26 Նոյեմբեր, Գշ
Դիոկղետիանոսի փեսա Մաքսիմիլիանոսի օրերում, մեր հալածանքների տարում հրաման առաքվեց Եգիպտացվոց երկրի քաղաքների իշխաններին, [որ բոլորը] զոհ մատուցեն աստվածներին: [Եվ հրամայվում էր] զոհ մատուցողներին արձակել անպատիժ, իսկ հրամանին ընդդիմացողներին` բազում տանջանքներից և խոշտանգումներից հետո սրով և հրով սպանել: Եվ երբ եղավ այս ամենը, սրբերը երկնային կանչով ընթանում էին դեպի մարտիրոսություն և բազում քերանքների և սաստիկ տանջանքների դիմանալով` մեծ նահատակության էին արժանանում և ժառանգում էին երկնային արքայությունը:
Եվ [այդ ժամանակ] Եգիպտոսում տեղակայված գնդերից մեկում մի զորական [կար], Վարոս անունով: Նա պատվական մի մարդ էր, ազատների տոհմից և զորքի գլխավորներից մեկը, և ամբողջ սրտով Աստծու երկյուղած էր: [Մի օր] նա ելավ և գիշերով գաղտագողի գնաց-ընկավ բանտում պահվող սրբերի առջև և նրանց արյամբ կնքեց իր աչքերն ու ականջները: [Սակայն նա] երկնչում էր Քրիստոսին բացահայտ խոստովանելուց, որ չարաչար չկորչի, որովհետև ամոթալի մահ էր սահմանված այս հավատքի մեջ եղած ամեն մեկի համար, որոնցից ոմանց հրկիզում էին, ոմանց ծովահեղձ անում և այլ տեսակ-տեսակ տանջանքներով կործանում, քանի որ մեծ և դժնդակ մառախուղ էր իջել մարդկանց վրա և խավարն ու մեգն էր բռնել նրանց հոգիները, որպեսզի չկարողանան նկատել իրենց համար օգտակարը:
[Եվ մի անգամ] մի խումբ սրբերի բռնեցին անապատից, ուր շատ ժամանակ առաջ փախել էին ամբարիշտ մարդկանցից: Եվ իշխանին տեղեկացրեցին, որ ձեռնակապերով բերել են քրիստոնեական հավատքի վարդապետների, և նրանք դրսում են: Այնժամ բերկրեց դատավորը, հրամայեց պահել նրանց և հաջորդ օրն իր առջև կանգնեցնել: [Պատվիրեց] նաև պատրաստել տանջանքի գործիքներ ու փայտ: Եվ դահիճները սրբերին բանտ տարան և ոտքերը կոճղերի մեջ ամրացրեցին:
Իսկ Վարոսն իմացավ, որ ամենագով սրբերը մեծ վտանգի մեջ են և ինչքը պահապաններին տվեց, գիշերով մտավ, քանդեց նրանց շղթաներն ու ոտքերը հանեց կոճղերից և առաջներն ընկնելով` երկրպագեց: Եվ աղաչելով` համոզեց կերակուր ճաշակել, քանի որ ութ օր անսնունդ էին մնացել: Եվ ասաց նրանց. «Աղերսում եմ ձեզ, սո՛ւրբ վկաներ և Քրիստոսի ծառաներ. դուք վաղը մարտիրոսվելու եք այս անօրեն մարդկանց ձեռքով: Աղաչեցե՛ք փրկիչ Քրիստոսին, որ ձեր ժուժկալությունից և համբերությունից ինձ ևս մաս տա: Ես զորական եմ, նշանավոր գնդից, քրիստոնյա եմ և սրբերի ծառա, սակայն երկնչում եմ խոստովանել [հավատքս], որ չարաչար չկորչեմ, որովհետև գիտեմ, թե ինչպիսի մահվան են դատապարտվում, երբ բռնվում են դրա հետևորդները: Աղոթեցե՛ք, որ անցնի խռովության ամպրոպը, որպեսզի Քրիստոսին հավատացողները կարողանան համարձակությամբ երևալ»: Սրբերն ասացին նրան. «Ոչ ոք չի հնձի, եթե չսերմանի ամպրոպի ժամանակ (հմմտ. Ժողով. ԺԱ. 4), և բարի վախճանի չի հասնի երկչոտը: Եվ հատկապես Քրիստոսն ասում է. «Ճշմարիտ եմ ասում ձեզ: Եթե մեկը չխոստովանի Ինձ մարդկանց առջև, չեմ խոստովանի նաև Ես նրան Իմ Հոր առջև, որ երկնքում է» (Մատթ. Ժ. 32): Այժմ արի՛ մեզ հետ, որովհետև այսպիսի ուղեկիցներ այլևս երբեք չես գտնի»: Եվ երբ սրբերն ասում էին այս, ներս մտան զինվորները, որպեսզի նրանց ատյան տանեն: Եվ տեսան Վարոսին, որ համբուրում էր նրանց ոտքերն ու լալիս էր, որովհետև չարչարանքների էին դատապարտված: Եվ զինվորներն ասացին նրան. «Մոլորվե՞լ ես, ո՛վ մարդ: Չե՞ս երկնչում, որ կպատմենք դատավորին կամ մեծամեծներին, թե նրանց հետ ես և քրիստոնյա ես, ինչից հետո կկորցնես աստիճանդ և չարաչար կկործանվես»: Վարոսն ասաց նրանց. «Ես պատրաստ եմ քրիստոնյա կոչվելու և նրանց հետ լինելու միշտ և հանապազ: Եվ ո՞վ կհայտնի [դատավորին], երբ բոլորդ իմ ընկերն ու բարեկամն եք»: Այնուհետև զինվորները շղթաներ դրեցին սրբերի ձեռքերին ու պարանոցներին: Եվ սրբերը թվով վեցն էին: Անապատում յոթն էին եղել աշխարհից հրաժարվածները և երեսուն տարի բնակվել էին գազանների և սողունների մեջ, իրապես առաքյալի խոսքով, թե` «Կքայլես իժերի ու քարբերի վրայով, կտրորես առյուծին ու վիշապին» (Սաղմ Ղ. 13): Սակայն նրանցից մեկը վախճանվել էր անապատում:
Դատավորը նստեց հրապարակի ատյանում, որ շրջապատել էր ռամիկների, զինվորների և այլ մարդկանց բազմությունը: Եվ հրամայեց մերկացնել սրբերին և սփածանելիքով ծածկված կանգնեցնել իր առջև: Եվ երբ բերեցին, հարցրեց նրանց. «Ի՞նչ զբաղմունքի եք, ո՞ւմ որդիներն եք և ո՞ր գավառից»: Սրբերը պատասխանեցին. «Երկրի վրա գավառ չունենք, բայց եթե կամենում ես ճանաչել մեր քաղաքը, հավատա՛ Քրիստոսին, որովհետև քրիստոնյաների քաղաքը երկնքում է կառուցված»: Դատավորն ասաց. «Ո՞րտեղից եք և ի՞նչ են ձեր անունները: Ասացե՛ք, այլապես երդվում եմ աստվածներով, որ ձեզ կենդանի-կենդանի կդատեմ»: Սրբերը պատասխանեցին նրան. «Քո սպառնալիքներից չենք երկնչում, և թե ով ենք, ասացինք` օտարական և պանդուխտ ենք մեր բոլոր հայրերի պես»: Դատավորն ասաց. «Այս վատամահները մի գաղտնիք ունեն և թո՛ղ մերկացվեն ու տանջանքների ենթարկվեն»: Եվ երբ տանջանքներն սկսվեցին, դատավորը հարցրեց. «Ո՞ւր է ձեր յոթերորդ ընկերը, որին ամենաշատն ենք փնտրել»: Եվ երբ այսպես խոսեց, ամբոխի միջից անմիջապես դուրս վազեց սուրբ Վարոսը և առջևում կանգնելով` ասաց. «Նա վախճանվեց և ինձ թողեց իբրև իր խստամբերության ժառանգորդ: Եվ եթե նա որևէ բան պարտք էր, ահավասիկ պատրաստ եմ հատուցելու, որովհետև սահմանված պատիժները ժառանգավորներն են հատուցում»:
Եվ բարկանալով` դատավորը հարցրեց. «Ո՞վ է դա»: Եվ պատասխանեցին. «Զինվորական է և մեկն ավագներից»: Հարցրեց. «Ո՞ր գնդից է»: Պատասխանեցին. «Տիտանացիների գնդի հրամանատարն է»1: Դատավորը դիմեց սրբին. «Ո՞վ մոլորեցրեց քեզ և հրապուրեց, որ կորցնես քո գունդն ու մեծ ռոճիկը և չարաչար կործանվես»: Սուրբ Վարոսը պատասխանեց. «Երկար տարիներ ապրեցի այդ ռոճիկով և ոչ մի օգուտ չունեցա և ուտելուց հետո դարձյալ սովածություն էի զգում, իսկ այժմ դրանից ավելի լավ վարձք եմ ստանում»: Դատավորը հարցրեց. «Ի՞նչ վարձք»: Վարոսը պատասխանեց. «[Ստանում եմ] երկնքից իջած և բոլորին կյանք տվող հացը, իսկ գինու փոխարեն [ըմպում եմ] Քրիստոսի արյունը, որ արբեցնում ու շռայլության է բերում, որ կյանքի աղբյուր է և մաքրագործում է նրանց, ովքեր ճաշակում են: Իսկ ապականացու մսի փոխարեն, ընդունում եմ մարմինն անբիծ և անարատ Գառան, որ քավեց աշխարհի մեղքերը»: Դատավորն ասաց սրբերին. «Դո՞ւք հրապուրեցիք նրան, որ այս [մտքին] գա և կորստյան մատնեցիք թագավորի այսպիսի զորականին: Երդվում եմ աստվածներով, որ ձեր ոգիները չարաչար կկործանեմ»: Սրբերը պատասխանեցին նրան. «Անմիտ, չգիտե՞ս, որ հրեշտակների դասը կարգեցինք նրան: Եվ նրանից լսելով` փրկական զինվորության մասին` մի պահ համբերի՛ր և կտեսնես նրա քաջությունը մարտի մեջ»: Դատավորը հարցրեց նրանց. «Ի՞նչ մարտ. հերձվածողի ահավոր տանջանքնե՞րը»: Սրբերը պատասխանեցին. «Կա՞ ավելի մեծ քաջություն, քան մի հոգով քեզ` կորստյան իշխանիդ հաղթելը, ինչպես և զորականներիդ, որ քիչ անց ապականվելու են»: Դատավորն ասաց նրանց. «Հիմա կապականեմ ձեր մարմինները, եթե [երեսնիվայր] ընկնելով` չերկրպագեք աստվածներին»: Սրբերը պատասխանեցին. «Աստվածները, որ չեն արարել երկինքն ու երկիրը, կկորչեն երկրի երեսից, որովհետև հեթանոսների աստվածները դևեր են, իսկ երկինքն արարեց Տերը» (Երե. Ժ. 11): [Իսկ] Վարոսն ասաց [դատավորին]. «Ինչո՞ւ ես հոգնեցնում սրբերին, անիմաստ բաներ շատախոսելով. ահա ես կանգնած եմ քո առջև, արա՛ ինչ կամենում ես»: Դատավորն ասաց. «Իմ կամքն է, որ կործանվեն բոլոր նրանք, որ չեն պաշտում եգիպտացիների աստվածներին: Այժմ խնայեցե՛ք ձեզ և ազատվեցե՛ք չարիքներից, որ պատրաստել ենք ձեզ համար»: Վարոսը պատասխանեց. «Քո պատրաստածները կքանդվեն սարդոստայնի պես, մինչդեռ քո և քո ընտանիքի համար պատրաստվածները վերջ չեն ունենա»: Եվ բարկանալով` դատավորը հրամայեց նրան կախել փայտից և ասաց սրբերին. «Եթե դուք ինձ հաղթեք, կուրանամ և կհեռանամ աստվածներից»: Ասացին նրան. «Նախ փորձի՛ր ուժդ առջևում կանգնածի վրա. եթե նրան հաղթես, հավատա՛ և գիտեցի՛ր, թե մեզ ևս հաղթել ես»: Դատավորն ասաց սուրբ Վարոսին. «[Երդվում եմ] գլխովս, որ քեզ համար պատրաստված չարչարանքներից զգուշացան մյուս զորականներն ու ռամիկները և հրաժարվեցին իրենց աստվածներից հեռանալուց ինչպես և պաշտամունքից Քրիստոսի, որին դուք եք պաշտում»: Վարոսն ասաց. «Դու և բոլոր դրանց հուսացողները, թո՛ղ նմանվեք ձեր աստվածներին, որոնք ո՛չ լսում են, ո՛չ խոսում, և ո՛չ տեսնում ու շարժվում»: Եվ բարկանալով` դատավորը հրամայեց իջեցնել նրան և բոլոր կողմերից հաստ պարաններով հարվածներ տեղալ ու բրերով քերել: Եվ Վարոսն ասաց սրբերին. «Սո՛ւրբ հայրեր, օրհնեցե՛ք ձեր ծառային և աղոթեցե՛ք ինձ համար, որ զորանամ և սանձեմ այս ամբարիշտի բարկությունը և վերացնեմ սրա դառն տանջանքները»: Եվ սրբերն աչքերը վեր բարձրացրեցին դեպի Տերը և սկսեցին ասել. «Օրհնյա՜լ ես, Տե՛ր, որ համբերության պսակ ես շնորհում անհամբերներին. Քո ծառային զորացրո՛ւ այս նահատակության պատերազմում»: Եվ Քրիստոսի տանջվող վկան ասաց սրբերին. «Մի՛ անհանգստացեք, ձեր սուրբ աղոթքները լսվեցին, որովհետև արջառաջիլերի հարվածները ինձ ասրի հպում են թվում»:
Եվ դատավորն ասաց նրան. «Եվ ի՞նչ օգտվեցիր, ա՛յ թշվառական»: Վարոսը պատասխանեց. «Այնքան օգտվեցի, որքան դու վնասվեցիր»: Դատավորն ասաց նրան. «Մոլորեցնողնե՞րդ սովորեցրին քեզ այդպես խոսել»: Վարոսը պատասխանեց. «Մոլորեցնողները երբեք չեն փրկագործում, իսկ [սրբերը], քանի որ բարի են, ճշմարիտ և աննախանձ երախտավորներ են, իրենց [երկնային] գանձից բաշխում են այս փրկությունը: Եվ մոլորեցուցիչն ու կախարդը դու ես, և քո անզգամությանը համամիտները»: Եվ բարկանալով` դատավորը կրկին հրամայեց նրան մոտեցնել փայտին: Եվ երբ սրբերը տեսան վկայի` բազում ժամեր քերված կողերը, ասացին դատավորին. «Ո՛վ ամբարիշտ, արդյո՞ք ապառաժ քարերն արդեն մաշած չէիր լինի այդպես քերելով»: Դատավորն ասաց. «Թո՛ղ գա ձեր Քրիստոսը և փրկի դրան»: Վարոսն ասաց. «Թո՛ղ ինձ չփրկի այս տանջանքներից, այլ թո՛ղ փրկի հավիտենականներից»: Ամբարիշտը կրճտացրեց ատամներն ու հրամայեց լյարդի շրջակայքում հարվածներ տեղալ: Եվ ասաց. «Դրա աղիքները իր դիմաց հանե՛ք»: Վարոսն ասաց նրան. «Սատանայի՛ որդի և ամենայն արդարության թշնամի. ահա կարող ես հանել իմ աղիքները, սակայն չես կարող վերացնել հավատս»: Իսկ սրբերը, տեսնելով նրա պատռված որովայնը, լաց եղան:
Դատավորն ասաց նրանց. «Տեսնո՞ւմ եք, որ հաղթվեցիք. եթե իսկապես անմահություն եք համարում Քրիստոսի համար մահանալը, ինչո՞ւ եք լացում և տրտմում»: Սրբերը պատասխանեցին. «Լալիս ենք [մեր ընկերոջը] չարչարակցելու համար, [բայց միևնույն ժամանակ] ծիծաղում և տոնում ենք` գիտակցելով, որ սակավ տանջանքներով հավիտենական հանգիստը կժառանգենք»: Խիստ զայրանալով` դատավորը հրամայեց նրանց բանտ տանել, իսկ Վարոսին տանջել` մինչև մահանա:
Եվ երբ Վարոսը տեսավ, որ նրանց շղթայակապ տանում են, բարձր ձայնով դիմեց սրբերին. «Սո՛ւրբ նահատակներ, ինձ հանձնեցե՛ք Քրիստոսին և վստա՛հ եղեք, որ այլևս չեմ պատասխանի այս անաստվածի և ոչ մի խոսքին և անգամ չեմ շարժի շրթունքներս: Եվ ահա գնում եմ Տեր Քրիստոսի մոտ` շնորհակալ լինելով ձեզնից, որ իմ հավիտենական կյանքի պատճառը եղաք»: Եվ [այսպես]` մոտ երեքժամյա տանջանքներից հետո ավանդեց հոգին, իսկ տանջողները տակավին շարունակում էին հարվածներ տեղալ` կարծելով, թե դեռ ողջ է: Իսկ երբ դահիճները տեսան, որ մեռած մարմինն են ծեծելիս եղել, ասացին դատավորին, թե` «Վաղուց մահացել է, ո՞ւր կհրամայես դնել նրա մարմինը»: Դատավորը պատասխանեց. «Իջեցրե՛ք և քարշ տվեք քաղաքից դուրս և նետեք շներին»: Եվ նրան իջեցրեցին ու քարշ տվեցին քաղաքից դուրս` ուր անասունների լեշերն էին [լցնում]:
Եվ մի քրիստոսասեր, մի կին Պաղեստինից` բարեպաշտ և Տիրոջից երկյուղած, որի անունը Կլեոպատրա էր, նայում էր սրբերի նահատակությանը և դառնապես լալիս. Վարոսի տանջանքների ժամանակ ծեծում էր կուրծքը, սակայն երկնչում էր խոստովանել, թե` «Քրիստոնյա եմ»: Եվ գիշերով` իր սպասավորների2, նաև տասներկուամյա որդու հետ, գնաց, գողացավ սրբի մարմինը և տարավ իր տունը, այնտեղ օծեց անուշ յուղերով ու պատվական հանդերձներ հագցրեց և իր մահճի տակ փորելով` թաղեց սրբին և սպասավորում էր:
Երկար ժամանակ անց, երբ քրիստոնյաների նկատմամբ հալածանքները դադարեցին, [կինը] կամեցավ իր երկիրը վերադառնալ և [նվերներ] պատրաստելով` երևելի մեկի միջոցով փոխանցեց տեղի իշխանին` խնդրելով. «Ամուսինն իմ պատվելի զորական էր, պատերազմներում` ահեղ: Մահացավ և այստեղ թաղված է ժամանակավոր ու դեռևս օրինավոր թաղման չի արժանացել: Արդ աղաչում եմ Ձերդ մեծությանը` թույլ տո՛ւր հանել նրան և թաղել կարգով և հավուր պատշաճի»: [Իշխանը] լսեց կնոջ աղաչանքները և թույլ տվեց` դրա դիմաց բազում ինչք ստանալով նրանից:
Եվ իր ամուսնուն թողնելով Եգիպտոսում` կինը սուրբ Վարոսին հանեց երկրից: Սրբին դարձյալ պայծառ հանդերձներ հագցրեց և օծեց անուշ յուղերով ու խնկով, դրեց գորգի ու ասրի մեջ և այդպես միայն հանեց Եգիպտոսից, որպեսզի որևէ մեկը չհափշտակի, որովհետև քրիստոնյաները փնտրում և վանքերում էին դնում սրբերի նշխարները և կատարում էին նրանց հիշատակը: Եվ Կլեոպատրան եկավ իր հայրենի [Էդրա] գյուղը և սրբին դրեց իր նախնյաց գերեզմանում, որ ճանապարհի մոտ էր: Եվ ընտանյոք հանդերձ միշտ այնտեղ էր բարձրանում` մոմով և խնկով: Եվ ուրիշները ևս սովորեցին և բարձրանում էին նրա հետ: Եվ քիչ օրեր անց գավառի բոլոր բնակիչներն իմացան, որ Թափորի հարևանությամբ մի սուրբ կա: Իմացան և իրենց հիվանդներին և նեղության մեջ գտնվողներին բերում էին այնտեղ: Եվ բոլոր հիվանդները բժշկվում էին: Եվ Կլեոպատրան տեսավ, որ տեղը նեղ է եկող բազմության համար և խորհեց վաճառել իր ունեցվածքն ու տաճար կանգնեցնել ի պատիվ սրբի: Նա բազում նվերներ ու ինչք առաքեց, որ իր մինուճար որդին զինվորական ծառայության անցնի արքունիքում, իսկ մնացյալը վաճառեց տաճարի կառուցման համար:
Այնուհետև թագավորից ստացան [տղայի] զինվորական ծառայության [ընդունվելու մասին] գիրը, նշաններն ու հանդերձները: Եվ Կլեոպատրան մտքում ասաց. «Երբ կավարտվի տաճարի կառուցումը, նոր միայն որդիս կհագնի զինվորական հանդերձանքը, ինձ հետ կբարձրացնի սրբի դագաղն ու նոր միայն կանցնի ծառայության»: Եվ այսպես, շատ ինչք ծախելով, կինը կառուցեց սուրբ տաճարը և այլազան զարդերով պաճուճավորեց: Եվ հրավիրեց եպիսկոպոսների և վանականների, նաև այլ քրիստոնյաների, և սրբին հանեց տապանից: Եվ սրբի դագաղը բերելով` զարդարեց փռոցներով և պաստառակալներով, որդուն մոտեցրեց քահանաներին, և օրհնեցին նրան: Եվ որդու քղամիդն ու գոտին դրեց սրբի տապանին, իսկ հետո վերցնելով` հանդերձավորեց:
Իսկ երբ եկավ-հավաքվեց ամբողջ ամբոխը ինքն ու իր որդին սրբի նշխարները ներս տարան: Եվ կանանց ու տղամարդկանց այնքան մեծ բազմություն էր հավաքվել, որ տեղի բնակիչները հոգում էին, թե ո՞րտեղից բավական ջուր տան եկածներին: Եվ աքլորականչից մինչև իններորդ ժամը տոնեցին [սրբի հիշատակը], իսկ երբ սրբի նշխարները դրեցին, սեղան կանգնեցրին և պատարագ մատուցեցին և միաբան աղոթեցին Կլեոպատրայի և նրա մինուճար որդու համար: Իսկ երբ ժողովուրդը գնաց, [Կլեոպատրան] ընկավ սրբի նշխարների վրա և աղաչելով ասում էր. «Ո՛վ սուրբդ Աստծու, քեզ աղերսում եմ ինձ և որդուս օժանդակելու խնդրանքով: Աղաչի՛ր Տիրոջը որդուս օգնել, որովհետև այս սատանայական խռովությունների ժամանակ քեզ էի պաշտում: Եվ այժմ աղաչի՛ր Տեր Աստծուն, որ որդուս առողջություն շնորհի ինչպես և թագավորի մոտ ծառայելու զինվորական ձիրք: Աղաչում եմ, այո՛, հիշի՛ր ինձ, որովհետև քեզնից ավելի ոչ մեկին չպատվեցի` ո՛չ մեծի, և ո՛չ փոքրի»:
Եվ դրանից հետո ճոխ ճաշ տվեց ամբողջ բազմությանը. նրա հետ ժողովրդին սիրով սպասավորում էր նաև որդին: Եվ ասելով թե` «Ես և դու մնացորդները կճաշակենք»,- որդուն պատվիրեց, որ ոչինչ չուտել, մինչև վեր չկենան բազմածները: Եվ երբ ամբոխը վեր կացավ, տղան հոգնեց և թիկն տվեց: Եվ սպասավորներին ազատելուց հետո եկավ մայրն ու որդու աչքերը համբուրելով ասաց. «Որդյա՛կ, քո ողջության համար արեցի այս ամենը, և որ կյանքումդ ինձ ուղեկցես այն սրբի հետ: Այժմ ե՛կ և կերակուր ճաշակի՛ր, որովհետև սոված ես և հոգնած: Եվ տղան հազիվ խոսեց, որովհետև ջերմության մեջ այրվում էր: Մայրը փարվեց որդուն, գիրկն առավ և ասաց. «Կենդանի է Տերը, և [միշտ հնչում են] սրբի աղոթքները. հաց չեմ ուտի, մինչև չտեսնեմ, թե ինչ եղավ որդուս, որովհետև ես նրան պատվիրել էի հաց չուտել, մինչև չգնան հավաքվածները»: Եվ այսպես` որդուն գիրկն առած, անցկացրեց ամբողջ գիշերը: Եվ տղան գիշերով հոգին ավանդեց: Եվ մայրը ոտքի ելավ, բարձրացրեց տղային և տաճարը տանելով` դրեց սեղանի առջև: Եվ աղաղակում և ասում էր. «Ո՜հ արդարի հատուցում… ո՜հ հատուցում թշվառիս… ե՛տ վերադարձրու որդուս, որ երկունքով մեծացրեցի… ե՛տ վերադարձրու միամորիկ տղայիս… ո՜հ արդարների դառնություն, որ այս հատուցումն ստացա… Ե՛տ վերադարձրու որդուս, որի համար էի արել այս ամենը… տո՛ւր, որ ապրի և իմ մխիթարությունը լինի… վերադարձրո՛ւ նրան, այլապես գիտեցիր, որ գլուխս կջարդեմ այստեղ` քո մոտ: Աղաչի՛ր Տիրոջը, որ միամորիկս ետ գա. Նա անգամ վաղուց մահացածներին էր հարություն տալիս: Տո՛ւր որդուս, կամ ինձ նրա մոտ տար»: Եվ ամբողջ ժողովուրդը լալիս էր նրա հետ, ողբում ազնվագեղ տղային և հատկապես երկյուղած և քրիստոսասեր մարդուն, որովհետև իր գործածին անարժան հատուցում էր ստացել: Եվ կինն ամբողջ օրը ողբով անցկացրեց, և քահանաներն ու մերձավորները չէին կարողանում մխիթարել:
Եվ գիշերվա կեսին որդուն գիրկն առած տեղավորվեց մի վայրում, որովհետև շատ լալուց և ամբողջ օրն անոթի մնալուց ուժասպառ էր: Եվ ահա նրան երևաց սուրբ Վարոսը` մանուկը ձեռքին: Եվ երկուսի մեջքներին ոսկի գոտիներ էին, և նրանց քղամիդները սպիտակ էին լույսի և շքեղ աստղերի պես: Եվ նրանց գլխներին թագեր էին, իսկ թագերի շուրջն` աստղեր: Եվ երբ [Կլեոպատրան] տեսավ, զարհուրեց և սկսեց երկրպագել: Եվ մի ձեռքով ամուր բռնվել էր սրբի ոտքից, իսկ մյուս ձեռքով` որդուն էր պահում: Եվ սուրբ Վարոսը բարձրացրեց նրան և ասաց. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես աղաղակում իմ մասին, իբրև քո հանդեպ անիրավություն եմ գործել և թե քո երախտիքին չարն եմ հատուցել: Մի՞թե մոռացել եմ, թե ինչ արեցիր ճանապարհին, կամ որ հանապազ քո խունկի բույրն եմ շնչել, կամ որ հավաքեցիր քաղաքից դուրս թափված ոսկորներս և ինձ թաղեցիր քո մահճի տակ, կամ որ ամփոփեցիր ասուի մեջ: Մի՞թե չիմացա, որ ինձ թաղեցիր նախնիներիդ մոտ, որոնց և ազատեցի մեղքերից` շնորհ անելով քեզ, աղաչեցի Տիրոջը, որ հանուն քեզ նրանց թողություն շնորհի: Մի՞թե չիմացա, որ ինձ գերեզմանից հանեցիր և տապանս բարձրացրեցիր քո որդու հետ: Արդյո՞ք ես չէի պահում կառուցողներին, որ չարից չվնասվեն, արդյո՞ք ես ձեզ հետ միասին չսպասավորեցի ժողովրդին և Տիրոջ անունով չօրհնեցի քո պատրաստությունը: Մի՞թե [սուրբ] սեղանի [տակ ամփոփելիս] դու չխնդրեցիր ինձ` քո որդուն հաճույք պատճառել և նրան երկնավոր անդրանիկների շարքը մտցնել: Եվ ես աղաչեցի, իսկ Տերն արեց` ինչպես տեսնում ես: Իսկ այժմ, եթե կամենում ես` վերցրո՛ւ նրան»: Իսկ տղան անմիջապես փաթաթվեց նրան և ասաց. «Ի՛մ տեր և ուսուցիչ, մի՛ համաձայնիր ինձ ուղարկել անարդար աշխարհը, որ լի է անիրավությամբ և ամբարշտությամբ, որից հազիվ եմ ազատվել` չշաղախվելով նրա պղծության մեջ: Հա՛յր իմ, մի՛ զատիր ինձ քեզնից և սրբերից, որոնց հետ բնակվում ենք»: Եվ ասաց մորը. «Հեռացի՛ր ինձնից. կա՞ մայր, որ նախանձի իր մինուճար որդուն և արքայությունից դեպի աղքատություն գլորի և լույսից դեպի խավար»: Եվ կինն ասաց նրանց. «Ինձ ևս վերցրե՛ք, որ ձեզ հետ լինեմ»,- և ավելացնելով դիմեց սրբին. «Մի՛ բաժանիր ինձ մինուճար որդուցս»: Եվ սուրբն ասաց նրան. «Եթե այդպես է, [համարի՛ր], որ մեզ հետ ես: Իսկ այժմ գնա՛ և երկրի վրա կատարի՛ր մեր հիշատակը, և երբ Տերը կամենա, իր ժամանակին կայցելենք քեզ, իսկ այժմ գնա՛ խաղաղությամբ»:
Եվ արթնանալով` բազմությանը պատմեց տեսիլը, վերցրեց մաքուր զգեստներ և անուշ յուղ, հանդերձավորեց որդուն և հանձնեց սրբին: Եվ բոլոր մերձավոր կանայք աղերսում էին նրան, որպեսզի որդու հետ դնի նաև նրա զինվորական զգեստները` «Որ քո տանը չտեսնես և հոգիդ խռովվի»: Իսկ նա չհամաձայնեց և ասաց նրանց. «Աղաչում եմ ձեզ, վաղն ինձ հետ մնացե՛ք, քանի որ մեծ տոն եմ կատարելու, որովհետև որդիս հրեշտակների զինվորությանը զորակցեց»: Եվ մեծ ճաշ մատուցեց և ուրախությամբ և խնդությամբ սպասավորում էր ներկաներին: Իսկ հաջորդ օրը, ամբոխին ճանապարհելով, մնաց վկայարանում և այնտեղ աղոթքներով երկրպագում էր Աստծուն: Եվ ամեն կիրակի առավել պայծառ փառքով նրան երևում էին [սուրբ Վարոսն ու իր որդին]: Եվ յոթ տարի անց վախճանվեց երանելի Կլեոպատրան և նրանց հետ դրվեց վկայարանում:
Աղոթքով և բարեխոսությամբ համայն սրբերի թո՛ղ Տերն արժանացնի նրանց հետ վայելելու և մեզ, ինչպես և բոլոր նրանց, ովքեր կատարում են սրբերի հիշատակը. փառք Քրիստոս Աստծուն, հավիտյանս. ամեն:
1 Գրքում` «տիտանացւոց»: Ռուս. թարգմ. մեջ ծան.` «Եգիպտոսի Թիանիս (Tyanis) քաղաքի գնդի», քանի որ գնդերն անվանվում էին այն քաղաքների անուններով, ուր կազմվում էին:
2 Գրքում` «զավակների»: Փխ. ըստ ռուս. օրինակի:
Վարք Սրբոց, Հատոր Դ, Ս. Էջմիածին – 2010թ.