25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,
«Այսօր երկնքից երևաց հաղթության նշանը, հեթանոսներին ծագեց ողորմության լույսը» ահա՛ այս շարականն է այսօր երգվում Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում՝ ի պատիվ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հաղթական խաչի: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Խաչի երևման տոնը, որը հիմք առավ 351թ. տեղի ունեցած մի հրաշափառ երևույթից: Այն օրերին, երբ սուրբ Կյուրեղն էր Երուսաղեմի հայրապետը, գարնանային մի արևոտ օր, ավելի ստույգ մայիսի 7-ին, ցերեկվա երրորդ ժամին, Երուսաղեմի երկնակամարում շողարձակեց Տիրոջ խաչի նշանը, որ արեգակից շատ ավելի պայծառ ցոլալով՝ տարածվեց Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը: Այս զարմանահրաշ երևման ականատեսը դարձան Երուսաղեմի բոլոր բնակիչները՝ թե՛ քրիստոնյաները, թե՛ հրեաները և թե՛ հեթանոսները, քանի որ այն ծագեց բոլորի համար ու բավականին երկար ժամանակ մնաց երկնքում: Ամենակալի ողորմությամբ տեղի ունեցած այս հրաշքը պատճառ եղավ, որպեսզի բազմաթիվ մարդիկ դարձի գան, մկրտվեն ու Կենդանի Աստծո հետևորդները դառնան: Այդ օրը թե՛ քրիստոնյայի և թե՛ հեթանոսի շուրթերով փառաբանվեց Ամենակարող Աստված՝ Իր հաղթական նշանի հետ միասին: Եվ այսօր էլ մենք՝ այստեղ գտնվողներս, հավաքվել ենք կրկին անգամ մեր փառաբանությունն ու երկրպագությունը բերելու Անհաղթ Խաչյալին և Իր Սուրբ Խաչին:
Այն օրերին տեղի ունեցած այս հրաշալի երևույթը, բնականաբար, ամենևին էլ պատահական չէր, սիրելի՛ հավատացյալներ: Քանզի Տիրոջ ամեն մի արարում, շարժում, երևում կամ նույնիսկ լռություն՝ անսահման խորը իմաստություն է պարունակում իր մեջ և երբեք առանց պատճառի չի լինում: Արդ, այն ժամանակ, երբ այդ հրաշքը տեղի ունեցավ՝ լուրջ վտանգ էր կախված Քրիստոսի Եկեղեցու վրա, քանի որ Կոստանդիանոս Մեծի որդին՝ կայսեր Կոստանդինը, որոշել էր արիոսականության ուսմունքը կրկին վերականգնել կայսրությունում: Իսկ երբ Ճշմարիտ Աստծո նշանը հայտնվեց բոլորին՝ ի մխիթարություն, Կյուրեղ հայրապետը նամակով հայտնեց կայսրին այս զարմանահրաշ երևման մասին ու հորդորեց, որպեսզի իր բարեպաշտ հոր նման հավատարիմ մնա քրիստոնեությանն ու ճշմարիտ հավատքը պաշտպանի: Այս պատմական իրողությունը, սիրելինե՛ր, ևս մեկ անգամ Աստծո մեծագույն սիրո արտահայտումը եղավ: Տիրոջ խաչը կրկին անգամ փրկություն եղավ մարդկանց համար և կրկին անգամ Երկնավոր Հայրը ցույց տվեց, որ Իր որդեգիրների կողքին է և երբևէ չի լքում նրանց:
Մարդկանց կյանքի պատմությունները տարբեր են, տարբեր են նաև իրավիճակները որոնցում հայտնվում են, դրանցից բխող հետևանքներն են տարբեր, սակայն, երբ դրանք դրվագների ես բաժանում ու սկսում ուսումնասիրել, ապա հայտնաբերում ես, որ այդ ամենը միավորվում է մեկ կարևորագույն բաղադրիչի բացակայությամբ՝ սիրո: Այո՛, սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, մարդկային փոխհարաբերություններում այդքան հաճախակի դարձած պատերազմները, բռնությունները, վիրավորանքները, անվստահության ու ատելության մթնոլորտը սիրո բացակայության արդյունք է: Էլ չեմ խոսում աստվածային անմնացորդ սիրո մասին, որի առջև փոշիանում են բոլոր թվացյալ խնդիրներն ու տարաձայնությունները և որն ի զորու է հաղթահարել բոլոր խոչնդոտներն ու պատնեշները: Սա այն անսահման սերն է, որ Երկնավոր Արքայի Էությունից հորդեց՝ Նրան դարձնելով ողջ տիեզերքի Արարիչ: Այդ սերն էր, որից ծնունդ առան մարդիկ և այդ սերն էր, որ չխորշեց նրանցից՝ դավաճանությունից հետո նույնիսկ, այլ փրկություն խոստացավ նրանց: Ամենազորի անսահման սիրո ապացույցները բազմաթիվ են թե՛ ողջ մարդկության ընդհանրական պատմության մեջ, և թե՛ մեզանից յուրաքանչյուրի կյանքերից ներս: Եվ այս մեծագույն սիրո գերագույն արտահայտությունը հենց խաչի միջոցով տեղի ունեցավ, սարսափելի մահվան այն ահարկու գործիքի, որ Արարչի անհուն սերը հավիտյանս իր վրա դրոշմեց:
Այո՛, սիրելի՛ հավատացյալներ, սահմռկեցուցիչ գործիքից՝ սիրո խորհրդանիշի վերածվեց խաչափայտը, երբ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի սրբասուրբ մարմինը գամվեց նրա վրա: Սարսռում եմ այն մտքի անհունությունից, որ Աստված այնքան սիրեց մեզ՝ մեղավորներիս, որ նույնիսկ Իր Միածին Որդուն չխնայեց՝ զոհաբերելով մեր փրկության համար: Մեր տկար մտքերի համար անչափելի է այդ սերը, որ Ամենազորին մղեց մարդանալ, անցնել աննկարագրելի տանջանքների միջով ու Իր անգին արյունը թափել Իրենից հեռացած արարածների համար: Եվ սարսափելի է այն գիտակցումը, թե որքան հաճախ ենք տկար գտնվում ու ստրկանում մեր մեղսավոր բնությանն ու անտեսում ենք աստվածային սիրո այդ անգին դրսևորումը, այնինչ՝ սիրուն միայն սիրով կարելի է պատասխանել, որովհետև այլ փոխհատուցում լինել չի կարող այս պարագայում:
Մեզանից շատերն իրենց կրծքին խաչ են կրում, բոլոր քրիստոնյաները խաչակնքվում են, սակայն արդյո՞ք հասկանում են, որ դա լոկ ձևական բնույթ չպետք է կրի, այլ պետք է գիտակցեն, որ իրենք աստվածային սիրո կրողներն են և հետևաբար փոխանցողներն էլ պետք է լինեն: Ամենազոր Աստված արարեց սիրուց, Իր Միածնին զոհաբերեց, բազում հրաշքներ գործեց ու շարունակում է գործել, մեր յուրաքանչյուր շնչով, բացվող առավոտով, սրտի ամեն զարկով ապացուցելով Իր սերը և ես մաղթում եմ, որպեսզի այսուհետև ամենքս խոսքից գործի անցնենք, բոցավառվենք Սիրող Հոր աստվածային սիրով ու մեր գործերով ապացուցենք, որ անտեղի չէր Քրիստոսի մահը և խաչն իրոք անհրաժեշտ է մեզ: Ես ձեզ չեմ դրդում ուժերից վեր գործեր գործել, սիրելինե՛ր, կամ արհեստական սխրանքների գնալ, ամենևին, այլ հորդորում եմ, որպեսզի սկսեք ամենափոքրից՝ անկեղծ ժպիտից, նախանձից ու չարությունից մաքրված սրտից, միմյանց նկատմամբ սրտացավ ու հոգատար վերաբերմունքից, օգնության մեկնած ձեռքից, տրամադրված ժամանակից, քաղցր խոսքից, որևէ կրքից հրաժարվելուց, Աստծո խոսքի ոչ միայն լսելուց, այլև կատարելուց և այսպիսի վարքի մեջ հարատևելով ու այն աստիճանաբար զարգացնելով՝ մենք էլ կունենանք սիրված լինելու և սիրելու այն սքանչելի զգացումը, որ այդքան անհրաժեշտ է բոլոր մարդկանց:
Երուսաղեմի երկնակամարում շողարձակած խաչը մի յուրատեսակ կոչ հանդիսացավ ամենքի համար՝ դարձի գալու, ապաշխարելու, խաչի անհաղթ զորությամբ զորանալու՝ մեղքերի դեմ մղվող պայքարում ու Տիրոջը փառաբանելու: Արդ, այս դժվարին ժամանակներում թող աստվածային խաչի նշանը մշտապես ունենանք մեր հոգիների հորիզոնում, որպեսզի նրանով զորացած՝ ամրանանք մեր հավատի մեջ, չդադարենք փառաբանություն մատուցել Ամենակալ Աստծուն, ինչ պայմաններում էլ, որ լինենք և վստահ լինենք, որ Երկնավոր Հայրն Իր հավատարիմ զավակների կողքին է ամենայն ժամ: Մաղթում եմ, որպեսզի աստվածային անհատնում սիրո ու հաղթության այդ նշանն՝ իր պահպանիչ զորությամբ ցոլարձակի բոլորիս կյանքերում և հատկապես պահապան լինի մեր հայրենիքի սահմաններն անձնվիրաբար պաշտպանող մեր քաջարի զավակներին, որոնք աստվածային այն խոսքի կենդանի մարմնացումն են, որ ասում է. «Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. 15:13): Աստծո Ամենակարող Աջն ու Խաչի ամենազոր նշանը թող պահապան լինեն հայոց ազգիս, հայ հողիս ու խաղաղ երկնքի ներքո միահամուռ ու միաբերան փառաբանենք Ամենասուրբ Երրորդությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան