսի ընտանիքներում պիտի ձու ներկեն, որովհետև կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը, որով փրկվեց մարդկությունը, ինչպես նաև հարության ավետիսն ենք տալիս: Ուրեմն, սա հատկապես այդպիսի ընտանիքների համար մխիթարություն է: Դիմացով սև կատու անցնելը` մտածում են, որ անհաջողության կամ փորձանքի նշան է: Հայելի կոտրելը վատ հանգամանքների առջև կարող է կանգնեցնել: Նոր տարվա օրը ինչպես դիմավորես, այդպես կլինի և ողջ տարին: Ավելի շատ եվրոպական երկրներում տարածված սնահավատություններ են, որ եթե շատրվանով ավազանի մեջ դրամ գցես և ցանկություն մտապահես, ապա այն կիրականանա:
5. Անհատական սնահավատություններ - Մահճակալից աջ ոտքով ելնել կամ նախ աջ գուլպան, կոշիկը հագնել, որպեսզի գործերը աջ, այսինքն` հաջող լինեն: Հաշվում են, օրինակ, աստիճանները, եթե զույգ կամ կենտ է, ըստ համապատասխանության, օրը կամ գործը հաջող կամ անհաջող կլինի: Տնից դուրս գալիս մի մարդու տեսնելը համարում են հաջողության նշան, մեկ ուրիշին տեսնելը` անհաջողության:
Այս բոլորը մտացածին բաներ են, որևէ կապ չունեն իրականության և ճշմարտության հետ: Ֆրանսերենում, անգլերենում, իտալերենում «սնոտիապաշտություն» բառը ծագում է լատիներեն «superstitis» բառից, որը նշանակում է վերապրած, ողջ մնացած: Սնոտիապաշտությունը նկարագրվում է պատերազմից հետո ողջ մնացած, կանգուն զինվորի տեսքով, ով դիմացել է ժամանակներին, կրոնի բացատրություններին ու փաստարկներին, գիտության ձեռքբերումներին և այդ ամենով անցնելով` դեռևս կանգուն է և գոյություն ունի` հակառակ ամեն տրամաբանության: Ուրեմն, սնոտիապաշտությունը սին ու դատարկ բան է և քրիստոնյան պետք է հեռու մնա այդպիսի կեղծ հավատալիքներին հետևելուց, այլապես կդադարի քրիստոնյա լինելուց և կվերածվի կռապաշտի:
Երբեմն սնահավատությունը կամ տարբեր նախապաշարմունքներն ավելի շատ ծնվում են վախից: Մարդիկ վախենում են չար աչքից, թուղթուգրից, շատ հավատացյալներ նախընտրում են համապատասխան միջոցներ ձեռնարկել` խուսափելու հնարավոր կամ թվացյալ վտանգից: Ո՞րն է իրական վտանգն այս պարագայում:
Վտանգն այն է, որ մի կրակից ելնում, ընկնում են մեկ այլ կրակի մեջ: Երբեմն մտածում են, թե իրենց կամ իրենց երեխաների վրա չարի ազդեցություն կա և դրան դիմադրելու համար օգտագործում են սնոտիապաշտական առարկաներ, որով և իրենց հույսն ու հավատը դնում են այդ առարկայի և ոչ թե Աստծո վրա: Սնոտիապաշտ մարդիկ մի առարկայի կամ իրողության վերագրում են գերմարդկային, գերբնական զորություն և իրենց պաշտպանված են զգում, երբ ունենում են այդպիսի առարկաներ: Սա նաև ինքնախաբեություն է, և այդպիսի առարկաներով սեփական ապահովությունն զգալը խոսում է այն մասին, որ մարդը նաև հոգեբանական խնդիրներ ունի: Այսպիսով, մարդն ակնհայտորեն մերժում է Աստծուն և իր համար հավատի առարկա գտնում: Աստծուց հեռացումը, հատկապես այս ձևով, մարդուն չի ազատի չարից, այլ մարդը, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, առվից ելնելով` ծովը կընկնի, այսինքն` Աստծուց ավելի մեծ հեռավորության վրա կհայտնվի` այդպես մոտենալով չարի ազդեցության ոլորտներին և մուտք գործելով դրանց մեջ: Պետք է հավատքն ամրապնդել՝ անձնական և հոգևորականի աղոթքով ազատվելով չարից, խնդրելով Աստծո պահպանությունն ու հովանին: Սա է չարից, թուղթուգրից, նման բաներից ազատվելու ճանապարհը:
Սնոտիապաշտության առկայությունը մարդու մոտ հոգեբանության տեսանկյունից խոսում է նաև այդ անձի հոգեբանական շեղումի մասին, նրա մոտ պարանոիզմի կամ փսիխոզի առկայության մասին: Պարանոիկներն այն մարդիկ են, ովքեր կարծում են, թե իրենց անընդհատ հետևում են, հետապնդում և փորձում են միջոցներ ձեռք առնել այդ հետապնդումներից ազատվելու համար: Իսկ փսիխոզի մեջ եղողներն իրական աշխարհի ընկալում չունեն. նրանց մոտ նկատվում է ճիշտ մտածելակերպի խանգարում: Պետք է գիտակցական մոտենալ կյանքի խնդիրներին և ոչ թե տրվել սնոտիապաշտությանն ու դրանից ավելի վնասվել:
Սնահավատ սովորույթներն ավանդույթի տեսքով փոխանցվում են սերնդից սերունդ, հաճախ դրանք մասնագետների կողմից համարվում են ժողովրդական մշակույթի մի մասը և լայնորեն քարոզվում` որպես ազգային ինքնատիպության մասին վկայող երևույթ: Ինչպե՞ս ճիշտ կողմնորոշվել:
Ազգագրագետների այդպիսի գործելակերպը խորհրդային եկեղեցամարտ քաղաքականության մնացուկներից է: Խորհրդային շրջանում եկեղեցահալած քաղաքականությամբ փորձ էր արվում նսեմացնել Եկեղեցին: Եվ զարմանալի չէ, որ այդ շրջանի ազգագրագետներն իրենց գրվածքներով եկեղեցական տոները կապում էին սնոտիապաշտությունների հետ` ջնջելով և վերացնելով տոնի բուն իմաստը: Եկեղեցական տոներին առնչվող ժողովրդական սովորույթներ ու բացատրություններ կան, որոնք կրոնական տեսակետով կարող են սխալ լինել: Այդ սովորույթներն առաջացել են եկեղեցական տոնի ժողովրդական տոնախմբություններից: Սակայն ազգագրագետները պատկերը շուռ են տալիս և եկեղեցական տոնը ներկայացնում իբրև թե առաջացած այդ սնահավատություններից կամ հիմնված սնոտիապաշտության վրա: Այսպես կոչված ազգագրագետները կարծում են, թե իրենց առաքելությունը կայանում է ժողովրդի սխալ ընկալումները, սնոտիապաշտությունները հավաքելու և տարածելու մեջ: Որքա՜ն հակառակ են այսպիսի վայ-ազգագրագետներին այն գործիչները, ովքեր իրոք ժողովրդական արժեքներ, բանահյուսական, երգ-երաժշտության, ժողովրդական ստեղծագործությունների հավաքագրումն են իրականացրել և իրականացնում: Դա է իրական առաքելությունը ազգագրագետի՝ զատել ժողովրդի կեղծ և իրական արժեքները, արժեքավորը վեր հանել, պահպանել ու ազդարարել այդ մասին: Հակառակ դեպքում ազգագրագետ կոչվածները վերածվում են սնոտիապաշտության մունետիկների: Այսպիսի սնոտիապաշտություններին, կեղծ հավատալիքներին դեմ էին դեռևս հին աշխարհի առաջադեմ մտածողները: Փիլիսոփա Սոկրատը չէր ընդունում տարբեր հեթանոսական աստվածների և դրանց շուրջը հյուսված հավատալիքները, նաև Պլատոնը դեմ է հանդես գալիս Հոմերոսի ստեղծագործություններին, Հեսիոդոսի «Թեոգոնիա» (Աստվածների ծագումնաբանությունը) աշխատությանը, որոնց մեջ առկա է ժողովրդական սնոտիապաշտական հավատալիքների նկարագրությունը, քանի որ, ինչպես ասում է փիլիսոփան, դրանք խանգարում են ճիշտ կերպով դաստիարակելու պետության քաղաքացուն:
Կաթոլիկ Եկեղեցին միջնադարյան Եվրոպայում փորձեց մաքրել իր դոգմաները տարբեր ժողովրդական հավատալիքներից և սահմանել քրիստոնյայի վարքը կենցաղում և առօրյայում: Պատմության մեջ այդ պայքարը կոչվեց վհուկների որս և ուղեկցվեց ողբերգություններով: Այսօր արդյունք կունենա՞ պայքարը սնահավատության դեմ:
«Վհուկների որս» արտահայտությունն ունի ուղիղ և փոխաբերական նշանակություն: Քանի որ միջնադարում տարածված էր նաև կախարդությունը, ապա դրա դեմ պայքարելու համար խարույկի վրա վառում էին նաև վհուկներին կամ նրանց, ովքեր կասկածվում էին կախարդությամբ զբաղվելու մեջ: Փոխաբերական իմաստով այս արտահայտությունը նշանակում է, որ մարդուն կեղծ մեղադրանք են առաջադրում և սկսում նրան հետապնդել: Մեր Եկեղեցին նման ծայրահեղ միջոցների չի դիմել` արատավոր դրսևորումների դեմ պայքարելու համար, բայց նաև սնահավատության դեմ մեղադրանքը մտացածին չէ. այն շեղում է մարդուն իրական հավատքից, հոգևոր և հոգեբանական խնդիրների առջև կանգնեցնում:
Արատավոր բարքերի, սովորույթների դեմ պայքարը պետք է լինի եկեղեցական ընդհանրության գործ, երբ Եկեղեցին ընկալվում է իր ամբողջական նշանակությամբ` որպես հավատացյալների հավաքականություն` և՛ հոգևորականները, և՛ ժողովուրդը: Աղանդավորների դեմ պայքարում, օրինակ, մարդիկ մտածում են, որ իրենք պետք է տանը նստեն, իսկ եկեղեցականները, որոնք խիստ սակավաթիվ են, իրենց սպասավորությունը, եկեղեցիները թողնելով` դռնեդուռ ընկնեն կամ այլ միջոցներով գործեն: Եթե ուշադիր հետևում ենք տարբեր աղանդների գործելակերպին, տեսնում ենք, որ ոչ թե նրանց քարոզիչները, այլ սովորական հավատացյալներն են հրապարակավ լծված այսպիսի գործի: Իսկ մեր Եկեղեցու պարագայում մարդիկ մտածում են, որ իրենք Եկեղեցու անդամ են, բայց իրենք պիտի միայն հետևեն, թե ինչ են անելու հոգևորականները: Այսպես խնդիրներին լուծում չի տրվի, քանի որ հոգևորականների թիվը շատ քիչ է: Արատավոր բարքերի, սովորույթների, նաև սնոտիապաշտության դեմ նույնպես պետք է պայքարենք միասնաբար` իբրև Եկեղեցի, քանի որ Եկեղեցին բոլոր հավատացյալների հավաքականությունն է:
Տեր Ադամ քհն. Մակարյան