22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Մայիսի 28-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը: Տոնը կրկնակի էր, քանի որ 2018 թվականին լրանում է Վաղարշապատի Սուրբ Հռիփսիմե վանքի հիմնադրման 1400-ամյա հոբելյանը, և հիշատակության օրը մեկնարկը տրվեց հոբելյանին նվիրված տարբեր ձեռնարկների:
Տոնի առիթով, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների և ուխտավորների հանդիսավոր խաչվառազարդ թափորով, «Անձինք նվիրեալք» շարականի երգեցողության և «Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո, Ս. Հռիփսիմե վանք տարվեց սուրբ Հռիփսիմե կույսի մասունքներն ամփոփող Ս. Աջը: Մասունքակիր Աջը կրում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
Ս. Հռիփսիմեի վանքի առջև թափորին դիմավորեցին Վանորեից տեսչության հոգևոր դասը` գլխավորությամբ Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի:
Այնուհետև վանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:
Սուրբ Պատարագի վերջում հրապարակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը Ս. Հռիփսիմեի վանքի 1400-ամյա հոբելյանի առիթով: «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի ներքո վանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Բաբկեն վարդապետ Սալբիյանը խորան բարձրացրեց հայրապետական կոնդակը, որն ընթերցեց պատարագիչ Արտակ եպիսկոպոսը:
ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ
ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔՆ ԱԶԳԻՍ
ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱԹՈՌՈՅ ԱՐԱՐԱՏԵԱՆ
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՍՐԲՈՅ ԿԱԹՈՒՂԻԿԷ ԷՋՄԻԱԾՆԻ
ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՑ
ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ,
ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՑ, ՔԱՀԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՑ ԵՒ ՊԱՇՏՕՆԷԻՑ ԵՒ ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ
«Բարբառք երկնաւորք լցին զերկիր. քանզի հոտ անուշից բուրեցայք ի Քրիստոս, ողջակէզ բանաւորք եւ զոհք փրկութեան եւ որոջք անարատք ընծայեալք Աստուծոյ» (Շարական):
Սուրբ Հռիփսիմէ վանքի 1400-ամեակի տօնական առիթով հոգու անհուն բերկրութեամբ Հայրապետական Մեր խօսքն ու պատգամն ենք ուղղում սիրեցեալ մեր ժողովրդին շարականի բառերով, որը երջանկայիշատակ Կոմիտաս Աղցեցի Կաթողիկոսը ընծայեց Քրիստոսանուէր սուրբ կոյսերին՝ կառուցելով Սուրբ Հռիփսիմէ տաճարը:
«Երկնաւոր խօսքերը լցրեցին երկիրը, քանզի անուշ հոտ բուրեցիք ի Քրիստոս, բանաւոր ողջակէզներ եւ զոհեր փրկութեան եւ գառներ անարատ՝ ընծայուած Աստծուն», ասում է երանելի Հայրապետը, օրհնաբանելով նաեւ Հայաստանի համատարած քրիստոնէական լուսաւորութեան մեծ իրադարձութիւնը, որին առ Քրիստոս իրենց հաւատքով ու հաւատարմութեամբ մասնակից եղան Հռոմեական կայսրութիւնից հալածուած եւ մեր երկրում ապաստանած միանձնուհիները՝ իրենց մայրապետ Սուրբ Գայանէի հետ:
Սուրբ Հռիփսիմէն կայսերական տան շառաւիղ լինելով, Քրիստոսի հաւատարիմ խոնարհ հարսն էր՝ ազնուասիրտ եւ օրինակելի, ով ճանաչել էր ««Զառաւելութիւն գիտութեան սիրոյն Քրիստոսի» (Եփես. Գ 19): Նա, ում մարմնաւոր գեղեցկութիւնը հմայել էր արքաներին, մերժեց արքունի շքեղութիւններն ու հարստութիւնը, քանզի ճանաչել էր Փրկչի պարգեւած ճշմարիտ կեանքը, որը յաւիտենական է, անյաղթելի, անսպառելի: Այս իմացութիւնը սուրբ կոյսին ուժ տուեց դիմակայելու բոլոր հալածանքներին ու փորձութիւններին եւ նահատակութեամբ ընդունելու անմահութեան պսակը:
Սուրբ Հռիփսիմէն իր մայրապետի եւ ընկերուհիների հետ նահատակուեց, սակայն շարունակեց ապրել՝ համաձայն Տիրոջ խօսքի. «որ հաւատայ յԻս, թէպէտ մեռանի՝ կեցցէ» ( Յովհ. ԺԱ 25): Նա շարունակեց ապրել որպէս Քրիստոսի Յաղթական Եկեղեցու զինուոր: Նա շարունակեց ապրել ու ապրեցնել շատերի, որպէսզի նրանք էլ Քրիստոսի սէրը ճանաչեն, Նրա սիրով ուժ ու զօրութիւն ստանան եւ անպարտելի դառնան ընդդէմ չարի փորձութիւնների:
Քրիստոսի նոր վկաներով նոր պտուղներ տուեցին առաքեալների քարոզութեամբ մեր երկրում սերմանուած հունդերը: Նահատակուած սուրբ կոյսերի եւ կենդանի նահատակ Սուրբ Գրիգոր մեր Լուսաւորչի հաւատքի ամրութեամբ ծագեց մեր ժողովրդի քրիստոնէական դարձի արշալոյսը, եւ «երկնաւոր խօսքերը լցրեցին մեր երկիրը»: Հայաստանը դարձաւ առաջին քրիստոնեայ տէրութիւնը՝ Աստուծոյ սէրն ու ողորմութիւնը ճանաչած Տրդատ արքայով, հայոց արքունիքով եւ ողջ ժողովրդով: Հայաստանի վրայ կամար կապեց հոգեւոր տաճարի գմբեթը, որի աննիւթական սիւները դարձան Տիրոջ Էջքի լոյսերը, որոնք հեղուել էին նաեւ սրբուհիների նահատակութեան երեք վայրերում: Այդ օրից ի վեր մեր ժողովրդի համար չկայ աւելի հարազատ պատկեր, քան Արարատի փեշին աստուածահաստատ Մայր Տաճարը եւ նրա շուրջը բոլորած եկեղեցիները:
Սուրբ Հռիփսիմէ եկեղեցու աւագ խորանի ներքոյ ամփոփուած են մեր ազգին բաժին ընկած Տիրոջ «պատուական մարգարիտ»-ի խնկաբոյր մասունքները: Երանեալ Կոմիտաս Հայրապետը ձգտեց Հռիփսիմեանց կոյսերի հաւատի անսասանութեան, նրանց սրբակրօն վարքին եւ փառապսակ նահատակութեանը համապատասխան տաճար կառուցել, որը եղաւ հայկական ճարտարապետութեան առանձնայատուկ մարգարիտ եւ իր նուիրական խորհրդով յարատեւում է մեր ժողովրդի կեանքում:
1400 տարի կանգուն է Սուրբ Հռիփսիմէ վանքը, քանզի կառուցուել ու հոգատարուել է մեր ժողովրդի հաւատքի ուժով եւ առ Աստուած ապաւինութեամբ: Վանքի նուիրական կամարների ներքոյ համախմբուել է մեր ժողովուրդը, Քրիստոսանուէր սրբուհու հաւատքը փառաբանել եւ նրա ցանկալի անունը հոգում՝ հայցել նրա անդադար բարեխօսութիւնը մեր երկրի ու ժողովրդի համար: Այստեղ իւրաքանչիւր քար օծուած ու նուիրականացած է ուխտաւորների աղօթքի ջերմութեամբ, հոգու հպումով, եկեղեցականաց սրբասացութիւններով, որոնք պիտի շարունակեն աստուածային օրհնութեամբ եւ Քրիստոս մեր Տիրոջ երկնային խօսքերի ճշմարտութեամբ լցնել մեր երկիրն ու մեր կեանքը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական օրհնութեամբ յորդոր ենք բերում սիրեցեալ մեր ժողովրդին՝ ուխտաւորաբար այցելելու Սուրբ Հռիփսիմէ վանք, նորոգուելու հաւատքով, հաղորդուելու վանքի սրբարար խորհրդին եւ մասնակցութիւն բերելու մեր սրբավայրերի պահպանութեան գործին: Արժեւորենք մեր ժողովրդի քրիստոնէական դարձը իբրեւ ազգային ու նաեւ մեր անձնական կեանքի մեծագոյն իրադարձութիւն, յիշենք հաւատքի սուրբ վկաներին, քանզի նրանց միջոցով Աստուած կանչեց մեզ Իր սէրը ճանաչելու, որ գերազանց է, քան ամեն գիտութիւն: Թող Սուրբ Հռիփսիմեանց բարեխօսութեամբ Աստուած առատապէս օրհնի մեր երկիրը եւ մեր ժողովրդին ի Հայաստան յԱրցախ եւ ի Սփիւռս:
Շնորհ, սէր, ողորմութիւն եւ խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ եւ ընդ ամենեսեան. ամէն:
Օրհնութեամբ՝
ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
Տուաւ Կոնդակս յ28-ը Մայիսի,
յամի Տեառն 2018 եւ ի թուին հայոց ՌՆԿԷ
ի մայրավանս Սրբոյ Էջմիածնի
ընդ համարաւ 1031
Սուրբ Պատարագի ավարտին վանքի բակում, հանդիսապետությամբ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և մասնակցությամբ տարբեր թեմերից և հովվություններից եկեղեցականների առաջնորդությամբ ժամանած բազում ուխտավորների, կատարվեց Անդաստանի արարողություն, որի ընթացքում նահատակ սրբուհու Աջով օրհնվեցին աշխարհի չորս կողմերը:
Այնուհետև Ս. Հռիփսիմեի վանքի շրջափակում ազգային երգ ու պարի կատարումներով հանդես եկան «Գաթա բենդ» երաժշտական խումբը և «Սասուն» պարային համույթը: