23 Դեկտեմբեր, Բշ
Հունվարի 17-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի հայրական օրհնությամբ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության և կիրակնօրյա դպրոցի սաների մասնակցությամբ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում բեմադրվեց «Սուրբ Ծննդյան գիշեր» ներկայացումը:
«Զորավոր» երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ ներկայացումը սկսվեց «Տերունական աղոթք»-ով:
Հանդիսատեսը՝ եկեղեցու համայնքի անդամները՝ փոքր թե մեծ, համակ ուշադրությամբ հետևում էին այն իրադարձություններին, որ տեղի էր ունենում փոքրիկ հերոսի՝ Վահանի հետ, Սուրբ Ծննդյան գիշերը:
Իսկ իրադարձություններն այսպիսին էին՝ Վահանի ծնողներն արտերկրում են, և նա Ամանորն ու Սուրբ Ծնունդը նշում է իր Հայկանուշ տատիկի հետ միասին: Մի օր Վահանն իր ընկերների հետ դիմում է իր տատիկին, որպեսզի բացատրի իրենց միջև ծագած վիճաբանությունը Ձմեռ պապ լինելու կամ չլինելու մասին: Եվ տատիկը մանրամասնորեն պատմում է նրանց Սբ. Նիկողայոսի, նրա ծածուկ բարեգործությունների մասին, ում գործն այսօր շարունակում են Ձմեռ պապը, Սանտա Կլաուսը, Պեր Նոելը, Կաղանդ պապը: Երեխաներն ուրախություն են ապրում՝ լսելով սրբի վարքը, ապա զարմանում են՝ իմանալով, որ Հայկանուշ տատիկը Ամանորը նշում է ավանդաբար, այսինքն՝ պահք պահելով մինչև Քրիստոսի Ծնունդը: Երեխաներից մեկն այն կարծիքն է հայտնում, որ Ամանորը կարծես շատակերության տոն լինի, և տատիկը նշում է, որ կարևոր է վերականգնել մեր քրիստոնեական ավանդույթները: Ապա հետաքրքրասեր Վահանն առավել մանրամասնորեն ուսումնասիրում է Սբ. Նիկողայոսի մասին և երազում իրեն հայտնված սուրբը կատարում է իր երազանքը՝ նա հայտնվում է Բեթղեհեմում և ականատես լինում Սուրբ Ծննդյան ողջ իրադարձությանը: Արթնանալով՝ Վահանը պատմում է իր ուրախությունը տատիկին, ով հավատում է նրան. չէ ո՞ր, ըստ Սբ. Նիկողայոսի խոսքի, որ ասել էր Վահանին՝ Սբ. Ծննդյան գիշերը հրաշքների գիշեր է: Վահանն իր տատիկի հետ միասին մասնակցում է Սբ. Ծննդյան Պատարագին, ընկերներին փոխանցում Սբ. Ծննդյան ավետիսը և նրանց հետ երգ ու պարով նշում իր համար անչափ սիրելի տոնը՝ Սբ. Ծնունդը:
Սբ. Ծննդյան իրադարձությունների ավարտվելուն պես դահլիճն իր գոհանակությունն արտահայտեց երկար ծափողջյուններով:
Տեր Վահանը, շնորհակալություն հայտնելով միջոցառման մասնակիցներին և կազմակերպիչներին, ասաց. «Այս մանուկների շնորհիվ Սբ. Ծննդյան հրաշքը ևս մեկ անգամ մարմնավորվեց և արժևորվեց մեզ համար: Քրիստոսի Ծննդյան հրաշափառ ավետիսը յուրաքանչյուրիս համար փրկության և ուրախության մի երևույթ է, որ երեխաներն իրենց մաքուր և ջերմ աշխարհից մեզ փոխանցեցին: Թող աստվածային լույսը միշտ առաջնորդի մեզ դեպի խաղաղություն, սեր և երջանկություն»:
Փոքրիկ հերոս Վահանն առաջին անգամ էր ներկայացման մեջ խաղում, և իր համար մեծ պատիվ էր նման դեր ստանձնելը: Ներկայացման շնորհիվ նա տեղեկացավ Ձմեռ պապու անցյալին ու ներկային և վստահ է, որ ինչպես ներկայացման ընթացքում Սբ. Նիկողայոսն իր երազանքն կատարեց, այնպես էլ այսօր անկասակածելիորեն կկատարի:
Իսկ Սբ. Նիկողայոսի կերպարը մեծ սիրով մարմնավորել էր աստղաֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, գրող-թարգմանիչ՝ Սերգեյ Ներսիսյանը: «Ես վերադարձա երրորդ դար, իրապես դառնալով Սբ. Նիկողայոս, և առնչվեցի հոգևոր մնայուն հարստությանը: Աշխարհում ամեն ինչ չէ, որ պետք է նյութականացնել, մարդու հարստությունն իր հոգին է, պատմությունից տեղյակ ենք, որ Ալեքսանդր Մակեդոնացուն հողին են հանձնել բաց դատարկ ձեռքերով, ի նշան ունենալով այն, որ նա, աշխարհի տիրակալը լինելով, աշխարհից հեռանում է ոչինչ չտանելով իր հետ»,- ասաց պրն. Ներսիսյանը:
Ներկայացման կազմակերպմանն ու կայացմանն իրենց մասնակցությունն են ունեցել Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու տիկնանց միությունը, «Զորավոր» երիտասարդաց միության անդամները և ծնողները:
Տիկնանց միության անդամ՝ Տաթև Պետրոսյանը, ով սցենարի հեղինակն էր, նշեց, որ իր ցանկությունն է եղել, որ երեխաները միշտ հիշեն Սբ. Ծննդյան տոնը, իսկ բեմադրության առաջնային նպատակը նա համարում է քրիստոնեական դաստիարակությունը՝ հիմքում ունենալով սիրո առկայությունը սկսած փորձերից մինչև բեմադրություն:
Երեխաները յուրաքանչյուրիս կրկին անգամ հիշեցրեցին աշխարհի համար մեծագույն պարգևը՝ այն, որ Աստված ծնվեց:
Կարինե Սուգիկյան