Սուրբ Ծննդյան լույսը տարածելու առաքելության ճանապարհին

Տիրոջ ողորմածությամբ ողջ տիեզերքը կրկին լիացավ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի անպատմելի ուրախությամբ: Տոների տոնը հանդիսացող Ս. Ծնունդը, ըստ Ս. Հովհան Ոսկեբերանի, բոլոր առաքինությունների պսակն է, մեր բարիքների աղբյուրը և արմատը, տոն, որով Երկինքը բացվեց: «Մի՞թե կա այս տոնին հավասարը,- ասում է սուրբը,- Աստված երկրի վրա է, մարդը երկնքում, հրեշտակները ծառայում են մարդկանց, դևերը փախչում են, մահը ոչնչացված է, բաց է դրախտը, ճշմարտությունը վայր է իջել, երդումը՝ հանված, մեղքը՝ անհետացած, մոլորությունները՝ արտաքսված»:

«Աստվածային Լույսը՝ ի դեմս Հիսուս Քրիստոսի, շողաց մեր կյանքի խավարում: Ուստի լիանանք տոնի աստվածաշնորհ կենարար լույսով, փրկության հույսով, ստանձնենք Սուրբ Ծննդյան լույսը հոգիներում անմար պահելու և շրջապատող աշխարհի խավարում տարածելու առաքելությունը: Նրա հետ նոր կյանքով ծնվենք այսօր՝ Քրիստոսապատգամ անձնազոհ սիրով լցված կյանքով, և թող այդ կյանքից մշտապես ճառագի Տիրոջ Ծննդյան փրկչական լույսը»,- ասաց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը:

Ս. Ծննդյան ութօրէքի շրջանում Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, շարունակելով սոցիալական ծրագրերի իր շարքը, մեծ պատասխանատվությամբ ստանձնել է փրկարար լույսը տարածելու կարևոր առաքելությունը:

Հունվարի 10-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, Տեր Գրիգորը Ապրյան Սուսաննային (59 տ.) հանձնեց մոսկվաբնակ Բաղդասարյան ընտանիքի աջակցությամբ գնված սննդի փաթեթ: Տիկին Սուսաննան իր երեք զավակների հետ բնակվում է Նոր Նորքի 9-րդ զանգվածի 29/37 հասցեում: «Աղջիկս ուսանել է իրավաբանություն, բայց ուսման վարձը չվճարելու պատճառով, ուսումը կիսատ է թողել: Տղաներս աշխատանք չունեն, այժմ միայն ես եմ աշխատում, թեև առողջական խնդիրներ ունեմ»,- ասաց ընտանիքի մայրը: Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց Ապրյան Սուսաննայի համար: Վերջինս իր երախտագիտությունը հայտնեց Տեր Հորը և աջակից անձին:

 

 

Կարինե Սուգիկյան

10.01.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․