Գրերի գյուտը
Սուրբ Գրքի քարոզչության համար խորապես մտահոգված, քանի որ հայերենով Աստվածաշունչ չկար, Սուրբ Մեսրոպ Մաշտոցը գնաց Սուրբ Սահակ Պարթև Կաթողիկոսի մոտ և նրան գտավ նույն մտահոգության մեջ: Դանիել եպիսկոպոսի մոտից բերված հայոց նշանագրերը, որոնցով Մեսրոպն ու Սահակը փորձում էին ուսուցանել իրենց աշակերտներին` հետագայում նաև Սուրբ Գիրքը հայերեն հատուկ նշանագրերով փոխադրելու, բավարար չգտնվեցին այս կարևոր գործի համար: Ուստի Մեսրոպ Մաշտոցը գնաց Եդեսիա Պլատոն անունով հեթանոս ճարտասանի մոտ, որը շատ ջանալուց հետո իր անկարողությունը խոստովանեց: Պլատոնը խորհուրդ տվեց Մեսրոպին գնալ Եպիփան անունով իմաստուն քրիստոնյայի մոտ: Սակայն Մեսրոպն իմանում է, որ Եպիփանը վախճանվել է` թողնելով Հռոփանոս անունով մի աշակերտ, ով Սամոսում էր և մեծապես հմուտ էր հելլեն գրչության արվեստի մեջ: Բայց Հռոփանոսը ևս նոր տառերի ստեղծման գործում Մեսրոպին չկարողացավ օգնել: Այդ ժամանակ Սուրբ Մեսրոպը, մարդկանցից հույսը կտրած, ապավինեց աղոթքների և այդ մտհոգության ու աղոթական վիճակի մեջ, ինչպես ասում է Մովսես Խորենացին, ոչ այն է քնի մեջ` երազում, ոչ այն է արթմնի, տեսավ մի աջ ձեռք, որ գրում էր տառերը վեմի վրա: Եվ Սուրբ Մեսրոպը ոչ միայն տեսավ այդ տառերը, այլև դրանք ամրապնդվեցին նրա հիշողության մեջ: Սուրբ Մեսրոպ Մաշտոցը գրեց այդ տառերը, դրանք հղկեց Հռոփանոսի հետ, փորձի համար Առակաց գրքից թարգմանություն կատարեց իր մոտ եղող աշակերտների հետ և վերադարձավ Վաղարշապատ: Հայ ժողովուրդը Մեսրոպ Մաշտոցին դիմավորեց առավել ցնծությամբ, քան հրեաները` տասնաբանյա պատվիրանները բերող Մովսեսին:
Ընդհանրապես գրերի գյուտը առաջընթաց է համարվում մարդկության պատմության մեջ: Սակայն զարմանալի է, որ գրերի գյուտին նաև ժխտական գնահատական է տրվել: Եգիպտական գրերի գյուտն արել է Տեվտ կամ Տոտ անունով մեկը, և նրա գյուտը թագավորի բացասական վերաբերմունքին է արժանացել այն հիմնավորումով, որ գրերի գործածությունը պիտի պատճառ դառնա մարդկանց հիշողության թուլացման:
Հայ իրականության մեջ, սակայն, մեծ հաղթանակ համարվեց գրերի գյուտը, հայոց գիր ու գրականության ստեղծումը: Մեծ նկարիչներից Լեոնարդո դա Վինչիի մասին ասում են, որ նա իր աշակերտներին ընտրում էր ոչ թե ուշիմության ու խելացի լինելու հատկություններով, այլ գեղագիտական իր հակումից ելնելով` աշակերտ էր ընտրում արտաքինից համակրելիներին, և դրա համար էլ իր նման հանճարեղ հետևորդներ չունեցավ: Մինչդեռ Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը նաև մտավոր մեծ կարողություններով օժտված արժանի աշակերտներ, հետևորդներ ունեցան, ովքեր նոր ձեռքբերումներով զարդարեցին իրենց ուսուցիչների սկսած գործը:
Թարգմանիչների ծառայությունները
Սուրբ Գրքի մեր Թարգմանիչները մեծ ծառայություններ մատուցեցին մեր ժողովրդին, բայց նրանց մատուցած ծառայություններից մեծագույնը երկուսն են. նրանք լուսավորեցին հայ ժողովրդի խիղճը և բացեցին նրա հոգևոր աչքերը:
Լուսավորյալ խիղճը հուշում է բարի և առաքինի ապրելու սկզբունքները, բայց մեղքերի մեջ հարատևողները կորցնում են այդ հատկությունը: Փիլիսոփաների միջև վեճ է եղել այն հարցի շուրջը, թե արդյոք ո՞ր արարքներն են ավելի արժեքավոր, բանականությունի՞ց, թե՞ խղճից բխողները: Մեկն ասում էր, թե առավել արժեքավոր են բանականության արարքները, իսկ մյուսը պնդում էր, որ խղճից դրդված արարքներն ավելի գնահատելի են, որովհետև բանականությամբ մարդը կարող է լավ մտածված կերպով վրեժ լուծել, բայց եթե նա իր խղճից դրդված ետ է դառնում չար արարքից, ապա դա առավել արժեքավոր է: Նաև բանականությամբ ոչ զարգացած` քիչ գիտելիքներ ունեցող մարդկանց մոտ հաճախ անսահման բարություն է լինում: Եվ մեր Թարգմանիչները Սուրբ Գրքի լույսով լուսավորեցին մեր ժողովրդի խիղճը, որով մեր ազգի գործերը դարձան առավել արժեքավոր:
Սուրբ Գրքի քարոզչությամբ Թարգմանիչները բացեցին նաև մեր ժողովրդի հոգևոր աչքերը: Աստվածաշնչում գրված է, որ երբ առաջին մարդիկ մեղք գործեցին, բացվեցին նրանց աչքերը, և նրանք հասկացան, որ մերկ են (Ծննդ. 3.6-7): Եկեղեցական մեծանուն հեղինակներից Որոգինեսն ասում է, որ մեղքից հետո բացվեցին առաջին մարդկանց մարմնական աչքերը, և փակվեցին հոգևոր աչքերը: Իսկ Թարգմանիչները, Սուրբ Գրքի հրաշալի և ամբողջական գանձերը մատուցելով, Աստվածաշնչի խրատներով սովորեցրին նորադարձ հայ ժողովրդին մաքրել սրտերը հեթանոսական մեղքերից և հոգու աչքերով տեսնել ճանապարհը ճշմարիտ աստվածպաշտության, ըստ այն խոսքի, թե` երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն (Մատթ. 5.8):
Արիստոկրատ դառնալու ճանապարհը
Պատմաբանների միջև երկար վեճեր են եղել այն մասին, թե որտեղից է սերում Մեսրոպ Մաշտոցը` սովորական գյուղացու ընտանիքի՞ց, թե՞ ազնվական ծագում ունի: Առավել գերակշռում է այն կարծիքը, որ Մեսրոպ Մաշտոցը ազնվական ընտանիքի զավակ է, որովհետև այն ժամանակ գյուղացին չէր կարող այնպիսի հիմնավոր կրթություն ապահովել իր զավակի համար, որպիսին ուներ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը:
Ճիշտ է այն դիտարկումը, որ աշխարհում գոյություն ունեն ազնվականության կամ արիստոկրատիայի երեք տեսակներ` 1. ծննդյան և պաշտոնի, 2. դրամի, այսինքն` այդ կոչումը դրամով ձեռք բերված, 3. մտքի և տաղանդի: Եվ եթե առաջին կետով վիճելի է համարվում Մեսրոպ Մաշտոցի ազնվականությունը, ապա ոչ ոքի համար առարկելի չէ նրա արիստոկրատ, ազնվական լինելը մտքի և տաղանդի տեսակետից: Եվ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի կողմից մեզ ավանդված ժառանգությունը մենք այսօր պետք է արժևորենք` նաև մեր սովորական կենցաղում հայ լեզուն անաղարտ պահելով և Սուրբ Մեսրոպի նման լինելով արիստոկրատներ մտքի և հավատքի, որի բացարձակ հնարավորությունը տրված է մեզ ամենքիս:
Հայոց համալսարաններ
Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը հիմնեցին դպրոցներ` հայ գրերն ու Աստվածաշունչը ուսուցանելու համար: Այնուհետ նրանց մեծ հետնորդները հիմնեցին նաև համալսարաններ: Մեր համալսարաններն առաջացել այն ժամանակ, ինչ Եվրոպայում առաջին համալսարանները: Միջնադարը մանավանդ արևմտյան Եվրոպայի համար երեք հիմնական ժամանակաշրջաններ ունի` վաղ միջնադար` 5-11-րդ դարեր, դասական միջնադար` 11-15-րդ դարեր, և ուշ միջնադար` 15-18-րդ դարեր: Եվրոպայում առաջին համալսարաններն ի հայտ եկան դասական միջնադարի շրջանում: Մեր հայագետները, համեմատություն կատարելով հայկական և նույն շրջանի եվրոպական համալսարանների միջև, հաստատել են, որ հայոց համալսարանները ոչ մի բանով չեն զիջել եվրոպական համալսարաններին և ունեցել են նույնպիսի հագեցած կրթական ծրագրեր: Մեր համալսարաններում նույնիսկ դասավանդվել է առարկա, որ երբեք չի մատուցվել եվրոպական համալսարաններում: Խոսքը հեթանոսական դիցաբանության մասին է: Հատկանշական է, որ այս առարկայի դասավանդումը կատարվել է հայ հեղինակների` Մովսես Քերթողի, Եզնիկ Կողբացու գրվածքներով:
Տեր Ադամ քհն. Մակարյան
«Քրիստոնեության իսկությունը» գրքից