25 Նոյեմբեր, Բշ
Ծաղկազարդին Երուսաղեմ հաղթական մուտքով սկսվում է Հիսուս Քրիստոսի կյանքի վերջին՝ Չարչարանաց շաբաթը, որն անվանվում է Ավագ շաբաթ: Ավագ երեքշաբթի ընթերցվում է տասը կույսերի առակը, որին էլ նվիրված է այդ օրվա խորհուրդը:
Առակում ասվում է, որ հարսանյաց օր էր, և տասը կույսեր, լապտերներ առած, ելան դիմավորելու փեսային: Կույսերից հինգն իմաստուն էին, իսկ մյուս հինգը՝ հիմար: Իմաստունները լապտերների հետ ամաններով ձեթ վերցրեցին, իսկ հիմարները՝ ոչ: Փեսան ուշացավ, և կույսերը քնի մեջ ընկան: Կեսգիշերին ձայն լսվեց, թե՝ «Ահա փեսան գալիս է, ընդառաջ ելեք նրան»: Այնժամ կույսերն ելան և կարգի բերեցին իրենց լապտերները: Քանի որ հիմար կույսերը ձեթ չէին վերցրել, նրանց լապտերները սկսեցին մարել: Ուստի և իմաստուն կույսերից ձեթ խնդրեցին: Իսկ իմաստուն կույսերը պատասխանեցին. «Գուցե մեզ և ձեզ չբավականացնի, գնացեք վաճառականների մոտ և ձեզ համար գնեք»: Երբ նրանք գնացին ձեթ գնելու, փեսան եկավ: Պատրաստ կույսերը նրա հետ հարսնատուն մտան, և դուռը փակվեց: Հետո եկան մյուս կույսերը և ասացին. «Տե՜ր, Տե՜ր, բա՛ց դուռը»: Իսկ փեսան պատասխանեց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թե ձեզ չեմ ճանաչում»: Առակը վերջացնելուց հետո Հիսուս ավելացրեց. «Արթո՛ւն եղեք, քանի որ ո՛չ օրը գիտեք և ո՛չ՝ ժամը» (Մատթեոս 25:1-13):
Մինչ տասը կույսերի առակը պատմելը Հիսուս նկարագրում է նաև Իր Երկրորդ գալուստը: Արևելքից մինչև արևմուտք ձգվող փայլակի նման է լինելու Քրիստոսի գալուստը, սակայն երբ է այդ լինելու, ոչ ոք չգիտի: Այդ օրը նրանք, ովքեր իմաստուն կույսերի պես կլինեն, այսինքն՝ բավարար չափով ձեթ կունենան, Քրիստոս մասնակից կդարձնի Իր Երկնքի Արքայության հարսանեկան խնջույքին, իսկ հիմար կույսերին նմանվողները կմնան խավարում: Այստեղ ձեթը խորհրդանշում է բոլոր քրիստոնեական առաքինությունները՝ հավատք, հույս, սեր, խոնարհություն, արիություն, աղոթք, ողորմություն, պահք, պարկեշտություն, համբերություն և այլն:
Ըստ Զաքարիա Ձագեցու մեկնության՝ տասը կույսերը խորհրդանշում են ամբողջ աշխարհը, քանի որ տասը թիվը հրեական մտածողության մեջ ամբողջության խորհրդանիշ է: Եվ տասը կույսերով օրինակ է բերում մարդկային ազգը, որոնք իրենց լապտերներն առած ընդառաջ ելան փեսային դիմավորելու: Մարդկային ազգն իր կատարած յուրաքանչյուր գործով պիտի կանգնի Քրիստոսի ահավոր ատյանի առջև: Նրանցից հինգը, ովքեր երկրավորն էին խորհում և կորցրին իմանալին՝ հիմար էին, իսկ հինգը, որոնք բարի գործեր արեցին, որպեսզի երկնավորների մոտ մտնեն՝ իմաստուն: Հիմարները վերցրեցին իրենց ամանները և ձեթ չլցրեցին դրանց մեջ, միայն այս խեցեղեն մարմինները բերեցին առանց իրենց մեջ կրելու բարի գործեր: Իսկ խոհեմագույներն իրենց ամանների մեջ ձեթ էին լցրել, այսինքն՝ հողեղեն մարմինները դարձրել էին արդարության կրողներ և փեսայի ուշանալու պատճառով բոլորը նիրհել ու քնով էին բռնվել, այսինքն՝ բոլոր մարմինները դեպի գերեզման էին գնացել և տապանի մեջ դրվել: Երբ փեսայի գալուստը հայտարարվեց և բոլորը զարթնեցին, ինչը խորհրդանշում է հարությունը, բոլորն էլ տեսան, որ արդեն հնարավորություն չկա որևէ բան փոխելու: Մեկնության շարունակության մեջ ասվում է, որ ովքեր բարի գործեր են արել կյանքի հարության կարժանանան, իսկ ովքեր չար գործեր՝ կդատապարտվեն հավիտենական տանջանքների:
