23 Նոյեմբեր, Շբ
Մի մարդ գնում էր նեղ ու փշոտ ճանապարհով և լաց լինում.
- Տե՛ր Աստված, որքան ապրում եմ, այնքան մեղք եմ գործում: Նույնիսկ չգիտեմ, թե դա ինչպես է պատահում: Օգնի՛ր, խրատի՛ր…
Հանկարծ առջևում մի կամուրջ է տեսնում, իսկ դրա մոտ՝ ձկնորսի: Ողջունում է նրան ու հարցնում, թե ինչպես է ընթանում ձկնորսությունը:
- Ավելի լավ չի լինում,- պատասխանում է ձկնորսը:- Մի ձուկն անփույթն է, ինքն է նետվում դատարկ կարթի վրա: Իսկ մեկ ուրիշը զգույշ է, հատուկ մոտեցում է պահանջում: Կարթաթելս անտեսանելի է: Կեռիկներս փոքր են, միայն խայծն է երևում: Ահա, այս ձկանը սպիտակ հացով եմ բռնել, սրան՝ քուսպով, իսկ այս մեծին մի պստլիկ որդով եմ բռնել:
- Ահա՛, թե ի՜նչ,- միանգամից պայծառանում է մարդու դեմքն, ու նա շնորհակալություն է հայտնում ձկնորսին:
- Ինչի՞ համար,- զարմանում է վերջինս:
- Գիտելիքի,- պատասխանում է մարդն ու շարունակում իր ճանապարհը՝ շնորհակալություն հայտնելով Աստծուն, որ այդպես արագ ու հասկանալի կերպով խրատեց իրեն:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի