26 Նոյեմբեր, Գշ
Մաքսիմիանոս թագավորը մտավ Նիկոմիդիա քաղաքը, զոհ մատուցեց Ապողոնին և երբ վերջացրեց պիղծ գործը` ելավ կռոց տաճարից: Եվ ելնելիս` նրան մոտեցան Ապողոնի Արտեմիոս և Փիբիանոս քուրմերը և ասացին. «Ինքնակա՛լ տեր, դու մեծ հոժարությամբ զոհ ես մատուցում աստվածներին և բազում ուրիշների աշխատում ես նույնն անել տալ: Որի շնորհիվ մեր աշխարհը խաղաղությամբ է ապրում, միշտ ու հանապազ հաղթություն բերելով քո թագավորությանը: Իսկ այժմ մեր քաղաքում ոմանք կան, որ քրիստոնյա են կոչվում և իրենց ամբարշտությամբ չեն ենթարկվում ձեր թագավորության օրենքներին, այլ հայհոյում են աստվածներին և երկրպագում են ինչ-որ խաչվածի, որին Աստված են անվանում, և ասում են, թե երկնքում է բնակվում և իշխում է բոլորին, որ երկրի վրա են: Այսպես խաբում են շատերին, և զոհ չեն մատուցում մեր աստվածներին, չեն պատվում մեր տոները: Բայց հակառակ քո թագավորության, հպարտանում են և աղոթում, որ ձեր թագավորությունը փոխվի: Արդ, այսօր կա մի ժպիրհ ծերունի` Բաբելաս անունով, որ իր հպարտությամբ միշտ չարախոսում է մեր աստվածներին: Եվ իր ձեռքի գրքով շատերին դարձնում է իր չար վարդապետության աշակերտներ: Եվ շեղում է նրանց միտքը` չհավատալ աստվածների կրոնին, այլ միայն հետևել Խաչյալի օրենքին և երդվել Նրա անունով, և ոչ դևերի զորությամբ: Եվ հելլենական ուսմանց փոխարեն, որով մանուկները հարգում են վարդապետությունը, ինչ-ինչ առասպելներ է սովորեցնում մանուկներին, որոնք քրիստոնյաները սուրբ երգ և սաղմոս են անվանում իրենց մոլորությամբ: Եվ բոլոր անզգամ կանայք այսպիսի ուսումով են կրթում իրենց զավակներին` այն մարդու միջոցով: Այդ ծերուկի մոլեգնությունն այնքան ուժեղացավ, որ ոչ միայն արու մանուկներ են գնում նրա մոտ ուսանելու, այլև աղջիկներ են շտապում նրա վարդապետանոցը: Եվ այժմ, ինքնակալ տեր, դու մի թույլ տուր, որ զորանա այդ մոլորությունը, թե ոչ` նա կլինի անարգանք աստվածներին և արհամարհանք քո թագավորությանը»:
Երբ թագավորն այս լսեց քուրմերից` Արտեմիոսից ու Փիբիանոսից, լցվեց զայրույթով և իսկույն զինվորներ ուղարկեց բռնելու Բաբելասին` երեխաների հետ, [հրամայեց] բոլորին արգելափակել հենց վարդապետանոցում և պահել զգուշությամբ, միայն Բաբելասին բերել իր մոտ: Եվ երբ զինվորները կատարեցին հրամանը, երանելի ծերունին բերվեց թագավորի առաջ` ձեռքերը ետ կապած: Կատաղած թագավորը նստած էր Ապողոնի տաճարի դռան առջև, այնտեղ, ուր լսեց այն քուրմերի հիշյալ խոսքերը: Սրբին տեսավ, խոժոռադեմ նայեց նրան և ասաց այսպես. «Դո՞ւ ես Բաբելասը, որ արհամարհում ես աստվածների զորությունը և զոհ չես մատուցում նրանց: Այս դեռ քիչ է, նաև անզգամ կանանցից հափշտակում ես անմեղ մանուկներին և ինչ-որ բարբաջանքներ սովորեցնում, որոնք և աստվածային երգեր ես անվանում, և մեր օրենքներից չես պատկառում, և սպառնալիքներից չես վախենում, այլ նստում ես հրապարակներում և հնչեցնում քո խոսքերը նրանց ականջներին, որ և չարաչար տանջանք է պատճառում լսողներին: Կամ դու չե՞ս լսել, թե ինչպես քո հիմարությանը տենչացող լինելով` անաչառ դատաստան կրեցին մեր դատավորներից: Ոմանք հրի և ոմանք սրի մատնվեցին, իսկ մյուսները ծովը նետվեցին, այլք գազանների կերակուր եղան և գերեզմանի չարժանացան նրանց դժբախտ դիակները: Այժմ դու ի՞նչ կասես այս առթիվ, ո՛վ չարագլուխ ծերուկ, կհրաժարվե՞ս քո հիմար կրոնից և կպաշտե՞ս անմահ աստվածներին, կերկրպագե՞ս նրանց: Եվ ինչի համար մեղք գործեցիր նրանց դեմ, մեր հանդարտ ներողամտությունից օգտվելով, զոհ մատուցելով կհաշտեցնես նրանց, բարիք գործելով քո սպիտակ մազերին և հանգստով ու փափկությամբ կապրե՞ս: Եվ ոչ միայն սա, այլև դիմոսական գանձեր պարգև կստանաս առատորեն մեր թագավորությունից, բազում հարստություններ կստանաս, որ չասես` ծեր եմ և չեմ կարող իմ անձն ապահովել կենցաղային կարիքներով, և դրա համար հոժար եմ մահանալ: Արդ ի՞նչ կասես սրան»: Պատասխան տվեց երանելի Բաբելասն ու ասաց. «Ես, ո՛վ թագավոր, իմ մանկությունից ի վեր պաշտում եմ ճշմարիտ Աստծուն և նրա կրոնով հասա մինչև այս խորին ծերությունը, որ տեսնում ես ինձ նույն բարեպաշտությամբ վառված: Այժմ անցավոր կյանք ցանկանալով ուրանա՞մ իմ Տիրոջը ու Աստծուն, Նրան, որ Իր ողորմությամբ ստեղծեց ինձ որովայնից, քարերին ու փայտերին, մարդկանց ձեռքով ստեղծված անշունչ մեռելների՞ն երկրպագեմ»: Մաքսիմիանոսն ասաց. «Չեմ ների քո բարբաջանքը, որ թշնամանում ես անմահ դից, այլ կհրամայեմ քարերով փշրել ոսկորներդ, որ գոնե այդպես իմաստնանա քո խելագար ծերությունը, եթե այդպես պիտի խոսես թագավորների առաջ»:
Եվ հրամայեց իսկույն ծեծել նրա ծնոտը, մինչև ջախջախվելով մանրացան այտոսկրները, և արյունը հոսում, իջնում էր ծնոտով ու բերանով: Իսկ երանելի ծերունին մեծաձայն աղաղակեց և ասաց. «Գոհանում եմ Քեզնից, Քրիստոս Աստված իմ, որ այսպես բարեհաճելով Քո ծառայիս զորացրիր այս կռիվների մեջ, արիաբար մարտնչելու հավատի համար` ընդդեմ անօրեն այս թագավորի: Ահա Քո ամենազորությամբ ձիթենու նման նորագեղ կանաչեցի, դալարանալով կտրելուց հետո, և դրախտի նորատունկ ծաղկի նման եմ: Քարերի հարվածները համարում եմ ծերացած և հնացած մարմնիս անդամների փառքի նորոգում, որովհետև հավատում եմ, որ նորեն կընդունեմ սա Քո փառավոր գալստյանը»:
