26 Նոյեմբեր, Գշ
Հռոմեացիների Նիկեփորոսի թագավորության և Տաճկաց Ահարոնի բռնակալության ժամանակ, տաճիկների Կայս կոչվող ցեղից մարդիկ երևացին, որ վկայեցին Թեոդոսիպոլիս քաղաքում, որ այժմ Կարնո քաղաք է կոչվում: Նրանց անուններն էին Սահակ և Հովսեփ: Մանկուց նրանց մայրը սովորեցրել և դաստիարակել էր քրիստոնեական հավատքով և Քրիստոսի կարգերով: Եվ եռում էին հոգով (Գործք ԺԸ. 25), ինչպես առաքյալն է ասում, բերկրում էին հույսով, հաճախ էին աղոթում և հաղորդվում և փութառատ էին բերեպաշտության ճանապարհին: Եվ մանկության տարիներին հոր և ազգականների երկյուղից թաքուն էին պահում քրիստոնեությունը` մինչև մեծանալով` սկսեցին հայտնապես պաշտել:
Այդ ժամանակ [Հռոմեացիների] թագավորին գրով ծանուցեցին իրենց քրիստոսասիրությունը և իրենց ազգն արհամարհելով` առասպել[ապաշտ] համարեցին և հայտնեցին նրա մոտ գնալու իրենց ցանկությունը: Եվ նա ստանալով` հույժ ուրախացավ Քրիստոսի փառքով և հրովարտակ ուղարկեց և նրանց երանի տվեց Քրիստոսի հավատի համար և երդմամբ խոստացավ տալ նրանց բոլոր կամեցածները, միայն թե փութով հասնեն իր մոտ: Եվ նրանք, թղթով մխիթարված, ուրախացան. պատրաստվում էին ճանապարհորդել ու նաև հորդորում էին ի Քրիստոս հավատ ունեցող մյուս ազգականներին: Եվ հայրն իմանալով` խափանեց նրանց ճանապարհի պատրաստությունը:
Եվ նրանք երեք եղբայր էին: Նրանցից մեկը, հոր իմանալուց հետո, փախավ Հռոմեացիների թագավորությունը, իսկ մյուսը` Հովսեփը, որ ամուսնացած էր, այդ իսկ պատճառով չկարողացավ, որովհետև որդիներ ուներ և լոկ նրանց փրկությունն էր կամենում: Եվ Սահակ եղբայրը համաձայնեց նրա հետ` մնալ մինչև ժամանակը հաջողի և, Քրիստոսի օգնությամբ, մեկնեն ամբողջ ընտանիքով: Այդ նույն ժամանակ լուր հասավ Մամիկոնեից տեր Քուրդիկի մասին, թե ապստամբության կապակցությամբ Հռոմեացիների թագավորությունն է գնալու: Եվ այս լսելով` եղբայրները գնացին նրա մոտ և պատմեցին նրան ամենը: Եվ նա հանձն առավ իր հետ տանել ամբողջ ընտանիքով: Եվ հետաձգեցին: Եվ նրանք այնտեղից վերադարձան իրենց [կողմերը]: Եվ վերադառնալիս հանդիպեցին զորքի հետ [ընթացող] մի պաշտոնյայի, որ երկար հարցուփորձի ենթարկելուց հետո նրանց տարավ բռնակալի մոտ, որ քաղաքի ու աշխարհի իշխանն էր, և զեկուցեց իշխանին նրանց մասին` ինչն ու ինչպեսը: Եվ հրամայեց բերել իր մոտ և հարցրեց. «Ի՞նչ ամբաստանություններ են ձեր մասին»:
Այսուհետ պատմությունն ինձ համար ցանկալի է: Երանելիները, Աստծու խրախուսությամբ, մեծագույն համարձակությամբ խոսում էին ատյանի առջև, թե` «Քրիստոնյա ենք և արհամարհեցինք մեր սուտ ու սնոտի, առասպելներով համեմված ուսմունքը: Քրիստոս է Աստծու Որդին և Տերն ու արարիչը երկնքի ու երկրի և դրանցում գտնվող արարվածների: [Նա], որ մարդասիրության և մեզ` անարգության մեջ թաթախվածներիս, կործանող մեղքերից փրկելու համար իջավ և մարմին առավ սուրբ կույս Մարիամ Աստվածածնից: [Նա], որ մեր մեջ մարմին առնելուց առաջ ևս կար, կամավոր ու առանց մեղքերի անցավ մարդկային կյանքի բոլոր չարչարանքների միջով, խաչվեց և երրորդ օրը հարություն առավ, համբարձվեց և բարձունքներում նստեց Հոր աջ կողմը: Նրան վկայեցին բոլոր նախահայրերը, մարգարեներն ու արդարները: Եվ հրեշտակների ու երկրի վրա երևացող բոլոր զորությունների միջոցով համայն ազգերի մեջ քարոզվում են Նրա անունն ու Աստվածությունը: [Նա] փառքերով գալու է մեռյալներին հարություն տալու և հատուցելու ըստ բարի գործերի, նրանց, որ Իրեն Աստված ճանաչեցին, միաժամանակ նաև [դատելու] անհնազանդներին, որ ետ ընթանալով` անիրավություն գործեցին Հոր, Որդու և Սուրբ Հոգու առջև: Նրան ենք ընդունում և հավատում, խոստովանում ենք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն` մի Աստվածությանը, փառքով, պատվով և թագավորությամբ: Նրան ապավինեցինք, Նրանով մկրտվեցինք, Նրան ենք հավատում` հավիտենական կյանքի Հույսին, և չենք շեղվի այս խոստովանությունից: Եվ չկան սնոտի մոլորություններ. ո՛չ իշխանությունը, ո՛չ մեծությունը, ո՛չ պարգևները, ո՛չ ընտանեկան գութը, ո՛չ սուրը, ո՛չ հուրը, ո՛չ զանազան տանջանքները, ո՛չ մահը և ո՛չ որևէ արարած չեն կարող մեզ բաժանել Քրիստոսի սիրուց: Եվ ինչ կամենում ես` արա՛ անմիջապես»:
Եվ բռնակալն ու ամբողջ ատյանը զարմացան երանելիների համարձակությամբ, նաև իմաստությամբ և հզոր խոսքերով: Եվ [բռնակալը] չէր կարողանում պատասխանել հոգևոր և զորավոր խոսքերին, որոնցով քարոզում էին մեր Տեր Հիսուս Քրիստոսի ճշմարտությունը և խայտառակում նրանց սնոտի պաշտամունքը: Եվ [բռնակալը], երկյուղելով երանելիների համարձակությունից և իրենց պաշտամունքի մասին հնչած անարգանքից, հրամայեց բանտ տանել: Եվ խորհում էր, թե ինչ անի: Եվ երանելիները բանտում գիշեր ու ցերեկ գոհանում և օրհնում էին Աստծուն` իրենց շնորհված աստվածային անպատմելի պարգևների համար: Եվ [ուխտեցին] ոչ միայն [մինչև վերջ] հավատալ Նրան, այլև Նրա համար չարչարանք և մահ ընդունել և աներկյուղ քարոզել Հիսուս Քրիստոսի մասին ճշմարիտ խոսքը: Իսկ բռնակալը կանչեց իր խորհրդականներին` [որոշելու], թե ինչ անեն: Եվ մտածեցին իրենց գիտուններին բանտ ուղարկել` իրենց պաշտամունքից խոսելու, որ [եղբայրները] ետ դառնան, իսկ եթե չհամաձայնեն` սրով վերջ տալ նրանց կյանքին: Եվ ուղարկեցին բանտ: Եվ [բանտ] գնալով գայթակղում էին նրանց և ասում. «Ինչո՞ւ եք մոլորվել Քրիստոսի սնոտի և ունայն խորհրդով. ետ դարձե՛ք այդ մոլորությունից և պարգևներ ու իշխանություն կստանաք, իսկ եթե չհամաձայնեք` սրով կկտրեն ձեր պարանոցները, որովհետև այսպես է արքունի որոշումը ձեր մասին»:
Իսկ երանելիները զվարթությամբ պատասխանեցին. «Ո՜վ դուք. խորամանկությունը հանճար է որսում… Մենք չենք հեռանա մեր սովորած ճշմարտությունից և հավատարիմ կլինենք Քրիստոսին, որ Նրա միջոցով մնանք հավատով ու հույսով: Եվ պատրաստ ենք ելնել մարմնից, որպեսզի վայելենք Հիսուս Քրիստոսի առաջիկա երանությունները: Դուք մեզ խոստանում եք այս անցավոր պատիվները, կամ ցանկանում եք կարճել մեր այս կյանքը. մենք պատրաստ ենք մեռնելու, քան թե ուրանալու ճշմարտությունը: Թո՛ղ սուրն արագ սպասավորի և մեզ ուղարկի Քրիստոսի մոտ, որին ցանկացել ենք»: Եվ երկար հարցուպատասխանից հետո [եկողները] գնացին և պատմեցին բռնակալին, և երանելիների վրա մահվան վճիռ կայացրեց:
Սրանից հետո [նրանց] հայրը հրաման ստացավ բանտ գնալու և նույն բաները խոսելու: Եվ գալով` համոզում էր ալեհերությամբ և ծերությամբ, աղերսում էր, լալիս ու ողբում. «Որդյակնե՛ր,- ասում էր,- ողորմեցե՛ք ինձ` [ձեր] թշվառական հորը և խնայեցե՛ք ձեզ: Բռնակալի և ատյանի առջև ընդունեցե՛ք մեր պաշտամունքը և ուրացե՛ք քրիստոնեությունը: Եվ կազատվեք մահվանից, իսկ հեռանալով` Հիսուս Քրիստոսով կպահեք ձեր քրիստոնեությունը` ինչպես կամենաք: Երանելիներն ասացին. «Ո՛վ հայր, խրատդ ճիշտ չէ, վերջացրո՛ւ: Ավետարանից