Սեպտեմբերի 30-ին՝ Վարագա Ս. Խաչի տոնի օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության համար օրհնաբեր և օրհնառատ օր էր: Երիտասարդները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում նախ մասնակից եղան ուխտի Ս. Պատարագին, որ մատուցեց Տեր Վահան քահանա Առաքելյանը, ապա Սուրբ Պատարագի ավարտին հաղորդակից եղան Տիրոջ խաչափայտի սուրբ մասունքի օրհնությանը: Անցյալ տարի, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Վարագա Ս. Խաչի տոնը հայտարարվել է Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում պահվող Տիրոջ խաչափայտի մասունքակիր խաչի ուխտի օր: Տիրոջ խաչափայտի մասունքի օրհնությամբ զորացած՝ երիտասարդներն այդ օրը նաև ուխտի ճանապարհ անցան: Նրանք, Տեր Վահանի առաջնորդությամբ, ուխտագնացության մեկնեցին Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի (4-րդ դ.) և Հառիճավանք: Ուխտի ճանապարհին նրանք կանգ առան «Տառ-Քարերի» պուրակի մոտ և բարձրացան պուրակի բարձրադիր մասում գտնվող մեծ ու փոքր մետաղյա խաչերից հյուսված «Սուրբ Խաչ»-ի մոտ: Երեսուներեք մետր բարձրություն ունեցող խաչը երիտասարդներին ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Խաչի զորությունը Քրիստոսն է, որ Ս. Խաչին ապավինողը ապավինում է Քրիստոսին:
Ապարանի Ս. Խաչ եկեղեցում երիտասարդ ուխտավորներն ընդհանրական աղոթքի կանգնեցին, ապա ուղևորվեցին դեպի Հառիճավանք (7-13-րդ դդ.), որտեղ ուխտավորներին դիմավորեց Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանը: Երիտասարդների աղոթական ներկայությունը վանքի սուրբ հարկից ներս մեծ ուրախություն էր պատճառել Հայր Սուրբին: Նա նշեց, որ երիտասարդներից յուրաքանչյուրի հոգևոր առաջընթացը նախ իրենց երազանքի իրականացումն է: «Յուրաքանչյուր մարդ, ինչպես Պողոս առաքյալն է ասում, ինքն է Աստծո տաճարը: Հոգևորականներիս համար գերխնդիրն այն է, որ մինչ քարեղեն եկեղեցի կառուցելը, նախ մարդու սրտում եկեղեցի կառուցել: Որքան էլ գեղեցիկ լինի եկեղեցին իր ճարտարապետական կառույցով, պատմական նկարագրությամբ, բայց եթե եկեղեցուց ներս աղոթք չհնչի, ժամերգություն չկատարվի, խունկ չծխվի, եկեղեցին կմնա լոկ որպես քարեղեն կառույց: Եկեղեցու առաքելությունը ոչ միայն ճարտարապետական կառույցն է, այլև եկեղեցու ավազանը, որտեղից մարդ ծնվում է նոր կյանքի համար: Այդ պատճառով եկեղեցին ոչ միայն սուրբ է, այլ նաև՝ սրբագործող: Եկեղեցին ամբողջական է մարդով»,- ասաց Հայր Սուրբը և շնորհակալություն հայտնեց Տեր Վահանին, ում առաջնորդությամբ երիտասարդները աղոթքի ճանապարհ անցան:
Իսկ Հառիճավանքի պատմության մասին ուխտավորներին ներկայացրեց Հառիճի Թրբանճեան հոգևոր ընծայարանի տեսուչ Տ. Ղևոնդ աբեղա Սաղաթելյանը: Երիտասարդները մի սրբավայրում էին, որ ժամանակին եղել է ամենայն հայոց կաթողիկոսների սիրելի ամառանոցային վայրերից մեկը, մի սրբավայրում, որ հայտնի է եղել որպես նշանավոր գրչության կենտրոն և որի հսկայական ձեռագրերից, ցավոք, միայն պատառիկներ են մնացել, մի սրբավայրում էին, որ բազում ավերների ու հափշտակումների է ենթարկվել և ներքին ծաղկում է ապրել 19-րդ դարի երկրորդ կեսին, ինչին նպաստել է «Աստվածածնի յոթ վերք» պատկերը, որ առժամանակ պահվել է Հառիճավանքում: Այդ շրջանում բացվել է նաև վանքի դպրոցը, որն այսօր գործում է իբրև ավագ դպրոց՝ Թրբանճեան ընծայարան անունով: Երիտասարդ ուխտավորներին մեծ զարմանք էր պատճառել ճգնավորի մատուռը, որ գտնվում էր վանքի հարավ-արևմտյան կողմում՝ մի անմատչելի ժայռի վրա: Ժամանակի ընթացքում մի մեծ ժայռաբեկոր, անջատվելով քարափից, իր հետ տարել և վանքից հեռացրել է հիշյալ մատուռը:
Երիտասարդներն առիթ ունեցան նաև շփվելու ընծայարանի ուսանողների հետ, ովքեր մեծ սիրով նրանց ներկայացրեցին վանքի և ընծայարանի պատմությունները:
Տեր Վահանը երիտասարդների անունից շնորհակալություն հայտնեց Հոգեշնորհ Հայր Սուրբերին՝ ջերմ ընդունելության, հյուրընկալության, վանքի պատմությանը հաղորդ դարձնելու և կյանքի կարևորագույն դասեր տալու համար, քանի որ երիտասարդների համար անչափ կարևոր է հոգևորականների զորակցությունը:
Անհնար էր չնկատել այն ոգևորությունն ու ուրախությունը, որ ողջ օրն ուղեկցեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությանը: Նրանք Երևան վերադարձան հոգեպես նորոգված ու զորացած:
Կարինե Սուգիկյան