Մաքսիմիանոսը տեսավ, որ տանջանքի մեջ այսպես գոհանալով դիմում է Քրիստոսին, ասաց. «Ո՛վ պիղծ և հանդուգն ծերուկ, դեռևս Խաչվածին քեզ մարտակի՞ց ես հրավիրում, չե՞ս զգում երեսիդ ոսկորների ջախջախումը և չե՞ս տեսնում արյանդ հորձանահոս կարկաչումը քո բերանից: Դրա համար ավելի ծանր տանջանքի կենթարկեմ քեզ, որ գոնե դրանով հասկանաս, որ քո Աստված անվանածը չի կարող օգնել նրանց, որ կդատապարտվեն թագավորներից»:
Այս ասելով` հրամայեց առավել ևս հարվածել նրա թիկունքին ու չորս կողմը, նույն քարերով: Իսկ երանելի Բաբելասը այս բոլոր տանջանքներն ընդունում էր անտրտունջ, հեզ ու անխռով ձայնով սաղմոսում էր այսպես. «Տե՛րն է իմ օգնականը, և ես չեմ վախենում` մարդն ինչ կանի ինձ: Տե՛րն է իմ օգնականը, և ես կտեսնեմ թշնամիներիս: Բարիք է` հուսալ Տիրոջը, քան մարդկանց, բարի է հուսալ Տիրոջը, քան իշխաններին» (Սաղմ. ՃԺԷ 6-9): Մաքսիմիանոսն ասաց. «Երդվում եմ աստվածների փրկությամբ, սուտ չասացին քո մասին Արտեմիոսն ու Փիբիանոսը, թե ինչ-որ առասպելներ շուրթերին սուրբ երգ և սաղմոս անվանելով արտասանում է, որ և ռամիկներին և անզգամներին կարող է խաբել: Արդ, ահավասիկ մեր լսելիքին նույնպես այսպիսի խորմանկություն է բարբաջում և մեզ ևս նույն երգով խաբել կամենալով թմրեցնում է մեր ականջները»: Եվ սուրբը, նայելով նրան, ասաց. «Ճիշտ է ասում աստվածային Գիրը, թե «Հիմարը հիմարություն է խոսում և նրա սիրտը անօրենություն գործում» (Եսայ. ԼԲ. 6): Եվ ինչն է պատճառը, ո՛վ Մաքսիմիանոս, որ չես գիտակցում, որ մեծ և հզոր է քրիստոնյաների Աստվածը, և ոչինչ են համարվում հեթանոսների աստվածները, որոնց սպասավորում ես, կործանման տանելով քո թագավորությունը: «Որովհետև հեթանոսների բոլոր կուռքերը,-ասում է,- դև են, իսկ մեր Տերը երկինքն արարեց» (Հմմտ. Սաղմ. ՂԵ. 5):
Այնժամ Մաքսիմիանոս թագավորը զայրացավ, նրան տվեց Պրիսկեղիոս դատավորին և հրամայեց պարանոցին ծանր շղթա դնել և ոտքերը պնդել փայտերով: Եվ երբ դատավորն ասածը կատարեց` երանելի Բաբելասին տարան բանտ, թագավորը հրամայեց նրան ունկնդրած բոլոր մանուկներին տանել իր մոտ: Եվ ծառաներն իսկույն կատարեցին հրամանը, գառների նման հավաքված` կանգնեցրին թագավորի առջև. նրանք թվով ութսունչորս էին, արու և էգ, որոնց անուններն են` Թեոփիլոս, Պետրոս, Փիլիպոս, Սերապիոն, Սևերիոս, Զոլիանոս, Աղեքսանդրոս, Ագաթոն, Մովիտոս, Սատգիպնեոս, Տիրանեոս, Կյուրիա, Սոփի, Եվսեբիա, Թեոդոտի, Փափստուհի, Արտեմիոս, Մալիկիս, Մաքսիմոս, Ամնոնիոս, Սերապիոս, Նեոփիտոս, Տորիոն, Պիկիլիանոս, Կինաբիոս, Բիտոն, Դոնատոս, Բիքտորիոս, Դուլկիտիոս, Դորոթեոս, Եվտիքիոս, Փիլիպոս, Զենոբիոս, Եվգրաբիոս, Անտոնիոս, Քրիստարիոս, Լիբիոս, Անտիգոնոս, Գենեթլիոս, Թեոդուլե, Սքոլաստիգոս, Թեոփիլուհի, Պատրիկուհի, Թեռիոս, Թեոդորա, Փլորենդիոս, Գլիգերիոս, Գելսիոս, Պատրիկիոս, Ստեփանոս, Բամբիանոս, Ուլանլենդինոս, Թեոդորոս, Եվտիքոս, Եփսեբիոս, Եվագրիոս, Սևերիանոս, Ղևոնդիոս, Մարկիանոս, Փոտիոս, Փիլիկիրոս, Դիոնիսուհի, Սիրմբլիա, Դիոմիտիոս, Նեոփիտոս, Իպատիոս, Ակակիոս, Զոտիկոս, Տրիփենա, Փիմինոս, Դոմնա, Պանքարիոս, Մարկոս, Արքելիոս, Իրինոս, Հուպելիոս, Ասկանիոս, Ելևթերիոս, Այետիոս, Ամովսիոս, Դավնադոս, Անտիգոնոն, Իպատիոն, Փերմոն:
Արդ, սրանք բոլորը, երբ բերվեցին թագավորի առջև, նրանցից հետո գալիս էին իրենց մայրերը և արտասվելով քաջալերում էին նրանց, որ հաստատ մնան իրենց ուսուցչի հավատին: Եվ երբ Մաքսիմիանոսը տեսավ նրանց, ժպտաց նրանց դեմ և իր խորամանկությամբ քաղցր ձայնով սկսեց խոսել այսպես. «Որդյակնե՛ր իմ, լսեցե՛ք ինձ, որպեսզի ապրեք և բարություն վայելեք: Թեպետ ձեր ուսուցիչը, որ ձեզ սովորեցնում էր, ուշ և հազիվ ճանաչեց աստվածների ճշմարտությունը, բայց հետո երկրպագեց նրանց, ինչպես և բոլոր մարդիկ: Ես լսել եմ, որ ձեզ ծեծում էր և տանջում հանդգնաբար, միշտ ձեզնից պահանջելով քրիստոնյաների գրքերի նանիր ուսմունքը: Դրա համար բարկացա նրա վրա, բանտարկեցի նրան, որ այլևս չկարենա ձեզ ծեծել: Այժմ մտե՛ք աստվածների տաճարը, երկրպագեցեք նրանց և գնացեք խաղաղությամբ ձեր մայրերի մոտ, որովհետև տեսնում եք, թե ինչպես ողորմագին կականում են ձեր ետևից»: Թագավորի այս բոլոր ողոքական խոսքերին չպատասխանեցին սուրբ մանուկները, միայն յուրաքանչյուրը նրանցից սկսեց ասել` «Ես քրիստոնյա եմ»:
Այնժամ թագավորը բարկացավ, հրամայեց հեռացնել նրանց իր մոտից: Ապա նրանցից տասը երեխայի ընտրելով, որ մյուսներից համեստ էին թվում, և նրանք կկարենային պատասխանել իր հարցերին, բերին կանգնեցրին նրա առջև: Մաքսիմիանոսն ասաց նրանց. «Գիտե՞ք, որդյակներ, թե ինչու ձեր բոլոր ընկերներից ընտրեցի ձեզ` իբրև իմաստուն մանուկների, և կանգնեցրի իմ առջև: Արդ, մի՛ նմանվեք ձեր ուսուցչին ապիկարությամբ, այլ մոտեցեք, երկրպագեցեք աստվածներին և բազում պարգևներ կստանաք ինձնից, արծաթե և ոսկե գանձեր, և մեծ ուրախությամբ կարձակվեք ձեր տները, իսկ եթե չհնազանդվեք ինձ, կհրամայեմ կտրել ձեր գլուխները և ձեր դիակները շներին գցել»: Նրանցից մեկը, որի անունը Ամովս էր, պատասխանեց. «Մենք քրիստոնյա ենք և պիղծ դևերին չենք երկրպագի. ի՛նչ ուզում ես` արա իսկույն: Ահա պատրաստ ենք մեր վարդապետի օրինակով»: Մաքսիմիանոսն ասաց. «Դրան վերցրեք, թակեցեք թիկունքն ու կողերը, որպեսզի սովորի տղամարդավարի և ոչ մանկորեն խոսել թագավորի առաջ»: Եվ երբ սա այսպես տանջվեց, առաջ բերին մյուսին, որի անունը Դոնադոս էր: Մաքսիմիանոսն ասաց. «Տեսա՞ր քո ուսումնակցին, թե ինչպես չլսեց ինձ և մատնվեց անհնարին տանջանքի: Արդ դու մի՛ նմանվիր նրա անմտությանը, այլ հնազանդվիր ինձ և պաշտիր աստվածներին և անցիր գնա խաղաղությամբ քո ծնողների մոտ. գիտե՞ս հիմա ինչպես են տրտմել ուշանալուդ համար»: Դոնադոսը պատասխանեց և ասաց. «Ես քրիստոնյա եմ, ինչպեսև Ամովս աշակերտակիցս, և չեմ խաբվի քո փաղաքշանքից, և չեմ վախենա քո սպառնալիքից, և չեմ ուրանա իմ Աստծուն ու տիրոջը»:
Այնժամ Մաքսիմիանոսը բարկությամբ լցվեց, և նրա երեսի գույնը փոխվեց, և ասաց. «Դրան ևս վերցրեք, որովհետև սա ևս բռնված է այն ծերուկի խաբկանքով»: Եվ սուրբ մանկանը տանջեցին թագավորի անողորմ սպասավորները, և նրա արյունը հոսելով իջնում էր գետնին, և նա չէր պատասխանում բռնակալին, այլ միայն աղաղակում և ասում էր. «Ես քրիստոնյա եմ»: Եվ թագավորը հրամայեց նրան գցել տան նկուղը: Բերել տվեց և նրա մյուս ընկերներին և ասաց նրանց. «Ի՞նչ եք ուզում. լսել ինձ և պարգևներով և մեծ ուրախությամբ գնալ ձեր տները, թե չլսել և այնպիսի տանջանք կրել, ինչպես ձեր ընկերները»: Մանուկները, երբ լսեցին նրա խոսքը, մի կողմ թողին իրենց ձորձերը և միաբերան աղաղակեցին, ասելով. «Ահա պատրաստ ենք քո տանջանքներին, ինչպես մեր սուրբ եղբայրները, որ ընկած են մեր աչքի առաջ այս տան նկուղը, Ամովսն ու Դոնադիոսը, և երբեք չենք դադարի մեզ քրիստոնյա անվանել և մեր Աստծուն խոստովանելուց, ինչպես մեզ սովորեցրեց մեր երանելի ուսուցիչը»:
Այնժամ Մաքսիմիանոսը իսկույն ելավ, մեծ բարկությամբ գնաց իր պալատը, հրամայեց Պրիսկիլիանոս դատավորին` բոլոր մանուկներին միասին բանտ նետել և մի քանի օր պահել առանց կերակրի, միգուցե, ասում է, սովից նեղվելով, ուրանան իրենց ուսուցչի խրատը, եթե ոչ` իրենց վարդապետի հետ կստանան սրով մահվան վճիռ: Իսկ դատավորը, ստանալով այդպիսի հրաման` իր առաջ բերել տվեց երանելի Բաբելասին ութսունչորս մանուկների հետ, ասաց նրանց. «Ի՞նչ ես ուզում, ո՛վ Բաբելաս, հիմարությունից զգաստացա՞ր, որ զոհ մատուցես աստվածներին և ապրես, թե՞ դարձյալ նույն համառությանն ես մնում, որ չարաչար կորչես դու քո աշակերտներով, ինչպես և ինքնակալը հրամայեց»: Երանելին պատասխանեց. «Ո՛վ դատավոր, դու պիտի իմանայիր մեր հավատքի հաստատությունը առաջին քննությունից իսկ, թե ինչպես իմ ծնոտի ոսկորների չարաչար ջախջախումը չսառեցրեց ինձ իմ Աստծուց, հիմա ինչ ուրիշ տանջանքով ես համոզելու ինձ` ուրանալ Նրան. արա շուտով` ինչ հրամայվեց քո ինքնակալից: Ես պատրաստ եմ ամեն տանջանք կրելու բարեպաշտության համար, որ ընդունել եմ իմ մանկությունից և պահեցի մինչև խոր ծերությունս այս, որում տեսնում ես»: Իսկ դատավորը, երբ լսեց այդ, ասաց. «Ես հույս ունեի, թե գուցե խնայես քո թշվառական սպիտակ մազերը և այդքան մանուկներին, որ քո պատճառով կորչելու են: Դու այժմ ևս դեռ նույն համառությանն ես. այժմ ես կփափկացնեմ քո հանդգնությունը»: Եվ հրամայեց նրան պառկեցնել, ձգել չորս կողմից և արջառաջիղով խփել թիկունքին ու ներբաններին: Իսկ սուրբը տանջանքն արհամարհում էր, այլ միայն մտքի աչքերը բարձրացրեց երկինք, սկսեց այսպես ասել. «Փա՛ռք Քեզ, զուգահավասար Սուրբ Երրորդություն. Հայր, Որդի և Սուրբ Հոգի: Փառք Քեզ, Հայր Սուրբ, որ զորացրիր իմ տկարությունը Քո Սուրբ Հոգու շնորհի ուժով, և նորոգեցիր իմ ծերությունը` Քո Քրիստոսի չարչարանքով: Այժմ ես ի՞նչ տամ փոխարենը այն ամենի, որ շնորհեցիր ինձ, այլ միայն գոհացողական ձայնով կօրհնեմ և կփառավորեմ անբաժանելի և անիմանալի քո զորությունը` այժմ և հավիտյանս հավիտենից»: Սուրբ մանուկներն ևս ասացին բոլորը: Պրիսկիլիանոս դատավորը հրամայեց բոլորի գլուխները հատել, ինչպես հրամայված էր թագավորից: Եվ դահիճներն ստացան այդ հրամանը` նախ կտրեցին սուրբ Բաբելասի գլուխը, ապա մանկանցը` մեկ առ մեկ, բոլոր ութսունչորսին, որոնք բոլորը դավանելով իրենց քրիստոնեությունը` զոհվեցին Քրիստոսին: Եվ երկյուղած մարդիկ առան նրանց մարմինները, հանեցին քաղաքից, մի նշանավոր տեղ, որ կոչվում է Եղանդիոք, երեք գերեզման պատրաստեցին, մեծ տոն կատարեցին նրանց հիշատակին սեպտեմբեր ամսի չորսին:
Արդ, նրանք այսպես զոհվեցին ի Քրիստոս երկու հեթանոս թագավորների` Դիոկղետիանոսի և Մաքսիմիանոսի հյուպատոսության ժամանակ: Իսկ ըստ մեզ` մեր Տեր Հիսուս Քրիստոսի, Աստծու Միածին Որդու թագավորությանը, Նրա հետ Հորը, միանգամայն և Սուրբ Հոգուն վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Վարք Սրբոց, Հատոր Ա, Ս. Էջմիածին – 2010թ.