26 Նոյեմբեր, Գշ
Աշխարհում Աստծու Որդու ծնունդից հետո եկեղեցու հալածիչ եղան Հռոմի կայսրերից քսաներկուսը` մինչև Կոստանդիանոս Մեծ: Նրանց վերջինը ամբարիշտ Դիոկղետիանոսն էր, որ սկսեց հալածել Աստծու հավատացյալներին: Սա այդ նպատակով Ասորոց Միջագետքում եպարքոս նշանակեց մի մարդու, որ կոչվում էր Ագրիպաս` Սելևկիոս և նախնի Անտիոքոս թագավորների ազգից: Եվ նրան հրամայեց կոտորել քրիստոնյաներին: Իսկ սա Անտիոքոս թագավորի և իր նախնիների նախանձը բերեց իր հետ` Աստծուն հակառակ Եփրատ գետի վրա կառուցեց մի մեծ քաղաք և ըստ թագավորի հրամանի հալածում էր քրիստոնյաներին, որոնք և փախուստ տալով` թաքնվում էին անձավներում ու լեռներում` մինչև Հայաստանի սահմանը` Մելիտենե մեծ քաղաքը: Ուստի ում բռնում էր հազարավորներից, կապանքով բանտ էր նետում, տեսակ-տեսակ չարչարանքով ու հույժ դառն կտտանքով տանջում էր, ստիպում էր զոհ մատուցել կուռքերին, իսկ Քրիստոսին ուրանալ:
Ամենասուրբ հազարը մեծ գոհությամբ համբերելով չարչարանքներին` վկայեց Քրիստոսի աստվածությունը: Նրանց տեսակ-տեսակ մահերով սպանեց` ինը հազար հոգու, որոնց վրա ավելացավ հետո ևս չորս հազար, և դատավոր Ագրիպասը, որ ինը հազար վկաներին կոտորելուց հետո դարձավ իր քաղաքը և գրեց Դիոկղետիանոսին. «Հալածեցի Նազովրեցիներին, ըստ քո հրամանի սպանեցի նրանցից ինը հազար հոգու, որոնք զոհ չմատուցեցին կուռքերին: Արդ, ուղարկիր ևս մեկին` ավելի մեծ, օգնելու ինձ»:
Ագրիպասի թուղթը կարդալով` Դիոկղետիանոսն ուրախացավ և հարցրեց իր մեծամեծներից, թե ով կգնա այն կողմերը` օգնելու Ագրիպասին և Հրեաստանից հալածելու քրիստոնյաներին: Այնժամ մի մեծ իշխան, որ կոչվում էր Լավրենտիոս, ասաց. «Ինձ առաքիր»: Եվ արքան շատ ուրախացավ և խնդրանքի համաձայն նրան չորս հազար զինվոր տվեց և Լավրենտիոսի մասին նամակ գրեց Ագրիպասին ու ասորոց բոլոր իշխաններին` և ուղարկեց:
Այս Լավրենտիոսը ծածուկ քրիստոնյա էր: Թագավորի զորքից ընտրեց չորս հազար այր, որ ծածուկ հավատում էին Քրիստոսին, և վերցրեց իր հետ: Վերցրեց և մի մարդու, որ խիստ կռապաշտ էր` հավատացնելու համար թագավորին: Եվ ճանապարհ ընկավ սեպտեմբեր ամսին, թագավորի մատանիով և իշխանական մեծ պատվով ու փառքով:
Երբ հեռացան, և ամբողջ զորքը չգիտեր, որ եղբայրներ են ի Քրիստոս, Լավրենտիոսը հայտնեց նրանց, որ ինքը և բոլոր ընկերները քրիստոնյա են: Նրանք ուրախանալով գոհացան Աստծուց, և կային ոմանք, որ ավելի առաջ վախից ուրացել էին, վերստին մեծ զղջումով խոստովանեցին Քրիստոսին: Եվ Լավրենտիոսը քարոզեց նրանց և քաջալերեց մարդկանց առջև միաբան խոստովանել Քրիստոսին, «Որպեսզի Նա խոստովանի մեզ Հոր առջև, որովհետև ինձ համար ոչինչ է զգալի աշխարհի ամբողջ փառքը: Այժմ գնանք տերունական Գերեզմանը և այլ վայրեր երկրպագելու. ես այդ նպատակով ճանապարհ ելա և թե Տերը հաջողի` կկատարենք»: Եվ նրանց սուրբ Նշանով կնքեց, և եկան հասան Անտիոքի սահմանը:
Այնժամ նրան ընդառաջ ելան այն աշխարհի մեծամեծներն ու իշխանները: Երկրպագության եկավ և Միջագետքի Ագրիպաս իշխանը, որից կուռքերի ճենճերի գարշելի հոտ էր բուրում: Նրա վրա հույժ լացեց Լավրենտիոսը` նրա կուրության պատճառով: Եվ Ագրիպասն ասաց. «Ինչո՞ւ ես լալիս, տե՛ր իմ, այսօր ուրախանալ է պետք, որ տեսան քո մեծությանը»: Սուրբն ասաց. «Սովորություն է` երբ տեսնում եմ սիրելիներին` ուրախությունից լալիս եմ»: Ագրիպասն ստիպեց նրան մտնել Անտիոք, զոհ մատուցել և մեծ տոն կատարել և հորդորել, որ մնացած քաղաքը նույնը անի: Բայց Լավրենտիոսը չլսեց Ագրիպասին` մտնելու Անտիոք և կուռքերին զոհ մատուցելու, այլ խաբեց նրան, ասելով. «Նախ կատարենք հալածանքի հրամանը, ապա` դա»:
Եվ Լավրենտիոսն եկավ Փյունիկե ու Երուսաղեմ: Դրանից խռովքի ու երկյուղի մատնվեցին բոլոր հավատացյալները: Երուսաղեմում հավաքվեցին բոլոր հեթանոսներն ու հրեաները, և [Լավրենտիոսը] կարդաց կայսեր թուղթը, և հեթանոսները շատ ուրախացան. նա արձակեց սրանց և ասաց. «Գնացե՛ք, փնտրեցե՛ք, ինչ քրիստոնյա որ գտնեք` եկե՛ք, ինձ պատմեցե՛ք, որ կատարեմ կայսեր հրամանը»: Երեկոյան [մարդ] ուղարկեց կանչելու Երուսաղեմի եպիսկոպոսին, որ առաքյալների աշակերտների աշակերտն էր: Վերջինս կասկածանքով ու երկյուղով խուսափում էր Լավրենտիոսից, ապա խաչակնքեց և գիշերը մի մանկան հետ եկավ նրա մոտ: Լավրենտիոսը ելավ, ընկավ նրա ոտքերն ու ասաց. «Բարո՛վ եկար, Քրիստոսի բանավոր հոտի հովիվ, մխիթարվի՛ր և մխիթարի՛ր եղբայրներին, որովհետև Քրիստոս ինձ առաքեց պատսպարելու Իր հոտը և քեզ»:
Եպիսկոպոսն ասաց. «Օրհնյա՜լ է Քրիստոս, որ դժոխքին թույլ չի տալիս հաղթահարելու Իր եկեղեցին` ինչպես խոստացավ»: Եվ նրան վերցնելով` գնացին Գողգոթա, սուրբ Գերեզմանը և այլ սուրբ տնօրինականներ: Եվ ամբողջ զորքը երկրպագեց: Մյուս գիշեր գնացին սուրբ Համբարձում և Սելովամ և սուրբ Վերնատուն: Եվ նրան երևալով` Քրիստոս ասաց. «Լավրենտիո՛ս, քո զորքը Ինձ վկայելու է Հայաստանի կողմերում, և դու կանգնելու ես կայսեր ատյանում: Արդ, շտապի՛ր Ինձ մոտ»: Երբ այս տեսավ, հույժ շտապեց և առավոտյան ելավ քաղաքից` իբր թե գնում է քրիստոնյաներին հալածելու: Իսկ զարմացած հեթանոսները հարցնում էին մարդկանց, թե ինչո՞ւ կայսեր հրամանով ոչինչ չարեց քրիստոնյաներին, որ այստեղ են: Եվ նրանք ասացին. «Արքայից հրաման եկավ և շտապեցրեց գնալ այստեղից»,- այս ասում էին երկնային Թագավորի տեսիլքը նկատի ունենալով:
Եվ ելան եկան սուրբ Բեթղեհեմ, այնտեղից գնացին սուրբ Հորդանան: Ապա անցան անապատի ճանապարհը, գնացին սուրբ Սարգսի և Բակոսի վկայարանը, եկան Լաքսավիե` Եփրատ գետի ափը, ուր Մաքսիմիանոսի ձեռքով վկայությամբ զոհվել էր նրանց ընկերներից մեկը, որ կոչվում էր Հովհաննես: Այնտեղից եկան Եդեսիա և երկրպագեցին Քրիստոսի անձեռագործ պատկերին:
Ապա այնտեղ Լավրենտիոսն ասաց. «Ավարտեցինք մեր ուխտավորությունը, այսուհետև ժամանակն է մեր հավատքը հայտնելու և ձգտելու նահատակության»: Եվ սկսեցին հայհոյել կուռքերին և քարոզել Քրիստոս միակ Աստծուն և [հայտնեցին] իրենց քրիստոնյա լինելը: Այս լսելով` Ագրիպասը գրեց նրան. «Այդ ի՞նչ է, որ անում եք կայսեր հրամանին հակառակ և փոխանակ քրիստոնյաներին հալածելու, ջանում եք վերացնել հեթանոսությունը»: Լավրենտիոսը պատասխանում է. «Մենք հոգ չենք տանում կայսեր համար, որովհետև վաղուց ի վեր ծառայում ենք Քրիստոսին, և Նրա սուրբ Գերեզմանին երկրպագելու համար խաբեցինք քո կայսերը և եկանք այս կողմերը»:
Այնժամ Ագրիպասը ամեն ինչ գրեց և տեղեկացրեց կայսերը: Իսկ Լավրենտիոսը ձմռան երեք ամիսը մնաց Միջագետքում. մխիթարում էր հավատացյալներին և քարոզում քրիստոնեություն, գուշակում էր և բարեպաշտ Կոստանդիանոսի բարձրանալը, զգուշացնում էր նրանց ժամանակավորապես խուսափել և աղոթել իրենց վրա: Եվ ձմռան երեք ամսից հետո կայսրից նամակ եկավ Ագրիպասին, եկավ նաև Դոմնաս անունով մի իշխան` հազար զինվորով, որպեսզի կոտորեն հավատացյալներին, իսկ Լավրենտիոսին կապած տանեն նրա մոտ: Եվ Ագրիպասը նախանձահույզ բարկությամբ հավաքեց տասներկու հազար զինվոր և եկավ Լավրենտիոսի վրա` Եդեսիայի դաշտ: Իսկ Լավրենտիոսը քաջալերեց չորս հազար հավատացյալ գնդին և մխիթարությամբ գոտեպնդում էր նրանց նախագիտությամբ և ասում. «Ձեզնից ոմանք զոհվելու են այստեղ, և ոմանք` Հայոց կողմերում, իսկ ես` կանգնելու եմ Հռոմում` կայսեր ատյանին, և միասին թագ կստանանք Քրիստոսից»: Եվ նրանք ջերմեռանդությամբ դավանում էին հանձն առնել մահ [հանուն] Քրիստոսի: Եվ ուղղվելով դեպի Համսի լեռը, որ հյուսիսային կողմն է` հեթանոսները հասան նրանց: Սուրբ գնդից հինգ հարյուր հոգի ելան մի բարձր տեղ, որ կոչվում էր Նավթա, հրաժեշտ տվին միմյանց և աղոթելով աղաղակեցին. «Քրիստոսն է միակ Աստված, և մենք քրիստոնյա ենք, իսկ կուռքերին չենք պաշտում»:
Հեթանոսները շրջապատեցին և կոտորեցին սուրբ վկաներին, և հեռվից Աստծու այլ հավատացյալներ իսկույն տեսան, որ լուսեղեն պսակները երկնքից իջնում էին սրբերի վրա, և խնդությամբ նրանք սկսեցին բորբոքվել Քրիստոսի սիրով: Իսկ Լավրենտիոսը առավել հորդորում էր նրանց: Այնժամ սրբերը, այնտեղից փոխադրվելով, հասան լեռը, որ կոչվում է Աշմու և բանակեցին լեռան հարավային ստորոտում: Հեթանոսների գունդը եկավ, իջավ Մահտակ կոչվող գյուղի մոտով: Հռոմայեցիների սուրբ զորքը գիշերը տեսավ լույսի մի սյուն` ուր վկայեցին հինգ հարյուրը: Եվ Լավրենտիոսը մարդիկ ուղարկեց, որ գնան, թաղեն սրբերին և հինգ հարյուր այր լույսի ճառագայթներով զինված` գնացին այնտեղ, որ ցերեկի նման պայծառացած էր, հավաքելով սրբերին` դրին մի անձավի մեջ ու փակեցին: Եվ լուսեղեն սյան ճառագայթով դարձան, եկան թշնամիների բանակի մոտ և աներկյուղ, բարձր ձայնով գոչելով` «Միայն Քրիստոս է Աստված»,- հայտնի դարձրին իրենց:
Այս լսելով` Ագրիպասը երկու հազար զինվոր ուղարկեց, որ եթե հռոմայեցիները Քրիստոսին ուրանան` թողնեն նրանց, իսկ եթե ոչ` անխնա կոտորեն: Եվ հռոմայեցիներն ասացին. «Մենք չպետք է մեռնենք, մինչև գնանք մեր զորագլխի մոտ, որի համար կպատերազմենք նրանց դեմ, որ տեսնեն Քրիստոսի զորությունը: Եվ մարտնչելով` կոտորեցին ասորոց երկու հազարանոց զորքը, իսկ իրենցից ոչ մեկը չպակասեց, այլև ոչ ոք չվիրավորվեց. և սա մայիս ամսին էր: Այնժամ մրրիկ ու մառախուղ ծածկեց անօրենների բանակը, իսկ բոլոր հավատացյալները անվնաս մնալով եկան սուրբ բանակը և պատմեցին Աստծու շնորհները: Եվ նրանք հիացած փառավորում էին Քրիստոսին: Եվ այստեղ շատ բաներ խոսեց սուրբ Լավրենտիոսը և պատվիրեց, ասելով. «Այժմ ահա տեսանք, որ ամեն հաղթություն Քրիստոսինն է, և սա բավական է: Այլևս մի՛ պատերազմեք և մի՛ սպանեք որևէ մեկին»: Եվ ելան, գնացին Ուշավմու լեռը:
Իսկ Ագրիպասը խիստ զայրացած էր և հասավ նրանց հետևից Պհար լեռան մոտ: Նույն տեղը սրբերից հազար երեք հարյուրը հանգստանում էին: Եվ գցեցին իրենց զենքերը և ելան լեռան լանջին բարձր մի տեղ` Հարմավոր կոչված: Եվ հրաժեշտ տալով միմյանց` աղաղակեցին. «Քրիստոնյա ենք և Աստված ենք դավանում Քրիստոսին, և ոչ պիղծ թագավորի կուռքերին»: Եվ ձեռքերը երկինք պարզած` այնուհետև սպանվեցին հեթանոսների ձեռքով: Իսկ հռոմայեցիների մյուս գունդը Լավրենտիոսին ասաց. «Եթե ուզում ես Տիրոջ հրամանով գնալ Հռոմ` ջանանք և քեզ հանենք դրանց միջից, որ անվնաս գնաս»:
Նա հանձն չառավ, ասելով. «Տիրոջ կամքը կլինի»: Եվ գնացին, իջան Եղլավե դաշտում, Ամնոնի լեռան ստորոտում, Ամնոն բերդի մոտ: Եկավ նաև Ագրիպասը ու բանակեց այն դաշտում: Եվ գիշերը Լավրենտիոսը տեսավ` մի լուսավոր այր քաջալերում էր իրենց և ասում. «Մի՛ տրտմեք ձեր բաժանված ընկերների համար, որ կոտորվեցին, որովհետև ահա ձեր հալածիչ Ագրիպասին նշանագրել եմ հավիտենից կյանքին և նա հետը եղած յուրայիններով տրվում է ձեզ, և դու հավատա սրան, ե՛լ, նայի՛ր դաշտի կողմը, տե՛ս ինչ եմ ցույց տալիս քեզ»:
Եվ սուրբը ելավ, նայեց ու տեսավ` այնտեղ, ուր վկաներն էին սպանվել, մի մեծ լուսավոր աստղ եկավ, կանգնեց բանակի վրա, փայլում և պայծառ լուսավորում էր այն տեղը: Կանչեց ընկերներին, տեսան, որ աստղից լուսավոր պսակ էր իջնում վկաների վրա` ըստ զոհված սրբերի թվի: Ապա նույն լուսավոր աստղը եկավ կանգնեց Ագրիպաս եպարքոսի բանակի վրա, հեթանոս զորքի մեջ: Այդ տեսնելով` Լավրենտիոսն ասաց. «Ճշմարիտ է, որ Ագրիպասին ևս սահմանված է մեզ հետ լինել Քրիստոսի վկա»,- և [նրանք] զարմացած, հույժ գոհանալով օրհնում էին Քրիստոսին:
Առավոտյան Դոմնասն ասաց Ագրիպաս եպարքոսին. «Փութով գնանք Լավրենտիոսի վրա` բռնելու նրան և կատարելու կայսեր հրամանը»: Եվ Ագրիպասն ասաց. «Այսօր հանգստանանք, իսկ վաղը զորքի բազմությունը թողնենք այս դաշտում, մենք երեք հազար մարդով գնանք նրանց վրա, որովհետև այն լեռը շատ դժվար է, ինձ թվում է նաև, որ նրանք հոժար են մեռնելու և չեն ուզում կռվել մեր դեմ, քանի որ նրանց դա թույլ չի տալիս Նազովրեցու օրենքը, նրանց գլխավորը ևս չի կամենում կռվել»:
Երեկոյան Լավրենտիոսը մտածում էր, թե ինչու հեթանոս զորքը այդ օրը չեկավ իրենց վրա, այլև հոգ էր տանում կոտորված սրբերի մարմիններին: Եվ երբ ննջեց` նրան երևաց մի լուսավոր այր և ասաց. «Ահա Դոմնաս ամբարիշտը, որ կայսրից եկել է քեզ տանելու: Այստեղ մնալու է Ագրիպասը` ասորոց եպարքոսը, որպեսզի Տերը խափանի հեթանոսների ծրագրերը, և մյուսների ձեռքով դու կգնաս Հռոմ, որ չարաբարո չէ, և քո ընկերների մարմինների մասին մի՛ հոգա, որովհետև ահա մի հովիվ, որ Աստծու ընտրյալն է` տեսավ լուսեղեն պսակը, որ դուք ևս տեսաք նրանց վրա, և իր մյուս ընկերների հետ, որ իր հետ են, սրբերի մարմինները տարավ, դրեց անձավի մեջ, մինչև Տերը այց անի նրանց, քանի որ գալու է ժամանակ, երբ կխափանվեն հեթանոսների զոհաբերությունները և այնտեղ դրանց վրա կկառուցվեն եկեղեցիներ և Աստծու տաճարը: Իսկ առավոտյան ձեզ վրա է գալու հեթանոսների զորքը, և մի օր հետո Ագրիպասը դարձի է գալու և լինելու է ոչխարը Քրիստոսի»:
Նրան ասաց նաև այլ ամեն բան, որ լինելու էր հերթով: Եվ Լավրենտիոսը արթնացավ, պատմեց ընկերներին, և առավոտյան ճանապարհ ընկնելով դեպի հյուսիս, հասան մեծ գետին, մի գյուղի մոտ, որ կոչվում է Ներշի. նրանց հասան հեթանոսները, կտրեցին նրանց ճանապարհը և հավատացյալ գնդի առջևից գնացողներից հինգ հարյուր հոգու, որ անցնում էին գետը` կոտորեցին, որոնք Քրիստոսին խոստովանելով` սպանվեցին: Լավրենտիոսը մնացածներին վերցրեց և անցավ գետը, հասավ մի տեղ` լեռան գագաթը, որ կոչվում է Գդակ Հոռոմոց. այնտեղ հեթանոսների զորքը հասավ նրանց, և քանի որ երեկո էր, գիշերեցին: Եվ ահա լուսավոր աստղերը, իբրև պայծառագույն բոց, երևացին նրանց, որ իջնում էին սուրբ վկաների մարմիններին: Նաև այլ երեքի վրա, որ Ներշի գյուղում էին: Այս տեսան հռոմայեցի հավատացյալ զորքը ու շատ ուրիշներ գյուղից և փառավորեցին Աստծուն:
Իսկ Ագրիպասը անկողին մտավ, որ քնի և մտքում խորհում էր ու զարմանում, թե ինչպես սրբերը իրենց անձը հոժարությամբ տալիս են սրի և մահու, նրանք, որ մանկությունից կրթված են զինվորությամբ, բնավ չեն կամենում կռվել, կամ դառնալ իրենց դեմ, այլ ցնծությամբ գլուխները մատուցում են սրի, որ նրանցից միայն հինգ հարյուրին ավելի առաջ կոտորեցին, երկու հազարին` երբ կամեցան: Եվ մտքում ասում էր. «Մի՞թե իսկապես կա մեզնից ծածուկ մի բան, որ տեսնում են նրանք, իսկ մենք չգիտենք և տեսնել չենք կարող»: Մինչ այս էր խորհում ննջելիս` տեսավ մի հրեղեն այր, որ ուզում էր իրեն դառնապես հարվածել հրեղեն նիզակով: Տեսավ և Լավրենտիոսին` հրեղեն այրի մոտ կանգնած, և ինքն ապավինում էր Լավրենտիոսին: Լավրենտիոսը խնդրեց հրեղեն այրին խնայել նրան, իսկ նա ասում էր. «Թո՛ղ որ սպանեմ դրան, ինչպես իր ընկերներին, որովհետև թշնամի է Քրիստոսի և հալածիչ Նրա ծառաների: Դու երաշխավոր լինո՞ւմ ես դրան, որ դառնա իր չարությունից և ապավինի Քրիստոսի խաչի զորությանը»: Եվ Լավրենտիոսն ասաց. «Եթե գա ինձ մոտ և ապավինի Քրիստոսին` երաշխավոր կլինեմ»: Եվ Ագրիպասը աղաղակելով ասաց. «Այո՛, տե՛ր իմ, հրաժարվում եմ կուռքերից և դավանում Քրիստոսին, խղճա՛ ինձ, տե՛ր իմ, աղաչում եմ»: Եվ իսկույն դուրս հանեց նիզակը նրանից և շղթա դրեց նրա պարանոցին և քարշ տալով տարավ անշեջ հրով, խավարով ու ժահահոտությամբ լի մի խորխորատ, ուր տեսնում էր բոլոր գլխավոր կուռքերին, որոնց առաջ Ագրիպասը ճանաչում էր և գիտեր: Եվ հրեշտակն ասաց նրան. «Քեզ պետք է այնտեղ գցել, քո անօրինության պատճառով: Ագրիպասը նայեց և հեռվից տեսավ Լավրենտիոսին, աղաղակելով ասաց. «Ո՛վ բարեգութ հայր, խղճա՛ և փրկի՛ր ինձ»: Եվ նա առաջ եկավ, իր հետ էր և քերովբեն, և աղաչում էր նրան, և քերովբեն ասաց. «Ահա դրան քեզ եմ հանձնում, մինչև տեսնենք, թե ինչ կգործի»: Եվ ձեռքը մեկնելով ասաց. «Տե՛ս Քրիստոսի վկաներին, որոնց կոտորեցիք հանուն Քրիստոսի, ահա պայծառացած են հրեղեն թագով»: Եվ Ագրիպասը նայեց, տեսավ սուրբ մարտիրոսներին, որ կոտորվել էին, որ անճառելի փառքով թագավորացած ու փափկացած էին լույսի դրախտում, երկնքի թագավորության մեջ: Եվ Լավրենտիոսը Ագրիպասի վրայից իսկույն հանեց շղթաները և ազատեց սոսկալի տանջանքներից:
Եվ նույն պահին զարթնեց, բացեց աչքերը և խոսել չէր կարող, ելավ, տեսավ լուսեղեն պսակները, որ իջնում էին երկնքից վկաների մարմինների վրա, և ուշքի գալով ասաց. «Գիտեմ, թե ինչից պրծա և ինչ հանձն առա: Ճշմարիտ է, որ այլ հույս չունեմ, քան Լավրենտիոսն ու Քրիստոսի խաչը: Եվ ահից չեմ կարողանում վեր ելնել»: Աղոթում էր մտքում, ասելով. «Քրիստո՛ս, հո՛ւյսդ քրիստոնյաների, ընդունի՛ր ինձ և ների՛ր չարիքները, որ Քո դեմ գործեցի»:
Երբ սա եղավ, Դոմնաս իշխանը մարդ ուղարկեց Ագրիպասի մոտ և ասաց. «Շտապի՛ր, որ գնանք այն ամբարիշտների վրա»: Եվ Ագրիպասի սպասավորները եկան, պատմեցին Դոմնասին. «[Ագրիպասը] չի կարող խոսել` զարմացած գիշերվա տեսիլքից, և չգիտենք, թե նրան ինչ եղավ, որ մեռելի պես է»: Եվ Դոմնասը ելավ, եկավ նրա մոտ և տեսավ, որ շատ կերպարանափոխված է և հազիվ է կարողանում խոսել: Հարցրեց` «Քեզ ի՞նչ պատահեց»: Եվ նա ասաց. «Թո՛ղ ինձ, և դու գիտես քո գործը` ինչ կանես»: Եվ Դոմնասը զորքն ուղարկեց սրբի գնդի վրա, և գնացին հավատացյալներից վեց հարյուր հոգու կոտորեցին, և հանկարծակի մրրիկը, կայծակներն ու մառախուղը հեթանոսների վրա եկան, և անօրեններից շատերը կործանվեցին, որովհետև քարե կարկուտ էր գալիս խավարով, որ շատերին շրջապատեց, սպանեց և ցրեց, իսկ ուրիշները մոլորվեցին, բայց սրբերին ոչինչ չեղավ: Եվ Լավրենտիոսը մնացած մեկ հազարով իջավ մարտադաշտ, որ կոչվում է Սալմին, Եհմու կոչվող լեռան ստորոտին` արևմտյան կողմը, այն գավառի լճակին մոտիկ:
Երբ այդ ևս տեսավ Ագրիպասը, որ վնասակար մրրիկը միայն հեթանոսների վրա էր, հեծավ իր ջորին երկու մանուկներով և գաղտնի գնաց հավատացյալների բանակը, թողնելով հեթանոս գունդը: Մոտեցավ Լավրենտիոսին, կաղալով գնաց և աղաղակում էր. «Ողջո՛ւյն քեզ, երաշխավո՛րդ իմ, և ողջույն քո օրհնյալ ժողովրդին, ծառա՛ Քրիստոսի, ողորմիր ինձ, որովհետև ուրացա կուռքերին և ձեզ հետ իմ անձը դնում եմ Քրիստոսի համար»: Եվ սրբերն ուրախանալով հոժարությամբ կանչեցին նրան, և եկավ ընկավ Լավրենտիոսի ոտքերը: Եվ Լավրենտիոսը, գոհանալով Աստծուց, բարձրացրեց նրան, համբուրեց և ճակատը կնքեց Քրիստոսի խաչով, և իսկույն Ագրիպասի անդամները ամրացան, և նա ողջացավ, զորության և ուշքի եկավ և պատմեց գիշերվա ահավոր տեսիլը, և` վկաների լուսեղեն պսակների մասին: Լավրենտիոսն ասաց նրան. «Նույն այրը հրեղեն, որին տեսար դու, նա նախապես պատմեց ինձ, որ փրկվելու էիր և կյանքի կոչվելու»: Եվ ամբողջ սուրբ գունդը աղաղակեց. «Նույն լուսեղեն պսակը, որը դու տեսար, որ բախվում էր սուրբ վկաներին, տեսանք և մենք, որ եկավ երկնքից, կանգնեց քո և քո դասից մյուսների խորանի վրա»:
Ագրիպասը գոհանալով մեծ խնդությամբ ասաց. «Աղաչեցե՛ք Աստծուն, որ չկործանի ինձ` իմ գործած մեղքերի համար»: Լավրենտիոսն աղաղակելով ասաց. «Մի՛ վախենար, եղբա՛յր Ագրիպաս, Քրիստոս իր խաչի և սուրբ մկրտության միջոցով կջնջի քո բոլոր հանցանքները,- և հարցրեց նրան,-խոստովանում և դավանո՞ւմ ես Քրիստոսի բոլոր խորհուրդները, և հանձն առնո՞ւմ ես սուրբ մկրտությունը»: Եվ նա ասաց. «Մեծ հոժարությամբ խոստովանում եմ և ամբողջ սրտով հավատում Տեր Հիսուս Քրիստոսին, որովհետև ես մանկությունից ընթերցել եմ Նազովրեցու գիրքը, գիտեմ նաև Քրիստոսի ասածները` «Եթե չծնվի ջրից և Հոգուց, չի մտնի Աստծու արքայություն» (Հովհ. Գ. 5) և` «Ամեն մեկը, որ խոստովանի Ինձ մարդկանց առջև կխոստովանեմ և Ես նրան Իմ Հոր առջև երկնքում» (Մատթ. Ժ. 32, Ղուկ. ԺԲ. 8, Յայտ. Գ. 5), և` «Ով չառնի իր խաչը և չգա Իմ ետևից, Ինձ արժանի չէ» (Մատթ. Ժ. 38, ԺԶ. 24, Մարկ. Ը. 23): Հավատում եմ Քրիստոսին` որպես ճշմարիտ Աստված և Տեր ամենայնի, Հորով և ամենասուրբ Հոգով և հավատում եմ հավատքի բոլոր նոր խորհուրդներին»:
Եվ հռոմայեցիների սուրբ զորքը մեծ խնդությամբ գոհացավ Քրիստոսից: Այնժամ Լավրենտիոսը հրամայեց քահանային, որ իր հետ էր, որպեսզի սուրբ ձեթով օծի Ագրիպասին: Եվ օծեց, մկրտեց նրան ի Տեր, և կնքեց սուրբ մեռոնով: Եվ ողջունեցին նրան և հաղորդեցին մեր Աստված Քրիստոսի մարմնի և արյան սուրբ գոհությանը: Եվ անմիջապես Լավրենտիոսը գուշակեց. «Մյուս առավոտյան ավարտվելու է մեր ընկերների ընթացքը, և ես ու Ագրիպասը միասին կկապվենք Քրիստոսի սիրո համար և մեծամեծ տանջանքներ կտանենք»:
Եվ անմիջապես հեթանոս գնդից երեք այր, հեռվից եկած, աղաղակելով հարցնում էին, թե իրենցից մեկը բռնվե՞լ է, կամ Ագրիպաս եպարքոսին ու երեխաներին նրա հետ սպանե՞լ են, որովհետև երեկ կորել էին: Իսկ Ագրիպասն ինքը ելավ և գոչեց. «Ահա ես այստեղ եմ, գնացեք Դոմնասին ասացեք, որ ես այսուհետև հեռացա կայսրից ու ձեզնից, որովհետև դուք սատանայի ընկերներ եք, ձեզ նրա հետ կորուստ է պատրաստված, իսկ ես Քրիստոսի ծառան եմ, հաղորդակից Լավրենտիոսի և նրա ընկերների»: Եվ մարդիկ վերադարձան ու պատմեցին, թե Ագրիպասն այնտեղ է և քրիստոնյա է դարձել: Դոմնասն անմիջապես աղաղակեց և ասաց. «Վա՜յ է մեզ Քեզանից, Հիսուս Նազովրեցի, և աղանդից, որ սովորեցրիր Քո աշակերտներին, քանի որ հեթանոսներից ընտիրներին ու մեծամեծներին դեպի Քեզ ձգելով որսում ես: Երդվում եմ կուռքերով, որ եթե Ագրիպասը դարձի չգա` կմնամ Ասորիքում, մինչև նրա և բոլոր քրիստոնյաների վախճանը դառնապես կատարեմ»: Եվ զորքն ասաց նրան. «Տե՛ր, մնանք և հանգստանանք այսօր, իսկ վաղն անենք այն, ինչ կամենում ես»:
Եվ գիշերը սրբերը տեսան երկնքի լույսը, որ իջնում էր լեռան գագաթին կոտորված վկաների վրա: Եվ նորահավատները առավել ևս հաստատվեցին, և Ագրիպասն ու յուրայինները գոհացան, և Լավրենտիոսն ասաց Ագրիպասին. «Հինգ հարյուրդ ևս մեզ հետ վկայելու եք»: Եվ ասաց ամենը, ինչ որ լինելու է: Եվ երբ այդ եղավ, հեթանոս զորքը եկավ, հասավ հոռոմոց սուրբ գնդի վրա, իջնելով շրջապատեցին և բռնեցին նրանց, և Դոմնասն սկսեց հեզությամբ խնդրել Ագրիպասին ու Լավրենտիոսին և համայն զորքին, որ դառնան կուռքերին, և խոստանում էր, ասելով. «Իմ եղբայրնե՛ր և որդինե՛ր, դարձե՛ք աստվածներին, և կներենք` ինչ որ գործեցիք ապստամբությամբ, նաև բազում նվերներ կստանաք: Ապա թե ոչ, կկոտորվեք չարաչար տանջանքով, ինչպես նրանք, որ կորան, և ես բազմապատիկ փառքի և պատվո աթոռներ կվերցնեմ ձեզ համար արքայից, եթե ինձ լսեք և դառնաք»: Ագրիպասն աղաղակեց` ասելով նրան. «Քրիստոսի եղբայրներին ինչո՞ւ ես քեզ եղբայր անվանում, և երկնային Հոր որդիներին` որդիներ: Ձեր եղբայրները դևերն են, և սատանայի որդիներն եք դուք: Դրանց մենք ուրացանք, դավանելով Քրիստոսին, և Նրա ճշմարտությունը մենք վկայում ենք կյանքով ու մահով: Ձեր խոստումը կորուստ լինի ձեզ և ձեր կայսեր, սատանայի աշխատավորներ»: Նույնպեսև հռոմայեցի սուրբ գունդն էր աղաղակում. «Խաբեությամբ մի՛ չարչարվիր, ո՛վ Դոմնաս, որովհետև մենք քրիստոնյա ենք և պարտավոր ենք մեռնել հանուն Նրա, որ մեզ համար մեռավ»,- և բազում վկայական բաներ խոսեցին համարձակորեն:
Դոմնասը բարկացավ, հրամայեց իր զորքին վերցնել իրենց զենքերը և կոտորել նրանց: Եվ սրբերը փախչելով գնացին, ելան այն լեռան գագաթը, որ կոչվում էր Եհմու, մնացին այնտեղ, որովհետև ասում էին. «Ուզում ենք մեր ընթացքը ավարտել մեր ընկերների մոտ, որ նահատակվեցին»: Ու մինչ ելել աղոթում էին, հեթանոսները հասան նրանց և այնտեղ սրով կոտորեցին բոլորին: Եվ իջնելիս բռնելով կապեցին Ագրիպասին ու Լավրենտիոսին ու բերին Դոմնասի առաջ, և նա բազում խոսքերով աշխատում էր մոլորեցնել նրանց, իսկ նրանք աղաղակեցին. «Հավատում և դավանում ենք Քրիստոսին, որ մեզ պատրաստեց լինել իր վկաներն ու եղբայրները` մեր վկայած մյուս եղբայրների հետ, որ երկնքում են»,- և բազում հանդիմանությամբ խրատում էին նրան: Իսկ նա ծանրագույն շղթաներ դնել տվեց նրանց վրա և հազարապետին, որի անունը Մարտենոս էր, հրամայեց, որ Լավրենտիոսին այդպես` մերկ, կապանքներով և հետիոտն տանի մինչև Հռոմ` կայսեր մոտ:
Եվ Ագրիպասը հրաժեշտ տվեց Լավրենտիոսին ու ասաց. «Քրիստոս կզորացնի քեզ ժուժկալությամբ համբերելու Իր համար»: Լավրենտիոսն ասաց. «Ամեն. Քրիստոս արժանի անի մեզ միմյանց տեսնելու Իր առագաստում»:
Եվ Դոմնասը գրեց ամեն ինչ կայսեր, և ասորոց եպարքոս Ագրիպասի մասին, թե ինչպես նա ևս քրիստոնյա դարձավ: Հազարապետը վերցրեց Լավրենտիոսին և մյուս սուրբ ընկերներին անողորմ կապանքներով, և ճանապարհ ընկան: Եվ հազարապետը Լավրենտիոսին ու ընկերներին շատ ողորմություն էր անում, որովհետև նրա վրա տեսնում էր բազում սքանչելիքներ:
Դոմնասը և մյուս չարերը առան, կապեցին Ագրիպասին, եկան բանակի մեծ գնդի մոտ, որ դաշտում էր նստած: Երբ զորքը տեսավ, որ իրենց եպարքոս Ագրիպասը կապված է` զարմացան և խիստ զարհուրեցին, թե ինչպես կռամոլության ջերմությունից փոխվեց և գնաց Քրիստոսին, որին հակառակվում էր կուռքերով: Դոմնասը բազում մարդկանց միջնորդ ուղարկեց Ագրիպասի մոտ, որ թերևս վերստին դառնա իրենց կողմը: Իսկ սուրբը անշարժ մտքով հաստատուն էր մնում ի Քրիստոս և ամոթով նրանց ետ էր դարձնում:
Դոմնասը ելավ Ավշիմ լեռան հարավակողմը, մտածում էր, թե ինչպես տանջի Ագրիպասին: Նրա հետ խորհեցին նաև ծերերը և ասացին. «Ագրիպասի ձեռքերը կապվեն հետևը, մի մեծ քար կապվի մեջքի վրա և` շղթաներ պարանոցին, մերկ կապվի իշի վրա և ոչ թե ճանապարհով տարվի մինչև այն տեղը, որ կոչվում է Հարդոմո, այլ խուռն ու դժվարին մացառուտներով, որ պատառոտվի ու բզկտվի նրա ամբողջ մարմինը: Եվ այդպես արեցին: Եվ Ագրիպասին այնտեղ տարան մեծ տանջանքով, մինչև որ հետին շունչը փչեր, որովհետև արյունը հոսում էր նրա ոտքերից ու մարմնից, և փշերի ու քարերի հարվածներից կտոր-կտոր միսն ու մաշկը մնում էին փշերին ու քարերին: Երբ տարան այն տեղը, նրան գցեցին երեսնիվայր, և մի մեծ քար էր կապված նրա մեջքին, իսկ նա ընկած էր գլխիվայր: Եվ սկսեց աղոթել. «Օգնի՛ր ինձ, Քրիստո՛ս, Տե՛րդ իմ, որ չասեն` Ո՞ւր է նրա Աստվածը»:
Այնժամ դատավորը հրամայեց լարերով ևս կապել նրան, և այնպես մնաց չարաչար դառնությամբ, առանց ուտելու և ըմպելու: Եվ գիշերը տեսավ հրեղեն քերովբեին, որ նախ ահագնաբար եկավ նրա մոտ, հետո հեզությամբ երևալով` ողջույն տվեց նրան, որովհետև դառնությունից [նա] չէր կարող ննջել: [Քերովբեն] ճառագելով լուսավորեց այն տեղը, մոտեցրեց նիզակը, փշրեց կապանքներն ու ասաց. «Ուրա՛խ եղիր կապանքներով, ո՛վ Ագրիպաս, ես եմ, որ մի ժամանակ եկա քեզ սպանելու, այժմ եկել եմ օգնելու: Դատավորն ուզում է քեզ խիստ տանջել, բայց չվախենաս, չեմ թողնի քեզ, մինչև նա ամոթահար չլինի»: Եվ նրան տվեց ինչ-որ պտուղ և ասաց. «Կե՛ր սա և զորացիր: Այլևս չես սովածանա և չես ծարավի մինչև հետին տանջանքները»: Երբ Ագրիպասը կերավ պտուղը, լուսավորվեց նրա միտքը, և զորացավ և ողջ դուրս եկավ բոլոր տանջանքներից: Եվ այնտեղ մահտարաժամ ընկավ այն ամբողջ զորքի մեջ: Հրեշտակն ասաց. «Խնդրի՛ր` ինչ կամենում ես, և Աստված կտա քեզ, և աղոթի՛ր, որ խափանվի մահտարաժամը, հանուն քո մարտիրոս եղբայրների»: Եվ սուրբը մխիթարված աղոթեց ու ննջեց մինչև առավոտ: Իսկ պահապաններից շատերը արթուն մնացին և հայտնապես տեսան սուրբ հրեշտակին: Եվ բազում հիվանդներ, որ իջևանում էին, տեսան, որ հրեշտակն ասում էր իրենց. «Ագրիպասի աղոթքներով չեք մեռնի մահտարաժամից, որ կա այժմ»: Այգաբացին գալով սրբի մոտ` աղաչեցին նրան, և սուրբը, ձեռքերը բարձրացնելով, խնդրում էր Աստծուն ասելով. «Տե՛ր իմ Քրիստոս, անցկացրու մահտարաժամն այս իջևանից»: Եվ իսկույն բոլորին հայտնապես երևացին երկու սև այր, բարձրահասակ, պինդ և ահավոր, որոնք ունեին երկար և հրեղեն խիշտեր, եկան փութով բարձրացան իջևանը և աղաղակելով ասում էին. «Ինչո՞ւ, Ագրիպաս, անօրենի որդի, եկար խափանելու մեզ այս գործից, որի վրա մեզ իշխանություն էր տրված»: Եվ Ագրիպասն ասաց. «Ե՛ս չեմ խափանում, Քրիստոսն է, որ հալածում է ձեզ այս իջևանից»: Եվ նրանք հեռանալով չքվեցին ու այլևս չերևացին: Իսկ ովքեր հիվանդ էին և մահամերձ` իսկույն հեշտությամբ ողջացան:
Երբ մյուս բոլոր հեթանոսները տեսան այս, դատավորին ասացին. «Իսկապես զարմացման արժանի է Ագրիպասի ձեռքով եղածը»: Դոմնասն ասաց. «Մի՛ մոլորվեք, ո՛վ խավարամիտներ, դա նազովրեցիների աղանդի սովորությունն է»: Եվ հրամայեց Ագրիպասին իր առաջ բերել: Երբ նրան տեսավ կապանքներից արձակված, բարկացավ և հրամայեց` քննել բոլորին, թե ով արձակեց նրան: Եվ բոլոր զինվորները եկան, պատմեցին, թե երկնքից հրեշտակը եկավ, արձակեց Ագրիպասին: Եվ չար դատավորն ասաց. «Այդ ամենը ստությամբ եք պատմում և իզուր»: Եվ աղաղակելով` բազում խոսքերով սպառնում էր Ագրիպասին և ստիպում ետ դառնալ հավատքից: Եվ Ագրիպասն ասաց. «Իմ իշխանության բոլոր ժամանակներում քնելով այնպես չէի հանգստացել, ինչպես այս գիշեր»,- և հույժ հանդիմանեց կուռքերի մոլորությունը:
Դատավորը հրամայեց Ագրիպասի տակ բազում քարեր կուտակել և ոտքերն ու ձեռքերը երկու կողմից կապել երկաթե շղթաներով, և բարձրացնելով հարվածում էր շատ սուր քարերին և հրամայեց մեծ վեմը, որը զորավոր այրերը շարժել չէին կարողանում, գլորել և դնել նրա վրա, որպեսզի նրա բոլոր ոսկորները մանրանան, մինչև որ չարաչար մեռնի: Եվ այդպես արեցին: Բայց հանկարծակի վեմը, որ նրա վրա էին գլորել, ճաքեց և մեծ ձայն արձակեց, և քարի բեկորները թռան, սպանեցին անհավատներից քսան հոգու: Եվ սուրբ հրեշտակն իջավ երկնքից, քանդեց սրբի կապանքները, ոտքի կանգնեցրեց և իսկույն անհետացավ: Եվ նա գոհանում էր Աստծուց և աղոթում:
Եվ սուրբն սկսեց խրատել նրանց, իսկ Դոմնասն աղաղակեց և ասաց. «Ճշմարիտ է. նազովրեցիների աղանդը հասել է չարակենցաղ Ագրիպասին»,- և հրամայեց նրան փայտին խաչել և խեղդամահ անել: Եվ սրբին տարածելով մի երկճյուղ ծառի վրա` գլուխը դրեցին ծառի ճեղքի մեջ և մի մեծ փայտ ոլորելով գլխի վրա` մեծամեծ քարեր կախեցին ոտքերից: Եվ երբ մահամերձ եղավ, կայծակը փայլեց, հարվածեց ծառին, երկու մասի բաժանեց, գցեց այսուայնկողմ, և բոլոր զինվորները կուրացած ընկան գետին, իսկ Ագրիպասը ողջ մնաց: Եվ Ագրիպասը մոտեցավ նրանց, բարձրացրեց ու բժշկեց, ու նրանք հավատացին Քրիստոսին: Եվ դատավորը նրանց կախել տվեց միասին, որ տասնհինգ հոգի էին:
Հրամայեց շատ փայտ հավաքել և վառել, վերցնել շատ թանձր կտավ, թրջել, օծել ձեթով ու նավթով, ծծումբով ու ձյութով և հրամայեց կտավը փաթաթել Ագրիպասի վրա, որպես մեռածի և գցել բորբոքված կրակը: Եվ այդպես արեցին: Սրբին փաթաթեցին դյուրավառ նյութերով ու գցեցին կրակը: Եվ հրի մեջ իսկույն նրան երևաց հրեղեն քերովբեն, կրակը հեռացրեց սրբից և կռապաշտներից շատերին` վաթսունհինգ մարդու, այրեց:
Հրեշտակի ձեռքով արձակված սուրբը ոտքի կանգնեց և բնավ չէր վնասվել կրակից: Հինգ հարյուր հոգին, որ նրա զորքից էին, երբ տեսան, որ կանգնած էր կրակի մեջ իբրև հրեղեն և փայլում էր հրեշտակի հետ, եկան նրա մոտ, ցնծությամբ ողջունեցին և ասացին. «Մենք ևս հավատում ենք Քրիստոս Աստծուն և քեզ հետ կլինենք Նրա վկաները, որովհետև ուրանում ենք հեթանոսների չար կայսեր բոլոր կուռքերին»: Եվ գոհանալով` սուրբը գոչեց. «Ինձ մոտ եկե՛ք, ի՛մ զինվորներ, իմ վերջին օրերի օրհնյալ ընկերներ»: Եվ բազում աստվածային և հորդորական բաներ խոսեց: Ագրիպասի հետ խոսեց և հրեշտակը գուշակելով նրան լինելիքը և երկինք բարձրացավ:
Հեթանոս զորքի իշխանները հավաքվեցին և ասացին Դոմնասին. «Չե՞ս տեսնում` դու ինչ տանջանք որ հնարում ես Ագրիպասի համար` համոթ մեզ է լինում և ի հերքումն կուռքերի: Բավական չէ՞, որ նախ կրեցինք դրանցից` կոտորվելով սրով ու քարե կարկուտով` երեք հազար և բազում ուրիշներ, և չորս հազար մարդ մահտարաժամից մեռավ, և բազում ուրիշներ շատ տեղերում, այնքան որ մեր կեսը պակասեց, այլև մեր մեծ եպարքոսը հավատալով ամոթահար արեց մեզ: Թվում է` մենք բոլորս սատկելու ենք, և այսպես կլինի»: Եվ շատ մարգարեական բաներ խոսեցին: Եվ դատավորը բարկանալով հրամայեց սպանել հինգ հարյուրին, եթե Քրիստոսից ետ չդառնան:
Եվ նրանք սկսեցին Քրիստոսին ճշմարիտ Աստված խոստովանել ու վկայել, իսկ սուրբ Ագրիպասին իրենց հայր էին կոչում: Եվ Դոմնասը հրամայեց կացնահարել նրանց: Եվ դահիճները առան հինգ հարյուր տասնհինգ հոգու, բանակից հանեցին սպանելու: Եվ սրբերը դահիճներին խնդրեցին, որ իրենց տանեն վերև` գագաթը, ուր կոտորվել էին նախորդ սրբերը, այնտեղ կոտորեն իրենց: Եվ երբ բարձրացան այնտեղ` տեսան մի շատ մեծ, լուսավոր այրի, որ բարձրացրել էր լուսեղեն պսակներ և գոչում էր նրանց և բաժանում էր նրանց` հորդորելով ու քաջալերելով ի Քրիստոս: Եվ ասում էր. «Ես Աստծու սպասավոր Միքայելն եմ, որ երկնքում Նրա առջև եմ լինում և ձեր հալածիչներին չեմ թողնի, մինչև ձեր վրեժը չլուծեմ»: Եվ դահիճները լսում էին ձայնը, բայց նրան չէին տեսնում:
Իսկ վկաները ուրախությամբ ընդառաջ գնացին մահին: Երբ զինվորները բոլոր սրբերին կոտորեցին, եկան Ագրիպասի մոտ` նրան ևս սպանելու, տեսան` հուրը շրջապատել էր նրան, և խիստ վրդովվեցին, երկյուղով և ամոթով հետ դարձան, դողալով, զարհուրած ու ահաբեկված, և պատմեցին ընկերներին ահավոր տեսիլը և սուրբ բարբառը, որ լսեցին:
Երբ լսեց չարասիրտ դատավորը, որ սպանված չէր Ագրիպասը, մարդ ուղարկեց և Ագրիպասին բերել տվեց իր մոտ: Եվ սուրբը, աղոթելով սրբերի մարմինների մոտ, գնաց և կանգնեց դատավորի առաջ: Եվ դարձյալ բարեպատշաճ վկայեց Քրիստոսին: Եվ զարմացած դատավորը բանակով ելավ այնտեղից և սրբին դարձյալ շղթաներով հետևակ տարավ իր հեծյալների հետևից: Եվ նա մեծ տանջանքով գնում էր նրանց հետևից` երեսի վրա քարշ գալով և ասում. «Բարի է ինձ, որ խոնարհ արեցիր ինձ, ինչպես սովորեցի Քո իրավունքը»:
Եվ գնացին լեռան կողմը, իջան գյուղը, որ կոչվում է Շիկոր, և գիշերն արգելափակեցին Ագրիպասին, և [դատավորը] խիստ նախատելով ստիպում էր, որ դառնա առաջին փառքին: Եվ սուրբը աստվածային բաներ խոսելով [տանտիրուհու] հետ` անարգեց կուռքերին: Եվ կինը վառեց թոնիրը, որ հաց թխի և սրբին ասաց. «Թե իշխանություն ունենայի, այս թոնրի մեջ քեզ կայրեի»: Սուրբն ասաց. «Երեկ ինձ ավելի մեծ կրակի մեջ գցեցին քո պիղծ ընկերները, բայց փրկվեցի, իմ Տեր Քրիստոսի շնորհիվ մնալով անկեզ»: Կինն ասաց. «Եթե ճշմարիտ այդ հույսը ունես քո Քրիստոսի վրա, այժմ մոտ արի այս թոնրին»: Եվ սուրբն իրեն կնքելով սուրբ Խաչով` հիշեց Քրիստոսին, մտավ, կանգնեց թոնրի մեջ և անմիջապես շիջավ թոնիրն ու չեղած տեղից լցվեց ջրով: Կինը լալով ընկավ սրբի ոտքերը, զղջաց և հավատաց Քրիստոսին: Եվ սուրբը ելավ թոնրից, խաչակնքեց կնոջը, և բացվեցին նրա հոգու աչքերը, և տեսավ սրբի մոտ կանգնած հրեշտակին: Եվ կինն իսկույն սուրբ մկրտություն խնդրեց ամբողջ ընտանիքով: Ագրիպասը վերցրեց, կնոջը իր ամբողջ ընտանիքով մկրտեց թոնրի մեջ, որ լցված էր ջրով, և թոնիրը այդպես մնաց ջրով լի: Եվ ապա սուրբը ննջեց և հանգստացավ չարչարանքներից, և տեսավ Աստծու հրեշտակին, որ ասում էր. «Առավոտյան զոհվելու ես ի Քրիստոս, աղոթիր աշխարհի համար, որովհետև փառքի թագը պատրաստ է երկնքում»:
Արթնանալով գոհացավ և խնդությամբ աղոթեց աշխարհի և մարդկանց համար, որ դառնան ճշմարիտ հավատի և ասաց. «Տե՛ր, փրկի՛ր բոլորին չարից և ների՛ր իմ բազում մեղքերը, որ գործեցի անգիտաբար: Եվ ով որ Քեզնից թողություն խնդրի մեր անվամբ և մարմնով` լսի՛ր և տո՛ւր նրանց, մեզնից բխեցնելով հոգու և մարմնի բոլոր ախտերի բժշկություն, ներգործելով իմ և մեր մյուս ընկերների` Քո սրբերի ոսկորներից և հողից, ուր նրանց նշխարներն են, Սուրբ Հոգուդ շնորհները և բոլոր պատահարների վերացում և օգնություն բոլոր մարդկանց, և ով որ կատարի մեր հիշատակը, նրանց հարյուրապատիկ տուր Քո մեծ բարիքները երկնքում և երկրում, կամ ով մեր անունից Քեզ նվեր մատուցի` տո՛ւր նրանց Քո անսպառ ողորմությունը»:
Երբ կինը լսեց սրբի աղոթքը, վերցրեց մի դիվահար մանուկ և մոտեցրեց, աղաչեց, որ սուրբը բժշկի նրան: Սուրբը խաչակնքեց նրա բոլոր զգայարանները և սիրտը, կանչեց Քրիստոսի անունը և մկրտելով մանկանը` իսկույն բժշկեց, և դևը ելավ տնից դուրս, աղաղակում էր ասելով. «Վա՜յ ինձ, Ագրիպա՛ս, քեզնից, որ երբեմն քրիստոնյաների հալածիչ էիր, իսկ այժմ դևերին ես հալածում նրանցից»: Սուրբը սաստեց նրան, և մանուկն առողջացավ:
Երբ այգը բացվեց, կապկպված սրբին տարան դատավորի մոտ, և երկար հարցաքննելուց հետո, երբ սուրբը հաստատ մնաց իր հավատին, Դոմնասը բերել տվեց մի անվարժ արջառ և մի ամեհի ու շատ խրոխտ ձի: Սուրբ Ագրիպասին երկաթե շղթաներով կապել տվեց այդ երկուսին, և պնդեցին սրբին երկուսի` ձիու և ցուլի միջև, բաց թողին դժվարին տեղեր, կարծում էին, թե իսկույն կմեռնի: Եվ ցուլն ու ձին ավելի հեզացան, չէին շարժվում, այլ բանավորի նման զգույշ էին: Այն ժամանակ ամբողջ բազմությունը նախ հազիվ կարողացավ կապել սրբին. եկան ձիու և ցուլի տերերը արձակելու, իբրև առավել զորեղացած կենդանիների` դրանց տարան իրենց տները, և ամբողջ բազմությունն աղաղակում էր. «Մեծ է Ագրիպասի Աստվածը»: Եվ Դոմնասը ամոթահար եղած փախավ այնտեղից, այլ խոսքերով ևս հարցաքննելով համոզվեց, որ սուրբն ավելի պնդացել է:
Ապա նույն դատավորը Զենոբ անունով մի քաջ և զորեղ մարդու հրամայեց, որ սրբին գլխատի: Եվ այրը գոչելով ասաց. «Վախենում եմ այդ անել, որ նախորդների նման չկորչեմ»: Սուրբն ասաց. «Արի՛, մի՛ երկնչիր, քեզ չարիք չի պատահի, որովհետև դու ևս լինելու ես լույսի որդի: Քանի որ ես բազում սուրբ վկաների կոտորեցի և նրանցով կանչվեցի առ Քրիստոս»: Եվ սուրբը մի պարսպի վրա ծունկի իջնելով աղոթեց ու ասաց. «Տե՛ր, ընդունիր Քո ծառայիս հոգին»: Եվ խոնարհեցնելով պարանոցը` սրով մահ ընդունեց: Նույն պահին հայտնապես երևաց, որ հրեղեն այրը երկնային զորքերի բազմությամբ տանում էր սրբի հոգին, որոնց բարբառի ձայնը լսեցին հեթանոսներից շատերը: Հրեղեն քերովբեին տեսավ և սքանչելի բարբառը լսեց նաև այն այրը, որ գլխատեց սրբին: Եվ վերցնելով սրբի արյունը` օծեց ինքնիրեն, հավատաց Քրիստոսին և նույն ժամին մկրտվեց, և իր ամբողջ կյանքում պատվեց սրբին և գրեց նրա վկայությունն ու հիշատակը. և Զենոբիոսն ինքը ևս Քրիստոսի կատարյալ վկա եղավ սրբից հետո:
Իսկ անօրեն Դոմնասի զորքը ցրվեց` գնալու ամեն մեկն իր տեղը: Հասնելով մի գյուղ` սուրբ հրեշտակից նրանց վրա ցասումն իջավ, լսեցին մեծ բարբառ և որոտում: Եվ կայծակներ եղան և այրվեց դատավորը ջորիի վրա, և հուրը ամեն կողմից շրջապատեց, այրեց ամբարշտին իր բոլոր երիվարներով ու զինվորներով` մոտ հազար հոգու: Ուրիշները հազիվ ճողոպրած գնացին գավառի գետի մոտով, տանջվում էին ասես բորբոք կրակով: Իսկ հեթանոս բնակիչները գյուղի, ուր սպանվեց սուրբը, սկսեցին տարաժամ մահով սատկել. հավատացյալ կինը նրանց քարոզում էր հավատալ Քրիստոսին, վերցնել սուրբ վկայի մարմինը և պատվով թաղել գերեզմանում: Եվ նրանց պատմեց եղած բոլոր սքանչելիքները, և բոլոր գյուղացիները հավաքվեցին, մեծ պատվով թաղեցին սրբին` այնտեղ, ուր պսակվեց:
Եվ երևացին երկու սև և չարակերպ, հույժ զարհուրելի այրեր, որ նիզակներ բռնած ելնում էին գյուղից և աղաղակելով ասում. «Ո՛վ Ագրիպաս, նաև մահից հետո ես խանգարում մեզ և հալածում»: Անմիջապես [գյուղում] մահտարաժամը դադարեց, որով նորահավատները, խիստ հաստատվելով, մկրտվեցին ջրալից թոնրի մեջ և առավել էին պատվում սրբին: Եվ այնքան բժշկություններ սկսեցին լինել այն սարում, որ անթիվ մարդիկ գալով արագ բուժվում էին, իսկ հեթանոս մնացածները ետ էին դառնում տրտմությամբ ու զարմանքով: Հավատացյալները լսելով փառավորում էին Աստծուն: Իսկ ովքեր սպանվեցին և պսակվեցին այն ժամանակ տարբեր տեղերում` լուսեղեն նշաններով և այլ սքանչելիքներով փառավորվեցին:
Իսկ Լավրենտիոսը մյուս ընկերների հետ գնաց Հռոմ, կանգնեց կայսեր առաջ, վկայեց Քրիստոսի աստվածությունը և կայսեր կողմից զանազան ու սոսկալի տանջանքներով սպանվեց մյուս սրբերի հետ և պսակվեց Քրիստոսից:
Վարք Սրբոց, Հատոր Գ, Ս. Էջմիածին – 2010թ.