30 Դեկտեմբեր, Բշ, Սուրբ Ծննդյան պահքի Ա օր

Սուրբծննդյան հրաշքը

Մի անգամ երիտասարդ մանկավարժին հանձնարարվեց սուրբծննդյան ներկայացում պատրաստել իր աշակերտների հետ: Տղաներն ու աղջիկները խանդավառությամբ լծվեցին այդքան պատասխանատու գործի նախապատրաստությանը:

Սցենարը շուտով պատրաստ էր, և ողջ դասարանն անցավ փորձերի: Դասարանում մի տղա կար՝ Անդրեյը, որ շատ ընդունակ չէր, միջակ հիշողություն ուներ, սակայն խաղաղ ու բարի տղա էր: Եվ հենց նրա համար հարմար դեր չէին գտնում: Բոլոր դերերի համար պահանջվում էր բազմաթիվ ռեպլիկներ հիշել և անսխալ արտասանել դրանք: Ինչ դեր էլ, որ տալիս էին Անդրեյին, պարտադիր շփոթվում էր և ինչ-որ բան խառնում:

Ի վերջո ուսուցիչը որոշեց տղային այն հյուրատան տիրոջ դերը տալ, որի դուռը պիտի թակեին Հովսեփն ու Մարիամը: Հյուրատան տիրոջ ոչ բարյացկամ դերի համար Անդրեյից շատ բան չէր պահանջվում՝ բացել դուռը, մռայլ նայել եկվորներին, ասել. «Հյուրատանը տեղ չկա», և փակել դուռը՝ փողոցում թողնելով անկոչ հյուրերին: Ընդամենը չորս բառ, որ դժվար թե շփոթեր:

Հասավ ներկայացման երկար սպասված օրը: Սկիզբը հարթ անցավ:

Եվ ահա, բեմին հայտնվում են հոգնած Հովսեփը և ավանակին նստած Կույս Մարիամը: Նրանք կանգ են առնում հյուրատան դռան դիմաց, Մարիամն իջնում է ավանակից, Հովսեփը մեկնում է ձեռքն ու լարված լռության մեջ լսվում է դռան թակոցը: Դուռը բացվում է և շեմին երևում հյուրատան տերը՝ մեր Անդրեյը:

Մարիամն աղերսող հայացքով նայում է նրան, իսկ Հովսեփն ասում.

- Արդյոք տեղ չի՞ գտնվի գիշերակացի համար: Կինս շուտով կծննդաբերի, իսկ մենք հեռվից ենք եկել և շա՜տ-շա՜տ հոգնած ենք:

- Շա՞տ եք հոգնել…- մտահոգ հարցնում է հյուրատան տերը:

Ուսուցիչը շրթունքն է կծում:

Հյուրատան տերը կրկին նայում է հոգնած Հովսեփին, այնուհետև՝ տխուր Մարիամին և մի կողմ քաշվելով՝ ասում.

- Նե՛րս եկեք…

Ուսուցիչը գլուխն է բռնում…

- Հյուրատանը տեղ չկա,- բարձրաձայն ֆշշացնում է մեկը դահլիճից:

- Իսկ ես իմ տեղը կտամ,- առանց դահլիճին նայելու աներեր պատասխանում է հյուրատան տերը:

Իսկ հետո դիմելով Հովսեփին ու Մարիամին, ուրախ ավելացնում է.

- Ի՞նչ եք կանգնել: Նե՛րս եկեք: Ես ամեն ինչ գիտեմ: Շուտով Քրիստոս պիտի ծնվի:

Ներկայացումը տապալված էր: Սակայն հրաշքը, որ Սուրբ Ծնունդի մշտական ուղեկիցն է, այս անգամ էլ տեղի ունեցավ, չնայած շատերի համար աննկատ մնաց:

Մանկական բարի սիրտը չհամաձայնեց սցենարի հետ, որը երկու հազար տարի առաջ իրական կյանքում խաղացին խստասիրտ մեծահասակները:

Սուրբ Ծնունդն այն օրն է, երբ մեր սրտերը կրկին թակում է Քրիստոս: Տե՛ղ գտեք Նրա համար:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Ձեզ և մեզ մեծ ավետիս:

 

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

09.01.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․