սովորել ենք ամենախոհեմ և հանճարեղ խրատը. «Ով մարդկանց առջև ուրանա Ինձ,-ասում է,- նաև Ես կուրանամ նրան Իմ Հոր առջև, որ երկնքում է» (Մատթ. Ժ. 33) և` «Ով չատի իր հորն ու մորը և խաչը վերցնելով` չգնա Քրիստոսի ետևից, չի կարող երկնավոր Հորը որդի լինել և Քրիստոսին ժառանգակից»: Երբ հայրը հասկացավ, որ իր խոսքերով բոլորովին չեն շեղվի, դուրս եկավ և նրանց կորստի համար լալով և կոծելով` գնաց: Իսկ նրանք ցանկանում էին աշխարհից հեռանալ բարի խոստովանությամբ և լացը, ողբն ու հառաչանքը չարի խարդավանք համարեցին իրենց վկայության դեմ:
Եվ բանտում այս աղոթքն էին մատուցում. «Տե՛ր Աստված ամենակալ, գոհանում ենք Քեզնից, որ հաստատուն պահեցիր մեր հույսն առ Քեզ, զորացրեցիր մեզ և խավարից դեպի լույս առաջնորդեցիր, անգիտությունից` աստված գիտության, անօրինությունից` արդարության, որ Քո ատելիների առջև աներկյուղ համարձակությամբ, Քեզ ճշմարիտ Աստված խոստովանելով, այստեղ հասանք Քո շնորհիվ: Եվ ի՜նչպես ենք հատուցելու Քո` շնորհների փոխարեն, որ մեզանում առատացան իմաստությունն ու գիտությունը, և մեզ ցույց տվեցիր Քո կամքն ու հաճությունը. մեր անձերը կլինեն ճշմարտությանդ վկաները` մահանալով Քո մեծ և ահազդու անվան համար: Այժմ ընդունի՛ր Քո անվան համար մեր խոստովանությունը և [շարքը դասի՛ր] Քո սիրելիների, որ Քեզ սիրեցին ամբողջ անձով և կարողությամբ, և խառնի՛ր մեզ Քո վկաների թվին, որ մեռան Քեզ համար և վայելում են հավիտենական անպատմելի բարիքները, որովհետև Քոնն է բոլոր արարածներից եկող փառատրությունն ու երկրպագությունը. այժմ և հավիտյանս հավիտենից»: Եվ բանտում եղածները, «Ամեն» ասելով, փառք էին մատուցում Աստծուն, որովհետև ուրիշները ևս կային, [որ] բանտ էին նետվել և մատնվել խոշտանգումների, [և որոնց ևս] ստիպում էին հեռանալ Քրիստոսի հավատքից, [իսկ սրբերը] քաջալերում էին նրանց [և հորդորում] չվախենալ մահվանից` հիշելով ասվածը. «Այս ժամանակի չարչարանքները արժանի չեն [բաղդատվելու] գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեզ» (Հռոմ. Ը. 18):
Եվ շուտով հասավ բռնակալի հրամանը` սպանելու Սահակ և Հովսեփ երանելիներին: Եվ երբ տարան վճիռն ի կատար ածելու վայրը, Հովսեփն աղաչեց, որ առաջինը Սահակին գլխատեն: Եվ Սահակը կամավոր խոնարհեց պարանոցը, և դահիճը սրի շեշտակի հարվածով կտրեց գլուխը: Նույն կերպ մարտիրոսվեց նաև երանելի Հովսեփը: Այսպես` բարի խոստովանությամբ ի Քրիստոս վկայեցին սրբերը արաց ամսի տասնհինգին: Եվ նրանց մարմինները քաշեցին և գցեցին [այնպիսի մի տեղ], որ շների և թռչունների կերակուր դառնան: Եվ մունետիկն աղաղակում էր. «Ո՛չ ոք չմոտենա նրանց, իսկ եթե որևէ մեկը հանդգնի` նրանց պես կկործանվի»: Եվ բռնակալի հրամանով պահապանները հսկում էին սրբերի մարմինները, որպեսզի ոչ ոք չմոտենա:
Եվ այն գիշեր մի սքանչելի տեսիլ երևաց. վերևից լույս իջավ սրբերի վրա: Եվ բոլորը զարմանքի ու երկյուղի մեջ ընկան: Եվ բռնակալը սարսափի մեջ էր ու զարհուրելով հրամայեց հայտարարել, որ աներկյուղ վերցնեն սպանվածների մարմինները, նաև բոլոր բանտարկվածներին առանց պատիժների արձակեց:
Եվ հավատացյալները մեծ խնդությամբ վերցրեցին նշխարներն ու հանգստարան տեղափոխեցին, նաև վկայարան կառուցեցին, ուր բազում բժշկություններ էին լինում, փառավորելով ամենասուրբ Երրորդությանը, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Վարք Սրբոց, Հատոր Դ, Ս. Էջմիածին – 2010թ.