26 Նոյեմբեր, Գշ
- Հա՛յր, եթե կարելի է, կցանկանայի, որպեսզի Իսահակից ինչ-որ բան բացատրեիք ինձ:
- Ումի՞ց: Հայր Իսահակի՞ց: Պետք է ասել. «Սո՛ւրբ Իսահակից»: Երբ հոգևորական Իսահակի մասին ենք խոսում, ասում ենք «հայր Իսահակ», իսկ սրբերին միայն անունո՞վ ենք կոչում: Վայել չէ: Չի կարելի աղոթել, օրինակ, սուրբ Գևորգին և ասել. «Գև՛, այսինչն ու այնիչն արա ինձ համար»: Դա արդեն անպատկառություն է: Ես մի աշխարհականի սուրբ Արսենի մասունքներից մի փոքր կտոր տվեցի, իսկ նա հետո «Արսեն, Արսեն» էր ասում: Չափ ու սահման պիտի լինի՞, թե՞ ոչ:
- Միգուցե պարզությունի՞ց էր այդպես անում:
- Մի՞թե դա պարզություն է: Նույնիսկ տարիքով ավագին չի կարելի նման կերպով դիմել: Թեկուզ հայրն էլ լինի, միևնույն է, չի՛ կարելի այդպես խոսել: Թեկուզ ընդամենը երկու տարի մեծ լինի, միևնույն է, պատշաճ չէ, որովհետև սուրբ Արսենը հոգևորական էր: Իսկ այժմ առավել ևս, երբ նա սուրբ է: Նա մյուսներին էլ էր այդպես ասում: Այդ մարդն անգամ տարրական հարգանքից զուրկ էր:
- Հա՛յր, իսկ հնարավոր չէ՞, որ մարդն իրականում իր պարզությունից է այդպես դիմում սրբին, այլ ոչ թե անպատկառությունից:
- Նա հոգևոր մեծ բարձունքի պիտի հասնի, որպեսզի կարողանա սրբերին այդպես դիմել: Մեծ բարեպաշտության ու պարզության սրբազան համարձակության պիտի հասնի: Որոշ պարզասիրտ հոգիներ, որ ասես մանուկներ լինեն, կարող են երեխայի պարզությամբ ու միամտությամբ Աստծուն ասել. «Տե՛ր Աստված, Դու պետք է այսինչ բանը ինձ տաս, ինչո՞ւ չես տալիս»: Հիշո՞ւմ եք, որ «Отцы-святогорцы» գրքում մի վանականի մասին եմ պատմում, որը մանկան պարզություն ուներ: Երբ նրա խցի ջրհորը ցամաքում է, նա սուրբ Նիկողայոսի սրբապատկերը պարանով կապում է, իջեցնում ջրհորն ու մեծ պարզությամբ ասում սրբին. «Սո՛ւրբ Նիկողայոս, ջրհորից ջրի հետ բարձրացիր, եթե ուզում ես, որ քեզ համար կանթեղ վառեմ: Այդքան մարդ է մեր խուց գալիս, իսկ մենք անգամ մի քիչ սառնորակ ջուր չունենք՝ նրանց հյուրասիրելու»: Եվ ջուրը նույն պահին սկսում է կամաց-կամաց բարձրանալ, և սուրբ Նիկողայոսի սրբապատկերը լողալով ջրի երես է դուրս գալիս: Նա վերցնում է այն, երկյուղածությամբ համբուրում ու տանում եկեղեցի*: Սակայն նա, ով հանդգնորեն է դիմում Աստծուն ու սրբերին՝ հոգևոր համապատասխան վիճակի հասած չլինելով, հանդգնություն է ցուցաբերում ու բարկացնում Աստծուն:
- Հա՛յր, երբ հսկում եմ կատարում իմ նախընտրած որևէ սրբի հիշատակության նախատոնակին, ի՞նչ անեմ նրա հետ ամուր կապ զգալու համար:
- Նախ՝ սրբի վարքը կարդա, այնուհետև նրան նվիրված կանոնը, որում ևս խոսվում է նրա կյանքի մասին: ….Այնուհետև սրբի օգնությունը հայցիր զանազան կարիքների համար և ուժերիդ չափով երկրպագություններ արա, տերողորմյայով աղոթիր և այլն, կարևորը, որ աղոթես:
Երբ հոգին զգում է սրբին, ապա երկյուղածությամբ ու հավատով նրա օգնությունն է խնդրում: Եթե մարդը սրբերի հանդեպ ակնածանք է տածում, ապա երկյուղած աղոթքն ինքն իրեն է բխում: Նախ ծանոթությունն է, հետո գալիս է ընկերությունը, իսկ այնուհետև քաղցր զրույցը՝ պարզ ու հարգալիր:
* Старец Паисий Святогорец. Отцы-святогорцы и святогорские истории. С. 17–18.
Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը