Սուրբ Հաղորդությունն ամենագործուն դեղամիջոցն է

- Հա՛յր, Դուք շատ եք հոգնել Պատարագի ժամանակ*, կարիք չկար մնալու և գոհաբանական աղոթքները լսելու:

- Այդ ի՞նչ ես ասում: Ես սուրբ Հաղորդություն եմ ստացել և մի՞թե անգամ «շնորհակալություն» չեմ ասի Աստծուն: Միայն խիստ կարիքի դեպքում կարելի է շուտ դուրս գալ: Դու, նույնպես, ոչ մի տեղ մի գնա: Լսիր գոհաբանական աղոթքները և անվերջ կրկնիր. «Գոհանում եմ Քեզնից, Տե՛ր Աստված, երախտապարտ եմ քեզ: Փառքդ՝ շա՜տ, Տե՛ր, փա՜ռք Քեզ, Տե՛ր Աստված«,- և սիրտդ կսկսի ցնծալ:

Մի անգամ Պատարագի գնացի մի խուց: Խիստ հոգնել էի ու տանջվել, բացի այդ, նաև սոված էի, որովհետև պատրաստվել էի Հաղորդությանը: Կրակ չկար, և ողջ Պատարագը կանգնած ցրտից դողացի: Բայց հենց որ հաղորդվեցի, միանգամից զգացի, թե ինչպես ողջ մարմնովս ջերմություն անցավ: Ինչպես էլեկտրական տաքացուցիչներում հոսանքն անցնում է պարուրակով և այն տաքանում է, նույնն էլ ես էի զգում ողջ մարմնովս. կրակն աստիճանաբար տարածվում էր այնտեղ: Քաղցր կրակը:

- Բոցավառվել՝ առանց այրվելու…

- Այո, բոցավառվել… Բերկրալի կրակ: Հետո և՛ քաղցն է անհետանում, և՛ հոգնածությունը, և՛ ցուրտը:

- Իսկ դա որքա՞ն տևեց, հա՛յր:

- Ես դա եկեղեցում զգացի՝ Հաղորդությունից անմիջապես հետո և ապա, երբ արդեն գնացի, ողջ ճանապարհին տաք էի:

- Իսկ ինչի՞ց է, որ ֆիզիկապես տկար ու անառողջ որոշ մարդիկ պահքը լավ են տանում:

- Գաղտնիքը խոնարհ ու նախանձախնդիր սխրանքի մեջ է, որ ուղեկցվում է աղոթքով ու Հաղորդությամբ: Դրանք սնում են հոգին, սնում են նաև մարմինը: Հաղորդվելով՝ մենք ընդունում ենք ամենագործուն դեղամիջոցը՝ Քրիստոսի Մարմինն ու Արյունը:

 

* Ասվել է 1994 թ. հունիսին՝ հայր Պաիսիոսի ննջումից մեկ ամիս առաջ:

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

24.07.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․