Տասը կույսերի առակը ներկայացնող նկարները միջնադարյան պատկերագրության մեջ սովորաբար ունեն երկմաս կառուցվածք: Նկարի ներքևի մասում հիմար կույսերն են, որոնց առջև փակվեց Երկնային Արքայության դուռը: Իսկ վերևում՝ փեսայի հետ Երկնային Արքայություն մտած իմաստուն կույսերն են: Իմաստուն կույսերը պատկերվում են վառված, իսկ հիմար կույսերը հանգած և մարող լապտերներով: Լապտերները երբեմն վառվող մոմեր են հիշեցնում: Եթե այս պատկերը բերվում է ավետարանական շարադրանքի համապատասխան հատվածի լուսանցքում, պատկերվում են միայն հինգ իմաստուն կույսերը վառվող լապտերներով: 1432թ-ին Ղրիմում գրված ձեռագրում Ներսես Շնորհալու՝ «Կույսերի լապտերները պայծառ վառվում են» տողը լապտերների բոցի նման ոսկե դեղինով է գրված:
1306թ-ին Վասպուրականում գրված և այժմ Երևանի Մատենադարանում պահվող մի ձեռագրում տասը կույսերը որպես տղամարդ են ներկայացված՝ մորուքավոր, հոգևորականի հանդերձով և սրբերի լուսապսակներով: Սա բացատրվում է նրանով, որ բոլոր տասն էլ իրենց անձերը սրբությամբ են պահել: Այստեղ կույս բառը մեկնաբանվել է կուսակրոն իմաստով և վերաբերվում է չամուսնացյալ այն հոգևորականներին, ովքեր իրենց անձը նվիրել են Քրիստոսին սպասավորելուն: Նման մեկնաբանությունը եզակի չէ միջնադարյան արվեստում: Հովհանավանքի 1217թ-ին կառուցված գլխավոր Կաթողիկե եկեղեցու արևմտյան մուտքի ճակատամասին տասը կույսերի առակը վերստին ներկայացված է մորուսով ու սքեմով հոգևորականների պատկերներով: Կենտրոնում գահին նստած Քրիստոսն է, երկու կողմերում՝ իմաստուն և հիմար կույսերը, իմաստուն կույսերը վեհ պարզած լապտերներով են, իսկ հիմարները գլխիկոր հեռանում են: Այստեղ հարսանիքի սենյակի՝ Երկնային Արքայության դուռը չկա, քանի որ պատկերը հենց դռան վերևում է: Քրիստոս մի ձեռքով դեպի ներս է հրավիրում իմաստուններին, իսկ մյուս ձեռքով դեպի դուրս ցույց տալիս հիմար կույսերին:
14-րդ դարում Վասպուրականում գրված և այժմ Երևանի Մատենադարանում պահվող մի ձեռագրում այս թեմայով մանրանկարը նույնպես երկմաս կառուցվածք ունի: Ներքևում միաժամանակ ներկայացված են թե՛ իմաստուն և թե՛ հիմար կույսերը, մինչև փեսայի գալը: Իմաստունները հիմարներից տարբերվում են իրենց հանդերձով և ձեռքում բռնած մոմերով: Հիմար կույսերի հագուստն ավելի ուրվագծային, ստվերային բնույթ ունի: Նկարի վերին մասում պատկերված է փեսայի հետ հարսանեկան սենյակ մտած իմաստուն կույսերը և փակ դռան առջև գտնվող հիմար կույսերը: Գործողությունների զարգացման այս ընթացքն առավել վառ է արտահայտվում մանրանկարների պատմողական մակագրություններով: Իմաստուն կույսերի գլխավերևում գրված է՝ իմաստուն կույսերն են, որ փեսայի հետ առագաստ մտան: Հիմար կույսերի գլխավերևում գրված է՝ հիմար կույսերը քուն մտան և հետո զարթնելով գնում են դեպի դուռը: Վերևում նրանք արդեն պատկերված են դռան առջև ծնկած և ձեռքերը աղերսանքով վեր պարզած: Նրանց գլխավերևում գրված է՝ բաց Տեր: Ի պատասխան հնչում են Հիսուսի խոսքերը՝ գնացեք, Ես չգիտեմ ձեզ: Երկնքի Արքայությունը խորհրդանշող սենյակում մի ծաղկած ծառ է պատկերված: Այն ներկայացնում է դրախտի վերստին ծաղկած ծառը, և ինչպես դրախտի դուռն է բոցեղեն սրով հսկում հրեշտակը, այնպես էլ այստեղ Երկնային Արքայություն տանող դռան վերևում Գաբրիել հրեշտակը սուրը ձեռքին հեռու է վանում հիմար կույսերին:
Կազմեց Գայանե Սուգիկյանը